Որոնում

понедельник, 30 декабря 2024 г.

Ամանորյա խառնաշփոթ


Արամ Արևշատյան ԱՀՏ Լրագրության դասարան
Հայկական Ամանորը, իմ կարծիքով, շատ ճոխ է նշվում։ Սեղանին Ամանորի ամենակարևոր ուտեստներից են` հավի կրծքամիսը, նրբաբլիթները, մայրաքաղաքային աղցանն ու  տոլմա։ 23։55 րոպեին, երբ հայրիկը լսում է Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի ու վարչապետի ուղերձը, այդ ընթացքում մայրիկը հասցնում է հագնել իր ամենագեղեցիկ հագուստը, բայց միշտ լինում է հողաթափերով։ Ինչպես միշտ` հիշում է, որ տոլման վառվում է և արագ վազելով գնում է գազն անջատելու։ Այդ ժամանակ պապիկն ասում է իր հայտնի խոսքը «հլը թեքեք Ռուսաստան»։ Հենց հայրիկը տեսնում է, որ ժամը 24։00_ն է, շտապեցնում մայրիկին ու ասում իր հայտնի խոսքը. «Կնիկ,  հլը հել ետ տոլմի կողքից»։ Մայրիկը գալիս է իր շամպայնը խմում  և գնում է նորից տոլմայի մոտ։ Մի խոսքով` իսկական ամանորյա խառնաշփոթ։

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ

 Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Նոր տարին ԱՄՆ-ում երկրի պետական տոներից մեկն է: Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի:

Սուրբ ծնունդը և Նոր տարին ԱՄՆ-ում էապես տարբերվում են իրարից: Սուրբ ծնունդը կարևոր ընտանեկան տոն է` բազմաթիվ կրոնական խորհրդանիշներով, իսկ Նոր տարին դիմավորելը հանրային բնույթ է կրում և հաճախ անց է կացվում երեկույթների տեսքով, ընկերների հետ ակումբում, խաղատներում կամ քաղաքի հրապարակում: Երկրի խաղատների մեծամասնությունն Ամանորի գիշերը նախասրահում կազմակերպում է շամպայնի անվճար հյուրասիրություն:

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորը ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ:

Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում՝ Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խորհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում եև տարեվերջին ամփոփում:

Բոլոր երկրներն էլ, իհարկե, ունեն իրենց ազգային բազմաթիվ ավանդույթները, բայց Ամանորը  անչափ սիրված ու սպասված տոն է բոլորի համար:

Ձմեռ պապ, հույս ունեմ, որ այդքան զվարթ նամակների մեջ իմ նամակին ևս ուշադրություն կդարձնես


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Բարև, Ձմեռ պապ: Ինչ զավեշտալի է չէ՞: 30-ամյա կինը նամակ է գրում Ձմեռ պապին: Բոլորը և, միգուցե, դու նույնպես, կկարծես, թե գժվել եմ, բայց ոչ: Ես պարզապես հոգեպես դեռ երեխա եմ։

Ես, պարզապես, հավատում եմ հրաշքներին: ՉԷ՛, այն, ինչ պետք է ուզեմ քեզանից, նյութական չէ: Անհավանական է թվում, բայց հավատում եմ, որ Ամանորը այնպիսի հրաշք կգործի, որ կկարողանամ վերջապես առնել գիրկս սեփական որդուս ու տուն տանել` բժիշկներից հեռու: Հուսամ, բացի քեզանից ոչ ոք չի կարդա նամակս, որ դառնամ ծաղրի առարկա:

2 տարի առաջ լույս աշխարհ եկավ որդիս` Սամվելը: Այդ օրվանից իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ: Ծնվելուց հետո իմացանք, որ Սամվելը տառապում է մի հիվանդությամբ, որի անվանումը նույնիսկ չեմ ուզում հիշատակել: Ես որոշեցի, որ կարող եմ երեխայիս օգնել ու ոչ մի դեպքում չէի պատրաստվում թողնել նրան: Եվ ասեմ, որ հիմա էլ եմ նույն կարծիքին, ուղղակի  արդեն գիտեմ դրա գինը: Խոսքն ամենևին էլ գումարի մասին չէ: Ես լրիվ մենակ եմ: Ամուսինս` իմանալով, որ երեխան հիվանդ է, թողեց ու հեռացավ: Մինչ օրս Սամվելը չի մտել ինձ հետ տուն: Ես գրկե՞լ եմ որդուս… չեմ էլ հիշում՝ գրկե՞լ եմ նրան, թե՞ այդ մայրական հաճույքից էլ են զրկել ինձ: Չգիտեմ` ինչու՞ այսքանը գրեցի: Չէ՞ որ դու միայն ուրախ գործերով ես զբաղված: Հույս ունեմ, որ այդքան զվարթ նամակների մեջ իմ նամակին ևս ուշադրություն կդարձնես:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում թրջված նամակիս համար. Այլ կերպ չստացվեց գրել:

четверг, 26 декабря 2024 г.

Անցյալի սրտի զարկերը

 


Մաս 1

Կյանքը մեծ քաղաքում, հիրավի, շատ հետաքրքիր է։ Եվ իզուր չէ, որ մարդկանց մեծամասնությունը միշտ ձգտում է մեծ քաղաքներում բնակություն հաստատել։ Ես նույնպես այդ մարդկանցից մեկն եմ, ով իր  մանկությունը և պատանեկությունն անցկացրել է փոքր գյուղում։ Համաձայնեք, որ նոր փոփոխությունները շատ մեծ նշանակաություն ունեն մեր կյանքում, և մեզանից շատերը թեկուզև աննշան փոփոխության դեպքում կարող են անճանաչելի կերպարանափոխվել։
Բայց ես այդպիսին չեմ։ Կարծում եմ, այս տարիներն ինձ շատ չեն օտարեցրել իմ հայրենի տնից։ Եվ, վերջապես մի կարևոր պատճառ առաջացավ գործերը թողնելու և հայրենի գյուղ վերադառնալու համար։ Պատճառը ամենացանկալիներից չէր։ Վերադարձս զվարճանքի կամ կարոտած մարդկանց տեսնելու համար չէր, այլ իմ սիրելի ուսուցիչներից մեկի կյանքից վաղաժամկետ հեռանալը։
Շատ չեմ ցանկանում խոսել այս մասին։ Նա շատ լավ կին էր, ինչ խոսք։ Ինչևէ, գյուղը շատ հեռու էր գտնվում քաղաքից և, քանի որ արդեն այդքան երկար ճանապարհ էի եկել, որոշեցի 1 շաբաթ մնալ այստեղ։ 
Ամեն ինչ փոխվել էր՝ մանկությունս հիշեցնող գրեթե ոչինչ չէր մնացել։ Մարդիկ գնացել էին, տները վերակառուցվել, միայն մեր տունն էր` նույն հին, փայտե տնակը, որը թեկուզ կիսալքված վիճակում էր, սակայն առաջվա պես հարազատ։ 
Ես մենակ էի այնտեղ, հին, բայց հաճելի աղմուկը, քույերիս և եղբայրներիս ձայները, մեծերի փնթփնթոցները այլևս չկային։ Կարծես երբեք էլ չէին եղել։ Նույն պատերն էին, սակայն դատարկ 

Մաս 2
Լույսը բացվել էր։ Արևի առաջին շողերը լեռներից անցնում ու տարածվում էին գյուղի վրա։ Շողերից մեկը, կարծես փախչելով երկնքից, ընկավ աչքերիս մեջ, մի վայրկյանով լցնելով դրանք լույսով ու ջերմությամբ` արթնացնելով մի հին, անբացատրելի զգացում։ Գյուղը կամաց-կամաց արթնանում էր՝ առավոտվա հոտով, թռչունների երգով ու լույսի ջերմությամբ լցված։

Ամեն ինչ այնքան հարազատ էր՝ հին տան պատերը, ծանոթ լռությունը, բայց միևնույն ժամանակ օտար, երբ դուրս էի գալիս գյուղ ու զգում, որ ինչ-որ բան մերժում էր նոր շրջանը։ Գյուղում քայլելը մի տեսակ հուշի պես էր՝ ինձ հայտնի, բայց մի քիչ հեռացած ու անհայտ։

Ծառերից մեկի տակ ծանոթ ծիծաղ լսեցի, մոտենալով ճանաչեցի նրան, Լաուր տատն էր։ Նրան տեսնելով միանգամից մանկության ջերմ հիշողություններ արթնացան, ինչքան էի վազվում իր տան բակում, խաղում նրա թոռների հետ, իսկ նա մորս հետ պատշգամբից հետևում էին մեզ և քմծիծաղ տալով խոսում։
Հենց այդ նույն ծիծաղն էր, նույն հայացքը, որ երկար տարիներ տուն էր կանչում և հիմա էլ կարծես իր մոտ է կանչում։ Ես առանց հապաղելու մոտեցա նրան.
-Էմմա՞։
Նրա աչքերը լրիվ փայլում էին։
- Այս ե՞րբ ես եկել, ինչու՞ ինձ մոտ չէիր գալիս։
-Երեկ եմ եկել, պլանավորում եմ մեկ շաբաթ այստեղ մնալ, շատ էի կարոտել գյուղը, բայց մի տեսակ ամեն ինչ փոխվել է։
- Այն էլ ինչպե՞ս է փոխվել։
Խոր հոգոց հանելով պատասխանեց Լաուր տատը։
-Բայց գյուղում մնալը լավ գաղափար է, ձե՞ր տանն ես մնում։
- Դե, այո, էլ որտե՞ղ։
- Ախր, այնտեղ լրիվ մենակ ես, ես էլ այստեղ եմ մենակ, գուցե՞ այս օրերին ինձ մոտ գիշերես։
Մեկ-երկու վայրկյան մտածելուց հետո ես համաձայնեցի և շարունակեցի զբոսանքս։
Շուտով իմ քայլերը տարան դեպի հին դպրոց` վայր, որտեղ  իմ ամենատաք հիշողություններն էին։
Դպրոցի ճանապարհին, զգացի, որ ինչ-որ մեկը հետևում է։ Ճանապարհն անընդհատ երկարում էր, իսկ իմ քայլերը մի տեսակ արագանում։ Նայեցի հետ՝ բայց ոչինչ չտեսա։ Այնուամենայնիվ, մի ինչ-որ անբացատրելի զգացողություն էր, որ ինչ-որ բան այն չէ։ Երբ արդեն հասնում էի դպրոցի մուտքի մոտ, լսեցի ծանոթ ձայն, որ անունս էր կանչում։ Հարկ էր դանդաղեցնել քայլերս ու շրջվել՝ հասկանալու, թե ով է...

Մաս 3

Ես լսեցի, թե ինչպես են անունս կանչում: Վախով շրջվեցի ու... Ռազմիկն էր՝ իմ մանկության ընկերն ու երևի ամենահարազատ մարդկանցից մեկը: Մի պահ զարմանքից քարացած՝ ինձ հարցրի, արդյո՞ք սա իրական է: Հետո մեր դեմքերին տարածվեց նույն ժամանակից մոռացված ուրախ ժպիտը: Ռազմիկը լայն բացեց ձեռքերը, և առանց վարանելու ես վազեցի նրա կողմը: Մենք գրկախառնվեցինք՝ կարծես մանկության բոլոր տարիներն ու բաժանումն այդ պահին անհետացան։
Նրա աչքերում դեռ այն նույն ջերմությունն էր, որ հիշում էի մանկության ժամանակներից, երբ միասին անցկացնում էինք անհոգ օրերը: Տարիները, կարծես, փոխել էին նրան, բայց նրա ժպիտը նույնն էր՝ ծանոթ ու մոտիկ, ասես ոչինչ չէր փոխվել։
-Էմմա՞, չէ, չեմ հավատում։ Չի կարող սա իրական լինել։ Ի՞նչ ես անում այստեղ։
-Նույն հարցը ես էի ուզում քեզ տալ, ինչպե՞ս է ստացվել, որ գյուղ ես վերադարձել։
-Մի քիչ պոետիկ կթվամ, բայց կարոտել էի այս միջավայրը, մի տեսակ ձգող բան կար։
-Հասկանում եմ։ Ես էլ գործերի բերումով այստեղ հայտնվեցի և որոշեցի մի քանի օր մնալ։ Իսկ դու՞, ինչքա՞ն ժամանակ ես պլանավորում այստեղ անցկացնել։
-Դե չգիտեմ,-մի քիչ տխուր պատասխանեց Ռազմիկը։
-Երբ թույլ տաս այդ ժամանակ էլ կգնամ։
Մենք ծիծաղեցինք և մտանք դպրոց։
Դպրոցում, կարծես, ոչինչ չէր փոխվել: Նույն ծանոթ պատերը, նույն աղմկոտ միջանցքները, որոնք լցված էին անցյալի ձայներով: Երբ քայլում էինք Ռազմիկի հետ, թվում էր, թե ոչինչ չէր փոխվել, և մենք դեռ նույն անհոգ դեռահասներն էինք, որոնք կատակելով ու ծիծաղելով անցնում էին այս նույն ճանապարհներով: Ժամանակը կարծես կանգ էր առել, և դպրոցն իր հին կերպարով մեզ վերադարձնում էր անցյալ:
-Այնքան հուշեր են արթնացնում այս միջանցքները,-սկսեցի ես։
- Այո, թվում է, թե հիմա զանգը կհնչի և կվազենք դասարան, ի՜նչ օրեր էին։
Մենք նույն զվարթ դեմքերով շրջեցինք դպրոցով և վերադարձանք տուն։ Ի դեպ մոռացա նշել, Ռազմիկը Լաուր տատի թոռնիկն է, և ըստ երևույթի այս օրերը միասին էինք անցկացնելու` երեքով։

Մաս 4

Լույսը բացվել էր դանդաղ, բայց հաստատակամ, իր հպումով արթնացնելով տան ամեն մի անկյունը։ Ես դուրս եկա սենյակից՝ դեռևս զգալով գիշերվա խոնավության հետքը օդում։ Խոհանոցում` տաք թեյի հոտով լի սենյակում, նստած էին Ռազմիկն ու Լաուր տատը։ Նրանց առկայությունը, պարզ ու հարազատ, դարձնում էր առավոտը մի տեսակ ավելի ջերմ ու իրական։
Խոհանոց մտնելուս պես Ռազմիկն ու Լաուրա տատը հանկարծ ընդհատեցին իրենց զրույցը։ Նրանց հայացքները թեքվեցին դեպի ինձ, և ժպտալով նրանք հրավիրեցին սեղանի շուրջ՝ կարծես ամբողջ առավոտն ինձ էին սպասել։
Ես մոտեցա սեղանին և կամաց հարցրի.
-Վաղու՞ց եք ինձ սպասում։
-Այդքան էլ ոչ, 10 րոպե էլ չի լինի, որ նստել ենք։
-Լա՞վ քնեցի՞ր, Էմմա։
-Ավելի լավ չէր լինի։
Մեր զրույցը շարունակվեց՝ հոսելով հանգիստ ու անշտապ։ Ռազմիկի կիսած պատմությունները և տատիկի ջերմ խոսքերը լցնում էին խոհանոցը կյանքի ու ծանոթության զգացողությամբ։ Բայց տատիկը հանկարծ հիշեց հավերին, նրա հոնքերն անհանգիստ շարժվեցին, և նա արագորեն դուրս գնաց։ Մենք՝ ես ու Ռազմիկը, մնացինք մենակ՝ մի պահ լուռ, ապա նորից շարունակեցինք զրույցը՝ ավելի մտերմիկ ու անձնական։
Զրույցը շատ երկար տևեց, խոսքերը բնական կերպով հոսում էին, կարծես առանց վերջի։ Հանկարծ, թակոցը կոտրեց հանգիստը, դռան վրայից լսվեց մի պոկված հարված։ Մենք կանգ առանք՝ հայացքներս ուղղելով դռանը։
Դուռը բացվեց, և ներս մտավ մի մարդ, ով զարմացրեց մեզ՝ իր հայացքով ու ձգված լռությամբ։ Նա կանգնել էր միջանցքում, աչքերին անհայտ մի թմբկահարությամբ։ Մենք մի քանի վայրկյան լռեցինք, կարծես ամեն ինչ կանգ էր առել, ու նա, ոչ մի բառ չասելով, մոտեցավ սեղանին։
Հանկարծ Լաուր տատը վազելով մոտեցավ մեզ և փայլուն աչքերով ճչաց։
-Հա՞յկ։


Մաս 5

-Հա՞յկ, ի՞նչ Հայկ։
-Ինչպես թե ինչ Հայկ, Ռազմիկ։ Չե՞ս հիշում նրան։
Հայկը մի ակնթարթ նայեց վրաս՝ աչքերում անընթեռնելի զգացմունքներ պարուրված, և առանց մի խոսք ասելու դուռը շրխկացրեց ու հեռացավ։ Սենյակում լռություն տիրեց, կարծես ամեն ինչ կանգ առավ։ Մենք մնացինք տեղում, ապշած ու խռովված, կարծես ոչինչ չհասկանալով, բայց ամեն ինչ զգալով։
-Ի՞նչ կուտես տղաս։
Լաուր տատը փորձում էր ուղղել իրավիճակը։
-Վայ, տատ, այնքան քաղցած եմ։
-Դե նստիր, հիմա կբերեմ։
Ես ուզում էի վեր կենալ ու շտապել Ռազմիկի հետևից՝ պարզելու, ի՞նչ է կատարվում, բայց Լաուր տատը, իր հաստատուն ու մեղմ ձայնով, կտրեց ինձ․
-Հանգիստ նստիր, աղջիկս, հյուր ունենք։
Նրա խոսքերը, թեև հանգիստ, բայց կշռադատված ու պարտադրող էին։ Ես անզոր կանգ առա, նայեցի դռան ուղղությամբ, որտեղից Ռազմիկն ընդամենը մի քանի վայրկյան առաջ դուրս էր եկել, հետո ծանր սրտով վերադարձա ու նստեցի։ Խոհանոցի աղմուկն ինձ այլևս չէր հետաքրքրում։
Ժամեր անց, երբ վերջապես Հայկը վեր կացավ ու հեռացավ, սենյակում մնաց միայն մի երկար, նեղություն պարունակող լռություն։ Ես այլևս չէի կարող դիմանալ։ Առանց տատիկի կամ որևէ մեկի խոսքերին ուշադրություն դարձնելու, վեր կացա ու շտապեցի դուրս՝ Ռազմիկին գտնելու։
Գիշերվա սառը օդը ծածկեց ինձ, բայց ներսիս խռովքն ավելի սառեցնող էր։ Փողոցները լուռ էին, լույսերը՝ հազիվ վառ։ Ես քայլում էի արագ, գրեթե վազքով, փորձելով գտնել նրան, ում հետ խոսելն այս պահին կարևոր էր, քան ամեն ինչ։
Հեռվում, լուսնի թույլ շողերի տակ, նստարաններից մեկի վրա մի կերպարանք նշմարեցի։ Մոտենալով սկսեցի տարբերել նրա գծերը՝ շփոթված, բայց ծանոթ։ Ռազմիկն էր։ Նա նստած էր, գլուխը ձեռքերով բռնած, ամբողջովին նյարդային լարվածության մեջ։
Մի պահ կանգ առա՝ չիմանալով, ինչպես սկսեմ։ Նրա կողքին ամեն ինչ ասես խիտ ու ծանր էր, ասես ոչ միայն նա, այլև ողջ աշխարհն էր մտքերի մեջ կորած։ Բայց ես եկա պատասխաններ գտնելու։
-Ռազմի՛կ, - փսփսացի, միևնույն ժամանակ զգալով, որ ձայնս ավելի խիստ հնչեց։
Նա դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում երևում էր ինչ-որ ցավ, որ ես դեռ չէի հասկանում, բայց ուզում էի կիսել։


Մաս 6

Ռազմիկը, աչքերը խավարի մեջ սևեռած, ցածրաձայն ասաց.
-Հեռացի՛ր։
Նրա խոսքերը, ասես սառը քամի, սողացին սրտիս վրա։ Չնայեց նույնիսկ։ Ես լուռ շրջվեցի ու քայլեցի դեպի խավարը, որտեղ լույսը վաղուց արդեն չէր այցելել։
Նա քայլերն այնպես էր արագացրել, ասես փախչում էր ոչ միայն ինձնից, այլև ինչ-որ անտեսանելի ստվերից։ Ես գրեթե վազում էի նրա հետևից, ձայնս կրկին ու կրկին ջարդելով լռությունը. -Ռազմի՛կ, կանգի՛ր, լսի՛ր ինձ...
 Բայց նա ոչ մի անգամ չդարձավ, և ես զգում էի, որ մեր միջև տարածությունը վերածվում է անդունդի։
Բայց, երբ համբերությունս վերջնականապես սպառվեց, ես կտրուկ կանգ առա նրա առջև՝ ստիպելով  դադարեցնել իր անխոհեմ ընթացքը։ Աչքերս՝ բոցավառված զայրույթից ու վիրավորանքից, սևեռեցի նրա դեմքին և սառը, բայց հաստատակամ ձայնով ասացի.

-Եթե հիմա չխոսես, և չբացատրես քո արարքի պատճառը, խոստանում եմ, հետևանքները ամենացանկալիներից չեն լինի։
Իմ խոսքերն, ասես, հարվածեցին նրան։ Նա կարկամեց մի պահ, բայց հետո նորից փորձեց շրջանցել ինձ, սակայն այս անգամ ես պատրաստ էի կանգուն մնալ մինչև վերջ։
Նա խորը արտաշնչեց, նայեց աչքերիս ու, վերջապես, սկսեց խոսել։
-Այդ, Հայկը... Մի խոսքով նա է ամեն ինչի մեղավորը։
-Ինչի՞
-Ամեն ինչի.
-Նորմալ խոսիր, Ռազմիկ
-Շատ չեմ ուզում խորանալ, Էմմա։
Ժամանակին մոտ ընկերներ ենք եղել, եթե կհիշես, տատիկն էլ նրան շատ է սիրում։
-Դե դա դժվար է չնկատել։
-Մի՛ ընդհատիր։
10-11 տարեկան հասակում մինչև ականջներիս ծայրը սիրահարվել էի քեզ, հետո պարզվեց, որ նա նույնպես։
Հայկը իմացել էր իմ զգացմունքերի մասին և որոշել հեռացնել ինձ իր ճանապարհից։
Կարճ ասած նա ինձ սպառնացել էր, մի քանի անգամ, ես դեռ փոքր, չինքնահաստատված երեխա էի, վախեցել էի նրանից։ Իսկ Հայկը...
-Ի՞նչ է ասել նա քեզ։
-Ասաց, որ կվնասի քեզ, ես ստիպված էի հեռու մնալ քեզնից։
Քմծիծաղով ես հարցրի.
-Իսկ հիմա՞։
-Հիմա ի՞նչ։
-Անցյալի սխալները պատրա՞ստ ես հիմա ուղղել։
Նա ժպտաց և ձեռքս նրբորեն իր ձեռքում սեղմելով կարծես գաղտնի ու լուռ երդում տվեց՝ կերտել մի նոր, անմոռանալի ապագա։

Ուտում են խաղողի 12 հատիկ, ցատկում ալիքների վրայով․Ամանորը՝ Մեքսիակում և Բրազիլիայում


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրահատուկ ավանդույթներով, որոնք արտացոլում են տվյալ ժողովրդի մշակույթն ու արժեքները։ Մենք բոլորս լավ ծանոթ ենք հայկական ավանդույթներին, այնպես որ, եկեք խոսենք, օրինակ, Մեքսիկայի մասին։

Մեքսիկայում Ամանորը նշվում է գունեղ և բարի մթնոլորտում: Տներում պատրաստվում են փինյատաներ՝ վառ գույների մեծ կավե կամ թղթե ծաղիկներ, որոնք լցված են քաղցրավենիքով և փոքրիկ նվերներով: Այս փինյատաները կոտրվում են երեխաների կողմից՝ հաջողություն բերելու նպատակով: Մեքսիկացիները  կեսգիշերին ուտում են խաղողի 12 հատիկ, որը խորհրդանշում է տարվա 12 ամիսների բարեկեցությունը:
Համարվում է, որ եթե հասցնես ուտել բոլոր 12 հատիկները՝  նոր տարին հաջող կդասավորվի։

Այժմ տեղափոխվենք Բրազիլիա, որտեղ Ամանորը՝ «Réveillon»-ը, հիմնականում նշվում է ծովափերում: Մարդիկ կրում սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, և ծաղիկներ են նետում օվկիանոս՝ երախտագիտության և նոր տարվա հաջողության համար: Հրավառությունների արդյունքում լուսավորվում է  երկինքը, իսկ մարդիկ ցատկում են յոթ ալիքի վրայով՝ բախտ բերելու նպատակով: Բրազիլիայում կա հետաքրքիր ավանդույթ՝ Ամանորի գիշերը ծովափին կանգնելով ցատկել յոթ ալիքի վրայով: Յուրաքանչյուր ցատկի հետ մարդիկ ցանկություն են պահում, քանի որ ալիքները համարվում են կյանքի, էներգիայի և հաջողության աղբյուր: Այս գործողությունը խորհրդանշում է նոր տարում հաջողությունների, ուժի և ներքին խաղաղության ապահովումը:

Չնայած տոնակատարության ձևերի բազմազանությանը՝ բոլորի նպատակն է դիմավորել Նոր տարին ուրախությամբ, մաքրությամբ և լավատեսությամբ՝ նորի  և հաջողությունների ակնկալիքով:

среда, 18 декабря 2024 г.

Որքա՞ն հաճախ ենք քաղցրեղեն օգտագործում․Հարցում


Աննա Սահակյան 
ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս քաղաքացիներից փորձեցինք հետաքրքրվել, թե իրենց կարծիքով` օրական ինչքա՞ն պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինը և որքա՞ն հաճախ են երեխաներին կոնֆետ գնում։
Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ քիչ պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինն ու հավելեց, որ հաճախ չի գնում քաղցրավենք։

«Քիչ պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինը»,-ասաց 70-ամյա ծերունին` չժխտելով, որ երբեմն ինքն է խախտում կանոնն ու թոռնիկներին այցի գնալիս անպայման քաղցրավենիք է գնում։
Պարզվեց` մեր մյուս զրուցակիցը, 63-ամյա տինին Նինան հետևում է առողջ ապրելակերպին ու թոռնիկների համար աշխատում է կոնֆետներ չգնել։

Նշենք, որ շաքարի վնասակար ազդեցության մասին բոլորն էլ գիտեն, սակայն մարդիկ շարունակում են այն կիրառել սննդակարգում։ Մասնագետի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մարդկանց սննդակարգում զգալիորեն մեծացել է մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդակարգի մասնաբաժինը, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել հաշվել օրվա ընթացքում թույլատրելի շաքարի քանակությունը։

Եթե մարդու օրվա սննդակարգը կազմում է 1700 կկալ, ապա շաքարը պետք է կազմի դրա 10 տոկոսը, որը կազմում է 170 կկալ կամ 42 գրամ։ Այս քանակությունը համարժեք է մոտ երկու ճաշի գդալ մուրաբային կամ մեղրին, 50 գրամ կաթնային շոկոլադին, 70 գրամ տորթին կամ 150 գրամ պաղպաղակին։

воскресенье, 15 декабря 2024 г.

Նամակ Ձմեռ պապին


Արեն Հովհաննիսյան 

ԱՀՏ Լրագրության դասարան


Սիրելի Ձմեռ պապիկ, բարև։ Ես քո գալուն շատ եմ սպասում, քանի որ շատ եմ սիրում Նոր տարին և անհամբեր սպասում եմ ամանորյա հրաշքի։ Սիրելի Ձմեռ պապ, ես այս տարի շատ խելոք եմ եղել և ծնողներիս չեմ բարկացրել, խնդրում եմ, կարդա իմ նամակը և կատարիր ցանկություններս։ Ամենակարևորը` ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն։ 

четверг, 12 декабря 2024 г.

Ամանորն անցկացնելու եմ Հայաստանում, ավելի քիչ եմ ծախսելու


Արամ Արևշատյան, ԱՀՏ լրագրության դասարան
 

Մոտենում է Ամանորը և ոմանք նախընտրում են այն տոնել Հայրենիքում, ոմանք` արտերկրում։ Մեր հարցախույզի ընթացքում փորձեցինք պարզել` թե՞ տոները նշելու համար ո՞ր երկրներն են նախընտրում քաղաքացիները և որքա՞ն գումար են նախատեսել։ Օտար երկրներից ընտրել էինք Վրաստանն ու Եգիպտոսը։ 

«Անցկացնելու եմ Հայաստանում և ծախսելու եմ 150000-200000 դրամ»,_ասաց քաղաքացիներից մեկը։ Մեր մյուս զրուցակիցը ևս Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելու էր ՀՀ_ում` նախատեսելով ծախսել մոտ 500.000 դրամ։ «Ամանորը կանցկացնեմ Վրաստանում, նախատեսել եմ 250000-500000 դրամ»,_նշեց հարցմանը մասնակցող մեկ այլ քաղաքացի։  Նկատենք, որ հարցմանը մասնակցող քաղաքացիներից ոչ ոք Ամանորը չի պատրաստվում նշել Եգիպտոսում։ 

среда, 4 декабря 2024 г.

Ձմեռ պապ, եթե նամակս ձեռքդ ընկնի՝ անպայման բացի՛ր և կարդա, իսկ եթե կարողանաս՝ կատարիր խնդրանքս


Գոհար Խաչատրյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Բարև, Ձմեռ Պապ։ Ես 8-ամյա Մարիան եմ։ Գրում եմ քեզ նամակ այն հույսով, որ ցանկությունս կամ խնդրանքս գուցե կատարես։ Հայրս շատ է պատմել ինձ քո մասին։ Ասել է, որ դու ձմեռվա պապիկն ես, երազանքների պապիկը։ Քանի տարի է՝ քեզ նամակ եմ գրում այն հույսով, որ կատարես իմ միակ երազանքը, որ դժվար փոխվի։

Ցանկանում եմ, որ մորս հետ բերես։ Այո, տարիներ առաջ ինձ լույս աշխարհ բերելու համար նա իր կյանքը զոհաբերեց, բայց հայրս ինձ ասում էր, որ մի օր նա անպայման կվերադառնա։ Մտածում եմ, որ դու որպես ձմեռվա և երազանքների պապիկ կկարողանա խնդրանքս կատարել։ Իհարկե, արդեն քանի անգամ է՝ գրում եմ քեզ և խնդրում քեզնից նույն բանը, բայց երևի չես էլ կարդում նամակս, որովհետև մյուս նամակների նման իմն էլ գունազարդ և նախշազարդ չէ, այլ սովորական նամակ՝ սովորական թղթով։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում, եթե նամակս ձեռքդ ընկնի՝ անպայման բացի՛ր և կարդա, իսկ եթե կարողանաս՝ կատարիր խնդրանքս։

Ձմեռ պապիկ, ուզում եմ, որ այս Ամանորը ևս տխուր չանցնի, ուզում եմ առավոտյան արթնանալ ու տեսնել հորս, մեծ եղբորս


Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան

«Բարև, Ձմեռ պապիկ։ Ես Ալինան եմ, այս տարի արդեն 10 տարեկան եմ դառնում։ Ճիշտ է, դեռ վաղ է, բայց ես ցանկանում եմ հիմա քեզ նամակ գրել։ Ախր, 4 տարի շարունակ ես գրում եմ քեզ՝ ամեն ձմեռ, ամեն Ամանորի ես սպասում եմ, որ գոնե այս տարի դու կկատարես երազանքս, չէ՞, որ բոլոր հեքիաթների և մուլտֆիլմերի վերջում Ձմեռ պապիկը հայտնվում է և կատարում երեխաների այդքան բաղձալի երազանքները։


Ես էլ միշտ սպասում եմ, որ դու կհայտնվես, բայց մյուս երեխաների նման տիկնիկներ կամ խաղալիք մեքենաներ չեմ ուզում։ Ես ուզում եմ առավոտյան արթնանալ ու տեսնել հորս, մեծ եղբորս, ուզում եմ մայրս էլ չլացի։ Ես չգիտեմ, թե նրանք որտեղ են։ Մայրս ասում է, որ էլ երբեք չեն վերադառնալու, բայց ինչու՞, գուցե նեղացրե՞լ եմ նրանց, գուցե էլ չե՞ն ուզում ինձ հետ խաղալ։ Ես չգիտեմ, հիմա միայն մայրս է ինձ հետ խաղում, այն էլ հազվադեպ։ Նա միշտ տխուր է։ Ես ուզում եմ, որ
այս Ամանորը ևս տխուր չանցնի, և Ձմեռ պապիկ, եթե գիտես հայրս ու եղբայրս ուր են, խնդրում եմ, փոխանցիր, որ տուն վերադառնան, շատ եմ կարոտել նրանց»։

Շատ եմ ուզում, որ աշխարհում մի մեծ հրաշք կատարվի


Աննա Սահակյան 

ԱՀՏ Լրագրության դասարան  

 Բարև,    Ձմեռ պապ, ես այս տարի քեզ շատ եմ սպասել, որովհետև դու բերում ես շատ նվերներ և կատարում հրաշքներ։ Դու երկրորդ ամենամեծ հրաշքն ես, քանի որ կարող ես բերել գրեթե ամեն ինչ։ Ես շատ եմ ուզում, որ աշխարհում մի մեծ հրաշք կատարվի, այն է` աշխարհը բարի դառնա, մարդիկ միմյանց թշնամաբար չվերաբերվեն, բոլորը սիրեն իրար։ Ես քեզնից խնդրում եմ, որ    բարություն և սեր մտնի մեր աշխարհ։ Հավատում եմ` դու կարող ես։

вторник, 19 ноября 2024 г.

Ուրախ եմ, որ չլքեցի հայրենիքս


Աննա Սահակյան
ԱՀՏ Լրագրության դասարան          

 Ես Անին եմ, 14 տարեկան,  ապրում եմ գյուղում` տատիկիս և պապիկիս հետ։ Հիմա ձեզ մոտ կարող է հարց առաջանալ, թե որտե՞ղ են իմ ծնողները։ Ասեմ`  նրանք լքել են Հայաստանը` հաստատվելով ԱՄՆ_ում։ Ուզում էին ինձ էլ իրենց հետ տանել,  սակայն ես չցանկացա, և որպեսզի մենակ չմնայի` նրանք ինձ տարան գյուղ`  տատիկիս և պապիկիս հետ ապրելու։ Ես հիմա շատ ուրախ եմ, քանի որ չեմ լքել հայրենիքս։ Ճիշտ է,   ծնողներս հիմա իմ կողքին չեն,   բայց դա իմ ցանկությունն   էր։ Աշնանային պայծառ առովոտ ես արթնացա մի փոքր ուշ, քանի որ աշնանային արձակուրդներ էին դպրոցում։ 

 Արթնանալուն պես` անկողնուցս դուրս եկա և գնացի հողամաս,  որտեղ տատիկիս և պապիկիս հողի աշխատանքներով էին զբաղված։ Մեր հողամասում  կար հաստաբուն ընկուզենի։ Մինչ նրանք զբաղված էին հողամասի աշխատանքներով` գնացի խանութ,   որ հաց գնեի տան համար։ Գալով տուն`  որոշեցի նախաճաշ պատրաստել, մինչ տատիկն ու պապիկն զբաղված էին այգու աշխատանքներով։ Դա օրվա իմ անակնկալն էր նրանց։ Կարծում եմ` այն ստացվեց։

среда, 13 ноября 2024 г.

Տիգրանը գնաց ռազմի դաշտ, որպեսզի պաշտպանի հայրենիքը


Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Այս տխուր սիրային պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։

«Ես Տիգրանն եմ, ծնվել եմ Հայաստանում և այս նամակը գրում եմ քեզ՝ Աննա, ես ուժ չգտա, որ քեզ ասեմ իմ սիրո մասին, բայց հիմա ասում եմ, որ սիրում եմ քեզ»։ Իսկ հիմա գնանք ամենասկիզբ, որտեղից սկսվեց այս պատմությունը։

-Դու այդպես էլ տղամարդ չէս դառնա, դու վախկոտ ես՝ վախկոտ էլ կմնաս։ Գնա պատերազմ՝ զոհվիր, բայց գոնե դուխով եղիր, դու երկրորդ կեսիդ թողեցիր ընկերոջդ՝ քո վախկոտ լինելու պատճառով։

- Ա դե պապի, հերիք է, ամեն օր նույն բանն ես ասում, թող հանգիստ էլի։
- Թո՜ւ։

Անցավ մեկ օր այդ պատմությունից։ Տիգրանը գնաց ռազմի դաշտ, որպեսզի պաշտպանի հայրենիքը։

Այս ի՞նչ նամակ է, երևի քույրս է գրել, սպասիր կարդամ։

«Բարև Տիգրան, ինչպե՞ս ես, կարոտում եմ քեզ, խնդրում եմ չմահանաս։
Քո սիրելի քույր Սիրուն»։

Տղերք, հարձակվել են ուղղաթիռով։

Լավ, հետո նամակը կուղարկեմ։ Նռնականետը վերցնելով ես ոչնչացրի ուղղաթիռը։ Ինձ մեկ շաբաթով արձակուրդ տվեցին՝ ընկերոջս հարսանիքին մասնակցելու։ Գնալով եկեղեցի՝ ընկերոջս հարսանիքին, ես տեսա մանկությանս ընկերոջ՝ Դանիելի գերեզմանը։ Չդիմանալով այդ ցավին՝ ես հետ գնացի դիրքեր։ Հաջորդ օրը մենք շատ վտանգավոր առաջադրանք ունեինք․ եկեղեցիներից մեկում ադրբեջանցի զինվորները պատանդ էին վերցրել հայ երեխաներին և մեկի վրա նռնակ դրել։ Տիգրանը ներս մտնելով ադրբեջաներեն ասաց, որ բաց թողնի երեխաներին։ Հայկական դիվերսիոն խումբը մտավ, ադրբեջանցի գեներալին սպանեց։ Ցավոք, չկարողացան փրկել Տիգրանի կյանքը։

Բոլորս ստեղծված ենք՝ այս աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար


 Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մենք բոլորս ստեղծված ենք՝ այս աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար: Բայց դա կարծես վերաբերում էր ոչ բոլորին։ Այդ աղքատիկ գյուղում ոչ մի հետաքրքրությւոն չկար: Դե, իհարկե, բացի գյուղի անկյունում բնակվող Արշակ պապիից: Նա զարմացնում էր ամբողջ գյուղին: Այդ 76-ամյա ալևորը, չնայած նրան, որ ուներ առողջական խնդիրներ, նույնիսկ այդ տարիքում չէր դադարում հողագործությամբ զբաղվել: Չուներ ոչ մի ժառանգ, ընտանիք, կին, ոչ մի օգնական ձեռք: Վարում էր, ցանում, ջրում, պարարտացնում ու երբեք չէր բողոքում: Երբեք չէր մտածում թողնել այդ ամենն ու ապրել իր համեստ թոշակով` չտանջելով ինքն իրեն: Հոգնում էր շատ հազվադեպ` երբ սրտի հիվանդությունն էր տեղի տալիս, այդ ժամանակ էլ հանգիստ նստում էր հաստաբուն ընկուզենու տակ, երկու րոպե շունչ քաշում ու շարունակում իր գործը նույն եռանդով: Նրա հուռթի այգիներն օր-օրի էլ ավելի շատ բերք էին տալիս: Այդ բերքից օգտվում էր մի ամբողջ գյուղ, զգում իրական բերքի հյութեղ համը, բայց ոչ այն ջանքը, որ գործադրվել էր դրանց համար: Իսկ Արշակ պապը շարունակում էր իր անմահական մրգերով գոհացնել գյուղին՝  առանց  շնորհակալության ակնկալիքի: Դաշտային աշխատանքը նրան երբեք չէր ձանձրացնում:

 Աշնան պայծառ մի առավոտ, երբ արևը նոր էր դուրս գալիս ամպի տակից, մոտեցավ Արշակ պապի կյանքի մայրամուտը: Նա հանկարծամահ եղավ հենց իր այգիներից մեկում` ծիրանենու վրա աշխատելիս էլ դադարեցին զարկել նրա աշխատասեր սրտի զարկերը: Գյուղում ոչ ոք երբեք չէր մտածել այն մասին, որ Արշակ պապին` լքելով այս կյանքը, երբևիցե իրեն հիշել կտա: Գյուղացիներն այդ լուրին վերաբերվեցին կարծես առանձնահատուկ մի արհամարհանքով: Նույնիսկ ոչ ոք չմտածեց նրան պատվավոր կերպով հողին հանձնելու մասին: Բայց մի՞թե բոլորը նույն վերաբերմունքն ունեին նրա հանդեպ, երբ օգտվում էին նրա իսկ քրտինքով մշակած այգիների բերքից:

Սկզբի շրջանում և հետո նույնպես ոչ մեկ չէր նկատում Արշակ պապիի բացակայությունը: Երբեմն երեխաներն էին բողոքում, որ հիմա միրգը այն համը չունի, ինչ Արշակ պապիի ժամանակով էր: Սակայն անցան տարիներ ու Արշակ պապիի հուռթի այգիները հերթով սկսեցին չորանալ, վերացան բոլոր ծառերը, հետևաբար և բերքը: Բայց ժողովուրդը ապրում էր իր առօրյա հոգսերով, շուտով բոլորը մոռացան գյուղի գլխավոր հողագործի` Արշակ պապիի մասին: Այո՛, մահից հետո նրան ոչ ոք չհիշեց։

«Ապա առակդ ի՞նչ կցուցանե», կհարցնեք դուք: Առակս կցուցանե , որ բոլորս ստեղծված ենք աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար: Արշակ պապը բացառություն չէր: Նա փոխեց իր գյուղը, ստեղծեց ժամանակի ամենահուռթի այգիները, իսկ երբ հեռացավ այս կյանքից՝ չորացան նրա տարիներով ստեղծած այգիները:Արշակ պապի այս պատմությունը ապացույցն է նրա, որ մեր մահից հետո աշխարհում ինչ-որ մի բան կփոխվի…

воскресенье, 27 октября 2024 г.

Այդքան մոտ ու այդքան հեռու


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 Մաս 1


Աշնանային մռայլ օր էր։ Դպրոցում էի։ Կարծեմ երկրաչափության դասն էր, լավ չեմ հիշում։ Պատուհանները բաց էին, անձրևի ձայնը գնալով ավելի էր խլացնում ուսուցչի ձայնը։ Լամպերը, որ թույլ լուսավորում էին մութ դասասենյակը, երբեմն-երբեմն մարում էին, գուցե եղանակից էր, չգիտեմ։ 10 րոպե էր մնացել դասի ավարտին։ Այդ 10 րոպեները ժամեր էին թվում, երեկվա պես հիշում եմ։ Աչքերս գրեթե փակվում էին, երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ նա։ Մի աղջիկ, ինչպես ինձ այդ պահին թվաց` մի հասարակ աղջիկ։ Բայց ոչ, նա հասարակ աղջիկ չէր։ Նրա կանաչ աչքերը և մուգ շագանակագույն վարսերը, որ անկանոն թափված էին իր ուսերին, ինչ-որ յուրահատուկ բան էին թաքցնում.ի՞նչ, ես չգիտեմ, մինչ այսօր էլ չեմ բացահայտել։ Այնքան էի տարվել նրանով, որ չհասցրի անգամ անունը լսել։ Զանգը հնչեց, մայրս բացեց դուռն ու ասաց.
-Լևո'ն, արագացրու։ 
Նա բռնեց ձեռքիցս և արագ քայլելով հասավ մեքենային։ Այդ ամենը վայրկյաններ տևեց` չհասցրի պայուսակս վերցնել։ Արդեն երկրորդ կարևոր բացթողումն էր։ Մայրս` անուշադրության մատնելով հարցերս, մեքենան էր վարում և գնալով ավելի արագ։ Անհարմար լռությունից հետո, նա կարծես համարձակություն հավաքելով խոսեց.
-Տատիկդ իրեն լավ չի զգում։
Մեկ րոպե դադարից հետո շարունակեց.
-Մի քանի օր այնտեղ կմնանք։ 
Նա չէր ցանկանում ցույց տալ, սակայն վախենում էր, ես գիտեի։ Մայրս շատ ուղեժ կին էր, ես դա միշտ եմ իմացել...


Մաս 2

Օրերը գյուղում շատ ձանձրալի անցան։ Մորաքույրս` Մարիետան, նույնպես այստեղ էր։ Օրերը միանման էին` նախաճաշ, զբոսանք, օրվա մյուս մասը տանն էի։ 3 օրվա ընթացքում 4 գիրք էի հասցրել ընթերցել։ Ձանձրույթը վերջապես ավարտվեց, երբ մի առավոտ մայրս արթնացրեց ու երջանիկ հայացքով ասաց.
-Հետ ենք վերադառնում։
Երջանկությանս չափ չկար։ Ես, իհարկե, սիրում եմ գյուղը։ Ամառային երեկոներ, ընկերներ։ Սակայն տարվա այս եղանակին ամեն ինչ մի տեսակ մռայլ ու տխուր է։ Ինչևէ, ժամեր անց մենք արդեն Երևանում էինք։ Կրկին անձրև էր։ Ես սիրում եմ աշունը, այն այնքան անկանխատեսելի է։ Ամռան բոլոր օրերը միանման են։ Իսկ այ աշունը, տերևներ, քամի, անձրև։ Աշունը տխուր չէ, բոլորովին, պարզապես բոլորը չեն օժտված գեղեցիկը նկատելու հատկությամբ։ Իսկ ովքեր էլ, որ օժտված են` լուռ նստում են, մտածում, բայց երբեք ոչինչ չեն խոսում։ Մինչ այսօր էլ <<մռայլ ու տխուր>> աշունն է, որ ոչ ոքի սրտում մի փոքրիկ անկյուն չի գտնում։
 Ահա այսպես ես արդեն պատրաստվում էի քնել, և մտքումս միայն նա էր` այն խորհրդավոր աղջիկը, որի անունն այդպես էլ գաղտնի մնաց ինձ համար...



Մաս 3

Վերջապես զարթուցիչս զանգեց, սակայն դա չէր, որ ինձ պետք էր արթնացներ։ Մեկ-երկու ժամ է, ես արդեն արթուն էի։ Արեգակի առաջին շողերի հետ բացվեցին նաև իմ աչքերը։ Եվ ես երջանիկ էի, չգիտեմ ինչու, բայց երջանիկ էի։ Րոպեներ անց արդեն կազմ-պատրաստ կանգնած էի դռան մոտ։ Ընկերս` Կարենը, վայրենաբար բացեց դուռը և բղավեց.
-Բարի լույս, Լևոն, տիկին Գայանե, լա՞վ եք։
-Լավ եմ, տղաս.
Քմծիծաղ տալով պատասխանեց մայրս և մտավ խոհանոց։
Մայրս մի լավ կբողոքեր, եթե նրա փոխարեն իմ անկիրթ ընկերներից ինչ-որ մեկը լիներ, բայց Կարենին նա չափից շատ է սիրում, և նույնիսկ ժպիտով պատասխանեց։
Մայրս մեկական հյութ տվեց մեզ և մենք զվարթ դուրս եկանք տնից։
-Լյով, կարոտել էի քեզ
-Լու՞րջ ես ասում։
-Չէ, կատակ եմ անում, դու ինձ ասա՝ ո՞նց էր գյուղում։
-Կատակասերիս տեսեք,-արհամարհանքով ասացի ես.
-Դե նորմալ, ոչինչ չէր փոխվել։ Դու պատմիր։
-Այն նոր աղջկան հիշու՞մ ես։ 
-Հիշում եմ, ոնց չեմ հիշում։
-Ահա, ես իմացել եմ, որ նրա հայրը վերջերս մեկնել է երկրից, բայց նա նոր դպրոց է տեղափոխվել, մինչդեռ բոլորը կարծում էին, որ ընտանիքի մյուս անդամները կմեկնեն հոր մոտ։
Իսկ Մալվինան ոչինչ չի խոսում, մեկ երկու անգամ մենք խոսք ենք բացել, բայց նա հումորի է վերածել և անցել առաջ։ Ինչևէ...
- Մի րոպե, մի րոպե։ Նրա անունը <<Մալվինա՞>> է։
Հարցիս հետ միասին դեմքիս թեթև ժպիտ հայտնվեց, չհասկացա՝ ինչի հետ էր կապված։
-Դե..այո, ինչ-որ խնդի՞ր կա։
-Չէ, ի՞նչ խնդիր պետք է լինի,-մի փոքր կմկմալով, բայց արդեն լայն ժպիտով պատասխանեցի ես։ Չնկատեցի էլ՝ ինչպես հասանք դպրոց։ Կարծում եմ՝ Կարենի երկար ու անիմաստ պատմություններից էր, որոնց պատճառով կորցրել էի ժամանակի զգացումը։


Մաս 4

Չգիտեմ ինչպես հաջողացրինք, բայց ուշացել էինք դասից։ Տիկին Լալայանը մեզ մի լավ զննելուց հետո թույլ տվեց նստել։ Մենք տեղավորվեցինք մեր մշտական նստարանին` պատուհանի մոտ․ ամենավերջին սեղանն էր։ 
Տիկին Լալայանը Կարենին չէր հավանում, Կարենն էլ նույն զգացմունքներն ուներ։ Մինչ նա գանգատվում էր, ես հայացք գցեցի դեպի ուսուցչի սեղանը և նկատեցի նրան` Մալվինային, առաջին սեղանի մոտ նստած։ Նա թիկունքով էր նստած ուստի չնկատեց ինձ։ Փաստորեն նա արդեն ծանոթացել էր բոլորի հետ։ Տպավորություն էր, որ միշտ էլ ճանաչել եմ նրան։ Դասընկերներս նույնպես չափից շատ անմիջական էին դարձել նրա հետ։ Դասամիջոցին, երբ տղաների հետ ծրագրեր էինք կազմում օրը ինչ-որ չափով հետաքրքիր դարձնելու համար, Մալվինան դանդաղ, բայց վստահ քայլերով մոտեցավ մեզ։
-Ես Մալվինան եմ։
Նա մեղմ ժպտաց ինձ և ձեռքը պարզեց։
-Գիտեմ.. էէ.. ուզում էի ասել հաճելի է։ Ես Լևոնն եմ։
Ամեն ինչ այդքան սարսափելի չէր լինի, եթե չլինեին իմ անլուրջ ընկերները, ովքեր օգտվելով իմ շփոթմունքից՝ հռհռում էին, իրենց կորցրած։
-Դե լավ, հանգստացեք,-մի փոքր խիստ ու բարձր ձայնով ասացի ես։
Նրանք լռեցին, բայց քչփչում էին։ Մալվինան նուրբ ժպտաց և պտտվեց իր նոր ընկերուհիների կողմը։ Ես ի պատասխան ժպտացի, և գուցե այդ ժպիտը դեռ երկար ժամանակ մնար իմ դեմքին եթե չլսեի Խաչիկի խեղդամահ ծիծաղը։
Ընկերներիս պահվածքը այդքան էլ իմ սրտով չէր, ինչը դժվար էր չնկատելը։ Ամեն դեպքում նրանք հասկացել էին դա։ 
Դասերից հետո մոտեցան ինձ ներողության խոսքերով։ Ինչքան էլ բառերը նրանք սխալ էին ընտրում, միևնույն է, ես գիտեի, որ դրանք անկեղծ էին...


Մաս 5

Օրերն անցնում էին, Մալվինան գնալով ավելի էր ինտեգրվում մեր դասարանին, իսկ ես գնալով ավելի շատ էի սկսում մտածել նրա մասին, չգիտեմ դա ճիշտ էր թե ոչ, սակայն ոչինչ անել չէի կարող։ 
Իմ պահվածքի կտրուկ փոփոխություններն այդքան էլ աննկատ չէին, սակայն ընկերներիցս միայն Կարենն էր դա զգացել, միշտ էլ իմացել եմ, որ ամենալավը նա է ինձ հասկանում, նա ինչպես ասում են <<հարազատ հոգի>> է։
Ես իմ տեսակով այդքան էլ համարձակ չեմ` ի տարբերություն նրա: Նրա ինքնավստահությանը չափ ու սահման չկա, բայց դա էլ մի բան չէ։ Ինձ բավական էր դպրոցի այդ մի քանի ժամերը նրան հեռվից տեսնելը, կամ ուղղակի իմանալը, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Սակայն ընկերս խորհուրդ տվեց, չնայած ինչ ունեմ թաքցնելու, ստիպեց մոտենալ նրան։ Մի կողմից միգուցե դա էր ճիշտը, բայց դա միայն Կարենի տեսակետն էր։
Մեկ - երկու անգամ համարձակություն էի հավաքել և խոսել նրա հետ․ կամ տնային աշխատանքն էի հարցրել, կամ էլ ինչքա՞ն է մնացել դասի ավարտին։
Բայց դա էլ <<վատ արդյունք չէր>>, ըստ Կարենի, շատ վստահ էր խոսում, գուցե մի բան գիտեր, չեմ կարող ասել։
Երկու շաբաթ անց արդեն պարզել էի, որ նույն ուղղությամբ ենք գնում դասերից հետո և սկսել էինք միասին տուն գնալ։ Միգուցե տարօրինակ էր, բայց դպրոցում չէինք շփվում, կամ էլ ըստ անհրաժեշտության, այդ դեպքերն էլ շատ չէին։ Տուն գնալիս   երբեմն - երբեմն նա էր խոսում, ես միայն լսում էի, մնացած ճանապարհը լռությամբ էինք անցնում։ Մի ամբողջ գիշեր խորհելուց հետո, հասկացա, որ այսպես երկար չի կարող շարունակվել։ Կարծում եմ՝ Կարենի խրատները վերջապես ազդել էին ինձ վրա։ Ինչևէ, լույսը բացվելուն պես ես սկեցի նոր քայլեր ձեռնարկել։


Մաս 6

Լույսն արդեն բացվել էր։ Գիշերն ապարդյուն չէր անցել։ Ես համարձակություն էի հավաքել Մալվինային գոնե մի փոքր մոտ գտնվելու համար։ Եվ, ահա, 20 րոպե շուտ ես հասել էի դպրոց։ Ամբողջ ընթացքում պատուհանի մոտ էի, շատ չեմ սպասել, սակայն այդ ընթացքը մի հավերժություն էր թվում։ Եվ վերջապես նա հայտնվեց, բայց ոչ այնպես, ինչպես ես էի պատկերացրել ամբողջ գիշեր։ Նա չէր փոխվել բոլորովին․ նույն հմայիչ աղջիկն էր, որի միայն աչքերի մեջ նայելով հանգստությոըն էիր զգում, բայց ոչ այս անգամ։ Տագնապը պատել էր ամբողջ մարմինս և այս ամենի պատճառը նա չէր, չէր էլ կարող լինել։ Պատճառը մի երիտասարդ տղա էր, ում թեկուզ մոտ գտնվելը ինձ հունից հանում էր։
5 րոպե զրուցելուց հետո նրանք գրկախառնվեցին և Մալվինան մտավ դպրոց։ Ասել, որ ինձ անպետք էի զգում այս աշխարհում՝ նշանակում է ոչինչ չասել։ Նա ինձ ոչնչով պարտական չէր, և իրավունք ուներ անել այն, ինչ ցանկանում էր, սակայն այդ ակնթարթն ուղղակի գլխի վրա շուռ տվեց իմ ներաշխարհը։ Գուցե նա միակն էր, ով ներխուժել էր հոգուս մեջ, ինչու չէ նաև սրտիս, գուցե նա էր հենց այն աղջիկը, որ ուղարկված էր ճակատագրի կողմից։ Գուցե նա էր այն միակը, որ արժանի էր իմ մեծ սիրուն, չգիտեմ։ Ամեն դեպքում արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար։ Ինչպես ես հետո պարզեցի՝ նրանք միասին էին, և արդեն վաղուց։ Չկարծեք, թե ես շուտ հանձնվողներից եմ, սակայն նա երջանիկ էր ուրիշի հետ, ոչ իմ։ Իսկ սիրող մարդու համաև ի՞նչն է կարևոր, որ իր սիրելին երջանիկ լինի։ Նա երջանիկ էր, ես նույնպես, ուղղակի իրարից շատ հեռու։
Մի պահ Լևոնը աչքերը փակելով կարծես ուզում էր ննջել.
-Լևոն պապ, Լևոն պապ, իսկ հետո ի՞նչ եղավ։
Աչքերը դանդաղ բացելով, թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին և նա խոսեց.
-Այսքանն էր, իմ առաջին, բայց դժբախտ սիրո պատմությունը։ Ես չեմ խռովել աշխարհից և խորտակվել միայնության մեջ։ Նա ինձ միշտ եղել է այդքան մոտ ու այդքան հեռու։ Տարիները տանջել են ինձ, չեմ թաքցնում։ Բայց, երբ ժամանակը գա՝ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ճիշտ ժամանակը եկավ, ես հանդիպեցի այն աղջկան, ով իսկապես ինձ համար էր։ Ում հետ էլ ապրում եմ մինչ այսօր։ 
Ես ուզում եմ, որ դուք չհանձնվեք։ Յուրաքանչյուր պարագայում լինեք ուժեղ և հավատաք, որ ինչքան էլ գիշերը մութ է լինում, արևի վառ շողերը ճեղքում են գորշ ամպերը և լուսավորում մեր կյանքը։
Սա պատմություն չէ դժբախտ սիրո, անհամարձակ տղայի կամ կյանքի դժբախտ փորձության մասին։
Սա պատմություն է անկեղծ սիրո, հավատի և չհանձնվելու մասին։ Այնպես որ, ես ուզում եմ բոլորդ հիշեք այս պատմությունը և երբեք չհանձնվեք։ Խոստանու՞մ եք։
-Խոստանում ենք։

Ի՞նչ պետք է անենք, որ հեռու մնանք վիրուսներից․Հարցում

Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրեր առաջ փորձեցինք մայրաքաղաքում հարցում անցկացնել՝  պարզելու, թե եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ 
ի՞նչ պետք է անենք, որ հեռու մնանք վիրուսներից ու չհիվանդանանք: 

 -Բոլորս պետք է նախապես պատրաստվենք,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մյուս քաղաքացին, ով սպասում էր ավտոբուսի ժամանամանը՝ կատակելով պատասխանեց․

-Տաք շոր ենք հագնում, ի՞նչ պիտի անենք:

Մեր զրուցակիցներից մեկն էլ արդեն հասցրել էր հիվանդանալ։

-Ես արդեն մրսել ու հիվանդացել եմ, հիմա բուժվում եմ: Մենք եղանակի հետ ոչինչ չենք կարող անել, պետք է դիմանանք,- ասաց նա:

Վերադարձ դեպի տուն՝ Շաքի


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամեն ինչն ունի սկիզբ և ավարտ: Եկավ և հայրենի գյուղից բաժանվելու պահը: Ամբողջ մանկությունս անցկացրել եմ ծնողներիս հայրենի գյուղում` Շաքիում: Ամիսներ առաջ գերազանցությամբ ավարտեցի տեղի հիմնական դպրոցը և շուտով պետք է տեղափոխվեի քաղաք` ուսումս բուհում շարունակելու համար: Ինձ համար, այո՛, կարևոր է իմ ապագան, կրթությունն ու հետագա մասնագիտության ճշգրիտ ընտրությունը: Բայց կար մի հսկայական բայց: Ես ոչ մի կերպ չէի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ բաժանման ու նոր կյանք սկսելու պահն է եկել՝ այդքան սարերի հետևում թվացող պահը: Չէի ուզում համակերպվել, որ եկել է նաև մանկությանս ավարտը: Ամեն ինչ գյուղն ու հայրենիքս էր հիշեցնում՝ սկսած սեփական անունիցս:

Կարճ ասած, ես չէի ուզում լքել գյուղն ու տեղափոխվել քաղաք…

Սեպտեմբերի 1

Ես քաղաքում եմ. նոր շրջապատ նոր ուսումնական հաստատություն, նոր տուն, և վերջիվերջո նոր կյանք… Կանգնած ամբոխի մեջ` սավառնում էի հարազատ Շաքիիս սարերով, երբ մեկը բղավեց ականջիս տակ.

-Բարև, միանգամից ասեմ, որ այս կուրսում հրամայողը ես եմ, մնացածներդ էլ կատարողը, որ հետո հանկարծ խնդրի առջև չկանգնես:

Ես ապշած նայեցի անդաստիարակ ու գոռոզ աղջկան, իսկ նա շրջվեց ու կորավ իմ տեսադաշտից; Հետագայում իմացա, որ նա համալսարանի տնօրենի ավագ դուստրն է: Առաջին ուսումնական օրս, ինչ խոսք, այդքան էլ լավ չանցավ: Կուրսեցիներս ոչ պակաս գոռոզ էին, հատկապես այն բանից հետո, երբ իմացան, որ գյուղից եմ եկել: Տուն վերադարձա չափազանց հուսահատ ու հիասթափված: Մորաքույրս, ում տանն էլ ժամանակավոր պետք է բնակվեի, խրախուսում էր ինձ, ասում, որ ժամանակի հետ կհամակերպվեմ ու կընդունեմ համակուրսեցիներիս, ինչու՞ չէ՝ նաև ձեռք կբերեմ ընկերներ: Բայց ես համոզված չէի դրանում։ Վսհատ էի միայն, որ հայրենի գյուղս եմ ուզում, ուզում եմ կրկին խոսել բարբառով ու կրկին զբոսնել Շաքիի անտառներում, ես տուն եմ ուզում…

Օրերն անցնում էին, բայց ո՛չ ես, ո՛չ էլ համակուրսեցիներս չէինք փոխում մեր կարծիքը մեկս մյուսի մասին: Ես արդեն հոգնել էի ինքս ինձ խաբելուց ու կարծես թե լուծում էի գտել:

Մի առավոտ արթնացա, հապշտապ հավաքեցի բոլոր իրերս ու դուրս թռա սենյակից:

-Չե՞ս նախաճաշում, Շաքի,- խոհանոցից բղավեց մորաքույրս:

Ես գետնին  գցեցի անհաշվելի տոպրակներն ու պայուսակները ու գնացի խոհանոց:

-Մորաքույր, ես գնում եմ:

-Հա էլի գնա, բայց նախաճաշիր նոր, Շաքի ջան:

-Չէ մորաքույր, ես գնում եմ գյուղ` Շաքի,- վճռական ասացի ես;

-Ինչպե՞ս թե, հո դու չե՞ս գժվել,- նա աչքերը հառած նայում էր վրաս։

-Հա, գժվել եմ. գժվել եմ անճարությունից, ինքս ինձ խաբելով, որ ամեն ինչ կհարթվի, գժվել եմ կարոտից, ուղղակի գժվել եմ: Ես այսպես չեմ կարող ոչնչի հասնել;

Մորաքույրս կարծես հասկացավ, որ ինձ կանգնեցնելն անհնար է ու պարտված ասաց.

-Լավ, դու գիտես, Շաքի ջան, բայց հիշիր, որ այս տան դռները քո առջև միշտ բաց են:

-Շնորհակալ եմ, մորաքույր, անչափ շնորհակալ եմ: Դեռ կտեսնվե՜նք,- ես գրկեցի նրան, կրկին վերցրեցի բոլոր իրերս ու դուրս գնացի տնից:

Մի քանի րոպեից ինձ մոտեցավ տաքսին: Մենք նախ և առաջ կանգ առանք համալսարանի դիմաց: Ես ընդունարանից վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու տեղեկացրի անձնակազմին, որ այլևս չեմ պատրաստվում ուսումս այստեղ շարունակել: Ապա անչափ ոգևորված նստեցի մեքենան ու հայտարարեցի.

-Իսկ հիմա՝ գնում ենք գյուղ Շաքի:

Գյուղում ես մի քանի ամիս զբաղվեցի ինքնակրթությամբ, որոշ ժամանակ հաճախեցի դասերի՝ հարևաններից մեկի մոտ գիտելիքներս ամրապնդելու համար: Անցա աշխատանքի գյուղի դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Կարևորն այն էր, որ հիմա ես հաճույքով էի իմ գործն անում, ու որ ես տանն էի`Շաքիում:

среда, 23 октября 2024 г.

Եթե դու Աստծուն արժանի զավակ չես, նախանձում ես և այլ մեղքեր գործում` կրթությունը բացարձակ արժեք չունի


Նելլի Մխիթարյան

 ԱՀՏ Լրագրության դասարան 

ԱՀՏ-ի լրագրության դասարանի սաները անցորդներից փորձել են պարզել, թե որքանո՞վ է կարևոր բարձրագույն  կրթությունը։ 

<<Կրթությունը մեծ դեր ունի մարդու կյանքում։ եթե մարդը չունի բազային կրթություն` չի կարող կայանալ ո՜չ մասնագիտության և ոչ էլ այլ բնագավառում։ Իսկ բարձրագույն կրթությունն իր յուրահատուկ դերն ունի։ Թեկուզև միայն ուսանողական տարիները, շրջապատը, դասախոսները փոխում են մարդուն դեպի լավը, սկսում ես պարտավորվածություն զգալ>>- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն ասաց, որ կրթությունը շատ արժեքավոր բան է, բայց կարևոր է, թե այդ կրթությունն ի՞նչ նպատակի է ծառայում։ Նա նշեց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում և ավելի կարևոր է Աստծուն արժանի զավակ լինել, քան բարձրագույն կրթություն ունենալը։ <<Բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, բայց եթե դու Աստծուն արժանի զավակ չես, նախանձում ես ուրիշներին և այլ մեղքեր գործում, այդ կրթությունը բացարձակ արժեք չունի>>,_շեշտեց նա։

Զրուցակիցներից մեկն էլ կարևորեց լավ մարդ լինելը` ասելով.<<Երբեմն հասարակությունն ասում է, որ կրթությունը մեծ դեր ունի։ Իհարկե դեր ունի շատ հարցերում, բայց որպես մարդ, անձնավորություն դաստիարակությունն է կարևոր։ Ինքը ներքուստ պետք է լավ մարդ լինի>>։

Ատում եմ քեզ` աշուն. դու խլեցիր, տարար հայրենիքիս մի մասը




Նելլի Մխիթարյան

 ԱՀՏ Լրագրության դասարան 

Սիրում էի քեզ Աշուն։ Գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկի համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգուն և վառ աշուն։ Չէի տեսնում ես մութ ու գորշ օրեր քո մեջ։ Ամիսներդ լի էին խինդով ու ծիծաղով։ Արև, տերևաթափ, երբեմն-երբեմն անձրևներ։ Սակայն միևնույն է, հիասքանչ էիր դու։ Սիրում էի նստել պատուհանի մոտ, երբ դրսում ցուրտ էր ու անձրև էր գալիս։ Նստել, երազել։

Աշնան ամենահաճելի զբաղմունքներիցս մեկը հեքիաթային բնության գրկում գիրք կարդալն էր։ Անչափ հաճելի էր աշնանային տերևաթափից հետո զբոսնել խշխշուն և գունեղ տերևներով գործած գորգի վրայով։

Եվ ամեն անգամ, երբ քայլելում էի աշնան շնչով պատված սակավամարդ այգիներում, ես ինձ պատկերացնում էի մի փոքրիկ աղջնակ` մոլորված աշնան հեքիաթում……

Հեքիաթ օրը լի էր հրաշքով և կախարդանքով, որը չուներ ավարտ։

Բայց մի օր հեքիաթը վերածվեց մղձավանջի, սարսափելի երազի, երբ կրկին եկար դու` աշուն, բերելով քո հետ պատերազմ, մահաբեր ու կործանարար։

Ատեցի քեզ աշուն... Ատեցի ամբողջ սրտով, որովհետև չթողեցիր քո միջոցով երջանկությունը ևս մեկ անգամ զգայի։ Խլեցիր, տարար հայրենիքիս մի մասը, հայ զինվորի, անմեղ երեխայի և բնակչի կյանքը, աչքերս արցունքով լցրեցիր։ Ի՞նչ կա քո մեջ հիմա։ Ցավով, տառապանքով լի հիշողություններ միայն....

Աշուն



Արփինե Հարությունյան 
ԱՀՏ Լրագրության դասարան 

Մարիամը եղբոր ու ընտանիքի հետ բռնի տեղահանվել էր Արցախից։ Նրանք տեղափոխվել էին մի անծանոթ քաղաք։ Մարիամն անդադար լաց էր լինում ու չէր կարողանում համակերպվել այn մտքի հետ, որ Արցախն ամայացել է։

Նրա եղբայրը` Արթուրը, փորձում էր քաջալերել նրան` ասելով, որ օրը կգա և նրանք կվերադառնան իրենց հայրենիք, սակայն Մարիամը չէր կարողանում լացը դադարեցնել։ Նա հիշում էր ընկուզենին, որի հովանու ներքո ընկերուհիներով ժամանակ էին անցկացնում, հիշում էր նաև ծիծաղը, որ լսվում էր Արցախի արահետներում։

Եկավ աշունը։ Մարիամը համոզեց իր ընտանիքին, որ իրենց տան դիմացի այգում փոքրիկ միջոցառում կազմակերպի։

Նա այդ օրը զգաց, որ Արցախի մասին հիշողությունները չպետք է լինեն միայն վշտի աղբյուր, այլ նաև սիրո և ստեղծագործության։

воскресенье, 20 октября 2024 г.

Սիրում եմ իմ Հայաստանի գունազարդ աշունը

 



Արամ Արևշատյան                                                                      
ԱՀՏ Լրագրության դասարան         
                                            
 Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,                                

  Հոգեվարքի դեղին մի առասպել:                                                  


  Այսպես է աշունն իր բանաստեղծություններից մեկում նկարագրել բանաստեղծ Համո Սահյանը։ Ինձ համար աշունը մի գունազարդ եղանակ է, որի յուրահատկությունը երևում է իմ չքնաղ Հայաստանում։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստանի աշունը։ Աշունն ավելի են գեղեցկացնում աշնանային անձրևը և գունազարդ տերևները։ Ինձ համար աշունը եղանակների թագուհին է։ 

среда, 16 октября 2024 г.

Իրական ուժը գալիս է միասնությունից և իրատեսական երազանքներից

 


Արփինե Հարությունյան                 
 ԱՀՏ Լրագրության դասարան     

   Մի փոքրիկ գյուղում, որտեղ յուրաքանչյուր մարդ իր գործով էր զբաղվում և չէր հրաժարվում օգնել մյուսներին ապրում էին ուսուցիչներ, սակայն ամենաանբասիր կենսագրություն ունեցող ուսուցչուհին ընկեր Սերոբյանն էր։ Նա դասավանդում էր գրեթե ամբողջ գյուղի երեխաներին։

Մի գիշեր աշակերտները հավաքվել էին ուսուցչի մոտ ու նայում էին երկնքում փայլող աստղերին և ընկ. Սերոբյանը որոշեց պատմել մի հեթանոսական պատմություն։ Այդ պատմությունն այնքան ազդեցիկ էր, որ աշակերտները մտովի ընկնում էին երազների գիրկը։

Ուսուցչուհին նկատելով սա` հասկացավ, որ կրթությունն ավելին է, քան միայն գիտելիքներ փոխանցելը։ 

Ընկեր Սերոբյանը սովորեցրեց նրանց, որ մոլորության և դժվարության ժամանակ, երբ թվում է, որ ամեն ինչ ավարտվել է` իրական ուժը գալիս է միասնությունից և իրատեսական երազանքներից։

  Այդ գիշեր աշակերտները հեռացան ոչ միայն նոր գիտելիքներով, այլև նոր նպատակներով, որոնք կմղեին նրանց դեպի ապագա` լի հավատով և սիրով...։

среда, 18 сентября 2024 г.

Դարի չարիքը անկում ապրելու փոխարեն, է՛լ ավելի է տարածում ստանում


Երևի թե բոլորս ենք նկատել, որ մեր օրերում արդիական է դարձել ուսումնական տարբեր հաստատություններում ծխելը: Ոմանք սովորական, ոմանք էլ էլեկտրական, որպեսզի հանկարծ հետ չմնան ու բավականաչափ ժամանակակից երևան մյուսների աչքին: Ինչքան էլ որ ծնողների ու ուսուցիչների կողմից արգելված լինի ծխախոտը, շատերը նույնիսկ շրջանցելով արգելքները` փորձում են ձեռք բերել բոլոր ժամանակների չարիքը` ծխախոտը։

Վերջերս բավականաչափ «համբավ» ու ճանաչում է ստացել նաև ծխախոտի մեկ այլ տեսակ` էլեկտրական ծխախոտը: Դրանք տարբերվում են իրենց համով, հոտով, տեսքով, օգտագործման ձևով: Ասում են նաև, որ նման`էլեկտրական` տարբեր մրգային հոտերով ու բուրավետիչներով ծխախոտներն իրենցից հետո ծխի հոտ չեն թողնում:

Երևի հենց դա է պատճառը, որ դեռահասների շրջանում, վերջին տարիներին, ավելի տարածված են նման տեսակի ծխախոտները, քան մյուս`«ավանդականները»:

Շատ ծնողներ ու ուսուցիչներ են պայքարի մեջ մտել նման հիմնախնդրի լուծման համար, սակայն դարի չարիքը անկում ապրելու փոխարեն, է՛լ ավելի է տարածում ստանում ու դառնում արդիական:

Թթուջուր․ինչո՞ւ է օգտակար աղբյուրի ջուրը


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Հարգելի՛ ընթերցող, այսօր ձեզ կպատմեմ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղի մասին, որտեղ անցկացրեցի ամառային արձակուրիս մի քանի օրը։

Գյուղը գտնվում է Գետիկի աջ ափին՝ մարզկենտրոն Գավառից 79 կմ հյուսիս-արևելք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1740 մ բարձրության վրա:

Մարդիկ այնտեղ ակտիվորեն զբաղվում են անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղում կա եկեղեցի` «Կոտրած Եղցի» անունով (10-12 դ.դ.), մոտակայքում` Սարուկապ գյուղատեղի (17-18 դ.դ.), մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ: Գյուղից արևմուտք գտնվում է 19-րդ դարի կամուրջ:

Գյուղը սիրված է զբոսաշրջիկների կողմից․ կենտրոնում, եկեղեցու հարևանությամբ գտնվող ժայռի վրա խոյացող անհետ կորած զինվորի արձանի մոտ է գտնվում հանքային ջրի ակունքը` համանուն գյուղի գետնահոս աղբյուրը: Աղբյուրից օգտվում են ինչպես խմելու, այնպես էլ որոշ մաշկային հիվանդությունների բուժման համար:

Ջուրն ունի երկու ակունք. առաջինն օգտագործվում է լվացվելու համար, երկրորդը` խմելու: Խմելու ջրի ֆիլտրացիան կատարում են քարերը, որոնք պարբերաբար փոխվում են: Բնակիչները յուրահատուկ վերաբերմունք ունեն ակունքների հանդեպ: Ամեն ակունք յուրահատուկ համ ունի և ըստ համերի էլ համապատասխան անուններ` Կաթնաղբյուր, Թթուջուր:

Զվարճալի մի փաստ. Ոչ տեղացի այցելուներն ու զբոսաշրջիկները հաճախ են շփոթում ակունքներն ու խմում լվացվելու ակունքից: Հետնամասում` մոտակա առվակի կողքով, բացվում է նեղ ճանապարհ դեպի ժայռի գագաթ, որտեղից էլ բացվում է չափսերով փոքր, սակայն հարուստ բուսականությամբ ու անսահման գեղեցիկ Թթուջուր գյուղի տեսարանը:

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...