Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի։ Դրանք մեր առօրյայի մի մասն են դարձել հատկապես երեխաների և դեռահասների շրջանում։ Սոցիալական ցանցերը ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն և կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը։
Սոցիալական ցանցերը մեզ հնարավորություն են տալիս շփվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հետ, լինել տեղեկացված և իրազեկ։ Դրանք նաև կարող են օգտակար լինել ուսման դեպքում։ Այսօր հնարավոր է մի քանի վայրկյանում գտնել տեղեկատվություն, դիտել ուսուցողական տեսանյութեր կամ մասնակցել առցանց դասընթացների։ 21-րդ դարը մեզ տվել է զարգանալու և ինքնակրթվելու լայն հնարավորություն, սակայն հարկավոր է խուսափել այս ամենի բացասական կողմերից։
Սոցիալական ցանցերում երեխաները հաճախ բախվում են կեղծ տեղեկատվությունների, անառողջ համեմատությունների և երբեմն կիբերհանցագործության զոհ են դառնում։ Իդեալական նկարներն ու հրապարակումները կարող են դրդել դեռահասներին՝ փորձել նմանվել որևէ հայտնի մարդու։ Սոցիալական ցանցերը հաճախ կարող են դառնալ դեռահասի համար մոտիվացիայի աղբյուր։ Սա ևս մեկ ապացույց է նրա, որ ամեն բան կախված է մարդուց, նրա աշխարհընկալումից։ Բացի այդ, երկար ժամանակ հեռախոսին նայելը կարող է վնասել առողջությանը՝ առաջացնել կախվածություն, քնի պակաս և ուշադրության ու ինքնատիրապետման խնդիրներ։ Որոշ դեպքերում սոցիալական ցանցերը դառնում են նաև կիբերբուլինգի տարածք, որտեղ երեխաները կարող են ճնշման ենթարկվել։
Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե սոցիալական ցանցերն են, այլ դրանց ոչ խելամիտ օգտագործումը։
Սոցիալական ցանցերը կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ։ Մենք ինքներս ենք ընտրում մեր տարբերակը։
Տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար համացանցը խելամիտ օգտագործելու հնարավորություններ են ստեղծված։ Այսօր կան շախմատային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ՝ Worldchess.com-ը, Chess.com-ը, որոնք կփոխարինեն ժամանակի անիմաստ վատնումը՝ օգտակարով։
Առաջին ծրագրում գրացվելով՝ հնարավոր է բարձրացնել վարկանիշը, ստանալ միջազգային կոչումներ կամ պարզապես ինքնակրթվել, փորձել սեփական ուժերը։ Դպրոցական երեխաների համար նույնպես կան նման հարթակներ, որտեղ հնարավոր է զարգանալ և ամրապնդել գիտելիքները։ Օրինակ՝ «Իմ դպրոց» հարթակն աշակերտներին հնարավորություն է տալիս կրկնել հանրակրթական առարկաների նյութը, պատասխանել դրանց վերաբերող հարցերին, հավաքել միավորներ։ Այս ամենի շնորհիվ նրանք ոչ միայն բարելավում են իրենց գիտելիքները, այլև փորձում են սովորել ավելի շատ, առողջ մրցակցում են իրենց դասընկերների հետ և ձգտում հայտնվել թոփ եռյակում։

Комментариев нет:
Отправить комментарий