Որոնում

понедельник, 30 марта 2026 г.

Մարդու իրական գեղեցկությունը նրա արարքների մեջ է


Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 Գարնանային մի առավոտ էր՝ այնպիսին, երբ բնությունը կարծես շնչում է նոր ուժով։ Չնայած անձրևոտ օրվան, ես ու մտերիմ ընկերս՝ Արսենը, որոշեցինք բարձրանալ մոտակա բարձունքը։ Շատերին թվում է, թե անձրևը կարող է փչացնել տրամադրությունը, բայց մեզ համար դա լեռների գեղեցկությունը և թարմությունը զգալու լավագույն պահն էր։

Երբ հասանք վերև՝ մեր առջև բացվեց մի կախարդական տեսարան։ Ամպերը ցած էին հավաքվել ձորերում, իսկ թաց ժայռերը փայլում էին արծաթի պես։ Մենք լուռ վայելում էինք այդ ամենը, մինչև նկատեցինք մի փոքրիկ շարժում՝ ցեխոտ արահետի եզրին։ Մի թռչնակ էր՝ թևը վնասված, որը փորձում էր թաքնվել անձրևից մի մեծ քարի տակ, բայց ջրհեղեղը քշում-տանում էր նրա ապաստարանը։

Արսենն առանց վարանելու մոտեցավ, զգուշությամբ վերցրեց թաց ու դողացող թռչնակին և տեղավորեց իր տաք բաճկոնի գրպանում։ Մենք միասին մի փոքրիկ, չոր տեղ պատրաստեցինք ժայռի խորշում, որտեղ անձրևը չէր հասնում, և Արսենն իր հետ վերցրած սննդից մի քանի փշուր թողեց նրա համար։ Այդ պահին ես հասկացա մի կարևոր բան. բնության կողքին մենք հաճախ մեզ փոքր ենք զգում, բայց նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է մեծ նշանակություն ունենալ մի կյանքի համար։

Տուն վերադառնալիս մենք թրջված էինք ու հոգնած, բայց մեր սրտերում մի անբացատրելի ջերմություն կար։ Սա դարձավ իմ կյանքի ամենահիշվող օրը, ոչ թե տեսարանների, այլ այն գիտակցման համար, որ մարդու իրական գեղեցկությունը նրա արարքների մեջ է։ Արսենի կատարած քայլը հիշեցրեց ինձ, որ իսկական ընկերությունը և բնության հանդեպ սերը դրսևորվում են ոչ թե խոսքերով, այլ այն պահին, երբ դու կանգ ես առնում՝ օգնելու նրան, ով քո կարիքն ունի։

воскресенье, 22 марта 2026 г.

Իրական ուժը ոչ թե շտապողականության, այլ համբերելու կարողություն ունենալու մեջ է


Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Գեղեցիկ այգու խորքում ապրում էր մի փոքրիկ ընտանիք։ Այդ տանը միշտ տիրում էր խաղաղություն, սակայն փոքրիկ Վանը հաճախ էր անհանգիստ լինում։ Նա ուզում էր ամեն ինչ ստանալ միանգամից. ուզում էր, որ իր տնկած սերմն արագ ծառ դառնար, իսկ իր նկարած պատկերները լինեին կատարյալ։

Մի օր Վանը փորձում էր կառուցել մի բարդ լաբիրինթոս՝ փոքրիկ քարերից։ Բայց քարերը սահում էին, ընկնում, և ամեն ինչ փլվում էր։ Տղան բարկացած մի կողմ նետեց քարերը։ Հենց այդ պահին սենյակ մտավ մայրիկը։ Նա տեսավ որդու արցունքով լի աչքերը, առանց մեկ բառ ասելու մոտեցավ ու ջերմորեն գրկեց նրան։ Այդ հանգիստ գրկախառնության մեջ կար մի այնպիսի՜ բարություն, որը ստիպեց Վանին մոռանալ զայրույթը։

-Վան ջան,-մեղմ ձայնով ասաց մայրիկը,-գիտե՞ս, թե ինչո՞ւ են աստղերը փայլում միայն գիշերը,նրա համար, որ  ունեն համբերություն՝ սպասելու իրենց հերթին։ Մեծ գործերը ժամանակ են պահանջում։

Մայրիկն առաջարկեց իր օգնությունը։ Նրանք միասին նստեցին հատակին։ Մայրիկը ցույց էր տալիս, թե ինչպես է պետք հիմքն ամուր դնել, իսկ Վանը զգուշությամբ շարում էր քարերը։ Աստիճանաբար տղայի դեմքին հայտնվեց առաջին ժպիտը։ Նա հասկացավ, որ երբ ընտանիքը կողքիդ է՝ անհնարին ոչինչ չկա։

Երբ լաբիրինթոսը վերջապես պատրաստ էր, արևի վերջին շողը թափանցեց պատուհանից ու ընկավ հենց տղայի ձեռքերին։ Թվում էր՝ այդ պահին ոչ թե արևն էր լուսավորում սենյակը, այլ այն ներքին լույսը, որը ծնվել էր Վանի սրտում՝ սիրո և աշխատասիրության շնորհիվ։

-Տեսնո՞ւմ ես,- ասաց մայրիկը,-երբ սիրտդ լցված է լույսով, նույնիսկ ամենադժվար գործը դառնում է հաճելի խաղ։

Այդ օրվանից Վանը հասկացավ, որ իրական ուժը ոչ թե շտապողականության, այլ հոգատարության և համբերելու կարողություն ունենալու մեջ է։

Մեր երազանքները կարող են իրականանալ․․․


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Եթե մի օր գիրք գրեի, այն կլիներ իմ մասին։ Կգրեի իմ մանկության  և այն ամենի մասին, ինչ ինձ պատմել են այդ տարիների հետ կապված։

Ես ծնվել եմ Երևանում։ Մայրիկիս պատմելով՝ փոքր ժամանակ շատ խելոք երեխա եմ եղել։ Մանկապարտեզ հաճախելու տարիների մի հետքրքիր դեպք կա, որը ես ամբողջությամբ չեմ հիշում, բայց միշտ լսել եմ այդ մասին։

Մայրիկս պատմում է, որ մի օր ես և մի քանի երեխաներ դուրս էինք եկել մանկապարտեզից և գնացել էինք երեխաներից մեկի տատիկի տուն։ Նրա տունը շատ մոտ էր մանկապարտեզին։ Մենք, երևի թե, մտածել էինք, որ դա պարզապես փոքր զբոսանք է։ Մեծերը, իհարկե շատ էին անհանգստացել, բայց հետո ամեն ինչ լավ էր ավարտվել։ Ես այդ օրը մանրամասն չեմ հիշում, բայց հետաքրքիր է՝ ինչո՞ւ ենք այդպես արել։ Գուցե պարզապես հետաքրքրասությունից կամ էլ մեզ մե՞ծ ենք համարել։

Եթե գիրքս շարունակեի՝ կգրեի իմ ապագայի մասին։ Ես ինձ պատերացնում եմ որպես համարձակ մարդ, ով ունի իր նպատակներն ու երազանքները։ Կարծում եմ՝ ապագան միշտ չէ, որ լինում է այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում, բայց եթե հավատում ենք մեզ, մեր երազանքները կարող են իրականանալ։ 

Իմ ամենամեծ երազանքներից մեկը Փարիզ գնալն է։ Ես կցանկամ մի օր տեսնել այդ քաղաքը և զգալ, որ կարողացել եմ իրականացնել իմ նպատակներից մեկը։

Այսպիսին կլինի իմ գիրքը՝ իմ մանկության, իմ մտքերի և իմ ապագայի մասին։

суббота, 21 марта 2026 г.

Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն.Նիկոլայ Մադոյան


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Վերջերս Լրագրության դասարանի հյուրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն էր։ 

Նա հայտնի երաժիշտ է, մեծ ներդրում ունի դասական երաժշտության զարգացման մեջ։

Նիկոլայ Մադոյանն իր վարպետությամբ և կատարողական արվեստով ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։

Հանդիպման ընթացում երաժիշտը խոսեց մասնագիտության դժվարությունների, բեմ բարձրանալու զգացողությունների և հաջողության հասնելու կարևոր պայմանների մասին։ 

Երբ հետաքրքվեցինք, թե ի՞նչ է զգում նախքան բեմ բարձրանալը, նա պատասխանեց, որ հուզվում է, սակայն այդ հուզմունքն իրեն օգնում է նվագելիս։ Նրա խոսքով` դա սովորական վախ չէ,  ստեղծագործական հուզմունք է, որն օգնում է համերգի ընթացքում կենտրոնանալ միայն երաժշտության վրա և մոռանալ այն ամենը, ինչ կատարվում է շուրջը։ 

Հարցին թե ի՞նչն է կարևոր երաժշտի համար, Մադոյանն ասաց, որ ամենակարևորը նվիրվածությունն է քո գործին։ 

-Երաժիշտը պետք է շատ աշխատի, մշտապես ձգտի նոր բարձունքների և կատարելության,-շեշտեց ջութակահարը։ 

Նրա կարծիքով՝ կատարելության սահմանները կարող են սահմանափակ լինել, բայց դեպի կատարելություն ձգտելը շատ կարևոր է։

Երեխաները, ովքեր ցանկանում են ջութակահար դառնալ` նա խորհուրդ տվեց լինել աշխատասեր և շատ կենտրոնացած։ 

-Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն։ Պարապելիս պետք է մոռանալ ամեն ինչի մասին և ամբողջությամբ կենտրոնանալ գործիքի վրա,-հորդորեց Մադոյանը։

 Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր է ճիշտ ուսուցիչ ունենալը, ով կսովորեցնի ճիշտ տեխնիկա, որպեսզի նվագելու ժամանակ մարդը չլարվի և կարողանա մտածել միայն երաժշտության մասին։

среда, 18 марта 2026 г.

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյանք» խորագրով բանախոսություն։ 

Ազգագրագետ, դիզայներ  Վահե Քոթանյանի փոխանցմամբ՝ շրթներկը և շպարի բոլոր պարագաներն ազդել են մարդու հոգեբանության վրա։ 

Շրթներկ բառը սերում է «pomada» բառից, որը թարգմանաբար նշանակում է խնձոր։

-Խնձոր, որովհետև շրթներկի նախահիմքը՝ քսուքային տարբերակով, կիրառվել է հենց խնձորի տեսքով։ Խնձորի խյուսը օտգագործվել է ոչ միայն որպես շրթներկ, այլ նաև որպես քսուք, որը կիրառվում էր մաշկի, ձեռքերի փափկեցման համար,- մանրամասնեց Վահե Քոթանյանը՝ ավելացնելով, որ շպարի նախատիպը ակտիվ գործածության մեջ է եղել Եգիպտոսում։ Օրինակ՝ Նեֆերտիտի թագուհու շպարի պարագաներում կարելի է նկատել շրթներկի բաղադրությունը։

-Օգտագործում էին բրոմ, որը, սակայն թունավոր նյութ էր, ինչը բացահայտվեց ավելի ուշ, քանի որ հնում գեղեցկանում էին՝ հաշվի չառնելով, որ դա իրենց կյանքից տարիներ է խլում։ Կիրառում էին նաև յոդ, կարմիր ջրիմուռ, միջատ, ձկան թեփուկներ, հինա և յուղեր,- նշեց ազգագրագետը։

Անդրադառնալով շրթներկի տեսակներին՝ Վահե Քոթանյանը խոսեց նաև մավրիտանական շրթներկի մասին․

-Այս շրթներկը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ հիմնականում հին շուկաներում։ Պատրաստման համար թրծած կավի մեջ օգտագործում են 3-ամսյա ժամկետով չորացված կակաչի թեփուկներն ու տերևները։ Մի զարմանալի հատկություն ունի  մավրիտանական շրթներկը․ չոր վիճակում այն չի գունավորում։ Միայն օգտագործելիս ջրով ցողում են այն և վրձնի օգնությամբ դնում շուրթերին։ Շրթներկի ամենամեծ հավաքածուն պատկանել է Սոֆի Լորենին, ով 200-300 հատ շրթներկ է ունեցել իր հարդարման սեղանին։ Այժմ այն պահվում է որպես թանգարանային նմուշ,-նշեց Վահե Քոթանյանը։

Խոսելով սուրմայի մասին՝ ազգագրագետը հայտնեց, որ  սուրմա ստացել են հետևյալ կերպ․  ցորենի հասկից պոկում էին իր հատիկը, այրում ծայրը և փորձում էին գիծ քաշել։ 

-Կա սուրմայի 3 տեսակ։ Հնդկական սուրման կոչվում է կաջալ։ Այն արտադրվում է բնական միջոցներով։ Երկրորդ տարբերակը հայկական սուրման է՝ դեղդիրը։ Դրա բաղադրության մեջ մտնում են խուրմայի կորիզ, ոչխարի ճարպ, նուշի յուղ,  խունկ։ Չոր այրումից հետո այս սուրման օգտագործում են որպես դեղամիջոց։ Երրորդ տեսակի սուրման ամենավտանգավորն է, քանի որ այն իր բաղադրության մեջ ունի կապար։ Այս սուրման պարունակում է ծանր մետաղներ, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը,-եզրափակեց Վահե Քոթանյանը։

понедельник, 16 марта 2026 г.

Նպատակն է` ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը․Դիզայներ


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպել էր պանելային քննարկում, որի ժամանակ ներկա մասնագետները բացահայտեցին հայ կնոջ հագուստի պատմությունը։ Քննարկման ընթացքում խոսվեց հայկական տարազի՝ տարիների ընթացքում փոխակերպման, դրա պատճառների, ինչպես նաև նորաձևության առանձնահատկությունների, հայկական մշակույթը նորաձևության միջոցով ներկայացնելու մասին։

Ազգագրագետ Վահե Քոթանյանը,խոսելով այն մասին, թե ինչպե՞ս են պատմական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները և քաղաքակրթական ազդեցությունները փոխել կնոջ հագուստը, ասաց, որ 1918 թվականը մեծ փոփոխության առիթ է հանդիսացել։ Բացի այդ, մեղավորը տղամարդիկ էին, քանի որ պատմականորեն նորաձևության մեջ միշտ փոփոխողը եղել է տղամարդը, որովհետև նորաձևությունը փոխվել է տղամարդկանց միջոցով։ Ազգագրագետի փոխանցմամբ՝ տղամարդիկ մեկնում էին արտերկիր սովորելու կամ առևտրական որոշակի ճանապարհորդությունների, և դա նպաստում էր, որ իրենք իրենց հետ բերեին եվրոպական կոստյումը։ 

Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար, դիզայներ Էլեն Մանուկյանը շեշտեց, որ նորաձևության ամենամեծ առանձնահատկությունն այն չէ, որ միայն ասես, թե սա տարազ է, այլ ուսումնասիրես բոլոր մանրամասները և այդ դետալներն այնպես օգտագործես մեր առօրյա հագուստում, որ գրագետ ձևով ներկայացվի։

-Վերջին տարիներին դրսից բավականին հյուրեր ենք ունենում, և մեր նպատակն է՝  ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը։ Այսօր աշխարհին հետաքրքիր չէ սովորականը, այսօր բոլորը փնտրում են որևէ հետաքրքիր բան, իսկ մենք մեր մշակույթը, ցավոք, շատ քիչ ենք ներկայացնում նորաձևության միջոցով։ Այսօր նորաձևությունը շատ լավ միջոց է՝ խոսել երկրի մասին, բարձրաձայնել  մշակույթը, ունեցած ժառանգությունը։

воскресенье, 8 марта 2026 г.

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է. ի՞նչ է այն խորհրդանշում


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։

Տոնն առաջացել է 20-րդ դարի սկզբին, երբ կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար։ Ժամանակի ընթացքում այն դարձավ գեղեցիկ և ջերմ տոն։ Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային օր, նշվում է 1911-ից: ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարված է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր: Տոնի ակունքները հասնում են 1850-ական թվականներ, երբ կանայք քիչ էին վարձատրվում, աշխատում էին երկար և չունեին ընտրելու իրավունք։ 1857թ. Մարտին Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում:

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով:

1909 թվականին Կանանց օրն առաջին անգամ նշվեց ԱՄՆ-ում։ 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն: 1910 թվականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը նշել միջազգային մասշտաբով։ Այդպիսով օրը սկսեցին նշել նաև Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ կազմակերպելով հանրահավաքներ։ 1917 թվականին Խորհրդային Ռուսաստանում կանայք ստացան քվեարկելու իրավունք։ 1920 թվականին ԱՄՆ-ում սպիտակամորթ կանայք ստացան քվեարկելու իրավունք։ Ավելի ուշ որոշվեց Կանանց միջազգային օր սահմանել մարտի 8-ը, իսկ ՄԱԿ-ը այն առաջին անգամ նշեց 1975 թվականին։ Կանանց միջազգային օրվա գույներն են մանուշակագույնը, կանաչն ու սպիտակը։ Մանուշակագույնը խորհրդանշում է արդարություն և արժանապատվություն։ Կանաչը խորհրդանշում է հույս։ Սպիտակը խորհրդանշում է մաքրություն։

Հայաստանում նշվում է նաև Ապրիլի 7-ը՝ որպես մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։

Տարիներ առաջ այս օրերը նշում էին համեստ ձևով․ հիմանականում ծաղիկներ էին նվիրում և ընտանիքով միասին անցկացնում օրը։ Իսկ հիմա մարդիկ հաճախ նվերներ են գնում, կազմակերպում տոնական հավաքներ և իրենց սերն ու հարգանքն են արտահայտում կանաց։

Եթե Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին ինձ նվեր տային՝ կցանկանայի, որ այն լիներ գրքի կամ ծաղկի տեսքով։

Տոնական օրերին անպայման մայրիկին և տատիկիս գեղեցիկ ծաղիկներ եմ նվիրեմ ու ասում, թե որքան եմ սիրում և գնահատում նրանց։

Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...