Գոհարիկ Խաչատրյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի հերոս՝ մեկին, ով հիացնում է, ումից սովորում է կամ ոգեշնչվում։ Իմ սիրելի հերոսը Walt Disney Animation Studios-ի կողմից 2016 թվականին արտադրված 3D համակարգչային անիմացիոն մուլտֆիլմից Մոանան է։ Նա ուժեղ, խելացի և քաջ աղջիկ է, ով կարողացավ հաղթահարել բազմաթիվ դժվարություններ՝ փրկելու իր ժողովրդին։
Մոանան ապրում էր մի գեղեցիկ կղզում՝ իր ընտանիքի հետ։ Նրա ժողովուրդը վախենում էր հեռանալ կղզուց, սակայն Մոանան զգում էր, որ իր կոչումն ուրիշ է։ Նա չէր վախենում բաց ծովից և վստահ էր, որ պետք է ճանապարհորդի՝ փրկելու աղետից բնությունը և իր ժողովրդին։ Նա միակն էր, ով համարձակվեց դուրս գալ ծով և պայքարել տարբեր վտանգների դեմ՝ չզիջելով երբեք իր սկզբունքներին։
Մուլտֆիլմի սկզբում Մոանան սովորական աղջիկ է, ով խաղաղ ապրում էր կղզում՝ ընտանիքի և ժողովրդի հետ։ Սակայն նրա ներսում անընդհատ մի ձայն կա, որը նրան կանչում է դեպի ծովը։ Նա զգում է, որ իր առաքելությունը մեծ է, քան պարզապես կղզում ապրելը։ Չնայած, որ նրա հայրն արգելում է դուրս գալ օվկիանոս, Մոանան լսում է իր սրտի ձայնին։ Նա որոշում է մեկնել վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի իր ժողովրդին։
Մոանան հերոս է ոչ միայն նրա համար, որ հաղթահարեց ծովի վտանգները, այլև այն բանի համար, որ երբեք չհրաժարվեց։ Նա չվախեցավ, երբ դժվարություններ հանդիպեց, և անգամ երբ թերահավատ էր իր ուժերի վրա, գտավ հավատ ու շարունակեց պայքարը։ Նրա հավատը, համառությունը և սերը իր ժողովրդի նկատմամբ նրան դարձնում են իմ սիրելի հերոսուհին:
Մոանան ինձ սովորեցնում է, որ մենք բոլորս կարող ենք հերոս լինել մեր կյանքի ճանապարհին, եթե լսենք մեր սրտի ձայնին, հավատանք մեզ և երբեք չհանձնվենք։ Նրա նման մարդիկ ու կերպարներ ոգեշնչում են ինձ երազել, փորձել և առաջ գնալ՝ նույնիսկ ամենաբարդ պահերին։

Комментариев нет:
Отправить комментарий