Որոնում

воскресенье, 27 октября 2024 г.

Այդքան մոտ ու այդքան հեռու


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 Մաս 1


Աշնանային մռայլ օր էր։ Դպրոցում էի։ Կարծեմ երկրաչափության դասն էր, լավ չեմ հիշում։ Պատուհանները բաց էին, անձրևի ձայնը գնալով ավելի էր խլացնում ուսուցչի ձայնը։ Լամպերը, որ թույլ լուսավորում էին մութ դասասենյակը, երբեմն-երբեմն մարում էին, գուցե եղանակից էր, չգիտեմ։ 10 րոպե էր մնացել դասի ավարտին։ Այդ 10 րոպեները ժամեր էին թվում, երեկվա պես հիշում եմ։ Աչքերս գրեթե փակվում էին, երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ նա։ Մի աղջիկ, ինչպես ինձ այդ պահին թվաց` մի հասարակ աղջիկ։ Բայց ոչ, նա հասարակ աղջիկ չէր։ Նրա կանաչ աչքերը և մուգ շագանակագույն վարսերը, որ անկանոն թափված էին իր ուսերին, ինչ-որ յուրահատուկ բան էին թաքցնում.ի՞նչ, ես չգիտեմ, մինչ այսօր էլ չեմ բացահայտել։ Այնքան էի տարվել նրանով, որ չհասցրի անգամ անունը լսել։ Զանգը հնչեց, մայրս բացեց դուռն ու ասաց.
-Լևո'ն, արագացրու։ 
Նա բռնեց ձեռքիցս և արագ քայլելով հասավ մեքենային։ Այդ ամենը վայրկյաններ տևեց` չհասցրի պայուսակս վերցնել։ Արդեն երկրորդ կարևոր բացթողումն էր։ Մայրս` անուշադրության մատնելով հարցերս, մեքենան էր վարում և գնալով ավելի արագ։ Անհարմար լռությունից հետո, նա կարծես համարձակություն հավաքելով խոսեց.
-Տատիկդ իրեն լավ չի զգում։
Մեկ րոպե դադարից հետո շարունակեց.
-Մի քանի օր այնտեղ կմնանք։ 
Նա չէր ցանկանում ցույց տալ, սակայն վախենում էր, ես գիտեի։ Մայրս շատ ուղեժ կին էր, ես դա միշտ եմ իմացել...


Մաս 2

Օրերը գյուղում շատ ձանձրալի անցան։ Մորաքույրս` Մարիետան, նույնպես այստեղ էր։ Օրերը միանման էին` նախաճաշ, զբոսանք, օրվա մյուս մասը տանն էի։ 3 օրվա ընթացքում 4 գիրք էի հասցրել ընթերցել։ Ձանձրույթը վերջապես ավարտվեց, երբ մի առավոտ մայրս արթնացրեց ու երջանիկ հայացքով ասաց.
-Հետ ենք վերադառնում։
Երջանկությանս չափ չկար։ Ես, իհարկե, սիրում եմ գյուղը։ Ամառային երեկոներ, ընկերներ։ Սակայն տարվա այս եղանակին ամեն ինչ մի տեսակ մռայլ ու տխուր է։ Ինչևէ, ժամեր անց մենք արդեն Երևանում էինք։ Կրկին անձրև էր։ Ես սիրում եմ աշունը, այն այնքան անկանխատեսելի է։ Ամռան բոլոր օրերը միանման են։ Իսկ այ աշունը, տերևներ, քամի, անձրև։ Աշունը տխուր չէ, բոլորովին, պարզապես բոլորը չեն օժտված գեղեցիկը նկատելու հատկությամբ։ Իսկ ովքեր էլ, որ օժտված են` լուռ նստում են, մտածում, բայց երբեք ոչինչ չեն խոսում։ Մինչ այսօր էլ <<մռայլ ու տխուր>> աշունն է, որ ոչ ոքի սրտում մի փոքրիկ անկյուն չի գտնում։
 Ահա այսպես ես արդեն պատրաստվում էի քնել, և մտքումս միայն նա էր` այն խորհրդավոր աղջիկը, որի անունն այդպես էլ գաղտնի մնաց ինձ համար...



Մաս 3

Վերջապես զարթուցիչս զանգեց, սակայն դա չէր, որ ինձ պետք էր արթնացներ։ Մեկ-երկու ժամ է, ես արդեն արթուն էի։ Արեգակի առաջին շողերի հետ բացվեցին նաև իմ աչքերը։ Եվ ես երջանիկ էի, չգիտեմ ինչու, բայց երջանիկ էի։ Րոպեներ անց արդեն կազմ-պատրաստ կանգնած էի դռան մոտ։ Ընկերս` Կարենը, վայրենաբար բացեց դուռը և բղավեց.
-Բարի լույս, Լևոն, տիկին Գայանե, լա՞վ եք։
-Լավ եմ, տղաս.
Քմծիծաղ տալով պատասխանեց մայրս և մտավ խոհանոց։
Մայրս մի լավ կբողոքեր, եթե նրա փոխարեն իմ անկիրթ ընկերներից ինչ-որ մեկը լիներ, բայց Կարենին նա չափից շատ է սիրում, և նույնիսկ ժպիտով պատասխանեց։
Մայրս մեկական հյութ տվեց մեզ և մենք զվարթ դուրս եկանք տնից։
-Լյով, կարոտել էի քեզ
-Լու՞րջ ես ասում։
-Չէ, կատակ եմ անում, դու ինձ ասա՝ ո՞նց էր գյուղում։
-Կատակասերիս տեսեք,-արհամարհանքով ասացի ես.
-Դե նորմալ, ոչինչ չէր փոխվել։ Դու պատմիր։
-Այն նոր աղջկան հիշու՞մ ես։ 
-Հիշում եմ, ոնց չեմ հիշում։
-Ահա, ես իմացել եմ, որ նրա հայրը վերջերս մեկնել է երկրից, բայց նա նոր դպրոց է տեղափոխվել, մինչդեռ բոլորը կարծում էին, որ ընտանիքի մյուս անդամները կմեկնեն հոր մոտ։
Իսկ Մալվինան ոչինչ չի խոսում, մեկ երկու անգամ մենք խոսք ենք բացել, բայց նա հումորի է վերածել և անցել առաջ։ Ինչևէ...
- Մի րոպե, մի րոպե։ Նրա անունը <<Մալվինա՞>> է։
Հարցիս հետ միասին դեմքիս թեթև ժպիտ հայտնվեց, չհասկացա՝ ինչի հետ էր կապված։
-Դե..այո, ինչ-որ խնդի՞ր կա։
-Չէ, ի՞նչ խնդիր պետք է լինի,-մի փոքր կմկմալով, բայց արդեն լայն ժպիտով պատասխանեցի ես։ Չնկատեցի էլ՝ ինչպես հասանք դպրոց։ Կարծում եմ՝ Կարենի երկար ու անիմաստ պատմություններից էր, որոնց պատճառով կորցրել էի ժամանակի զգացումը։


Մաս 4

Չգիտեմ ինչպես հաջողացրինք, բայց ուշացել էինք դասից։ Տիկին Լալայանը մեզ մի լավ զննելուց հետո թույլ տվեց նստել։ Մենք տեղավորվեցինք մեր մշտական նստարանին` պատուհանի մոտ․ ամենավերջին սեղանն էր։ 
Տիկին Լալայանը Կարենին չէր հավանում, Կարենն էլ նույն զգացմունքներն ուներ։ Մինչ նա գանգատվում էր, ես հայացք գցեցի դեպի ուսուցչի սեղանը և նկատեցի նրան` Մալվինային, առաջին սեղանի մոտ նստած։ Նա թիկունքով էր նստած ուստի չնկատեց ինձ։ Փաստորեն նա արդեն ծանոթացել էր բոլորի հետ։ Տպավորություն էր, որ միշտ էլ ճանաչել եմ նրան։ Դասընկերներս նույնպես չափից շատ անմիջական էին դարձել նրա հետ։ Դասամիջոցին, երբ տղաների հետ ծրագրեր էինք կազմում օրը ինչ-որ չափով հետաքրքիր դարձնելու համար, Մալվինան դանդաղ, բայց վստահ քայլերով մոտեցավ մեզ։
-Ես Մալվինան եմ։
Նա մեղմ ժպտաց ինձ և ձեռքը պարզեց։
-Գիտեմ.. էէ.. ուզում էի ասել հաճելի է։ Ես Լևոնն եմ։
Ամեն ինչ այդքան սարսափելի չէր լինի, եթե չլինեին իմ անլուրջ ընկերները, ովքեր օգտվելով իմ շփոթմունքից՝ հռհռում էին, իրենց կորցրած։
-Դե լավ, հանգստացեք,-մի փոքր խիստ ու բարձր ձայնով ասացի ես։
Նրանք լռեցին, բայց քչփչում էին։ Մալվինան նուրբ ժպտաց և պտտվեց իր նոր ընկերուհիների կողմը։ Ես ի պատասխան ժպտացի, և գուցե այդ ժպիտը դեռ երկար ժամանակ մնար իմ դեմքին եթե չլսեի Խաչիկի խեղդամահ ծիծաղը։
Ընկերներիս պահվածքը այդքան էլ իմ սրտով չէր, ինչը դժվար էր չնկատելը։ Ամեն դեպքում նրանք հասկացել էին դա։ 
Դասերից հետո մոտեցան ինձ ներողության խոսքերով։ Ինչքան էլ բառերը նրանք սխալ էին ընտրում, միևնույն է, ես գիտեի, որ դրանք անկեղծ էին...


Մաս 5

Օրերն անցնում էին, Մալվինան գնալով ավելի էր ինտեգրվում մեր դասարանին, իսկ ես գնալով ավելի շատ էի սկսում մտածել նրա մասին, չգիտեմ դա ճիշտ էր թե ոչ, սակայն ոչինչ անել չէի կարող։ 
Իմ պահվածքի կտրուկ փոփոխություններն այդքան էլ աննկատ չէին, սակայն ընկերներիցս միայն Կարենն էր դա զգացել, միշտ էլ իմացել եմ, որ ամենալավը նա է ինձ հասկանում, նա ինչպես ասում են <<հարազատ հոգի>> է։
Ես իմ տեսակով այդքան էլ համարձակ չեմ` ի տարբերություն նրա: Նրա ինքնավստահությանը չափ ու սահման չկա, բայց դա էլ մի բան չէ։ Ինձ բավական էր դպրոցի այդ մի քանի ժամերը նրան հեռվից տեսնելը, կամ ուղղակի իմանալը, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Սակայն ընկերս խորհուրդ տվեց, չնայած ինչ ունեմ թաքցնելու, ստիպեց մոտենալ նրան։ Մի կողմից միգուցե դա էր ճիշտը, բայց դա միայն Կարենի տեսակետն էր։
Մեկ - երկու անգամ համարձակություն էի հավաքել և խոսել նրա հետ․ կամ տնային աշխատանքն էի հարցրել, կամ էլ ինչքա՞ն է մնացել դասի ավարտին։
Բայց դա էլ <<վատ արդյունք չէր>>, ըստ Կարենի, շատ վստահ էր խոսում, գուցե մի բան գիտեր, չեմ կարող ասել։
Երկու շաբաթ անց արդեն պարզել էի, որ նույն ուղղությամբ ենք գնում դասերից հետո և սկսել էինք միասին տուն գնալ։ Միգուցե տարօրինակ էր, բայց դպրոցում չէինք շփվում, կամ էլ ըստ անհրաժեշտության, այդ դեպքերն էլ շատ չէին։ Տուն գնալիս   երբեմն - երբեմն նա էր խոսում, ես միայն լսում էի, մնացած ճանապարհը լռությամբ էինք անցնում։ Մի ամբողջ գիշեր խորհելուց հետո, հասկացա, որ այսպես երկար չի կարող շարունակվել։ Կարծում եմ՝ Կարենի խրատները վերջապես ազդել էին ինձ վրա։ Ինչևէ, լույսը բացվելուն պես ես սկեցի նոր քայլեր ձեռնարկել։


Մաս 6

Լույսն արդեն բացվել էր։ Գիշերն ապարդյուն չէր անցել։ Ես համարձակություն էի հավաքել Մալվինային գոնե մի փոքր մոտ գտնվելու համար։ Եվ, ահա, 20 րոպե շուտ ես հասել էի դպրոց։ Ամբողջ ընթացքում պատուհանի մոտ էի, շատ չեմ սպասել, սակայն այդ ընթացքը մի հավերժություն էր թվում։ Եվ վերջապես նա հայտնվեց, բայց ոչ այնպես, ինչպես ես էի պատկերացրել ամբողջ գիշեր։ Նա չէր փոխվել բոլորովին․ նույն հմայիչ աղջիկն էր, որի միայն աչքերի մեջ նայելով հանգստությոըն էիր զգում, բայց ոչ այս անգամ։ Տագնապը պատել էր ամբողջ մարմինս և այս ամենի պատճառը նա չէր, չէր էլ կարող լինել։ Պատճառը մի երիտասարդ տղա էր, ում թեկուզ մոտ գտնվելը ինձ հունից հանում էր։
5 րոպե զրուցելուց հետո նրանք գրկախառնվեցին և Մալվինան մտավ դպրոց։ Ասել, որ ինձ անպետք էի զգում այս աշխարհում՝ նշանակում է ոչինչ չասել։ Նա ինձ ոչնչով պարտական չէր, և իրավունք ուներ անել այն, ինչ ցանկանում էր, սակայն այդ ակնթարթն ուղղակի գլխի վրա շուռ տվեց իմ ներաշխարհը։ Գուցե նա միակն էր, ով ներխուժել էր հոգուս մեջ, ինչու չէ նաև սրտիս, գուցե նա էր հենց այն աղջիկը, որ ուղարկված էր ճակատագրի կողմից։ Գուցե նա էր այն միակը, որ արժանի էր իմ մեծ սիրուն, չգիտեմ։ Ամեն դեպքում արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար։ Ինչպես ես հետո պարզեցի՝ նրանք միասին էին, և արդեն վաղուց։ Չկարծեք, թե ես շուտ հանձնվողներից եմ, սակայն նա երջանիկ էր ուրիշի հետ, ոչ իմ։ Իսկ սիրող մարդու համաև ի՞նչն է կարևոր, որ իր սիրելին երջանիկ լինի։ Նա երջանիկ էր, ես նույնպես, ուղղակի իրարից շատ հեռու։
Մի պահ Լևոնը աչքերը փակելով կարծես ուզում էր ննջել.
-Լևոն պապ, Լևոն պապ, իսկ հետո ի՞նչ եղավ։
Աչքերը դանդաղ բացելով, թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին և նա խոսեց.
-Այսքանն էր, իմ առաջին, բայց դժբախտ սիրո պատմությունը։ Ես չեմ խռովել աշխարհից և խորտակվել միայնության մեջ։ Նա ինձ միշտ եղել է այդքան մոտ ու այդքան հեռու։ Տարիները տանջել են ինձ, չեմ թաքցնում։ Բայց, երբ ժամանակը գա՝ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ճիշտ ժամանակը եկավ, ես հանդիպեցի այն աղջկան, ով իսկապես ինձ համար էր։ Ում հետ էլ ապրում եմ մինչ այսօր։ 
Ես ուզում եմ, որ դուք չհանձնվեք։ Յուրաքանչյուր պարագայում լինեք ուժեղ և հավատաք, որ ինչքան էլ գիշերը մութ է լինում, արևի վառ շողերը ճեղքում են գորշ ամպերը և լուսավորում մեր կյանքը։
Սա պատմություն չէ դժբախտ սիրո, անհամարձակ տղայի կամ կյանքի դժբախտ փորձության մասին։
Սա պատմություն է անկեղծ սիրո, հավատի և չհանձնվելու մասին։ Այնպես որ, ես ուզում եմ բոլորդ հիշեք այս պատմությունը և երբեք չհանձնվեք։ Խոստանու՞մ եք։
-Խոստանում ենք։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...