Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ողջո՛ւյն, ընկերս, ես եմ` օվկիանոսը, երբևէ կմտածեի՞ր, որ գրում եմ քեզ, ստիպված եմ, այո՛ ստիպված․․․ դուք` մարդիկ, մոռացել եք իմ մասին, ես էլ մարդկանց նման հոգատարության կարիք ունեմ։ Ես իմ ալիքներով փարվում եմ քեզ, խորը շունչ եմ առնում օդից ու նվիրում քեզ անձրևի թարմությունը։ Մտածի՛ր մի պահ, ի՞նչ կանեիք դուք առանց ինձ։ Մտածե՞լ ես, այդ պատճառով էլ ես հիմա լքված եմ, լքված ձեր կողմից, նրանց կողմից, ում այդքան սիրում ու վստահում եմ ու նրանց օգնությանը սպասում։ Դուք չեք նկատել իմ կարևորությունը, և չեք նկատում մինչ օրս։ Սակայն իմ սիրտը ցավում է, որովհետև դու մոռացել ես, որ ես նույնպես ապրում եմ, շնչում ու զգում։ Ես էլ քեզ նման ուզում եմ ապրել, ուղղակի ապրել, ոչ թե գոյատևել։ Իմ ջրերը օրեցօր ծանրանում են քո թողած հետքերով` պլաստիկ շշեր, թունավոր թափոններ, անխնա ձկնորսություն։ Իմ մեջ ապրում են միլիոնավոր ձկնատեսակներ, որոնց մեծ մասին մարդիկ նույնիսկ ծանոթ չեն, բայց ձկնորսության պատճառով այդ տեսակները տարեցտարի վերանում եմ։ Ես հետևում եմ դրան լուռ, ոչինչ ասել չկարողանալով, բայց այսօր` հիմա, ես տեսնում եմ, թե ինչպես իմ խորքերում երբեմնի կյանքով լեցուն տարածքները վերածվում են անապատների։
Կորալները կորցնում են իրենց գույնը, ձկները՝ իրենց տունը, իսկ ես՝ իմ խաղաղությունը։
Բայց դու դեռ կարող ես փոխել ամեն ինչ։ Արժանի եղիր իմ նվիրած կյանքին՝ պաշտպանի՛ր ջուրը, ինչպես կպաշտպանեիր քեզ համար թանկ մի բան։ Հրաժարվի՛ր ավելորդ պլաստիկից, ընտրիր կայուն ու գիտակցված ուղիներ, մտածի՛՝ր իմ մասին այնպես, ինչպես ես եմ մտածում քո մասին։
Եթե ես մահանամ, աշխարհի շնչառությունը կդադարի, և քո սերունդները չեն տեսնի այն գեղեցկությունը, որ դու ես տեսել։ Իսկ ինչու՞ այս ամենը վերացման հասցնել, չէ՞ որ դու կարող ես հենց հիմա վեր կենալ և ամեն ինչ փոխել։ Դե, ո՞ւմ ես սպասում մա՛րդ, ամեն ինչ քո ձեռքերում է, և միայն դու, այո', միայն դու կարող ես ինձ փրկել։
Ես դեռ ապրում եմ, շնչում եմ, դեռ սպասում եմ, որ ինձ կլսես։ Մի՛ թող, որ իմ ալիքները դառնան վերջին շշունջը, որ երբևէ կլսես։
Իմ խորը ալիքներում դեռ պարի են բռնում հազարավոր ջրային արարածներ, և ես չեմ ուզում, որ նրանց երգը ընդմիշտ մարի։
Օվկիանոսը մի մեծ, անսահման տարածք է, որի մեջ ապրում են հազարավոր կենդանիներ, բույսեր, ձկներ։ Մի՞թե դու կթողնես, որ այդ ամենը վերանա ինչ-որ անուշադիր մարդկանց վատ վարքի պատճառով։ Եթե դու հոգ տանես իմ մասին, ես կշարունակեմ նվիրել քեզ իմ անհուն գեղեցկությունը, շնչելու թարմ օդն ու աշխարհի հավասարակշռությունը։ Մի՛ մոռացիր՝ ես քո կյանքի անբաժանելի մասն եմ։ Դու դա դեռ չես գիտակցում, բայց առանց ինձ կյանքը Երկիր մոլորակի վրա անհնար և անիմաստ կլինի։ Ես քեզ տվել եմ ամեն ինչ, ինչ ունեցել եմ, ինչն ինձ համար թանկ է եղել, ես տվել եմ քեզ առանց որևէ վայրկյան մտորելու, իսկ դու՞, դու պատրա՞ստ ես այդ ամենի որևէ մասը ինձ հետ վերադարձնել։ Ես քեզ տվել եմ ամեն ինչ՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ Միայն հարգանք, զգուշություն և ջրերս մաքուր պահել եմ խնդրում, որը դու այդպես էլ չես կարողանում անել։ Բայց, չէ՞ որ կյանքում միշտ էլ երկրորդ հնարավորություն է տրվում ամենքին, սա էլ բացառություն չէ։ Ես ուզում եմ, որ դու հասկանաս վտանգը, դա է ամենակարևորը։ Հասկանաս ու փորձես ուղղել սխալներդ։
Խնդրանքով, սիրով` օվկիանոս։