Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Վերջերս Լրագրության դասարանի հյուրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն էր։
Նա հայտնի երաժիշտ է, մեծ ներդրում ունի դասական երաժշտության զարգացման մեջ։
Նիկոլայ Մադոյանն իր վարպետությամբ և կատարողական արվեստով ճանաչված է ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Հանդիպման ընթացում երաժիշտը խոսեց մասնագիտության դժվարությունների, բեմ բարձրանալու զգացողությունների և հաջողության հասնելու կարևոր պայմանների մասին։
Երբ հետաքրքվեցինք, թե ի՞նչ է զգում նախքան բեմ բարձրանալը, նա պատասխանեց, որ հուզվում է, սակայն այդ հուզմունքն իրեն օգնում է նվագելիս։ Նրա խոսքով` դա սովորական վախ չէ, ստեղծագործական հուզմունք է, որն օգնում է համերգի ընթացքում կենտրոնանալ միայն երաժշտության վրա և մոռանալ այն ամենը, ինչ կատարվում է շուրջը։
Հարցին թե ի՞նչն է կարևոր երաժշտի համար, Մադոյանն ասաց, որ ամենակարևորը նվիրվածությունն է քո գործին։
-Երաժիշտը պետք է շատ աշխատի, մշտապես ձգտի նոր բարձունքների և կատարելության,-շեշտեց ջութակահարը։
Նրա կարծիքով՝ կատարելության սահմանները կարող են սահմանափակ լինել, բայց դեպի կատարելություն ձգտելը շատ կարևոր է։
Երեխաները, ովքեր ցանկանում են ջութակահար դառնալ` նա խորհուրդ տվեց լինել աշխատասեր և շատ կենտրոնացած։
-Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն։ Պարապելիս պետք է մոռանալ ամեն ինչի մասին և ամբողջությամբ կենտրոնանալ գործիքի վրա,-հորդորեց Մադոյանը։
Նա նաև ընդգծեց, որ շատ կարևոր է ճիշտ ուսուցիչ ունենալը, ով կսովորեցնի ճիշտ տեխնիկա, որպեսզի նվագելու ժամանակ մարդը չլարվի և կարողանա մտածել միայն երաժշտության մասին։

Комментариев нет:
Отправить комментарий