Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի մասին շատերն են լսել, ոմանք էլ՝ այցելել։ Սակայն քչերը գիտեն, թե ով է եղել Վիկտոր Համբարձումյանը։ Նա համաշխարհային աստղագիտության խոշորագույն դեմքերից է, որի գիտական գաղափարներն ու կազմակերպչական գործունեությունը մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի գիտության զարգացման վրա։
Նա համարվում է տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ Նրա աշխատանքները փոխեցին պատկերացումները տիեզերքի կառուցվածքի մասին։ Համբարձումյանը առաջիններից էր, ով առաջ քաշեց այն, որ աստղերը կարող են ծնվել խմբերով, ոչ թե միայնակ։ Ապացուցեց, որ որոշ աստղային համակարգեր ժամանակի ընթացքում քայքայվում են։ Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947թ-ին հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։
Համբարձումյանը երկար տարիներ ղեկավարել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի աստղագիտական դպրոցը։
Ամենամեծ կազմակերպչական ձեռքբերումներից է 1946թ․Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումը։ Այն դարձավ աշխարհի առաջատար աստղագիտական կենտրոններից մեկը։
Այստեղ իրականացվեց հայտնի Բյուրականի հետազոտական ծրագիրը, որի ընթացքում հայտնաբերվեցին հազարավոր գալակտիկաներ և ակտիվ օբյեկտներ։
Վիկտոր Համբարձումյանի կյանքի քիչ հայտնի, բայց շատ խոսուն դրվագներից է նրա կողմից Արցախի հարցի համար կազմակերպած հացադուլը, որը ցույց է տալիս, որ նա ոչ միայն գիտնական էր, այլ նաև սկզբունքային և հասարակական դիրքորոշում ունեցող անհատականություն։
1988թ․, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Հայաստանում բարձրացավ ազգային և քաղաքական լարվածություն։ Այդ ժամանակ շատ մտավորականներ սկսեցին հրապարակային պայքար իրենց պահանջների համար։ Համբարձումյանը, արդեն լինելով մեծ գիտնական, միացավ այդ շարժմանը՝ խաղաղ և քաղաքացիական պայքարի ձևով։ Նա մասնակցեց հացադուլի ակցիային, որը կազմակերպվել էր ժողովրդի իրավունքները պաշտպանելու և Արցախի հարցը բարձրացնելու համար։ Նրա մասնակցությունը մեծ ազդեցություն ունեցավ, քանի որ նա համարվում էր ոչ միայն գիտնական, այլև ազգային հեղինակություն։
Նրա մասնակցությունը մեծապես բարձրացրեց շարժման միջազգային ուշադրությունը։ Ցույց տվեց, որ պայքարը միայն քաղաքական չէ, այլ նաև մշակութային և մտավորականների աջակցությամբ։
Վիկտոր Համբարձումյանը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:
2010թ-ին ստեղծվել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այն աստղագիտության/աստղաֆիզիկայի և հարակից այլ գիտությունների կարևորագույն մրցանակներից մեկն է, որը շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտություններում նշանակալի ավանդ ունեցած ականավոր գիտնականներին՝ անկախ երկրից և ազգությունից։

Комментариев нет:
Отправить комментарий