Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ամեն ամառ թոռնիկներով գնում էինք գյուղ՝ տատիկիս տուն, հանգստանալու։ Ես ու հորաքրոջս աղջիկը ոչ մի վայրկյան տանը չէինք նստում․ զբոսնում էինք գյուղում, բակային խաղեր խաղում կամ պարզապես այցելում գյուղի եկեղեցի` օրվա փոքրիկ հանգստությունն այնտեղ գտնելու նպատակով։
Մի սովորական օր, երբ ես, քույրս ու Անին` ընկերուհիս, հագեցած արդեն բակային խաղերից, պատրաստվում էինք տուն գնալ, Անին ասաց.
-Երեխե՜ք, այսօր Լուսնի խավարում է։ Ավելին` մի քանի րոպեից Արևը մայր կմտնի ու կդիտվի Լուսնի խավարումը։
-Ի՞նչ ես առաջարկում, Անի։ Արդեն ուշ է, մենք շուտով տուն պետք է գնանք։
-Տուն գնալը միշտ էլ կա,- ոգևորված տեղից վեր թռավ Անին,-նման հնարավորություն այլևս չենք ունենալու։ Ի դեպ, պապիկս տանիքում մի հեռադիտակ ուն` ծառայության ժամանակներից է մնացել։ Գիտե՞ք` ինչ պարզ է երևում երկինքը։ Դե՜, եկե՜ք։
Մենք ոգևորված նայեցինք միմյանց և վազեցինք Անիի հետևից` իրենց տանիք։ Երբ արդեն տանիքում էինք, Արևը մինչև վերջ մայր էր մտել, արդեն դիտելի էր դառնում այդքան սպասված Լուսնի խավարումը։
-Այստեղ պետք է լիներ, բայց չեմ գտնում։
Անին ամբողջ մարմնով ընկել էր հսկայական փոշոտ սնդուկի մեջ և հեռադիտակն էր փնտրում։
-Գտա՜,- հաղթական գոչեց Անին։
Մենք հերթով մոտեցանք հեռադիտակին։ Իրոք, որ շշմելու էր։ Աստղազարդ երկնքում պսպղում էին խոշոր աստղերը, կարծես` ժպտում քեզ, իսկ նրանցից ոչ շատ հեռու երևում էր լուսինը` խավարման եզրին։ Հրաշքով լի երկինքը թվում էր` պոկվում է երկրագնդից և ճանապարհում հեքիաթի գիրկը։ Այսպես հիացած աստղերի ներդաշնակ հրավառությամբ՝ մոռացանք ժամի մասին։ Երբ հասանք տուն՝ բոլորը քնած էին։ Փորձեցինք գողեգող բարձրանալ սենյակ, բայց քույրս անփութորեն դիպավ փոքր եղբորս գիշերանոթին, որ կարծես` որպես թակարդ էր դրված մեզ համար, և լռությունը խավարեց։ Աստիճաններով բարձրանալիս մեջքիս հետևում լսվեց տատիկիս բարկացած ձայնը։ Երբ թեքվեցի՝ մթության մեջ տեսա նրա մարտական կերպարը։ Մենք հանձնվեցինք նրա ահարկու հայացքից և իջանք։ Տատիկս չխնայեց ո'չ իրեն, ո'չ մեզ. բարկացավ մինչ ուշ գիշեր, ասաց, որ կզանգի մեր ծնողներին, կպատմի նրանց ամեն բան, կզրկվենք շատ հաճույքներից...ու էլ չեմ մտաբերում։ Չեմ մտաբերում, որովհետև դեռ հետ չէի եկել այն աստղազարդ հեքիաթից։ Հեքիաթից, որ երբևէ իմ կարդացածներից ամենալավն էր, ամենակայունն իմ հիշողություններում։

Комментариев нет:
Отправить комментарий