Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Թվային դարաշրջանում մինչև 16 տարեկան երեխաների մուտքը համացանց դարձել է գրեթե անխուսափելի և լայն տարածում ունեցող երևույթ։ Սմարթֆոնների և ինտերնետի հասանելիության աճի հետ երեխաները ավելի վաղ տարիքից են սկսում օգտագործել առցանց հարթակներ՝ հաճախ առանց բավարար վերահսկողության կամ ուղղորդման։ Թեև շատ սոցիալական ցանցեր պաշտոնապես սահմանում են նվազագույն տարիքային շեմ (սովորաբար՝ 13), իրականում այդ սահմանափակումները հեշտությամբ շրջանցվում են, և ավելի փոքր տարիքային խմբերն էլ ակտիվորեն ներգրավվում են հեռախոսային միջավայրում։
Մինչև 16 տարեկան օգտատերերի շրջանում առավել տարածված են այն հարթակները, որոնք առաջարկում են արագ, տեսողական և ժամանցային բովանդակություն։ Օրինակ՝ TikTok-ը առանձնանում է իր կարճ տեսանյութերով, որոնք հեշտ են ընկալվում և արագ գրավում են ուշադրությունը։ Երեխաներին մշտապես առաջարկվում են նոր բովանդակություն՝ նպաստելով երկարատև օգտագործմանը։ Օրինակ ես TikTok-ով նայում եմ կարճ տեսանյութեր` դեռահասների առօրյայի, դպրոցական կյանքի, տարբեր ուտեստների պատրաստման, հագուստի մոդելավորման մասին։
Մեծ տարածում ունի YouTube-ը, որտեղ երեխաները դիտում են ինչպես զվարճալի, այնպես էլ ուսուցողական տեսանյութեր՝ խաղերից մինչև բլոգներ և վլոգներ, լսում երաժշտություն։
Շփման և սոցիալական կապերի պահպանման համար դեռահասները հաճախ օգտագործում են Instagram-ը և Snapchat-ը։ Այս հարթակներում նրանք կիսվում են լուսանկարներով, «սթորի»-ներով և հաղորդագրություններով՝ ձևավորելով իրենց առցանց ինքնությունը։ Վերջին տարիներին նաև նկատվում է Telegram-ի ակտիվ օգտագործում՝ հատկապես խմբային զրույցների և տարբեր թեմատիկ ալիքների միջոցով տեղեկատվություն ստանալու նպատակով։
Բացի սոցիալական ցանցերը՝ երեխաները լայնորեն օգտվում են նաև խաղային և ինտերակտիվ հարթակներից, ինչպիսին է Roblox-ը, որտեղ հնարավոր է ոչ միայն խաղալ, այլև շփվել այլ օգտատերերի հետ։ Այսպիսի միջավայրերը հաճախ միավորում են խաղը և սոցիալական փոխազդեցությունը, ինչը դրանք դարձնում է հատկապես գրավիչ փոքր տարիքային խմբերի համար։
Չնայած այս հարթակները տալիս են շփման, ստեղծագործության և տեղեկատվության լայն հնարավորություններ, մինչև 16 տարեկան երեխաների ակտիվ ներգրավվածությունն առաջացնում է նաև մտահոգություններ։ Դրանք վերաբերում են ինչպես բովանդակության անվտանգությանը, այնպես էլ ժամանակի վերահսկմանը և հոգեբանական ազդեցություններին։ Երեխաները հաճախ բախվում են տարիքին ոչ համապատասխան նյութերի, ինչպես նաև կարող են կախվածություն ձևավորել անընդհատ թարմացվող բովանդակությունից։
Այս պայմաններում կարևոր է ոչ միայն սահմանափակումներ սահմանելը, այլ նաև երեխաներին ուղորդելը։