Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ատում եմ ուշացումը, բայց արի ու տես, որ ես էի ուշանում գնացքից։ Առանց մտորելու վերցրի ճամպրուկս, հավաքեցի մոտ տասը օրվա համար հագուստ և դուրս թռա տնից։ Տու՞ն․ ի՜նչ տարօրինակ է հնչում։ 13 տարի այդ մանկատանն ապրելով՝ համակերպվել էի այն մտքի հետ, որ քանի իմ միակ տանիքն այստեղ կարող եմ գտնել, ուրեմն հենց սա էլ իմ տունն է։ Բայց, երևի, այդ օրը հենց այն ավարտն էր, որ մանկատունն իմ տունը պիտի կոչվեր, և ես՝ նրա բնակիչը։ Մանկատան դռներից դուրս, երբ գիտակցում էի, որ այլևս չեմ վերադառնալու այնտեղ, ամեն բան այլ էր․ նոր մարդիկ, նոր կյանքի երանգներ, երազանքներ ու նպատակներ։
Կայարան հասնելուն պես՝ դառը հիշողությունները պատեցին ինձ։ Վերջին անգամ այստեղ էի տեսել մորս, գրկել նրան և զգացել նրա սառը մատների ջերմությունը։ Այստեղ էի հրաժեշտ տվել նրան, երբ անճարությունից ելնելով ստիպված էր երեխաներից ավագին ուղարկել մանկատուն։ Դաժան պայմանները, թվում էր, այլընտրանք չէին թողել մորս։
-Կարելի՞ է Ձեր տոմսը,- անսպասելիորեն մի անծանոթ հետ բերեց ինձ հիշողությունների գրկից։
Ես մեկնեցի նրան իմ տոմսը, գտա իմ վագոնը և պատրաստվեցի փոքրիկ ճանապարհորդությանս։
Րոպեներ անց գնացքը շարժվեց։ Պատուհանից մեկը մյուսին էին հաջորդում բնապատկերներ, որ միայն երազներում կարելի էր տեսնել։ Ներս էր փչում աշնանային սառը քամին, խաղում մազերիս հետ և շոյում դեմքս։ Ի՜նչ հաճելի էր մենակություն հիշեցնող այդ զգացումը։
Ժամեր անց գնացքը ժամանեց։ Տեսարանը, կարծես, հեքիաթից լիներ։ Ես շփոթված իջա վագոնից, նստեցի այն ավտոբուսը, որն ինձ էր սպասում։ Ինձ հատկացրին հարմար մի փոքրիկ կացարան, որ այսուհետ տունս պիտի կոչվեր։ Մարեցի սենյակի լույսը, բայց աչքերս փակվել չէին ուզում։ Դրանք սևեռված էին այդ փոքրիկ, բայց մեծ հնարավորություններով լի այդ քաղաքին։ Ինչքա՜ն էի սպասել այս պահին, ինչքա՜ն էի երազել ու պայքարել։ Դե ինչ, բարի գալուստ նոր կյանք, նոր համալսարան և նոր ապագա։ Բարի գալուստ Վենետիկ։

Комментариев нет:
Отправить комментарий