Որոնում

суббота, 3 февраля 2024 г.

Կորուսյալ Հայրենիք


-Մամ, բա հիմա ու՞ր ենք գնում:

-Այնտեղ, որտեղ Մանվել պապիկը տանի:

-Իսկ Հրայրն ու պապա՞ն

-Իսկ եղբայրդ ու հայրդ անկասկած շուտով կվերադառնան:

Ընդամենը ինը տարեկան էի, երբ սկսվեց ահարկու պատերազմն ու մորս և քրոջս հետ ստիպված եղանք լքել մեր տունը` Ստեփանակերտը: Հայրս և եղբայրս մի քանի օր առաջ որոշում կայացրին կամավորագրվել: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, ինչքան հնարավոր է շուտ ձգտում էինք լքել Լեռնային Ղարաբաղը: Միակ ազատ ավտոմեքենան մեր հարևանությամբ բնակվող Մանվել պապիկինն էր: Ելնելով իրադրությունից` թողնելով մեր հայրենիքը, մանկության վառ հուշերը, տունը և ամենակարևորը հորս ու եղբորս` Հրայրին թեժ կիզակետում, ճարահատյալ հավաքվեցինք ու ճամփա ընկանք:

Արդեն չորս ժամ էր, ինչ լարված ու մտածմունքներով լի ճանապարհ էինք գնում: Հանկարծ Մանվել պապիկը շփոթվեց ու դիմեց մեզ.

-Քնած չե՞ք, մոտենում ենք անցակետին, բոլորիս իրերը ստուգելու են, պատրաստվե՛ք:

Վայրկյաններ անց համազգեստով մի քանիսը կանգնեցրին ավտոմեքենան: Մանվել պապին իջավ՝ իր հետ վերցնելով իրերն ու ինչ-որ թղթեր: Մի քանի րոպե շարունակ այդ մարդիկ դժգոհ ու զննող հայացքով ուսումնասիրում էին խեղճ Մանվել պապիկի ուսապարկի պարունակությունը: Հանկարծ նրանցից մեկը  նկատեց մեզ՝  ավտոմեքենայի մեջ պատսպարված: Բացեց դուռն ու ասաց.

-Ու՞մ եք սպասում, իջե՛ք:

Մենք իջանք ու վախվորած նրանց պարզեցինք մեզ մոտ մնացած հագուստներն ու որոշ իրերԱնսպասելի այդ մարդիկ կապեցին մորս ձեռքերն ու բռնի ուժով տարան նրան: Ես, բռնած քրոջս ձեռքից, փորձում էի մորս ազատել խիստ դեմքով այդ տղամարդկանցից: Օգնության հասան ևս մի քանի այդպիսի տղամարդիկ ու հետ քաշեցին ինձ մորիցս: Լացակումած մայրս հետ հայացք էր գցել իմ ու քրոջս ուղղությամբ՝ ասես բարի ճանապարհ մաղթելով: Այդ պահին մոտեցավ համազգեստով մեկ ուրիշն ու ձեռքիցս խլեց մեր ողջ պարենը:

-Չմտածե՛ք, ամեն ինչ լա՛վ է լինելու...։ Ինքն իր խոսքերին չհավատալով գրկեց ինձ ու Սոֆիին, կարծես չցանկանալով, որ տեսնենք արցունքները:

-Վահե՛, մամային ու՞ր տարան, ուտելիքը ինչի՞ համար խլեցին ձեռքիցդ, ինչու՞ եք լաց լինում…,-երբ արդեն մեքենայում էինք արցունքներս սրբելով հարցրեց հնգամյա քույրս: Ես պատասխան չունենալով, ուսերս թոթվեցի, իսկ արցունքները չէին դադարում առատ հորդալ աչքերիցս:

Մոտ երեք ժամ անց քույրս մեղավոր հայացքով շշնջաց.

-Սոված եմ

Իմ ստամոքսը ևս սովից վեց-վեց էր անում, վստահ եմ՝ Մանվել պապիկինը նույնպես: Նա գրպանից հաց ու նրբերշիկ հանեց ու պարզեց քրոջս:

-Ներող կլինես, Վահե ջան…։

Նայելով քրոջս երջանիկ դեմքին՝ մոռացա քաղցիս մասին:

Ողջ գիշեր Մանվել պապիկը աչք չփակեց: Առավոտյան Սոֆին ակնհայտ սփրթնած էր ու թույլ: Անտանելի սրտխառնոց ուներ։ Մանվել պապիկը չգիտեր ինչ անել, քանի որ չուներ բժշկական կրթություն, բայց մի բանում վստահ էր. պատճառը երեկվա հնացած նրբերշիկն էր:

-Ես եմ մեղավոր, ե՛ս, ինչու՞ տվեցի քեզ,- ղեկին նյարդային հարվածելով ասում էր նա։

Ժամերն անցնում էին, բայց քույրս չէր սթափվում: Թուլացած պառկած էր ու ոչ մեկի հետ չէր շփվում: Այդ գիշեր Մանվել պապիկն անհանգիստ էր, բայց միևնույն է, որոշ ժամանակ քնեց, որպեսզի ուժ հավաքի հետագա ճանապարհը հաղթահարելու համար:

Առավոտյան արթնանալով տեսա Մանվել պապիկին` ղեկից բռնած, և քրոջս՝ էլ ավելի գունատ ու սփրթնած: Չարթնացրի նրան. «Երեկ ամբողջ օրը փսխում էր, ուժ չի մնացել»,- մտածեցի ես:

Մանվել պապիկը լուռ էր, լարված  դիմացն էր նայում:

Անցան ժամերՍոֆին դեռ քնած էր:

-Սոֆի՞,- վերջապես ձայն տվեցի ես: Սպասելով նրա պատասխանին և չստանալով արձագանք՝ Մանվել պապիկը տագնապահար կանգնեցրեց մեքենան, այնպես, որ քիչ էր մնում գլուխս հարվածեի դիմացի նստատեղին:

-Սոֆի՜, աղջիկս

Մանվել պապիկը ձեռքը տարավ նրա պարանոցին և զգալով, որ քրոջս սիրտն այլևս չի բաբախում, ընկավ գետնին: Նայելով Սոֆիի անգույն դեմքին՝ լուռ նստել էր: Այդ ընթացքում ես վերցրեցի քրոջս տիկնիկն ու աննկատ դուրս թռա մեքենայից: Վազում էի անորոշ ուղղությամբ՝ ասես լավ իմանալով, թե ուր եմ գնում: Հեռվում լուռ էր: Միայն ծանր հևոցս ու աղերսանքս էին խախտում շուրջբոլորի անդորրը:

-Մանվել պապիկի ավտոմեքենան երևի դեռ կանգնած է, ինձ է փնտրում,- արցունքներս տիկնիկով  սրբելով մտածում էի և միևնույն ժամանակ վազում:

Անսպասելիորեն դիմացս նկատեցի ցուցանակ`․աջ՝ Ստեփանակերտ, ձախ՝ Երևան:

Անորոշությունից պառկեցի խոնավ հողին. ու՞ր գնալ, ո՞ր կողմ գնալ

Հանկարծ ականջիս հասավ Մանվել պապիկի խուլ ձայնը։

-Վահե՜, Վահե՜, ու՞ր գնացիր, այ տղա…։

Ձայները խուլ էին, սակայն պետք էր շտապել, Մանվել պապիկը մոտենում էր:

Ես դարձյալ նայեցի դիմացիս ցուցանակին: Ստեփանակերտի ճանապարհին ինձ հաստատ կնկատեին: Ես վեր թռա խոնավ հողի վրայից և վազեցի դեպի Երևան:

Մի քանի րոպե անց Մանվել պապիկի ձայնն այլևս չէին լսվում: Սովը չէր թողնում արագ վազել, իսկ մի քանի ժամից արդեն ուժասպառ ու սովահար ընկա: Արթնացա առավոտ շուտ՝ նախիրի բառաչից: Ես աչքերս բացեցի ու տեսա նախրապանին` ձիու վրա նստած: Նա մի հաստ սվիտր էր հագել, վրայից էլ անձրևանոց: Դեմքին կնճիռներ կային, բայց այդքան էլ ծեր չէր` 40-ից 45 տարեկան հազիվ թե լիներ: Ձիու մեջքին ուսապարկ կար, ինչպես հասկացա, մեջն էլ սնունդ:

-Եղբա՛յր, ինչո՞վ կարող եմ օգնել:

-Ես Երևան եմ գնում: Երկու օր է բերանս հացի փշուր էլ չեմ դրել:

-Իսկ ծնողներդ, հարազատներդ ու՞ր են:

-Հայրս ու եղբայրս սահմանում են, մորս անցակետում ջղային տղամարդիկ տարան, իսկ փոքր քույրս, փոքր քույրսթունավորվեց կամ էլ սովամահ եղավ երեկ,- այդտեղ ես չկարողացա զսպել արցունքներս:

-Գեղա՞մ, ու՞ր կորար,- հեռվից մի ուրիշ ձիու վրա նստած գոռաց Գեղամին բավականին նման մի պապիկ:

-Դու գնա, պապ, կգամ էլի՜

Գեղամի հայրն ուսերը թոթվեց  ու թամբեց ձին: Գեղամը իջավ ձիու վրայից, ջերմ ժպիտով նայեց ինձ ու մեկնեց ձեռքը.

-Մոռացանք ծանոթանալ, անունս Գեղամ է։

-Անունս Վահե է, ազգանունս էլ Վիրաբյան:

-Ազգանունդ այդքան էլ էական չէ, տղաս: Ասում ես, բան չես կերե՞լ:

Նա բաց արեց ուսապարկն ու միջից բրդուճներով լի տոպրակ հանեց:

-Հերի՞ք է,- մեղմ ժպիտով ասաց նա: Ես գլխով տմբտմբացրեցի ու անմիջապես սկսեցի խժռել բրդուճները: Գեղամը նայում էր ինձ ու համբերատար սպասում, որ բերանս դատարկվի:

-Շնորհակալ եմ,- վերջին պատառը կուլ տալով ասացի ես:

-Երևան ես գնում, հա՞:

-Հա, բայց ճամփան չգիտեմ, ցուցանակների հույսին եմ:

-Նստի՛ր,- ձիու մազափունջը շոյելով ասաց նա: Հասկացա, որ այս պահին դժվար թե ավելի լավ տարբերակ լիներ Երևան հասնելու: Գեղամի օգնությամբ թռա ձիու մեջքին ու ժամեր շարունակ վայելում էի արագությունից դեմքիս հպվող քամին ու հիանում տարածքով:

-Կարո՞ղ է ծարավ ես, մոտենում ենք մի աղբյուրի:

-Հա՜,- տենչանքով պատասխանեցի ես: Ահագին նստեցինք աղբյուրի մոտ ու զրուցեցինք: Գեղամն իր մանկության պատմություններն էր հիշել, երբ իմ տարիքին էր:

Նստեցինք ձիու վրա ու շարունակեցինք ճանապարհը: Շուտով արդեն քաղաքի աղմուկն էր փոխարինում քամու սվսվոցին: Թեկուզ և մարդիկ ուշադիր նայում էին մեր ձիուն, որ մայթերով քայլում էր. ես ուրախ էի:

-Հիմա քեզ ու՞ր տանեմ, Վահե ջան:

-Իսկ ու՞ր կարող եմ գնալ:

-Ծանոթ, բարեկամ չունե՞ս, որ Երևանում են բնակվում:

-Հըը՜ն,- գլուխս տարուբերելով ասացի ես: Մի քանի րոպե մտորելուց հետո Գեղամը անսպասելի թամբեց ձին:

-Ու՞ր ես տանում:

-Ուրիշ ելք չունես, մանկատուն:

Ես հոգոց հանեցի, սակայն գիտակցում էի, որ կամ պետք է դրսում մնամ, կամ էլ այնտեղ, որտեղ որ Գեղամն էր տանում:

Մանկատան մուտքի մոտ, հրաժեշտից առաջ, Գեղամը հարցեր էր տալիս, ասես ավելի լավ ինձ ճանաչելու համար:

-Որոշե՞լ ես, թե ի՞նչ ես դառնալու:

-Հայրենիքի պաշտպան` հորս ու եղբորս նման,- հպարտ պատասխանեցի ես:

Գեղամը տարավ ինձ մանկատուն, ինչ-որ բաներ քրթմնջաց աշխատակցի ականջին: Գրկեց ինձ ու փսփսաց.

-Ես  դեռ կգամ քոհ ետևից, ապագա զինվոր:

Մանկատնից դուրս գալուց հետո էլ ես դեռ սպասում եմ Գեղամին, որ կյանիքս ամենաբարդ շրջանում փրկչի կերպարով հայնվեց իմ կյանքում: Իսկ ես այդ չարաբաստիկ պատերազմի պատճառով կորցրեցի ոչ միայն տունս, այլև ծնողներիս, կրտսեր քրոջս ու ավագ եղբորս, որոնք նույնպես հայրենիքիս մի մասն էին



Սոնա Լևոնյան

Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան

 

 

 

 

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...