ԱՀՏ Լրագրության դասարան
Հոկտեմբերի 4-ին Վայոց Ձորի Արենի գյուղում անցկացվեց ամենամյա Գինու փառատոնը։ Այն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը` «Արենի գինու փառատոն» հիմնադրամի կողմից։ 11 տարիների ընթացքում փառատոնին ներկայացվել են թե՛ տնական գինիներ` պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե՛ արտադրական գինիներ։
Այս տարի ևս Արենին բաց էր արել իր դռները հարևան գյուղերի, քաղաքների, մայրաքաղաքի բնակիչների և նույնիսկ օտարազգի զբոսաշրջիկների առջև։ Անմիջապես գյուղ մտնելիս հյուրերին դիմավորում էին ներկաների հյուրընկալ տաղավարները` լի ավանդական սեղաններով։ Սեղանները զարդարում էին տոնական գաթաները, մաճառը, ժենգյալով հացը։ Ներկայացված էին բազում կազմակերպությունների արտադրանքներ` հայկական զարդանախշերով տարազներ, գորգեր։ Գյուղի կենտրոնում մեծ փայտե տարայի մեջ տեղի երիտասարդ աղջիկները ոտքերով ճզմում էին խաղողը` այդպիսով ավելի պատկերավոր ցույց տալով ներկաներին գինու ստացման վաղեմի ժամանակների եղանակը։
Արենին հյուրընկալել էր շատ պարային խմբերի, արտիստների ևս։ Հյուրերի հայրենասիրական ոգին արտացոլվեց նաև ազգային և ժողովրդական երգ ու պարի միջոցով։ Հսկայական շրջաններով մարդիկ պարում էին քոչարի, յարխուշտա, թամզարա։
Խնջույքը շարունակվեց նաև երեկոյան` արդեն դիջեյի մասնակցությամբ։

Комментариев нет:
Отправить комментарий