Որոնում

понедельник, 24 ноября 2025 г.

Երկինքը մաքրվեց մշուշից, երբ մարդը ճանաչեց ինքն իրեն

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մշուշոտ մի թագավորություն կար, որտեղ առավոտները երբեք ամբողջությամբ չէին լուսանում, իսկ գիշերները երբեք ամբողջությամբ չէին մթնում։ Անտառում, ասում էին, ապրում է մի մոռացված կախարդ, որին վախենում էին անգամ հիշել։ Ապարանքի բարձր պատերի ներսում ապրում էր արքայի միակ դուստրը՝  երես առած մի աղջիկ, որի աչքերը փայլում էին ինչպես գետակի ջուրը լուսնի լույսի ներքո, բայց այդ փայլի խորքում միշտ կար մի տխրություն։ Ամեն օր նա քայլում էր մարմարե սրահներով՝ շրջապատված երգեր երգող ծառաներով և ծաղկային բույրով լցված պարտեզներով, բայց նրա սիրտը դատարկ էր։

Մի օր նա որոշեց լքել ապարանքը  և գնալ դեպի անտառ՝ գտնելու այն կախարդին, որից բոլորը խուսափում էին։ Տեսնես`ինչու՞ էին այրում նրա հետ հանդիպման բոլոր կամուրջները, այդ ի՞նչ գիտի նա, որից խուսափում են բոլորը, և գուցե հենց նա գիտի, թե որն է հոգու լիության ու կատարյալ երջանկեւթյան գաղտնիքը, երբ շուրջբոլորդ թվացյալ կատարելություն է,- այս և մի քանի այլ մտքերով աղջիկը ճամփա ընկավ։ Նրա ուղին անցավ բեկորներով լցված քարե արահետներով, որտեղ հին ու չոր ծառերը կարծես շշնջում էին նրա անցյալի մասին։ Անտառի խորքում նա գտավ աշտարակը՝ փաթաթված որթատունկերով, պատուհաններից կախված, մոռացված ժամանակների փոշով։

Կախարդը նրան դիմավորեց առանց զարմանալու՝ կարծես վաղուց գիտեր, որ աղջիկը գալու է։

— Ինչու՞ ես եկել, արքայադուստր, — հարցրեց նա։

— Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ եմ ես իրականում, —պատասխանեց աղջիկը։

Կախարդը նայեց նրան երկար ու լուռ։— Մարդը չի ճանաչում իրեն, քանի դեռ չի հանդիպել իր վիշապին , — ասաց նա։

Արքայադուստրը խառնվեց.

— Ի՞նչ վիշապ… մեր երկրում բոլոր վիշապներն արդեն սպանված են։

Կախարդը ժպտաց՝ աչքերը փայլեցին կրակի նման մի։

— Ամեն մարդու ներսում ապրում է մի վիշապ` իր վիշապը։ Ոմանց մեջ նա կրակի է վերածվում, մյուսների մեջ՝ դատարկության։ Նա սնվում է քո վախերից, քո գոռոզությունից, քո չասված ճշմարտություններից։ Եթե չհաղթես նրան` կյանքդ կնմանվի իրական ստի, ինքնախաբեության, ու ոչ մի հրաշքի էլ ականատես չես լինի։

Արքայադուստրը վերադարձավ ապարանք, բայց այդ օրվանից նա այլևս նույնը չէր։

Նա այլևս չէր փնտրում փառք կամ գոհարներ։ Ամեն գիշեր նայում էր լուսնի ցոլքին ու լսում իր սրտի բաբախը՝ ինչպես հին հարվածվող թմբուկ, որը հիշեցնում էր՝ այնտեղ ինչ-որ բան դեռ սպասում է։ Նա սկսեց լսել մարդկանց, ներել, չվախենալ։ Ամեն անգամ, երբ հաղթահարում էր իր վախերը, թվում էր՝ինչ-որ ստվեր իր ներսում փոքրանում է։

Եվ մի գիշեր, երբ նա արցունքներով ընդունեց իր ցավը ու ժպիտով իր անցյալը, աշտարակի պատուհանների միջով փչեց քամի, որը բերեց կախարդի ձայնը՝ մեղմ, ինչպես հուշ։

-Վիշապը հանգչել է։ Հիմա դու կարող ես լինել այն հրաշքը, որը փնտրում էիր։

Այդ գիշեր թագավորության երկինքը մաքրվեց մշուշից։ Առավոտն առաջին անգամ եկավ լիարժեք լույսով։ Հրաշքը կատարվել էր։ Բայց ոչ կախարդի ձեռքով, այլ մարդու, ով վերջապես ճանաչեց իրեն։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...