Որոնում

вторник, 9 июня 2026 г.

Թունելի գաղտնիքը









ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՀՏ Լրագրության դասարան


Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսում էր սեփական շնչառությունը։ Նա պառկած էր բազմոցին ու փորձում էր քնել, բայց ներքին անհանգստությունը թույլ չէր տալիս։

Հանկարծ սեղանին դրված հեռախոսը լուսավորվեց։ Էկրանին հայտնվեց «Անհայտ համար»։ Արթուրը մի պահ կասկածեց, հետո վերցրեց լսափողը։ Սկզբում ոչ մի ձայն չկար, բայց հետո կամաց սկսվեց մի երաժշտություն։ Դա մի մեղեդի էր, որը նա լսել էր շատ տարիներ առաջ։ Այդ ձայնը միանգամից արթնացրեց մի հին հիշողություն։ Նա հիշեց իր ընկերոջը՝ Նարեկին, ով տարիներ առաջ անհետացել էր հենց այս օրը։

— Ո՞վ է,— հարցրեց Արթուրը, ու նրա ձայնը դողաց։ Նրա ներսում արթնացավ մեծ վախ։

— Արթո՛ւր, դու գիտես, որ ոչ մի գաղտնիք հավերժ չի մնում,— լսվեց մի սառը ձայն։

— Դու պետք է գնաս այնտեղ, որտեղ ամեն ինչ թողեցիր։ Թունելի մոտ ես քեզ սպասում եմ։

Զանգն ընդհատվեց։ Արթուրը հասկացավ, որ այլևս չի կարող փախչել։ Նա վերցրեց բաճկոնը, նստեց մեքենան ու սլացավ քաղաքից դուրս։ Ճանապարհը մութ էր։ Երբ նա հասավ լքված թունելի մոտ` սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա դուրս եկավ մեքենայից ու լապտերով ներս մտավ թունել։

Օդը սառն էր ու խոնավ։ Թունելի պատերի վրա նա տեսավ իր անունը՝ գրված սև ներկով։ Հանկարծ նորից զանգ եկավ։ Նա պատասխանեց ու լսեց նույն երաժշտությունը, բայց այս անգամ այն հնչում էր թունելի խորքից։ Նա գնաց ձայնի ուղղությամբ ու գետնին մի հին հեռախոս տեսավ։ Դրա կողքին դրված էր մի լուսանկար, որտեղ ինքն ու Նարեկն էին, բայց իր դեմքը ջնջված էր։

Այդ պահին նա հիշեց այն, ինչ փորձում էր մոռանալ։ Այն գիշեր թունելի մոտ իրենք երկուսով չէին եղել․ կար մեկ ուրիշը, ում նա չէր տեսել։

Հանկարծ թունելի մուտքի մոտ մի ծանր ձայն լսվեց՝ կարծես ինչ-որ մեկը փակեց ելքը։ Արթուրի լապտերը անջատվեց։ Մթության մեջ նա լսեց քայլերի ձայն, որոնք շատ մոտիկից գալիս էին իր կողմ։

— Խաղն ավարտվեց, Արթո՛ւր,— շշնջաց ձայնը հենց նրա ականջի տակ։

Այդ գիշեր Արթուրն այդպես էլ տուն չվերադարձավ։

Փակ դռան գաղտնիքը

 









Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամեն տարի, երբ գնում էինք Սյունիքի մարզ` մայրիկիս մորաքույրը պատմում էր իրենց դիմացի տան մասին։ Դա մի շատ հին տուն էր, որտեղ արդեն երկար տարիներ մարդ չէր ապրում։ Ասում էին, որ այնտեղ շատ մարդիկ են մահացել ու նրանց հոգիները մնացել են այդ <<պատերի մեջ>>։

Տանտերը փորձում էր վաճառել տունը, բայց չէր ստացվում, դրա համար էլ որոշեց վարձով տալ։ Մի օր մի ընտանիք վարձեց այդ տունը։ Մի անգամ, երբ մայրն ու երեխան տանը մենակ էին` սկսվեցին տարօրինակ բաներ։

Հանկարծ տան մեջ մի անծանոթ ձայն լսվեց։ Մայրը սկսեց սենյակներում տեսնել տեսիլքներ. նրան թվում էր, թե տան մեջ անծանոթ մարդիկ են քայլում, որոնք այնտեղ չպետք է լինեին։ Նա այնքան վախեցավ, որ երեխային տանը թողնելով՝ դուրս վազեց տանից։

Այդ դեպքից հետո տունն ընդմիշտ փակվեց։ Մարդիկ փորձեցին հետո ներս մտնել, բայց տեսան, որ գլխավոր սենյակի դուռը դարձել է մի փակ դուռ, որը ոչ մի ձև չի բացվում։ Տանտերը երկար փնտրեց, բայց այդպես էլ չգտավ այն բացելու միջոցը. դա մի կորած բանալի էր, որը կարծես գետնի տակն էր անցել։

Այդ օրվանից սկսած ոչ ոք չի համարձակվում մտնել այդտեղ։ Բոլորը գիտեն, որ այդ տունը մի մեծ գաղտնիք ունի, որը կապված է այնտեղ մնացած հոգիների հետ։ Մինչև հիմա էլ, երբ անցնում ես այդ տան կողքով` թվում է, թե ինչ-որ մեկը պատուհանից հետևում է քեզ ու սպասում, թե երբ է բանալին գտնվելու, որ վերջապես բացվի այդ դուռը։

Ի՞նչ կլինի, եթե մեկ օրով ջուրը վերանա


Գոհարիկ Խաչատրյան

ԱհՏ Լրագրության դասարան


Ջուրը բնության ամենամեծ պարգևն է։ Մենք այնքան ենք սովորել ամեն օր օգտվել ջրից, որ հաճախ չենք էլ մտածում, թե ինչ կլիներ, եթե այն հանկարծակի, թեկուզև, մեկ օրով։ Եթե աշխարհից ընդամենը մեկ օրով վերանար ջուրը` մարդկությունը կկանգներ իրական աղետի առջև։ Առաջին իսկ ժամերին կդադարեր բնականոն կյանքը, քանի որ մարդիկ չէին կարողանա հոգալ իրենց հիգիենայի և սննդի կարիքները։ 

Մարդիկ հաճախ ջուրը անիմաստ վատնում են։ Շատ տներում երկար ժամանակ բաց են թողում ծորակը։ Հայաստանում ժամանակին ցայտաղբյուրների ջուրն անդադար հոսում էր, որի պատճառով մենք անիմաստ վատնում էինք ջրի  պաշարը։ Հիմա շատ ցայտաղբյուրներ ունեն հատուկ բռնակներ, որոնց շնորհիվ կարող ենք դադարեցնել ջրի հոսքը` անհրաժեշտության դեպքում բացելով և խմելով։

 Ջրի բացակայության դեպքում Խանութներից վայրկյանների ընթացքում կսպառվեն խմելու ջրի բոլոր պաշարները և կսկսվի համատարած խուճապ։ Ջրազրկման պատճառով մարդիկ արագորեն կզգան թուլություն ու գլխացավ, իսկ հիվանդանոցներում անհնար կլինի օգնություն ցուցաբերել։ Բացի մարդկանցից` ծանր հարված կստանա ողջ բնությունը և տնտեսությունը։ Կանգ կառնի մեծ գործարանների աշխատանքը, ինչի հետևանքով աշխարհը կմատնվի մթության։

 Օրինակ, եթե աշխարհում ջուրը թեկուզև մեկ օրով վերանա` ես կաշխատեի շատ չշարժվել, որպեսզի էներգիա չկորցնեի։ Իսկ, եթե էներգիա կորցնեմ` իմ ջուր խմելու ցանկությունը րոպե առ րոպե կմեծանա։ Հետևաբար, եթե նույնիսկ մեկ օրով աշխարհում ջուր չլինի` Երկրում քաոս կտիրի և առաջին իսկ ժամերից շատերը կմահանան անճարությունից և ջուր ուզելու ցանկությունից, որը չեն կարողանա իրականացնել։

Հետևաբար, ջրի նույնիսկ կարճատև անհետացումը կարող է կործանարար լինել աշխարհի համար։ Այդ իսկ պատճառով մենք պետք է խնայողաբար օգտագործենք ջրի ամեն կաթիլը, որովհետև առանց ջրի կյանք չկա։

суббота, 23 мая 2026 г.

Մեկ օր` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

 


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դարձավ իմ օրվա մեծ ու տպավորիչ բացահայտումը։ Հենց ներս մտա` առաջինն ուշադրությունս գրավեց  հանրահայտ թավջութակը, որի ֆոնին երևում էր աշխարհահռչակ կոմպոզիտորի երիտասարդ տարիների լուսանկարը։

 Թանգարանում ինձ ապշեցրեց մի շատ յուրահատուկ դաշնամուր, որը նրան նվիրել էին Արգենտինայում. այն ուներ հետաքրքիր ու ինքնատիպ փակվելու ձև, և  կյանքումս առաջին անգամ էի տեսնում այդպիսի երաժշտական գործիք։

 Նրա հանճարեղ երաժշտությունը լսելիս ուղղակի աննկարագրելի զգացողություններ ունեցա, ու ինձ համար մեծ հայտնություն էր` իմանալ, որ մեր մանկության սիրված մուլտֆիլմերի և ֆիլմերի մեջ հնչում են նրա հեղինակած ստեղծագործություններից հատվածներ։

  Կոմպոզիտորի տունը չափազանց գեղեցիկ էր, իսկ էքսկուրսավարի շնորհիվ իմացա շատ հետաքրքիր փաստեր նրա աշխատանքային սովորությունների մասին։ 

Պարզվում է՝ Խաչատրյանն այնքան էր սիրում իր գործը, որ երբեք չէր ուզում կտրվել աշխատանքից, և ստեղծագործելիս անհրաժեշտ ինչ-որ բան խնդրելու համար իր մոտ հատուկ զանգն էր օգտագործում։

Հուզիչ էր տեսնել, որ նրա աշխատասենյակում` ամենաերևացող տեղում, այն է` դաշնամուրին, դրված էր իր մայրիկի նկարը։ 

Այս թանգարանը հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը, այլև մի փոքր ճանաչել նրան։


Հիացած ու ապշած. առաջին, բայց ոչ վերջին այցս Երկրաբանական թանգարան



Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Առաջին անգամ այցելեցի պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան, և այն ամենն, ինչ տեսա այնտեղ, պարզապես հիացրեց ինձ։ Հենց մուտքից զգացվում էր տեղի յուրահատուկ մթնոլորտը, բայց կային ցուցանմուշներ, որոնք ուղղակի գրավեցին ուշադրությունս։ Առաջինն, ինչն անհնար էր անտեսել,  փղի հսկայական կմախքն էր, որը ստիպում էր մի պահ կանգ առնել ու պատկերացնել, թե ինչպիսին է եղել աշխարհը միլիոնավոր տարիներ առաջ։ Նրա երկարությունը կազմում 4,5մետր, իսկ բարձրությունը՝ 3,5 մետր։ Կենդանական աշխարհի այս հսկան ապրել է մոտավորապես 750.000 տարի առաջ` Շիրակի հարթավայրում։ Բացի այդ, ինձ ապշեցրեց հանքանյութերի ու քարերի հարուստ հավաքածուն։ Ինձ շատ դուր եկավ պեկտոլիտ քարի տեսակը։ Այդ քարի նուրբ տեսքը, գեղեցիկ տեսքն ու փայլն այնքան գրավիչ էին, որ չէի կարողանում աչքս կտրել։

 Թանգարանում մի շատ յուրահատուկ ու ստեղծագործական անկյուն կար։ Այնտեղ պատրաստել էին արշավային միջավայր՝ վրանով, խարույկով ու փայտերով։ Այդ անկյունն այնքան բնական էր ստացված, որ մի պահ ինձ թվաց, թե թանգարանում չեմ, այլ հենց հիմա գտնվում եմ բնության գրկում՝ սարերի դիմաց կանգնած, և վրանը կողքիս է։ Էքսկուրսիայի վերջում թանգարանի աշխատակիցները մեզ հետ ջերմ զրուցեցին, ինչն էլ ավելի տպավորիչ դարձրեց մեր օրը։ 

Ես պարզապես հիացած էի, քանի որ հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնել տիեզերքից երկիր ընկած իրական երկնաքարը, որին, ասում են, եթե ձեռք տաս ու երազանք պահես` անպայման կկատարվի։ Տեսա նաև մեր մոլորակի հնագույն հարստություններից մեկը՝ առաջին չմշակված ոսկին։ Դրանք տեսնելիս իրական հրաշքի զգացողություն ես ունենում։ 

Խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր դեռ չեն եղել այնտեղ, անպայման այցելել։ Վստահ եմ՝ եթե մեկ անգամ գնաք, ապա էլի ու էլի եք ցանկանալու վերադառնալ։

понедельник, 4 мая 2026 г.

Բարի գալուստ Վենետիկ

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ատում եմ ուշացումը, բայց արի ու տես, որ ես էի ուշանում գնացքից։ Առանց մտորելու վերցրի ճամպրուկս, հավաքեցի մոտ տասը օրվա համար հագուստ և դուրս թռա տնից։ Տու՞ն․ ի՜նչ տարօրինակ է հնչում։ 13 տարի այդ մանկատանն ապրելով՝ համակերպվել էի այն մտքի հետ, որ քանի իմ միակ տանիքն այստեղ կարող եմ գտնել, ուրեմն հենց սա էլ իմ տունն է։ Բայց, երևի, այդ օրը հենց այն ավարտն էր, որ մանկատունն իմ տունը պիտի կոչվեր, և ես՝ նրա բնակիչը։ Մանկատան դռներից դուրս, երբ գիտակցում էի, որ այլևս չեմ վերադառնալու այնտեղ, ամեն բան այլ էր․ նոր մարդիկ, նոր կյանքի երանգներ, երազանքներ ու նպատակներ։

Կայարան հասնելուն պես՝ դառը հիշողությունները պատեցին ինձ։ Վերջին անգամ այստեղ էի տեսել մորս, գրկել նրան և զգացել նրա սառը մատների ջերմությունը։ Այստեղ էի հրաժեշտ տվել նրան, երբ անճարությունից ելնելով ստիպված էր երեխաներից ավագին ուղարկել մանկատուն։ Դաժան  պայմանները, թվում էր, այլընտրանք չէին թողել մորս։

-Կարելի՞ է Ձեր տոմսը,- անսպասելիորեն մի անծանոթ հետ բերեց ինձ հիշողությունների գրկից։

Ես մեկնեցի նրան իմ տոմսը, գտա իմ վագոնը և պատրաստվեցի փոքրիկ ճանապարհորդությանս։

Րոպեներ անց գնացքը շարժվեց։ Պատուհանից մեկը մյուսին էին հաջորդում բնապատկերներ, որ միայն երազներում կարելի էր տեսնել։ Ներս էր փչում աշնանային սառը քամին, խաղում մազերիս հետ և շոյում դեմքս։ Ի՜նչ հաճելի էր մենակություն հիշեցնող այդ զգացումը։

Ժամեր անց գնացքը ժամանեց։ Տեսարանը, կարծես, հեքիաթից լիներ։ Ես շփոթված իջա վագոնից, նստեցի այն ավտոբուսը, որն ինձ էր սպասում։ Ինձ հատկացրին հարմար մի փոքրիկ կացարան, որ այսուհետ տունս պիտի կոչվեր։ Մարեցի սենյակի լույսը, բայց աչքերս փակվել չէին ուզում։ Դրանք սևեռված էին այդ փոքրիկ, բայց մեծ հնարավորություններով լի այդ քաղաքին։ Ինչքա՜ն էի սպասել այս պահին, ինչքա՜ն էի երազել ու պայքարել։ Դե ինչ, բարի գալուստ նոր կյանք, նոր համալսարան և նոր ապագա։ Բարի գալուստ Վենետիկ։

Տարին կլինի բավականին ջրառատ․Լևոն Ազիզյան

Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

«Ըստ կանխատեսումների՝ տարին կլինի բավականին ջրառատ։ Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ կանխատեսվում է, որ 2026թ․-ի գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-130%-ի սահմաններում, իսկ առանձին կետերում 140-160%-ի սահմաններում,- այս մասին մամուլի լրագրողների հանդիպման ժամանակ հայտնեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ամփոփելով 2025թ․-ի նոյեմբերից մինչև 2026թ․-ի մարտ ամիսների տվյալները՝ Լևոն Ազիզյանը տեղեկացրեց, որ 2025թ․
-ի նոյեմբեր, 2026թ․-ի փետրվար և մարտ ամիսներն առանձնացել են հիդրոօդերևութաբանական պայմաններով։ 2025թ․-ի նոյեմբերը եղել է 2-րդ ամենատաք և չոր նոյեմբերը՝ սկսած 1935թ․-ի դիտարկումներից։ 2026թ․-ի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 0,1°C, որը բարձր էր նորմայից 4,9 աստիճանով։ Այն ամենատաք փետրվարն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փետրվար ամսվա տեղումների քանակը կազմել է 78մմ, որը կազմում է նորմայի 26%-ը։ Այն հանդիսացավ 3-րդ տեղումնառատ փետրվարը սկսած 1935թ․-ից։

2026թ․-ի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0,3°C, որը նորմայի սահմաններում էր, բայց փոքր ինչ ցածր՝ 0,2°-ով։ Մարտը ամենատեղումնառատն է սկսածկազմել է 98մմ, որը նորմայի 198%-ն է։

2025թ․-ի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է -2,2°՝ նորմայից բարձր 1,4°-ով, տեղումների ամսական քանակը՝ 39մմ՝ նորմայի 114%-ը։ Հունվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -5,6°, որը նորմայի սահմաններում էր, իսկ տեղումների քանակը՝ 46 մմ՝ նորմայից բարձր՝ նորմայի 131%-ը։

Անդրադառնալով նաև ապրիլ-հունիս ամիսներին սպասվող տեղումներին՝ Լևոն Ազիզյանը նշեց, որ ապրիլ-հունիս ամիսներին հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի մոտ։ Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակին և մայիսի առաջին և 2-րդ տասնօրյակին։

2026թ․-ի հուլիսի 1-ից ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում, նրա փոխանցմամբ,  սպասվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում՝ 40-45 սմ-ով։ Իսկ 2026թ․-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակի բարձրությունը կանխատեսվում է 1900,30-1900,35 մ սահմաններում, որը 2026թ․-ի հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի մոտ 8-13սմ-ով։


Հաղորդագրություն

Թունելի գաղտնիքը

ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՀՏ Լրագրության դասարան Այդ գիշեր Արթուրը տանը մենակ էր։ Դրսում քամի էր, իսկ սենյակում տիրում էր այնպիսի լռություն, որ նա լսու...