Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձավ իմ օրվա մեծ ու տպավորիչ բացահայտումը։ Հենց ներս մտա` առաջինն ուշադրությունս գրավեց հանրահայտ թավջութակը, որի ֆոնին երևում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի երիտասարդ տարիների լուսանկարը։
Թանգարանում ինձ ապշեցրեց մի շատ յուրահատուկ դաշնամուր, որը նրան նվիրել էին Արգենտինայում. այն ուներ հետաքրքիր ու ինքնատիպ փակվելու ձև, և կյանքումս առաջին անգամ էի տեսնում այդպիսի երաժշտական գործիք։
Նրա հանճարեղ երաժշտությունը լսելիս ուղղակի աննկարագրելի զգացողություններ ունեցա, ու ինձ համար մեծ հայտնություն էր` իմանալ, որ մեր մանկության սիրված մուլտֆիլմերի և ֆիլմերի մեջ հնչում են նրա հեղինակած ստեղծագործություններից հատվածներ։
Կոմպոզիտորի տունը չափազանց գեղեցիկ էր, իսկ էքսկուրսավարի շնորհիվ իմացա շատ հետաքրքիր փաստեր նրա աշխատանքային սովորությունների մասին։
Պարզվում է՝ Խաչատրյանն այնքան էր սիրում իր գործը, որ երբեք չէր ուզում կտրվել աշխատանքից, և ստեղծագործելիս անհրաժեշտ ինչ-որ բան խնդրելու համար իր մոտ հատուկ զանգն էր օգտագործում։
Հուզիչ էր տեսնել, որ նրա աշխատասենյակում` ամենաերևացող տեղում, այն է` դաշնամուրին, դրված էր իր մայրիկի նկարը։
Այս թանգարանը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը, այլև մի փոքր ճանաչել նրան։








