Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Ամեն ինչն ունի սկիզբ և ավարտ: Եկավ և հայրենի գյուղից բաժանվելու պահը: Ամբողջ մանկությունս անցկացրել եմ ծնողներիս հայրենի գյուղում` Շաքիում: Ամիսներ առաջ գերազանցությամբ ավարտեցի տեղի հիմնական դպրոցը և շուտով պետք է տեղափոխվեի քաղաք` ուսումս բուհում շարունակելու համար: Ինձ համար, այո՛, կարևոր է իմ ապագան, կրթությունն ու հետագա մասնագիտության ճշգրիտ ընտրությունը: Բայց կար մի հսկայական բայց: Ես ոչ մի կերպ չէի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ բաժանման ու նոր կյանք սկսելու պահն է եկել՝ այդքան սարերի հետևում թվացող պահը: Չէի ուզում համակերպվել, որ եկել է նաև մանկությանս ավարտը: Ամեն ինչ գյուղն ու հայրենիքս էր հիշեցնում՝ սկսած սեփական անունիցս:
Կարճ ասած, ես չէի ուզում լքել գյուղն ու տեղափոխվել քաղաք…
Սեպտեմբերի 1
Ես քաղաքում եմ. նոր շրջապատ նոր ուսումնական հաստատություն, նոր տուն, և վերջիվերջո նոր կյանք… Կանգնած ամբոխի մեջ` սավառնում էի հարազատ Շաքիիս սարերով, երբ մեկը բղավեց ականջիս տակ.
-Բարև, միանգամից ասեմ, որ այս կուրսում հրամայողը ես եմ, մնացածներդ էլ կատարողը, որ հետո հանկարծ խնդրի առջև չկանգնես:
Ես ապշած նայեցի անդաստիարակ ու գոռոզ աղջկան, իսկ նա շրջվեց ու կորավ իմ տեսադաշտից; Հետագայում իմացա, որ նա համալսարանի տնօրենի ավագ դուստրն է: Առաջին ուսումնական օրս, ինչ խոսք, այդքան էլ լավ չանցավ: Կուրսեցիներս ոչ պակաս գոռոզ էին, հատկապես այն բանից հետո, երբ իմացան, որ գյուղից եմ եկել: Տուն վերադարձա չափազանց հուսահատ ու հիասթափված: Մորաքույրս, ում տանն էլ ժամանակավոր պետք է բնակվեի, խրախուսում էր ինձ, ասում, որ ժամանակի հետ կհամակերպվեմ ու կընդունեմ համակուրսեցիներիս, ինչու՞ չէ՝ նաև ձեռք կբերեմ ընկերներ: Բայց ես համոզված չէի դրանում։ Վսհատ էի միայն, որ հայրենի գյուղս եմ ուզում, ուզում եմ կրկին խոսել բարբառով ու կրկին զբոսնել Շաքիի անտառներում, ես տուն եմ ուզում…
Օրերն անցնում էին, բայց ո՛չ ես, ո՛չ էլ համակուրսեցիներս չէինք փոխում մեր կարծիքը մեկս մյուսի մասին: Ես արդեն հոգնել էի ինքս ինձ խաբելուց ու կարծես թե լուծում էի գտել:
Մի առավոտ արթնացա, հապշտապ հավաքեցի բոլոր իրերս ու դուրս թռա սենյակից:
-Չե՞ս նախաճաշում, Շաքի,- խոհանոցից բղավեց մորաքույրս:
Ես գետնին գցեցի անհաշվելի տոպրակներն ու պայուսակները ու գնացի խոհանոց:
-Մորաքույր, ես գնում եմ:
-Հա էլի գնա, բայց նախաճաշիր նոր, Շաքի ջան:
-Չէ մորաքույր, ես գնում եմ գյուղ` Շաքի,- վճռական ասացի ես;
-Ինչպե՞ս թե, հո դու չե՞ս գժվել,- նա աչքերը հառած նայում էր վրաս։
-Հա, գժվել եմ. գժվել եմ անճարությունից, ինքս ինձ խաբելով, որ ամեն ինչ կհարթվի, գժվել եմ կարոտից, ուղղակի գժվել եմ: Ես այսպես չեմ կարող ոչնչի հասնել;
Մորաքույրս կարծես հասկացավ, որ ինձ կանգնեցնելն անհնար է ու պարտված ասաց.
-Լավ, դու գիտես, Շաքի ջան, բայց հիշիր, որ այս տան դռները քո առջև միշտ բաց են:
-Շնորհակալ եմ, մորաքույր, անչափ շնորհակալ եմ: Դեռ կտեսնվե՜նք,- ես գրկեցի նրան, կրկին վերցրեցի բոլոր իրերս ու դուրս գնացի տնից:
Մի քանի րոպեից ինձ մոտեցավ տաքսին: Մենք նախ և առաջ կանգ առանք համալսարանի դիմաց: Ես ընդունարանից վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու տեղեկացրի անձնակազմին, որ այլևս չեմ պատրաստվում ուսումս այստեղ շարունակել: Ապա անչափ ոգևորված նստեցի մեքենան ու հայտարարեցի.
-Իսկ հիմա՝ գնում ենք գյուղ Շաքի:
Գյուղում ես մի քանի ամիս զբաղվեցի ինքնակրթությամբ, որոշ ժամանակ հաճախեցի դասերի՝ հարևաններից մեկի մոտ գիտելիքներս ամրապնդելու համար: Անցա աշխատանքի գյուղի դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Կարևորն այն էր, որ հիմա ես հաճույքով էի իմ գործն անում, ու որ ես տանն էի`Շաքիում:

Комментариев нет:
Отправить комментарий