ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱՀՏ Լրագրության դասարան
Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսում էր սեփական շնչառությունը։ Նա պառկած էր բազմոցին ու փորձում էր քնել, բայց ներքին անհանգստությունը թույլ չէր տալիս։
Հանկարծ սեղանին դրված հեռախոսը լուսավորվեց։ Էկրանին հայտնվեց «Անհայտ համար»։ Արթուրը մի պահ կասկածեց, հետո վերցրեց լսափողը։ Սկզբում ոչ մի ձայն չկար, բայց հետո կամաց սկսվեց մի երաժշտություն։ Դա մի մեղեդի էր, որը նա լսել էր շատ տարիներ առաջ։ Այդ ձայնը միանգամից արթնացրեց մի հին հիշողություն։ Նա հիշեց իր ընկերոջը՝ Նարեկին, ով տարիներ առաջ անհետացել էր հենց այս օրը։
— Ո՞վ է,— հարցրեց Արթուրը, ու նրա ձայնը դողաց։ Նրա ներսում արթնացավ մեծ վախ։
— Արթո՛ւր, դու գիտես, որ ոչ մի գաղտնիք հավերժ չի մնում,— լսվեց մի սառը ձայն։
— Դու պետք է գնաս այնտեղ, որտեղ ամեն ինչ թողեցիր։ Թունելի մոտ ես քեզ սպասում եմ։
Զանգն ընդհատվեց։ Արթուրը հասկացավ, որ այլևս չի կարող փախչել։ Նա վերցրեց բաճկոնը, նստեց մեքենան ու սլացավ քաղաքից դուրս։ Ճանապարհը մութ էր։ Երբ նա հասավ լքված թունելի մոտ` սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա դուրս եկավ մեքենայից ու լապտերով ներս մտավ թունել։
Օդը սառն էր ու խոնավ։ Թունելի պատերի վրա նա տեսավ իր անունը՝ գրված սև ներկով։ Հանկարծ նորից զանգ եկավ։ Նա պատասխանեց ու լսեց նույն երաժշտությունը, բայց այս անգամ այն հնչում էր թունելի խորքից։ Նա գնաց ձայնի ուղղությամբ ու գետնին մի հին հեռախոս տեսավ։ Դրա կողքին դրված էր մի լուսանկար, որտեղ ինքն ու Նարեկն էին, բայց իր դեմքը ջնջված էր։
Այդ պահին նա հիշեց այն, ինչ փորձում էր մոռանալ։ Այն գիշեր թունելի մոտ իրենք երկուսով չէին եղել․ կար մեկ ուրիշը, ում նա չէր տեսել։
Հանկարծ թունելի մուտքի մոտ մի ծանր ձայն լսվեց՝ կարծես ինչ-որ մեկը փակեց ելքը։ Արթուրի լապտերը անջատվեց։ Մթության մեջ նա լսեց քայլերի ձայն, որոնք շատ մոտիկից գալիս էին իր կողմ։
— Խաղն ավարտվեց, Արթո՛ւր,— շշնջաց ձայնը հենց նրա ականջի տակ։
Այդ գիշեր Արթուրն այդպես էլ տուն չվերադարձավ։


































