Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Մենք բոլորս ստեղծված ենք՝ այս աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար: Բայց դա կարծես վերաբերում էր ոչ բոլորին։ Այդ աղքատիկ գյուղում ոչ մի հետաքրքրությւոն չկար: Դե, իհարկե, բացի գյուղի անկյունում բնակվող Արշակ պապիից: Նա զարմացնում էր ամբողջ գյուղին: Այդ 76-ամյա ալևորը, չնայած նրան, որ ուներ առողջական խնդիրներ, նույնիսկ այդ տարիքում չէր դադարում հողագործությամբ զբաղվել: Չուներ ոչ մի ժառանգ, ընտանիք, կին, ոչ մի օգնական ձեռք: Վարում էր, ցանում, ջրում, պարարտացնում ու երբեք չէր բողոքում: Երբեք չէր մտածում թողնել այդ ամենն ու ապրել իր համեստ թոշակով` չտանջելով ինքն իրեն: Հոգնում էր շատ հազվադեպ` երբ սրտի հիվանդությունն էր տեղի տալիս, այդ ժամանակ էլ հանգիստ նստում էր հաստաբուն ընկուզենու տակ, երկու րոպե շունչ քաշում ու շարունակում իր գործը նույն եռանդով: Նրա հուռթի այգիներն օր-օրի էլ ավելի շատ բերք էին տալիս: Այդ բերքից օգտվում էր մի ամբողջ գյուղ, զգում իրական բերքի հյութեղ համը, բայց ոչ այն ջանքը, որ գործադրվել էր դրանց համար: Իսկ Արշակ պապը շարունակում էր իր անմահական մրգերով գոհացնել գյուղին՝ առանց շնորհակալության ակնկալիքի: Դաշտային աշխատանքը նրան երբեք չէր ձանձրացնում:
Աշնան պայծառ մի առավոտ, երբ արևը նոր էր դուրս գալիս ամպի տակից, մոտեցավ Արշակ պապի կյանքի մայրամուտը: Նա հանկարծամահ եղավ հենց իր այգիներից մեկում` ծիրանենու վրա աշխատելիս էլ դադարեցին զարկել նրա աշխատասեր սրտի զարկերը: Գյուղում ոչ ոք երբեք չէր մտածել այն մասին, որ Արշակ պապին` լքելով այս կյանքը, երբևիցե իրեն հիշել կտա: Գյուղացիներն այդ լուրին վերաբերվեցին կարծես առանձնահատուկ մի արհամարհանքով: Նույնիսկ ոչ ոք չմտածեց նրան պատվավոր կերպով հողին հանձնելու մասին: Բայց մի՞թե բոլորը նույն վերաբերմունքն ունեին նրա հանդեպ, երբ օգտվում էին նրա իսկ քրտինքով մշակած այգիների բերքից:
Սկզբի շրջանում և հետո նույնպես ոչ մեկ չէր նկատում Արշակ պապիի բացակայությունը: Երբեմն երեխաներն էին բողոքում, որ հիմա միրգը այն համը չունի, ինչ Արշակ պապիի ժամանակով էր: Սակայն անցան տարիներ ու Արշակ պապիի հուռթի այգիները հերթով սկսեցին չորանալ, վերացան բոլոր ծառերը, հետևաբար և բերքը: Բայց ժողովուրդը ապրում էր իր առօրյա հոգսերով, շուտով բոլորը մոռացան գյուղի գլխավոր հողագործի` Արշակ պապիի մասին: Այո՛, մահից հետո նրան ոչ ոք չհիշեց։
«Ապա առակդ ի՞նչ կցուցանե», կհարցնեք դուք: Առակս կցուցանե , որ բոլորս ստեղծված ենք աշխարհում ինչ-որ մի բան փոխելու համար: Արշակ պապը բացառություն չէր: Նա փոխեց իր գյուղը, ստեղծեց ժամանակի ամենահուռթի այգիները, իսկ երբ հեռացավ այս կյանքից՝ չորացան նրա տարիներով ստեղծած այգիները:Արշակ պապի այս պատմությունը ապացույցն է նրա, որ մեր մահից հետո աշխարհում ինչ-որ մի բան կփոխվի…

Комментариев нет:
Отправить комментарий