Որոնում
четверг, 29 февраля 2024 г.
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի սաները` «Արմենպրես»_ում
вторник, 27 февраля 2024 г.
Մի օր հեքիաթը վերածվեց մղձավանջի, երբ կրկին եկար դու`աշուն, բերելով քեզ հետ մահաբեր ու կործանարար պատերազմ
Նելլի Մխիթարյան ԱՀՏ Լրագրության դասարան Սիրում էի քեզ, աշո՜ւն։ Գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկի համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգուն և վառ աշուն։ Չէի տեսնում ես մութ ու գորշ օրեր քո մեջ։ Ամիսներդ լի էին խինդով ու ծիծաղով։ Արև, տերևաթափ, երբեմն-երբեմն անձրևներ։ Սակայն, միևնույն է, հիասքանչ էիր դու։ Սիրում էի նստել պատուհանի մոտ, երբ դրսում ցուրտ էր ու անձրև էր գալիս։ Նստել, երազել։
Աշնան ամենահաճելի զբաղմունքներիցս մեկը հեքիաթային բնության գրկում գիրք կարդալն էր։ Անչափ հաճելի էր աշնանային տերևաթափից հետո զբոսնել խշխշուն և գունեղ տերևներով գործած գորգի վրայով։
Եվ ամեն անգամ, երբ քայլելում էի աշնան շնչով պատված սակավամարդ այգիներում, ես ինձ պատկերացնում էի մի փոքրիկ աղջնակ` մոլորված աշնան հեքիաթում……
Հեքիաթ օրը լի էր հրաշքով և կախարդանքով, որը չուներ ավարտ։
Բայց մի օր հեքիաթը վերածվեց մղձավանջի, սարսափելի երազի, երբ կրկին եկար դու`աշուն, բերելով քեզ հետ մահաբեր ու կործանարար պատերազմ։
Ատեցի քեզ աշուն, ատեցի ամբողջ սրտով, որովհետև չթողեցիր քո մեջ երջանկությունը ևս մեկ անգամ զգայի, խլեցիր, տարար Հայրենիքս մի մասը, հայ զինվորի, անմեղ երեխայի և բնակչի կյանքը։ Աչքերս արցունքով լցրեցիր։ Ի՞նչ կա քո մեջ հիմա։ Ցավով, տառապանքով լի հիշողություններ միայն....
Ե՛վ Հայրենիքը և՛ մայրիկը թանկ են
пятница, 23 февраля 2024 г.
Այնքա՜ն հեշտ ես հավատում, երբ հույս ունես.Ռեմարկ
հետաքրքրվում»։
Էրիխ Մարիա Ռեմարկ
Էրիխ Մարիա Ռեմարկը գերմանացի ականավոր գրող է; 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից: Նրա լավագույն ստեղծագործություններից են`«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» վեպերը և այլ երկեր: Առաջ է քաշել «կորուսյալ սերունդ» գրական հասկացությունը:
Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898թ.-ի հունիսի 22-ին Օսնաբրյուկ քաղաքում: Ծնողները եղել են Պիտեր Ֆրանց Ռեմարկը և Աննա Մարիա Ռեմարկը: 1904թ.-ին ընդունվել է եկեղեցական դպրոց, իսկ 1912թ․-ին շարունակել է ուսումը կաթոլիկ մանկավարժական սեմինարում` ուսուցիչ դառնալու նպատակով: 1915թ.-ին շարունակել է կրթությունը Օսնաբրյուկի արքայական սեմինարում, որտեղ ծանոթացել է Ֆրից Խյորսեմայերի հետ, ով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ռեմարկի գրական գործ
ունեության առաջացման և ծավալման համար:
Ռեմարկի մանկության և կյանքի ընկեր Հանս-Գերդ Րեյբի կողմից կատարված հետազոտությունը հաստատել է այն փաստը, որ Ռեմարկն ունեցել է ֆրանսիական արմատներ: Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» նրա ամենասիրված վեպերից մեկն է:
«Լիսաբոնի գիշերը» վեպում Էրիխ Մարիա Ռեմարկն անդրադառնում է պատերազմին և դրան հաջորդած գերմանական արտագաղթի թեմային։ Բայց, միևնույն ժամանակ, սա պատմություն է սիրո մասին, որի առջև նույնիսկ մահն է զենքերը վայրը դնում։Գիրքն առանձնանում է խորիմաստ բազում մտքերով, որոնցից մի քանիսը ներկայցնում ենք ստորև․
-Փախուստի, հուսահատության ու վտանգի մեջ սովորում ես հրաշքներին հավատալ, այլապես ողջ չես մնա։
-Սիրո մեջ միշտ չափից շատ ես հարցեր տալիս ու երբ սկսում ես ուզել պատասխաններն իրոք իմանալ, այն շուտով անցնում է:
-Տարօրինակ է՝ ինչպիսի ծուռումուռ ճանապարհներ ենք հաճախ ընտրում, որպեսզի ցույց չտանք՝ ինչ ենք զգում:
-Այնքա՜ն հեշտ ես հավատում, երբ հույս ունես։
Սոնա Լևոնյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
Երազ տեսա ես մի օր
Սոնա Լևոնյան
Երազ տեսա ես մի օր,
Մորս գրկին մանուկ՝ լուսավոր,
Անկեղծ ու ազնիվ աչքերով,
Անհոգ ու ուրախ հայացքով։
Մանկան դիմաց մի զառամյալ ծերունի,
Հստակ նստած՝ նման ջահելի,
Կողքին հայրս` քնքուշ ու բարի,
Ձեռքերը ծնկներին էր խփում. «Դե, փոքրի՛կ, արի՛, արի>>։
Տատիս ճաշի բուրմունքը խոհանոցից՝
Զգացնել տվեց քաղցն ամենքիս:
Լսվեց ձայնը պառավ տատիս.
-Համեցեք համեղ ճաշի՜։
Երազ տեսա ես մեկ օր,
Մորս գրկին մանուկ լուսավոր,
Փոքրիկ-մոքրիկ երեխա`
Ով երազ ունի հոգում իր հսկա:
воскресенье, 18 февраля 2024 г.
Լրագրության դասարանի սաները ներկա գտնվեցին ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյանների կրկեսային նոր շոուին
четверг, 15 февраля 2024 г.
Մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ Նկարիչների միությունում
Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց Տան մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսի բացումը։
вторник, 13 февраля 2024 г.
Արաբկիրի Հայորդյաց Տունը նշեց Տեառնընդառաջը
Արաբկիրի Հայորդյաց Տունը «Արալեզ» հասարակական կազմակերպության հետ միասին նշեց Տեառնընդառաջը (Տրնդեզ)։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին այսօր Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների հիշատակը։ Միջոցառումը սկսվեց աղոթքով, ապա ներկայացվեց տոնի խորհուրդը, երեխաները սովորեցին և կատարեցին Տրնդեզի երգը։ Հավելենք, որ Տեառնընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Տոնական արարողությունները սկսվում են տոնի նախորդ երեկոյից: Խարույկները վառում են փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական կարգի, փոխվում է օրը, կատարվում է նախատոնակ:
Մարդիկ եկեղեցուց լույս են տանում՝ իրենց տան բակում խարույկներ վառելու։
воскресенье, 11 февраля 2024 г.
Իմ հերոսը
«Էս դիրքում իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել, էս հողի վրա պայքարա եղել… ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»
Ռոբերտ Աբաջյան
Իմ հերոսը Ռոբերտ Աբաջյանն է, ով ծնվել է 1996թ. նոյեմբերի 16-ին Երևանում: 2003թ. ընդունվել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012թ․-ին, ապա ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ: Քոլեջն ավարտել է 2014թ․-ին` ատամնատեխնիկի որակավորմամբ: 2014թ.-ին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ:
«Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմական դպրոց»,- ամեն անգամ, երբ լսում եմ այս, կարծես թե, սովորական կրթական հաստատության անունը, մարմինս փշաքաղվում է: Թվում է, թե հերթական դպրոց, հերթական պատեր, հերթական ուսուցիչներ: Սակայն ո՛չ: Սա այն դպրոցն է, որտեղ պատերազմի մասին իր դասն է պատմել հայրենիքի հերոս Ռոբերտ Աբաջյանն ու տարիներ անց դարձել պատերազմի զոհը: Ո՞վ կարող էր գուշակել, որ պատմության արյունոտ էջերը կկրկնվեն, միայմ մի տարբերությամբ. քաջարյուն երիտասարդի` երբեմնի աշակերտ, մանուկ, դեռահաս Ռոբերտ Աբաջյանի անունը սևացրեց պատմության գրքի ևս մեկ էջ:
Կանցնեն տարիներ, դարեր, սակայն վայրկյան անգամ ոչ մի հայ չի կարող մոռանալ քեզ ու հանել իր սրտից: Դու՛ ես իմ հերոսը: Սերունդները պարզապես կկարդան, կլսեն քո մասին, իսկ ես հպարտ կժպտամ ու կասեմ, որ դու իմ ժամանակակիցն էիր: Մինչ ես առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, դու ոտք դրեցիր մարտի դաշտ ու այլևս երբեք չվերադարձար այնտեղից: Վերադարձավ քո մարմինը և փառքով անունդ, որը հավերժ պահելու եմ սրտիս խորքերում…
Ինչո՞ւ են մետրոյում նկարահանումներն արգելվում
Նրա փոխանցմամբ՝ քանի որ մետրոն համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ, այդ պատճառով 1988թ.-ից ի վեր Մետրոպոլիտենում նկարահանումներ իրականացնելն արգելվում է:
«Դա բխում է ուղևորների անվտանգությունից, քանզի ուղևորները երբեմն նկարահանում են անթույլատրելի հատվածներ, այսինքն` փակուղիներ, թունելներ, գնացքից դուրս տեսարաններ, ինչը նաև մեր անվտանգությունից ելնելով է արգելվում»,-նշեց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ երբեմն քաղաքացիները, ուսանողները, լրագրողները դիմում են Մետրոպոլիտենի տնօրինությանը՝ ներկայացնելով անձը հաստատող և այլ անհրաժեշտ փաստաթղթեր, նշում, թե ի՞նչ նպատակով են նկարահանումն իրականացնում։ Ֆիլմերի դեպքում ներկայացնում են սցենարական պլան:
Սոնա Լևոնյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
Որոշ ապրանքների գները դպրոցներում ավելի թանկ են, քան խանութներում
Խնդրի հետ կապված զրուցեցինք «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ երեխաների սնունդը պետք է մատչելի լինի։ Նրա փոխանցմամբ՝ գները սահմանում է ոչ թե դպրոցը, այլ մատակարարը։
«Գուցե ավել լավ կլինի, որ դպրոցը պայմանավորվի ոչ թե արտադրողի հետ, այլ՝ մատակարարի»,-նշեց նա։
Աշակերտները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դպրոցում սպասում են ոչ միայն մատչելի, այլև օգտակար սնունդի առկայությանը։
Էլեն Հակոբյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
Արաբկիրի Հայորդյաց Տունը նշեց Բուն Բարեկենդանը
суббота, 10 февраля 2024 г.
Ընկերներիս հետ այս 1 օրը կմնա ընդմիշտ իմ հիշողության մեջ
հրաշալի օր անցկացնել միասին: Առավոտյան ժամը 11-ին տնից դուրս եկա և հասա վարձակալված սեփական և շքեղ տունը: Նարինեն, Մարին, Գայանեն և Լիլիթը նույնպես եկան: Տեղավորվեցինք և ըստ պլանավորածի պատրաստվեցինք ու ուղևորվեցինք ձիավարության: Մարին ձիավարության վարպետ էր և իրեն զգում էր ուսուցչի դերում: Որոշ ժամանակ անց վերադարձանք տուն: Էլ ինչ հավաքույթ՝ առանց պաղպաղակի: Իսկ ուտելիքի հարցը թողել էինք Լիլիթի վրա: Մեր օրը պարզապես հրաշալի էր անցնում: Արդեն երեկո էր: Հավաքվեցինք սեղանի շուրջ և ինչպես ամեն անգամ, սիրուն կտրատած մրգի ափսեի շուրջ վերհիշեցինք դպրոցական հրաշալի օրերը: Հիշեցինք, թե ինչպես էինք ձմռանը դասղեկի տարեդարձին նրան անակնկալ արել: Տաք հուշերն արթնանում էին նաև ջերմացնող վառարանի <<շնորհիվ>>։
Ընկերներիս հետ այս 1 օրը ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:
Գոհարիկ Խաչատրյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ամենավտանգավոր կերակրատեսակի մեկ բաժինն ուտողից խլում է նրա կյանքի գրեթե 74 րոպեն, իսկ օգտակար ճաշատեսակի մեկ չափաբաժնից նրա կյանքը երկարում է 80 րոպեով
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում օգտակար ու վնասակար սնունդն է, որին անդրադարձել են Միչիգանի համալսարանի բժիշկներն ու բնապահպանները։
Եվ այսպես, Միչիգանի համալսարանի (ԱՄՆ) բնապահպաններն ու բժիշկներն ուսումնասիրել են ամերիկացիների սովորական սննդակարգը՝ կյանքի տևողության վրա դրա ազդեցության տեսակետից։ Համաձայն ուսումնասիրության՝ ամենավտանգավոր կերակրատեսակի մեկ բաժինն ուտողից խլում է նրա կյանքի գրեթե 74 րոպեն, իսկ որևէ օգտակար ճաշատեսակի մեկ չափաբաժնից նրա կյանքը երկարում է 80 րոպեով:
Ամենավնասակարներից է, օրինակ, հոթ դոգը‚ որն արժե կյանքի 36 րոպե, Կոկա-Կոլայի կամ Պեպսիի 1 բաժակը՝ 13 րոպե: Ամենավտանգավոր սննդամթերքից է նաև երշիկեղենը, ինչպես նաև ջերմոցային միրգն ու բանջարեղենը: Փոխարենը խնձորով կարկանդակը կյանքն ավելացնում է 1 րոպե 18 վայրկյան: Ավելի օգտակար են գետնանուշը և ցանկացած տեսակի ընկույզը, ինչպես նաև ծովային ջրիմուռները:
Մանրամասները՝ տեսանյութում
среда, 7 февраля 2024 г.
Ծաղկած նռնենին
ՄԱՍ 1
Բարև, ես Նռնենին եմ: Մի հասարակ ծառ, ում կյանքը փոխվեց իր հավատքի շնորհիվ: Իսկ, թե ինչ հավատքի մասին է խոսքը, հիմա կպատմեմ: Ուղիղ 3 տարի առաջ ես տնկված էի մի գեղատեսիլ այգում: Շուրջս հազարավոր պտղատու ծառեր կային: Նրանցից միայն ես էի, որ ոչ մի պտուղ և բերք չէի տալիս: Այդ պատճառով տերս ինձ ուշադրություն չէր դարձնում՝ գիտեր, որ խնամի-չխնամի, ես նույն անպտուղ նռնենին եմ մնալու: Ամեն օր, առավոտից մինչև երեկո, աղոթում էի, որ պտուղ տայի և տերս օգտվեր, բայց անօգուտ: Օրեր շարունակ նայում էի շուրջս․ տերս անընդհատ գնում էր ընկուզենու մոտ և գրեթե միշտ այդ ծառից օգտվում: Իսկ իմ ուղղությամբ նույնիսկ չէր էլ նայում: Ես միևնույն է, չէի հանձնվում և պայքարում էի․ ամեն առավոտ աղոթելուց հետո արմատներս լավ ձգում էի, որ գոնե մի ծիլ տայի: Այդպես մի քանի անգամ կրկնում էի: Իսկ մի օր արթնացա և տեսա, որ ճյուղիս արդեն մեկ բողբոջ կա: Ուրախությանս չափ չկար՝ երկար դադարից հետո վերջապես ծաղկել էի:
ՄԱՍ 2
Անհամբեր սպասում էի, թե ե՞րբ է տերս ինձ մոտ գալու ու, թե ե՞րբ է տեսնելու, որ արդեն մի բողբոջ ունեմ: Երեկո էր: Սովորության համաձայն տերս ամեն երեկո շրջում էր իր այգում, որ տեսնի, թե որ ծառն ինչ պտուղ է տվել, կամ ծաղկե՞լ է արդյոք:Անցավ պտղատու ծառերի մոտով և բոլոր ծառերից գոհ էր: Հերթը հասավ ինձ: Ես զգաստացա: Նա մոտեցավ ինձ, և նրա աչքերը լայն բացվեցին: Զարմացած կանգնած մրթմրթում էր քթի տակ․
-Այս նռնենին․․․ախր ես նրան ընդհանրապես չէի խնամում: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ կարողացավ մեկ բողբոջ ունենալ: Լավ, գուցե պատահականության արդյունքում: Ավելի լավ է՝ մյուս ծառերին մոտենամ, նրանք երևի արդեն լավ բերք են տվել: Ես ապշել էի տիրոջս արձանգաքից: Նա ինչպե՞ս կարող էր այդքան անտարբեր լինել: Լավ, ոչինչ: Երևի նրա մոտ արդեն տպավորվել է, որ ես անպտուղ եմ ու արդեն անհավատալի էր, որ ճյուղիս մեկ բողբոջ կա: Անցան օրեր: Գնալով շատանում էին ճյուղերիս բողբոջները: Ամեն երեկո սպասում էի, թե ե՞րբ է տերս ի վերջո արձագանքելու: Սակայն այդ օրն այդպես էլ չէր գալիս, որովհետև նա շատ զբաղված էր և բացի այգին ջրելն ու պտղատու ծառեր աճեցնելը՝ նաև աշխատում էր: Ես դեռ համբերում էի: Ահա և վերջ, իմ բողբոջներն արդեն բավականին շատ էին, և ես սպասում էի, թե ե՞րբ եմ ունենալու իմ առաջին նուռը:
ՄԱՍ 3
Հուլիսի 21 –ն էր: Երկու շաբաթ սպասում էի, թե ե՞րբ եմ ճյուղիս տեսնելու առաջին նուռը: Արդեն հույսս կորցրել էի, բայց մի գեղեցիկ առավոտ տեսա իմ առաջին նուռը: Շատ էի ուրախացել: Մտածում էի՝ վերջ: Երկար դադարից հետո արդեն ես էլ մնացած ծառերի նման պտուղ կտամ: Իմ ճյուղերի նռները բավականին շատ էին: Օգոստոսի 5-ին, երբ տերս իր գործերն ավարտել էր, որոշեց շրջել այգում, և, երբ հերթը հասավ ինձ՝ հիացած ասաց․
-Ոչ, սա արդեն շփոթմունք չէ: Նռնենին արդեն իմ այգում ամենապտղատու ծառերից մեկն է։ Այդ խոսքերից հետո ուրախությունս ու արտասուքներս խառնվել էին իրար: Ես արդեն երջանիկ էի, որ հասա նպատակիս: Բայց դա ինչի՞ց եղավ․ նրանից, որ նպատակասլա՞ց էի, թե՞ նրանից, որ աղոթում էի: Դա ինձ մոտ հարց էր տարիներ առաջ, իսկ հիմա հասկանում եմ, թե ինչի շնորհիվ դարձա այգու բերքատու ծառերից մեկը: Ես չգոռոզացա, որ պտղատու էի, այլ ուղղակի ընդունեցի, որ հասարակ նռնենին եմ, ում կյանքը փոխվեց իր հավատքի շնորհիվ:
Գոհարիկ Խաչատրյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
воскресенье, 4 февраля 2024 г.
ԱՀՏ «Լրագրության» դասարանի սաները ներկա էին Տիգրան Մանսուրյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսին
Արաբկիրի Հայորդյաց Տան «Լրագրության» դասարանի ավագ խմբի սաները հանդիպել են մեծանուն կոմպոզիտոր, մի շարք սիրված ֆիլմերի համար երաժշտություն ստեղծած, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին։
Ներկայացված էր կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը՝ ինչպես հեղինակային, այնպես էլ նկարազարդումների տեսքով։
«Հիացած եմ, մետրո է մտնում մշակույթը, գեղեցիկը, ազգային գիտակցության լավագույն էջերը, որ որևէ մեկին չեն պարտադրում իրենց ներկայությունը, բայց նաև ուղեկցում են մարդուն գործի գնալուց, տուն գնալուց, հոգսերի մեջ, հոգսերից դուրս: Լավ է, որ գեղեցիկը կա կողքիդ։ Շնորհակալ եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը։
Նա նշեց՝ իր համար հուշեր արթնացրեց այն պատկերը, որ Արթիկում անցկացրած մանկության մասին էր։ «Այդ տարիները սիրով եմ հիշում»,-ընդգծեց կոմպոզիտորը։
Խոսելով իր երազանքի մասին՝ Տիգրան Մանսուրյանն ասաց․«Այս տարիքում հնարավորինս քիչ հոգս լինել։ Տարեց մարդը հեշտությամբ կարող է հոգս դառնալ իր հարազատների, բժիշկների համար ուզում եմ քիչ հոգս տալ․ սա է․․․»։
Ցուցահանդեսին ներկա էին նաև Արաբկիրի Հայորդյաց Տան «Լրագրության» դասարանի ավագ խմբի սաները, ովքեր կարողացան շնորհավորել մաեստորային ու լուսանկարվել նրա հետ։
Հավելենք, որ ցուցադրությունը կտևի մեկ ամիս։
суббота, 3 февраля 2024 г.
Կորուսյալ Հայրենիք
-Մամ, բա հիմա ու՞ր ենք գնում:
-Այնտեղ, որտեղ Մանվել պապիկը տանի:
-Իսկ Հրայրն ու պապա՞ն…
-Իսկ եղբայրդ ու հայրդ անկասկած շուտով կվերադառնան:
Ընդամենը ինը տարեկան էի, երբ սկսվեց ահարկու պատերազմն ու մորս և քրոջս հետ ստիպված եղանք լքել մեր տունը` Ստեփանակերտը: Հայրս և եղբայրս մի քանի օր առաջ որոշում կայացրին կամավորագրվել: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, ինչքան հնարավոր է շուտ ձգտում էինք լքել Լեռնային Ղարաբաղը: Միակ ազատ ավտոմեքենան մեր հարևանությամբ բնակվող Մանվել պապիկինն էր: Ելնելով իրադրությունից` թողնելով մեր հայրենիքը, մանկության վառ հուշերը, տունը և ամենակարևորը հորս ու եղբորս` Հրայրին թեժ կիզակետում, ճարահատյալ հավաքվեցինք ու ճամփա ընկանք:
Արդեն չորս ժամ էր, ինչ լարված ու մտածմունքներով լի ճանապարհ էինք գնում: Հանկարծ Մանվել պապիկը շփոթվեց ու դիմեց մեզ.
-Քնած չե՞ք, մոտենում ենք անցակետին, բոլորիս իրերը ստուգելու են, պատրաստվե՛ք:
Վայրկյաններ անց համազգեստով մի քանիսը կանգնեցրին ավտոմեքենան: Մանվել պապին իջավ՝ իր հետ վերցնելով իրերն ու ինչ-որ թղթեր: Մի քանի րոպե շարունակ այդ մարդիկ դժգոհ ու զննող հայացքով ուսումնասիրում էին խեղճ Մանվել պապիկի ուսապարկի պարունակությունը: Հանկարծ նրանցից մեկը նկատեց մեզ՝ ավտոմեքենայի մեջ պատսպարված: Բացեց դուռն ու ասաց.
-Ու՞մ եք սպասում, իջե՛ք:
Մենք իջանք ու վախվորած նրանց պարզեցինք մեզ մոտ մնացած հագուստներն ու որոշ իրեր: Անսպասելի այդ մարդիկ կապեցին մորս ձեռքերն ու բռնի ուժով տարան նրան: Ես, բռնած քրոջս ձեռքից, փորձում էի մորս ազատել խիստ դեմքով այդ տղամարդկանցից: Օգնության հասան ևս մի քանի այդպիսի տղամարդիկ ու հետ քաշեցին ինձ մորիցս: Լացակումած մայրս հետ հայացք էր գցել իմ ու քրոջս ուղղությամբ՝ ասես բարի ճանապարհ մաղթելով: Այդ պահին մոտեցավ համազգեստով մեկ ուրիշն ու ձեռքիցս խլեց մեր ողջ պարենը:
-Չմտածե՛ք, ամեն ինչ լա՛վ է լինելու...։ Ինքն իր խոսքերին չհավատալով գրկեց ինձ ու Սոֆիին, կարծես չցանկանալով, որ տեսնենք արցունքները:
-Վահե՛, մամային ու՞ր տարան, ուտելիքը ինչի՞ համար խլեցին ձեռքիցդ, ինչու՞ եք լաց լինում…,-երբ արդեն մեքենայում էինք արցունքներս սրբելով հարցրեց հնգամյա քույրս: Ես պատասխան չունենալով, ուսերս թոթվեցի, իսկ արցունքները չէին դադարում առատ հորդալ աչքերիցս:
Մոտ երեք ժամ անց քույրս մեղավոր հայացքով շշնջաց.
-Սոված եմ…
Իմ ստամոքսը ևս սովից վեց-վեց էր անում, վստահ եմ՝ Մանվել պապիկինը նույնպես: Նա գրպանից հաց ու նրբերշիկ հանեց ու պարզեց քրոջս:
-Ներող կլինես, Վահե ջան…։
Նայելով քրոջս երջանիկ դեմքին՝ մոռացա քաղցիս մասին:
Ողջ գիշեր Մանվել պապիկը աչք չփակեց: Առավոտյան Սոֆին ակնհայտ սփրթնած էր ու թույլ: Անտանելի սրտխառնոց ուներ։ Մանվել պապիկը չգիտեր ինչ անել, քանի որ չուներ բժշկական կրթություն, բայց մի բանում վստահ էր. պատճառը երեկվա հնացած նրբերշիկն էր:
-Ես եմ մեղավոր, ե՛ս, ինչու՞ տվեցի քեզ,- ղեկին նյարդային հարվածելով ասում էր նա։
Ժամերն անցնում էին, բայց քույրս չէր սթափվում: Թուլացած պառկած էր ու ոչ մեկի հետ չէր շփվում: Այդ գիշեր Մանվել պապիկն անհանգիստ էր, բայց միևնույն է, որոշ ժամանակ քնեց, որպեսզի ուժ հավաքի հետագա ճանապարհը հաղթահարելու համար:
Առավոտյան արթնանալով տեսա Մանվել պապիկին` ղեկից բռնած, և քրոջս՝ էլ ավելի գունատ ու սփրթնած: Չարթնացրի նրան. «Երեկ ամբողջ օրը փսխում էր, ուժ չի մնացել»,- մտածեցի ես:
Մանվել պապիկը լուռ էր, լարված դիմացն էր նայում:
Անցան ժամեր: Սոֆին դեռ քնած էր:
-Սոֆի՞,- վերջապես ձայն տվեցի ես: Սպասելով նրա պատասխանին և չստանալով արձագանք՝ Մանվել պապիկը տագնապահար կանգնեցրեց մեքենան, այնպես, որ քիչ էր մնում գլուխս հարվածեի դիմացի նստատեղին:
-Սոֆի՜, աղջիկս…
Մանվել պապիկը ձեռքը տարավ նրա պարանոցին և զգալով, որ քրոջս սիրտն այլևս չի բաբախում, ընկավ գետնին: Նայելով Սոֆիի անգույն դեմքին՝ լուռ նստել էր: Այդ ընթացքում ես վերցրեցի քրոջս տիկնիկն ու աննկատ դուրս թռա մեքենայից: Վազում էի անորոշ ուղղությամբ՝ ասես լավ իմանալով, թե ուր եմ գնում: Հեռվում լուռ էր: Միայն ծանր հևոցս ու աղերսանքս էին խախտում շուրջբոլորի անդորրը:
-Մանվել պապիկի ավտոմեքենան երևի դեռ կանգնած է, ինձ է փնտրում,- արցունքներս տիկնիկով սրբելով մտածում էի և միևնույն ժամանակ վազում:
Անսպասելիորեն դիմացս նկատեցի ցուցանակ`․աջ՝ Ստեփանակերտ, ձախ՝ Երևան:
Անորոշությունից պառկեցի խոնավ հողին. ու՞ր գնալ, ո՞ր կողմ գնալ…
Հանկարծ ականջիս հասավ Մանվել պապիկի խուլ ձայնը։
-Վահե՜, Վահե՜, ու՞ր գնացիր, այ տղա…։
Ձայները խուլ էին, սակայն պետք էր շտապել, Մանվել պապիկը մոտենում էր:
Ես դարձյալ նայեցի դիմացիս ցուցանակին: Ստեփանակերտի ճանապարհին ինձ հաստատ կնկատեին: Ես վեր թռա խոնավ հողի վրայից և վազեցի դեպի Երևան:
Մի քանի րոպե անց Մանվել պապիկի ձայնն այլևս չէին լսվում: Սովը չէր թողնում արագ վազել, իսկ մի քանի ժամից արդեն ուժասպառ ու սովահար ընկա: Արթնացա առավոտ շուտ՝ նախիրի բառաչից: Ես աչքերս բացեցի ու տեսա նախրապանին` ձիու վրա նստած: Նա մի հաստ սվիտր էր հագել, վրայից էլ անձրևանոց: Դեմքին կնճիռներ կային, բայց այդքան էլ ծեր չէր` 40-ից 45 տարեկան հազիվ թե լիներ: Ձիու մեջքին ուսապարկ կար, ինչպես հասկացա, մեջն էլ սնունդ:
-Եղբա՛յր, ինչո՞վ կարող եմ օգնել:
-Ես Երևան եմ գնում: Երկու օր է բերանս հացի փշուր էլ չեմ դրել:
-Իսկ ծնողներդ, հարազատներդ ու՞ր են:
-Հայրս ու եղբայրս սահմանում են, մորս անցակետում ջղային տղամարդիկ տարան, իսկ փոքր քույրս, փոքր քույրս…թունավորվեց կամ էլ սովամահ եղավ երեկ,- այդտեղ ես չկարողացա զսպել արցունքներս:
-Գեղա՞մ, ու՞ր կորար,- հեռվից մի ուրիշ ձիու վրա նստած գոռաց Գեղամին բավականին նման մի պապիկ:
-Դու գնա, պապ, կգամ էլի՜…
Գեղամի հայրն ուսերը թոթվեց ու թամբեց ձին: Գեղամը իջավ ձիու վրայից, ջերմ ժպիտով նայեց ինձ ու մեկնեց ձեռքը.
-Մոռացանք ծանոթանալ, անունս Գեղամ է։
-Անունս Վահե է, ազգանունս էլ Վիրաբյան:
-Ազգանունդ այդքան էլ էական չէ, տղաս: Ասում ես, բան չես կերե՞լ:
Նա բաց արեց ուսապարկն ու միջից բրդուճներով լի տոպրակ հանեց:
-Հերի՞ք է,- մեղմ ժպիտով ասաց նա: Ես գլխով տմբտմբացրեցի ու անմիջապես սկսեցի խժռել բրդուճները: Գեղամը նայում էր ինձ ու համբերատար սպասում, որ բերանս դատարկվի:
-Շնորհակալ եմ,- վերջին պատառը կուլ տալով ասացի ես:
-Երևան ես գնում, հա՞:
-Հա, բայց ճամփան չգիտեմ, ցուցանակների հույսին եմ:
-Նստի՛ր,- ձիու մազափունջը շոյելով ասաց նա: Հասկացա, որ այս պահին դժվար թե ավելի լավ տարբերակ լիներ Երևան հասնելու: Գեղամի օգնությամբ թռա ձիու մեջքին ու ժամեր շարունակ վայելում էի արագությունից դեմքիս հպվող քամին ու հիանում տարածքով:
-Կարո՞ղ է ծարավ ես, մոտենում ենք մի աղբյուրի:
-Հա՜,- տենչանքով պատասխանեցի ես: Ահագին նստեցինք աղբյուրի մոտ ու զրուցեցինք: Գեղամն իր մանկության պատմություններն էր հիշել, երբ իմ տարիքին էր:
Նստեցինք ձիու վրա ու շարունակեցինք ճանապարհը: Շուտով արդեն քաղաքի աղմուկն էր փոխարինում քամու սվսվոցին: Թեկուզ և մարդիկ ուշադիր նայում էին մեր ձիուն, որ մայթերով քայլում էր. ես ուրախ էի:
-Հիմա քեզ ու՞ր տանեմ, Վահե ջան:
-Իսկ ու՞ր կարող եմ գնալ:
-Ծանոթ, բարեկամ չունե՞ս, որ Երևանում են բնակվում:
-Հըը՜ն,- գլուխս տարուբերելով ասացի ես: Մի քանի րոպե մտորելուց հետո Գեղամը անսպասելի թամբեց ձին:
-Ու՞ր ես տանում:
-Ուրիշ ելք չունես, մանկատուն:
Ես հոգոց հանեցի, սակայն գիտակցում էի, որ կամ պետք է դրսում մնամ, կամ էլ այնտեղ, որտեղ որ Գեղամն էր տանում:
Մանկատան մուտքի մոտ, հրաժեշտից առաջ, Գեղամը հարցեր էր տալիս, ասես ավելի լավ ինձ ճանաչելու համար:
-Որոշե՞լ ես, թե ի՞նչ ես դառնալու:
-Հայրենիքի պաշտպան` հորս ու եղբորս նման,- հպարտ պատասխանեցի ես:
Գեղամը տարավ ինձ մանկատուն, ինչ-որ բաներ քրթմնջաց աշխատակցի ականջին: Գրկեց ինձ ու փսփսաց.
-Ես դեռ կգամ քոհ ետևից, ապագա զինվոր:
Մանկատնից դուրս գալուց հետո էլ ես դեռ սպասում եմ Գեղամին, որ կյանիքս ամենաբարդ շրջանում փրկչի կերպարով հայնվեց իմ կյանքում: Իսկ ես այդ չարաբաստիկ պատերազմի պատճառով կորցրեցի ոչ միայն տունս, այլև ծնողներիս, կրտսեր քրոջս ու ավագ եղբորս, որոնք նույնպես հայրենիքիս մի մասն էին…
Սոնա Լևոնյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան
Հաղորդագրություն
Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման
Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...

















