Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
ԱՀՏ-ի լրագրության դասարանը հունվարի 13-ին հյուրընկալել էր այս տարվա իր անդրանիկ հյուրին՝ աճպարար Վարդան Ամիրյանին։ Նա՝ լինելով հայ աճպարարների միության նախագահ, հայ աճպարարական արվեստը ներկայացրել է նաև հայրենիքից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում։
Բացի հիմնական մասնագիտությունից տիրապետում է երաժշտական գործիքների, զբաղվել է վոկալով։ Ուսումնասիրում է հոգեբանությունը, տիրապետում է հիպնոսին, հանդես է գալիս բեմական հիպնոսով։
Հանդիպման ժամանակ աճպարարը պատմեց, որ նախքան բուն մասնագիտությունն ընտրելը հասցրել է սովորել հագուստի մոդելավորում բաժնում։
Խոսելով իր առաջին հնարքի մասին, որն է՝ անհետացող և հայտնվող գնդակների հնարքը, Վարդան Ամիրյանն ասաց, որ սա, իր կարծիքով ամենից շատ կգրավեր իրեն, եթե երեխա լիներ։
Մեր հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա այն երեխաներին, ովքեր ուզում են զբաղվել աճպարարությամբ, Վարդան Ամիրյանը պատասխանեց․ «Աճպարարությամբ զբաղվելու ամենակարևոր կանոններն են համբերությունն ու սերը՝ մասնագիտության հանդեպ»։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ աճպարարությամբ զբաղվում է գրեթե 50 տարի, երբևէ չի զղջացել այդ մասնագիտությունն ընտրելու համար։
Սկսել է զբաղվել աճպարարությամբ 15 տարեկանից, որը այս ժանրի համար, մասնագետի կարծիքով, շատ ուշ է, որովհետև մոտ 9 տարեկանից է սկսվում երեխայի մոտ առողջ աշխատել երևակայությունն ու տրամաբանությունը։
Այն հարցին, թե ո՞րն է եղել նրա կողմից իրագործած ամենաբարդ հնարքը, Վարդան Ամիրյանն ասաց, որ աճպարարարության մեջ գրեթե բոլոր հնարքները բարդ են, ինչպես, օրինակ, երաժշտության մեջ։ Նրա կարծիքով՝ այդ ամենին նախ պետք է տիրապետել, ամեն բան միանգամից չի ստացվում։ Հնարք է եղել, որն իրագործելու համար մոտ 2 տարի է պահանջվել։
Աճպարար ծնվում են, թե՞ դառնում փիլիսոփայական հարցին, Վարդան Ամիրյանը պատասխանեց, թե ցանկացած արվեստի, մշակույթի մեջ գոյություն ունի բնականը և՝ արհեստականը։ Աճպարարի խոսքով՝ կան քանդակագործներ, ովքեր, անկախ ամեն ինչից, տեղեկությունը տիեզերքից ստանում են և ստեղծագործում։ Եվ կան քանդակագործներ, ովքեր կրթված են։ Հետևաբար՝ Վարդան Ամիրյանը նրանց բաժանում է երկու խմբի՝ արհեստական և բնական մասնագետներ, ու շեշտում, որ բնությունն ամեն դեպքում շատ մեծ դեր է խաղում։
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հեշտ է զարմացնել 21-րդ դարի մարդուն, աճպարարը ասաց, որ մտածել է այդ հարցի շուրջ և հանգել այսպիսի մի եզրահանգման։ Նրա կարծիքով՝ այն, ինչ ստեղծվում էհամացանցի կամ հեռախոսի օգնությամբ, դրանով զարմացնել չես կարող։
Հանդիպման վերջում աճպարար Վարդան Ամիրյանը ցուցադրեց մի շարք զարմանահրաշ հնարքներ։ Նա հիպնոսի ենթարկեց սաներին, առանց ակնոցին դիպչելու շրջեց այն, անտեսանելի կերպով փոխեց անհավասար և հավասար պարանների տեղերը։ Ինչպես նշեց Վարդան Ամիրյանը՝ այն, ինչ անտեսանելի է, չի նշանակում, որ գոյություն չունի։

Комментариев нет:
Отправить комментарий