Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց Տան մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսի բացումը։
Արաբկիրի Հայորդյաց տան տնօրեն Գայանե Աղաբեկյանը ողջույնի խոսքում նշեց, որ երեխաները հրաշալի գործեր են ստեղծել՝ ընդգծելով, որ մանրանկարչությունը բարդ ոլորտ է։
Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար և ուսումնական գծով փոխտնօրեն Լիանա Առաքելյանի խոսքով՝ այս բարդ աշխարհում փոքրիկները ճիշտ ձեռքերում հայտնվելով կարողանում են աշխարհն ընկալել այնպես, ինչպես արվեստագետը։
«Սա լավ առիթ է, որպեսզի մանրանկարչությունը հանրայնացվի, որովհետև որպես արվեստի ազգային ճյուղ՝ շատ կարևոր է մեզ համար»,-նկատեց Լիանա Առաքելյանը։
Ցուցահանդեսին ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և Արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը, ով ընդգծեց․ «Հայորդյաց տները Հայոց Հայրապետի տեսիլքն է, որն իրականություն դարձավ, և ինչպես ամեն տեսիլք՝ մեր եկեղեցում իրականություն է դառնում ազգայինների աջակցությամբ։ Հայորդյաց տները որպես կրթական, դաստիարակչական, մշակութային, հոգևոր հաստատություն՝ իրական դարձան Հայոց Հայրապետի տեսիլքով և ՀԲԸՄ ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանի և Լուիզ Մանուկեան-Սիմոնի աջակցությամբ։ Մեծ ազգայիններ, ովքեր գնահատեցին այդ ծրագիրը, և 30 տարի շարունակ տարբեր խմբակներում երեխաներ են կրթվել, հայ արվեստին ու մշակույթին են հաղորդ դարձել և իրենց ինքնությունն են կերտել։ Այսօրվա աշխարհում հայի ինքնությունը պահպանելը գերագույն առաքելությունն է յուրաքանչյուր հայի՝ փոքրից մեծ։ Եվ մեզ համար, որպես եկեղեցական, չափազանց մխիթարական է, ոգևորիչ, որ հայորդյաց տների սաները բազում արդյունք են տալիս, տարեցտարի ավելանում են»։
Մանրանկարչության դասարանի ուսուցչուհի Արմինե Մակյանը, անդրադառնալով ցուցահանդեսի խորագրին՝ պարզաբանեց, որ միջնադարում մանրանկարիչներին անվանել են ծաղկողներ, իսկ պարզապես տեքստ գրողներին՝ գրիչներ։ «Մեսրոպյան տառերն այս դեպքում ծաղկեցրեցինք և դրա համար ընտրեցինք «Ծաղկող տառեր» խորագիրը»,-ասաց նա։
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 20-ը։

Комментариев нет:
Отправить комментарий