Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Բարև, Ձմեռ պապ: Ինչ զավեշտալի է չէ՞: 30-ամյա կինը նամակ է գրում Ձմեռ պապին: Բոլորը և, միգուցե, դու նույնպես, կկարծես, թե գժվել եմ, բայց ոչ: Ես պարզապես հոգեպես դեռ երեխա եմ։
Ես, պարզապես, հավատում եմ հրաշքներին: ՉԷ՛, այն, ինչ պետք է ուզեմ քեզանից, նյութական չէ: Անհավանական է թվում, բայց հավատում եմ, որ Ամանորը այնպիսի հրաշք կգործի, որ կկարողանամ վերջապես առնել գիրկս սեփական որդուս ու տուն տանել` բժիշկներից հեռու: Հուսամ, բացի քեզանից ոչ ոք չի կարդա նամակս, որ դառնամ ծաղրի առարկա:
2 տարի առաջ լույս աշխարհ եկավ որդիս` Սամվելը: Այդ օրվանից իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ: Ծնվելուց հետո իմացանք, որ Սամվելը տառապում է մի հիվանդությամբ, որի անվանումը նույնիսկ չեմ ուզում հիշատակել: Ես որոշեցի, որ կարող եմ երեխայիս օգնել ու ոչ մի դեպքում չէի պատրաստվում թողնել նրան: Եվ ասեմ, որ հիմա էլ եմ նույն կարծիքին, ուղղակի արդեն գիտեմ դրա գինը: Խոսքն ամենևին էլ գումարի մասին չէ: Ես լրիվ մենակ եմ: Ամուսինս` իմանալով, որ երեխան հիվանդ է, թողեց ու հեռացավ: Մինչ օրս Սամվելը չի մտել ինձ հետ տուն: Ես գրկե՞լ եմ որդուս… չեմ էլ հիշում՝ գրկե՞լ եմ նրան, թե՞ այդ մայրական հաճույքից էլ են զրկել ինձ: Չգիտեմ` ինչու՞ այսքանը գրեցի: Չէ՞ որ դու միայն ուրախ գործերով ես զբաղված: Հույս ունեմ, որ այդքան զվարթ նամակների մեջ իմ նամակին ևս ուշադրություն կդարձնես:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում թրջված նամակիս համար. Այլ կերպ չստացվեց գրել:

Комментариев нет:
Отправить комментарий