Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Կարծում եմ, որ ես ամեն օր էլ ունենում եմ փոքրիկ հաղթանակներ ու հաղթահարում ինքս իմ դիմաց դրված չնչին փորձությունները։ Վաղ առավոտյան արթնանում ու դուրս եմ գալիս սիրելի ու փափուկ մահճակալիցս և գնում դասի։ Օրվա վերջում հոգնած ու ուժասպառ եղած երբեմն ինձ ստիպում եմ դաս սովորել։ Հաճախ չցանկանալով հավաքում եմ տունը` պարզապես մայրիկիս օգնելու համար։ Սրանք բոլորը իմ առօրյա փոքրիկ հաղթանակներն են։ Բայց կա մեկը, որն այդքան էլ փոքրիկ չէ։ Տարիներ առաջ շախմատային բուռն կյանքս անսպասելիորեն անկում ապրեց։ Սկսեցի ավելի հաճախ պարտվել, կոտրվել։ Սպասեցի որոշ ժամանակ, բայց հաղթանակներիս թիվն ավելի էր փոքրանում։ Բոլոր ծանոթներս, հարազատներս ու ընկերներս կարծես հենց այս պահին սպասելով` խորհուրդ էին տալիս դուրս գալ շախմատից ու մոռանալ այդ սպորտի մասին։
-Արդեն 2 տարի է կարգդ չես ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի շարունակելդ։ Միայն անիմաստ ժամանակդ ես վատնելու։ Այս և նմանատիպ այլ խոսքեր ավելի կոտրեցին ինձ, կամ էլ ո՞վ գիտի, գուցե ավելի ոգեշնչեցին առաջ շարժվել։ Ես որոշեցի մի քիչ էլ սպասել, անտեսել բոլորին ու ամեն ինչը։ Ու կարծես թե ստացվեց։ Կարճ ժամանակ անց ես ստացա այդքան սպասված շախմատային կարգս, հաղթանակներիս թիվը մեծացավ։ Այսպիսով ես կրկին նույն երջանիկն էի, տախտակը ձեռքիս հաղթանակած շտապում էի սիրելի շախմատիս դասարան։ Հաղթանակած, որովհետև չլսեցի ինձ այդքան հիասթափեցնող խորհուրդները, ուշադրություն չդարձրեցի, չկարևորեցի դրանք ու, ինքս իմ մեջ կրկին ուժ գտնելով
շարժվեցի առաջ։


Комментариев нет:
Отправить комментарий