Որոնում

четверг, 26 декабря 2024 г.

Անցյալի սրտի զարկերը

 


Մաս 1

Կյանքը մեծ քաղաքում, հիրավի, շատ հետաքրքիր է։ Եվ իզուր չէ, որ մարդկանց մեծամասնությունը միշտ ձգտում է մեծ քաղաքներում բնակություն հաստատել։ Ես նույնպես այդ մարդկանցից մեկն եմ, ով իր  մանկությունը և պատանեկությունն անցկացրել է փոքր գյուղում։ Համաձայնեք, որ նոր փոփոխությունները շատ մեծ նշանակաություն ունեն մեր կյանքում, և մեզանից շատերը թեկուզև աննշան փոփոխության դեպքում կարող են անճանաչելի կերպարանափոխվել։
Բայց ես այդպիսին չեմ։ Կարծում եմ, այս տարիներն ինձ շատ չեն օտարեցրել իմ հայրենի տնից։ Եվ, վերջապես մի կարևոր պատճառ առաջացավ գործերը թողնելու և հայրենի գյուղ վերադառնալու համար։ Պատճառը ամենացանկալիներից չէր։ Վերադարձս զվարճանքի կամ կարոտած մարդկանց տեսնելու համար չէր, այլ իմ սիրելի ուսուցիչներից մեկի կյանքից վաղաժամկետ հեռանալը։
Շատ չեմ ցանկանում խոսել այս մասին։ Նա շատ լավ կին էր, ինչ խոսք։ Ինչևէ, գյուղը շատ հեռու էր գտնվում քաղաքից և, քանի որ արդեն այդքան երկար ճանապարհ էի եկել, որոշեցի 1 շաբաթ մնալ այստեղ։ 
Ամեն ինչ փոխվել էր՝ մանկությունս հիշեցնող գրեթե ոչինչ չէր մնացել։ Մարդիկ գնացել էին, տները վերակառուցվել, միայն մեր տունն էր` նույն հին, փայտե տնակը, որը թեկուզ կիսալքված վիճակում էր, սակայն առաջվա պես հարազատ։ 
Ես մենակ էի այնտեղ, հին, բայց հաճելի աղմուկը, քույերիս և եղբայրներիս ձայները, մեծերի փնթփնթոցները այլևս չկային։ Կարծես երբեք էլ չէին եղել։ Նույն պատերն էին, սակայն դատարկ 

Մաս 2
Լույսը բացվել էր։ Արևի առաջին շողերը լեռներից անցնում ու տարածվում էին գյուղի վրա։ Շողերից մեկը, կարծես փախչելով երկնքից, ընկավ աչքերիս մեջ, մի վայրկյանով լցնելով դրանք լույսով ու ջերմությամբ` արթնացնելով մի հին, անբացատրելի զգացում։ Գյուղը կամաց-կամաց արթնանում էր՝ առավոտվա հոտով, թռչունների երգով ու լույսի ջերմությամբ լցված։

Ամեն ինչ այնքան հարազատ էր՝ հին տան պատերը, ծանոթ լռությունը, բայց միևնույն ժամանակ օտար, երբ դուրս էի գալիս գյուղ ու զգում, որ ինչ-որ բան մերժում էր նոր շրջանը։ Գյուղում քայլելը մի տեսակ հուշի պես էր՝ ինձ հայտնի, բայց մի քիչ հեռացած ու անհայտ։

Ծառերից մեկի տակ ծանոթ ծիծաղ լսեցի, մոտենալով ճանաչեցի նրան, Լաուր տատն էր։ Նրան տեսնելով միանգամից մանկության ջերմ հիշողություններ արթնացան, ինչքան էի վազվում իր տան բակում, խաղում նրա թոռների հետ, իսկ նա մորս հետ պատշգամբից հետևում էին մեզ և քմծիծաղ տալով խոսում։
Հենց այդ նույն ծիծաղն էր, նույն հայացքը, որ երկար տարիներ տուն էր կանչում և հիմա էլ կարծես իր մոտ է կանչում։ Ես առանց հապաղելու մոտեցա նրան.
-Էմմա՞։
Նրա աչքերը լրիվ փայլում էին։
- Այս ե՞րբ ես եկել, ինչու՞ ինձ մոտ չէիր գալիս։
-Երեկ եմ եկել, պլանավորում եմ մեկ շաբաթ այստեղ մնալ, շատ էի կարոտել գյուղը, բայց մի տեսակ ամեն ինչ փոխվել է։
- Այն էլ ինչպե՞ս է փոխվել։
Խոր հոգոց հանելով պատասխանեց Լաուր տատը։
-Բայց գյուղում մնալը լավ գաղափար է, ձե՞ր տանն ես մնում։
- Դե, այո, էլ որտե՞ղ։
- Ախր, այնտեղ լրիվ մենակ ես, ես էլ այստեղ եմ մենակ, գուցե՞ այս օրերին ինձ մոտ գիշերես։
Մեկ-երկու վայրկյան մտածելուց հետո ես համաձայնեցի և շարունակեցի զբոսանքս։
Շուտով իմ քայլերը տարան դեպի հին դպրոց` վայր, որտեղ  իմ ամենատաք հիշողություններն էին։
Դպրոցի ճանապարհին, զգացի, որ ինչ-որ մեկը հետևում է։ Ճանապարհն անընդհատ երկարում էր, իսկ իմ քայլերը մի տեսակ արագանում։ Նայեցի հետ՝ բայց ոչինչ չտեսա։ Այնուամենայնիվ, մի ինչ-որ անբացատրելի զգացողություն էր, որ ինչ-որ բան այն չէ։ Երբ արդեն հասնում էի դպրոցի մուտքի մոտ, լսեցի ծանոթ ձայն, որ անունս էր կանչում։ Հարկ էր դանդաղեցնել քայլերս ու շրջվել՝ հասկանալու, թե ով է...

Մաս 3

Ես լսեցի, թե ինչպես են անունս կանչում: Վախով շրջվեցի ու... Ռազմիկն էր՝ իմ մանկության ընկերն ու երևի ամենահարազատ մարդկանցից մեկը: Մի պահ զարմանքից քարացած՝ ինձ հարցրի, արդյո՞ք սա իրական է: Հետո մեր դեմքերին տարածվեց նույն ժամանակից մոռացված ուրախ ժպիտը: Ռազմիկը լայն բացեց ձեռքերը, և առանց վարանելու ես վազեցի նրա կողմը: Մենք գրկախառնվեցինք՝ կարծես մանկության բոլոր տարիներն ու բաժանումն այդ պահին անհետացան։
Նրա աչքերում դեռ այն նույն ջերմությունն էր, որ հիշում էի մանկության ժամանակներից, երբ միասին անցկացնում էինք անհոգ օրերը: Տարիները, կարծես, փոխել էին նրան, բայց նրա ժպիտը նույնն էր՝ ծանոթ ու մոտիկ, ասես ոչինչ չէր փոխվել։
-Էմմա՞, չէ, չեմ հավատում։ Չի կարող սա իրական լինել։ Ի՞նչ ես անում այստեղ։
-Նույն հարցը ես էի ուզում քեզ տալ, ինչպե՞ս է ստացվել, որ գյուղ ես վերադարձել։
-Մի քիչ պոետիկ կթվամ, բայց կարոտել էի այս միջավայրը, մի տեսակ ձգող բան կար։
-Հասկանում եմ։ Ես էլ գործերի բերումով այստեղ հայտնվեցի և որոշեցի մի քանի օր մնալ։ Իսկ դու՞, ինչքա՞ն ժամանակ ես պլանավորում այստեղ անցկացնել։
-Դե չգիտեմ,-մի քիչ տխուր պատասխանեց Ռազմիկը։
-Երբ թույլ տաս այդ ժամանակ էլ կգնամ։
Մենք ծիծաղեցինք և մտանք դպրոց։
Դպրոցում, կարծես, ոչինչ չէր փոխվել: Նույն ծանոթ պատերը, նույն աղմկոտ միջանցքները, որոնք լցված էին անցյալի ձայներով: Երբ քայլում էինք Ռազմիկի հետ, թվում էր, թե ոչինչ չէր փոխվել, և մենք դեռ նույն անհոգ դեռահասներն էինք, որոնք կատակելով ու ծիծաղելով անցնում էին այս նույն ճանապարհներով: Ժամանակը կարծես կանգ էր առել, և դպրոցն իր հին կերպարով մեզ վերադարձնում էր անցյալ:
-Այնքան հուշեր են արթնացնում այս միջանցքները,-սկսեցի ես։
- Այո, թվում է, թե հիմա զանգը կհնչի և կվազենք դասարան, ի՜նչ օրեր էին։
Մենք նույն զվարթ դեմքերով շրջեցինք դպրոցով և վերադարձանք տուն։ Ի դեպ մոռացա նշել, Ռազմիկը Լաուր տատի թոռնիկն է, և ըստ երևույթի այս օրերը միասին էինք անցկացնելու` երեքով։

Մաս 4

Լույսը բացվել էր դանդաղ, բայց հաստատակամ, իր հպումով արթնացնելով տան ամեն մի անկյունը։ Ես դուրս եկա սենյակից՝ դեռևս զգալով գիշերվա խոնավության հետքը օդում։ Խոհանոցում` տաք թեյի հոտով լի սենյակում, նստած էին Ռազմիկն ու Լաուր տատը։ Նրանց առկայությունը, պարզ ու հարազատ, դարձնում էր առավոտը մի տեսակ ավելի ջերմ ու իրական։
Խոհանոց մտնելուս պես Ռազմիկն ու Լաուրա տատը հանկարծ ընդհատեցին իրենց զրույցը։ Նրանց հայացքները թեքվեցին դեպի ինձ, և ժպտալով նրանք հրավիրեցին սեղանի շուրջ՝ կարծես ամբողջ առավոտն ինձ էին սպասել։
Ես մոտեցա սեղանին և կամաց հարցրի.
-Վաղու՞ց եք ինձ սպասում։
-Այդքան էլ ոչ, 10 րոպե էլ չի լինի, որ նստել ենք։
-Լա՞վ քնեցի՞ր, Էմմա։
-Ավելի լավ չէր լինի։
Մեր զրույցը շարունակվեց՝ հոսելով հանգիստ ու անշտապ։ Ռազմիկի կիսած պատմությունները և տատիկի ջերմ խոսքերը լցնում էին խոհանոցը կյանքի ու ծանոթության զգացողությամբ։ Բայց տատիկը հանկարծ հիշեց հավերին, նրա հոնքերն անհանգիստ շարժվեցին, և նա արագորեն դուրս գնաց։ Մենք՝ ես ու Ռազմիկը, մնացինք մենակ՝ մի պահ լուռ, ապա նորից շարունակեցինք զրույցը՝ ավելի մտերմիկ ու անձնական։
Զրույցը շատ երկար տևեց, խոսքերը բնական կերպով հոսում էին, կարծես առանց վերջի։ Հանկարծ, թակոցը կոտրեց հանգիստը, դռան վրայից լսվեց մի պոկված հարված։ Մենք կանգ առանք՝ հայացքներս ուղղելով դռանը։
Դուռը բացվեց, և ներս մտավ մի մարդ, ով զարմացրեց մեզ՝ իր հայացքով ու ձգված լռությամբ։ Նա կանգնել էր միջանցքում, աչքերին անհայտ մի թմբկահարությամբ։ Մենք մի քանի վայրկյան լռեցինք, կարծես ամեն ինչ կանգ էր առել, ու նա, ոչ մի բառ չասելով, մոտեցավ սեղանին։
Հանկարծ Լաուր տատը վազելով մոտեցավ մեզ և փայլուն աչքերով ճչաց։
-Հա՞յկ։


Մաս 5

-Հա՞յկ, ի՞նչ Հայկ։
-Ինչպես թե ինչ Հայկ, Ռազմիկ։ Չե՞ս հիշում նրան։
Հայկը մի ակնթարթ նայեց վրաս՝ աչքերում անընթեռնելի զգացմունքներ պարուրված, և առանց մի խոսք ասելու դուռը շրխկացրեց ու հեռացավ։ Սենյակում լռություն տիրեց, կարծես ամեն ինչ կանգ առավ։ Մենք մնացինք տեղում, ապշած ու խռովված, կարծես ոչինչ չհասկանալով, բայց ամեն ինչ զգալով։
-Ի՞նչ կուտես տղաս։
Լաուր տատը փորձում էր ուղղել իրավիճակը։
-Վայ, տատ, այնքան քաղցած եմ։
-Դե նստիր, հիմա կբերեմ։
Ես ուզում էի վեր կենալ ու շտապել Ռազմիկի հետևից՝ պարզելու, ի՞նչ է կատարվում, բայց Լաուր տատը, իր հաստատուն ու մեղմ ձայնով, կտրեց ինձ․
-Հանգիստ նստիր, աղջիկս, հյուր ունենք։
Նրա խոսքերը, թեև հանգիստ, բայց կշռադատված ու պարտադրող էին։ Ես անզոր կանգ առա, նայեցի դռան ուղղությամբ, որտեղից Ռազմիկն ընդամենը մի քանի վայրկյան առաջ դուրս էր եկել, հետո ծանր սրտով վերադարձա ու նստեցի։ Խոհանոցի աղմուկն ինձ այլևս չէր հետաքրքրում։
Ժամեր անց, երբ վերջապես Հայկը վեր կացավ ու հեռացավ, սենյակում մնաց միայն մի երկար, նեղություն պարունակող լռություն։ Ես այլևս չէի կարող դիմանալ։ Առանց տատիկի կամ որևէ մեկի խոսքերին ուշադրություն դարձնելու, վեր կացա ու շտապեցի դուրս՝ Ռազմիկին գտնելու։
Գիշերվա սառը օդը ծածկեց ինձ, բայց ներսիս խռովքն ավելի սառեցնող էր։ Փողոցները լուռ էին, լույսերը՝ հազիվ վառ։ Ես քայլում էի արագ, գրեթե վազքով, փորձելով գտնել նրան, ում հետ խոսելն այս պահին կարևոր էր, քան ամեն ինչ։
Հեռվում, լուսնի թույլ շողերի տակ, նստարաններից մեկի վրա մի կերպարանք նշմարեցի։ Մոտենալով սկսեցի տարբերել նրա գծերը՝ շփոթված, բայց ծանոթ։ Ռազմիկն էր։ Նա նստած էր, գլուխը ձեռքերով բռնած, ամբողջովին նյարդային լարվածության մեջ։
Մի պահ կանգ առա՝ չիմանալով, ինչպես սկսեմ։ Նրա կողքին ամեն ինչ ասես խիտ ու ծանր էր, ասես ոչ միայն նա, այլև ողջ աշխարհն էր մտքերի մեջ կորած։ Բայց ես եկա պատասխաններ գտնելու։
-Ռազմի՛կ, - փսփսացի, միևնույն ժամանակ զգալով, որ ձայնս ավելի խիստ հնչեց։
Նա դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում երևում էր ինչ-որ ցավ, որ ես դեռ չէի հասկանում, բայց ուզում էի կիսել։


Մաս 6

Ռազմիկը, աչքերը խավարի մեջ սևեռած, ցածրաձայն ասաց.
-Հեռացի՛ր։
Նրա խոսքերը, ասես սառը քամի, սողացին սրտիս վրա։ Չնայեց նույնիսկ։ Ես լուռ շրջվեցի ու քայլեցի դեպի խավարը, որտեղ լույսը վաղուց արդեն չէր այցելել։
Նա քայլերն այնպես էր արագացրել, ասես փախչում էր ոչ միայն ինձնից, այլև ինչ-որ անտեսանելի ստվերից։ Ես գրեթե վազում էի նրա հետևից, ձայնս կրկին ու կրկին ջարդելով լռությունը. -Ռազմի՛կ, կանգի՛ր, լսի՛ր ինձ...
 Բայց նա ոչ մի անգամ չդարձավ, և ես զգում էի, որ մեր միջև տարածությունը վերածվում է անդունդի։
Բայց, երբ համբերությունս վերջնականապես սպառվեց, ես կտրուկ կանգ առա նրա առջև՝ ստիպելով  դադարեցնել իր անխոհեմ ընթացքը։ Աչքերս՝ բոցավառված զայրույթից ու վիրավորանքից, սևեռեցի նրա դեմքին և սառը, բայց հաստատակամ ձայնով ասացի.

-Եթե հիմա չխոսես, և չբացատրես քո արարքի պատճառը, խոստանում եմ, հետևանքները ամենացանկալիներից չեն լինի։
Իմ խոսքերն, ասես, հարվածեցին նրան։ Նա կարկամեց մի պահ, բայց հետո նորից փորձեց շրջանցել ինձ, սակայն այս անգամ ես պատրաստ էի կանգուն մնալ մինչև վերջ։
Նա խորը արտաշնչեց, նայեց աչքերիս ու, վերջապես, սկսեց խոսել։
-Այդ, Հայկը... Մի խոսքով նա է ամեն ինչի մեղավորը։
-Ինչի՞
-Ամեն ինչի.
-Նորմալ խոսիր, Ռազմիկ
-Շատ չեմ ուզում խորանալ, Էմմա։
Ժամանակին մոտ ընկերներ ենք եղել, եթե կհիշես, տատիկն էլ նրան շատ է սիրում։
-Դե դա դժվար է չնկատել։
-Մի՛ ընդհատիր։
10-11 տարեկան հասակում մինչև ականջներիս ծայրը սիրահարվել էի քեզ, հետո պարզվեց, որ նա նույնպես։
Հայկը իմացել էր իմ զգացմունքերի մասին և որոշել հեռացնել ինձ իր ճանապարհից։
Կարճ ասած նա ինձ սպառնացել էր, մի քանի անգամ, ես դեռ փոքր, չինքնահաստատված երեխա էի, վախեցել էի նրանից։ Իսկ Հայկը...
-Ի՞նչ է ասել նա քեզ։
-Ասաց, որ կվնասի քեզ, ես ստիպված էի հեռու մնալ քեզնից։
Քմծիծաղով ես հարցրի.
-Իսկ հիմա՞։
-Հիմա ի՞նչ։
-Անցյալի սխալները պատրա՞ստ ես հիմա ուղղել։
Նա ժպտաց և ձեռքս նրբորեն իր ձեռքում սեղմելով կարծես գաղտնի ու լուռ երդում տվեց՝ կերտել մի նոր, անմոռանալի ապագա։

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...