Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
2026 թվականը սկսվել է կանչերի նվազումով։ Պատճառը՝ առողջապահական համընդհանուր ապահովագրությունն է։ Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրենի՝ Ռուբեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ կանչերը նվազել են 35%- ով։
-Վստահ եմ, որ մեծ դեր է ունեցել նաև այն փաստը, որ համընդհանուր ապահովագրության դեպքում հիմա սահմանափակում է դրված, այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ, իսկ 8-ից ավելի կանչ գրանցող բուժառուների համար կանչը կդառնա վճարովի։ Իհարկե, կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն և այլ դեպքեր։ Մենք այդ 9-րդ և ավել կանչը սահմանել ենք 10․000 դրամ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Գրիգորյանը։
Խոսելով տարվա ընթացքում գրանցված կանչերի մասին՝ Ռուբեն Գրիգորյանը նշեց․
-2025 թվականին գրանցվել է շուրջ 307․000 կանչ, որը 3%-ով ավելի է 2024-ի համեմատ։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի շատանալով։ Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրենը մանրամասնեց, որ հիմնականում կանչերը լինում են սիրտ-անոթային, դրանց մեջ են մտնում նաև ճնշման հետ կապված կանչերը, սուր շնչառական վարակների կանչերը և այդպես շարունակ։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ կոտրվածքների 22 կանչ է արձանագրվել, հոսպիտալացմամբ ավարտվել, որը նախորդ տարիների համեմատ ցածր ցուցանիշ է։ Թունավորումների 5 դեպք է գրանցվել։
Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ռուբեն Գրիգորյանը ասաց, որ 2026թվականին նախատեսվում է մինչև 10 նոր մեքենայի ձեռքբերում, արտահագուստի վերանայում, ինչպես նաև, վերագործարկել ռադիոկապը և բարձրացնել աշխատավարձը։

Комментариев нет:
Отправить комментарий