Որոնում

суббота, 1 июня 2024 г.

Հիմա ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր արժանի են Մարդ կոչմանը

 


Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Գիշերային ու աղմկոտ Երևան:

Ես, ինչպես միշտ, թափառում էի փողոցներում: Չէի էլ հիշում, թե ե՞րբ եմ վերջին անգամ մի բան դրել բերանս։ Մարդիկ անտարբեր անցնում էին իմ կողքով: Ես հազիվ էի կարողանում փախչել նրանց ոտնաթաթերի ծանր հարվածներից: Դեպի անհայտության այդ իմ ճանապարհին նկատեցի մի երեխայի, ով նստած էր ոչ հեռվում գտնվող նստարանին ու ագահորեն հոշոտում էր մի ախորժաբեր բրդուճ: Զգուշորեն մոտեցա թմբլիկ այդ տղային ու նշաններ տվեցի, որ սոված եմ: Սովածը ո՞րն է, սովից շուտով կսատկեմ: Նա, ի պատասխան իմ քայլերին, տեղից վեր թռավ ու ոտքով հարվածեց գլխիս:

    -Փախի՛ր այստեղից, քոսոտ շուն,- ասաց նա ու ևս մի անգամ կծեց բրդուճը:

 Ես ճարահատյալ հեռու գնացի: Հիմա միակ տարբերակն աղբամանն էր: Վստահ էի, որ այնտեղ այս ժամին հավաքված էին թաղամասի բոլոր թափառական շներն ու կատուները, ու երևի իրար կծում ու ճանկռոտում էին մի կտոր ուտելիքի համար, բայց…ի՞նչ կարող էի անել: Քայլեցի դեպի աղբամանը: Աղբամանից լսվող կատաղի ձայներն անտեսելով՝ թռա ներս: Ուշացել էի… Ամեն ինչ արդեն վաղուց վերացրել էին: Հիմա էլ անցել էին իրար: Եվ այն, ինչ մնում էր անելու, այդ կատաղի մարտին հետևելն էր: Նստել էի անկյունում` մի հնամաշ պայուսակի վրա, ու ապուշ կտրած նայում էի նրանց: Հանկարծ լսվեցին մոտեցող ոտնաձայներ: Բոլորը քարացան: Ձայնը կուլ տվեց մի համեղ բան ու մնացորդը գցեց աղբամանը: Այն ընկավ վրաս ու ես հափշտակեցի՝ ինչպես կաներ յուրաքանչյուր սոված շուն կամ կատու: Սակայն, մինչ «ընթրիքս» կհասներ ստամոքս, կողքիս բոլոր շներն ու կատուները հարձակվեցին վրաս՝ փորձելով խլել ուտելիքս: Ի ուրախություն ինձ և ստամոքսիս՝ նրանց դա չհաջողվեց, բայց հաջողվեց քրքրել ու ճանկռոտել ինձ: Թաթս արյունոտվեց ու հասկացա, որ չեմ կարող դուրս գալ բարձր աղբամանից: Շուտով մյուսները գնացին նոր աղբաման «կողոպտելու», ու ես մնացի միայնակ: Կշտանալուց հետո մնում էր ի՞նչ: Իհարկե, քնել: Ես գլուխս հենեցի հնամաշ պայուսակին ու խոր քուն մտա:

 Արթնացա վաղ առավոտյան` քաղաքի անցուդարձից: Փորձեցի դուրս գալ աղբամանից, բայց թաթս դեռ ցավում էր: Ինչքան էլ փորձեցի դուրս պրծնել, միևնույն է, չստացվեց: Ես սկսեցի հաչալ փակ աղբամանի միջից: Թվում էր, որ երբեք էլ ոչ ոք չէր լսելու թափառական ու վիրավոր այդ շանը, քանի որ ոչ այդքան հեռվում մեկը կիթառ էր նվագում, ինչն ավելի էր խլացնում փրկության կանչող հաչոցներս: Չեմ կարող ասել, որ նվագողն անտաղանդ էր: Բայց ինչպե՞ս պետք է հավանեի, երբ նվագի պատճառով ոչ ոք ձայնս չէր լսում: Միակ անձն, ում ականջին կարող էին հասնել հաչոցներս, այդ փողոցային կիթառահարն էր: Ու այդպես էլ եղավ. րոպեներ անց կիթառի ներդաշնակ հնչյունները լռեցին ու մի ծեր ձայն, կարծես, ինքն իր հետ խոսելով մոտեցավ.

   -Կույր եմ, բայց հո խուլ էլ չե՞մ:

  Այդ խոսքերին հետևեցին նրա քայլերը դեպի աղբամանն ու այն բացվեց: Աղբամանի գարշահոտությունից հետո փողոցի փոշոտ օդը դրախտային էր թվում: Ես նայեցի վերև: Մի ծերուկ` անխնամ երկար մազերով, հյուծված ու նիհար ձեռքերը պարզեց դեպի ինձ: Ես, թեթև թռիչքից հետո, հայտնվեցի նրա գրկում: Նա փակեց աղբամանը, վերադարձավ այնտեղ, որտեղ կիթառ էր նվագում ու նստեցրեց ինձ մի հին ու քրքրված ներքնակի վրա: Շոյեց գլուխս ու ասաց.

  -Արի ծանոթանանք, ես Բորիսն եմ…

Ես, զգալով, որ ծերուկը ոչ մի վատ միտում չունի ու ամենևին էլ նման չէ փողոցի անտարբեր ու անսիրտ անցորդներին, ի պատասխան լիզեցի նրա ձեռքերը: Նա հռհռաց ու շրջվեց,  ուսապարկից հանեց չոր ու ցամաք հացի մի կտոր, գցեց թաթիս դիմաց, ապա հանեց նաև ջրի շիշը: Ափսեն, որում մի քանի մետաղադրամ կար՝ դատարկեց, ջուրը լցրեց մեջն ու դրեց հացի կողքին: Այս ամենը անչափ հաճելի էր, բայց, միաժամանակ, անսպասելի: Երբեք չէի հանդիպել այնպիսի մեկին, ով ոչ միայն կօգնի անօգնական թափառական շանը, այլ նաև կկերակրի՝ տալով իր վերջին հացի կտորը: Փաստորեն, բարի մարդիկ էլ կան: Մինչ այդ ես ապրում էի մարդկանց հանդեպ ատելության անսպառ զգացումով: Բայց ծերուկը փոխեց մարդկանց մասին իմ վատ կարծիքն ու փրկեց նրանց իմ գազազած հայացքներից: Հ
իմա ես գիտեմ, որ այնուամենայնիվ կան մարդիկ, ովքեր արժանի են Մարդ կոչմանը: Չէ՞ որ բոլոր բանական արարծները չեն, որ կարող են մարդ կոչվել: «Մարդ». հպարտ է հնչում, իզուր չէ ասված:

 Ես ավելի ոգևորված սկսեցի խժռել խղճուկ ու չորացած հացի կտորը, այնուհետև խմեցի ջուրը, որն այդքան էլ թարմ չէր: Թափառական կիթառահարը վերցրեց հնադարյան կիթառն ու գլխից հանելով մաշված գլխարկը՝ դրեց իր առջև: Վայրկյաններ անց լսվեց այն հիասքանչ մեղեդին, որ լսել էի դեռ աղբամանից: Սակայն հիմա այն ավելի պարզ էր, հստակ: Երբևիցէ այս նուրբ ու ներդաշնակ հնչյուններին նման ոչինչ չէի լսել: Ծերուկը քրտնաջանորեն տարուբերում էր մատները՝ մի ստեղնից մյուսը: Իսկ մարդիկ անցնում էին մեր կողքով ու հայացք անգամ չէին գցում դեպի այդքա՜ն դուրեկան մեղեդին: Հարյուր անցորդից հազիվ երկու-երեքը նկատեին ու մետաղադրամ գցեին գլխարկի մեջ: Մնացածները քայլում էին անտարբեր, գլուխները կախած ինչ-որ լուսարձակող սարքի վրա: Մարդիկ դրան հեռախոս են կոչում: Այսօր հեռախոս կգտնես յուրաքանչյուր շնչավոր ռոբոտի մոտ: Սակայն Բորիսը` տաղանդավոր այդ թափառական կիթառահարը, նույնիսկ կույր հայացքը չէր պարզում դեպի մարդկանց կողմը` ինչ-որ բան հայցելու միտումով: Երևի չէր ուզում հիասթափություն ապրել: Գլուխը կախել էր կիթառի ու միայն կիթառի վրա…

 Շուտով Բորիսը դադարեցրեց նվագը, վերցրեց ասֆալտից գլխարկն ու բռի մեջ լցրեց մետաղադրամները: Սկսեց հաշվել դրանք (չգիտեմ ինչպես, եթե չոր տեսնում դրանք), ապա զգուշորեն շոյեց գլուխս, վեր կացավ մաշված կտորի վրայից և ասաց.

  -Սպասի՛ր, հիմա կգամ:

 Մետաղադրամները կրկին չխչխկացնելով քայլեց դեպի մոտակա առևտրի կենտրոնը: Այդ ընթացքում ես նայում էի մարդաշատ մայթերին: Հանկարծ սուր դեմքով մի կին մոտեցավ ինձ, բարձրակրունկ ու իր պես սուր կոշիկով թափեց մետաղյա ափսեի ջուրը: Ես հետ քաշեցի թաթերս ջրի հոսքից, իսկ նա, քիթն ավելի ցցելով շարունակեց ճամփան: Նրա դիմացից էլ Բորիսն էր քայլում` ձեռքին մի տոպրակ: Ես, տեսնելով նրան, վազեցի ընդառաջ և սկսեցի հաչալ՝ կարծես հայտնելով զայրույթս այն կնոջ հանդեպ: Նա երևի հասկացավ եղելությունը ու ըմբռնող հայացքով նայեց ինձ:

  -Ոչինչ, ես քեզ համար ավելի լավ բաներ եմ բերել:

 Նա ծանր-ծանր նստեց մաշված կտորին ու սկսեց դատարկել տոպրակը: Հանեց շան կեր, ինչ-որ ըմպելիք: Այն կերն ու ըմպելիքը, որ կարող են ուտել միայն ընտանի շները, և որ ես երբեք չէի փորձել: Բորիսը գունավոր կերը շոշափելով լցրեց իր գլխարկի, իսկ անուշաբույր ըմպելիքը՝ մետաղյա ափսեի մեջ: Ես սկսեցի ագահորեն ուտել ու խմել Բորիսի հյուրասիրած ամեն բան: Նա շոյեց գլուխս ու վերցրեց կիթառը: Մինչ նա նվագում էր, իսկ ես ուտում ու խմում, արևը մայր մտավ: Վառվեցին փողոցային լամպերն ու տների ջահերը: Լուսինը փոխարինեց արևին, իսկ մարդիկ շուտով անհետացան:

 Ուշ գիշերին արթնացա անձրևի կաթիլների ձայներից: Բորիսը հորդ անձրևի տակ պառկած մուշ-մուշ քնած էր (երևի սովոր էր): Ես չէի կարող թողնել նրան այստեղ ու պարզապես հեռանալ,  գտնել մի տաքուկ անկյուն ու ննջել, իսկ առավոտյան կրկին վերադառնալ նրա գիրկն ու ինչ-որ բան խնդրել: Դրա համար էլ արթնացրի նրան: Բորիսն անմիջապես հետ քաշեց անձրևի տակից կիթառն ու թաքցրեց այն քրքրված շորերի արանքում: Նորից գլուխը հենեց ուսապարկին: Ես հաչացի ու սկսեցի քաշել նրա շորերից՝ հասկացնելով, որ վեր կենա: Նա ասես անճարությունից ոտքի կանգնեց: Հաչալով սկսեցի վազել, որ նա ձայնիս ուղղությամբ գա իմ հետևից: Հավաքեց իրերը և սկսեց քայլել այնտեղ, ուր ես կուղղորդեի: Մի քանի րոպե անց, երբ արդեն երկուսս էլ մինչև ոսկորներս թրջված էինք, հասանք այն տեղն, ուր նման եղանակին ինձ միշտ գրկաբաց էին ընդունում: Դա մի խանութ էր` դռան դիմաց մի փոքրիկ անկյուն, որտեղ ինչքան էլ որ վարար լիներ անձրևը, հաստատ չէիր թրջվի: Խանութի տերերն էլ` միջին տարիքի ամուսիններ, հրաշալի մարդիկ էին, եթե իհարկե, այդ օրը լավ էին անցկացրել: Լինում էր, որ նաև կերակրում էլ էին ինձ, բայց դա շատ հազվադեպ: Համենայն դեպս անձրևոտ եղանակին խանութի առջևում ինձ տեսնելուն երբեք դեմ չէին լինի:

 Այդ անգամ ևս ես գնացի դեպի այդ խանութը, Բորիսն էլ իմ հետևից: Խանութի լույսերն արդեն մարել էին, հաճախորդներն ու աշխատողներն էլ վաղուց հեռացել: Սակայն, բացի պատսպարվելուց ուրիշ ոչինչ այդ պահին պետք չէր: Բորիսը, ինձ հեշտությամբ հասկանալով, տեղավորվեց խանութի առջևում: Ասես որպես շնորհակալություն էլ գրկեց, շոյեց գլուխս: Այդպես նրա գրկում էլ քնեցի…

 Արշալույսը նոր էր բացվել: Արևը ջերմ շողում էր ու տաքացնում օրը՝ կարծես մոռացության տալով գիշերվա անձրևը: Բորիսի աչքերը, ինչպես միշտ, փակ էին: Դեռ քնած էր: Զարմանալիորեն ամբողջ գիշեր կիթառը ձեռքից վայր չէր գցել: Ամուր գրկել էր այն ու թվում էր, որ երբեք էլ բաց չի թողնելու: Ահա և խանութի տերերը: Նրանք` բանալին ձեռքներին, քնկոտ մոտեցան մեզ:

-Բարև: Այս ու՞մ ես հետդ քարշ տվել: Երևում է, որ տեղի թափառականներից է, բայց նախկինում այս կողմերում չեմ տեսել,-երևի պատասխանի սպասելով հարցրեց թմբլիկ կինը:

 Ես ուղղակի լիզեցի Բորիսի ձեռքը: Ամուսիններն անխոս բացեցին խանութի կողպած դուռն ու ներս մտան: Շուտով Բորիսը անցուդարձից արթնացավ ու անհանգիստ շոշափեց կողքերը:

  -Այս ու՞ր ենք,- հարցրեց նա:

   -Ըհն, արթնացավ,- ներսից լսվեց տղամարդու ձայնը: Վերջինս դուրս եկավ խանութից ու ձեռքը մեկնելով դեպի Բորիսը՝ ասաց.

   -Բարև Ձեզ: Ես Վրույրն եմ: Այս փոքրիկ խանութն ինձ ու կնոջս է պատկանում։  Հենց երկուսս էլ աշխատեցնում ենք այն: Շնիկին այս կողմերում տեսած կամ, բայց Ձեզ…

   Նա երկար ժամանակ է նայում էր Բորիսի կույր ու փակ աչքերին: Վերջապես ձեռքը հետ քաշեց:

  -Ես,- խռպոտ ձայնով սկսեց ծերուկը,-ես մի թափառական երաժիշտ եմ: Արդեն 3-4 տարի է՝ ապրում եմ դրսում: Ողորմություն չեմ խնդրում, ո՛չ: Չեմ կարողանում աշխատել, որովհետև բոլորը մերժում են աշխատանքի ընդունել կույր ու հիվանդոտ ծերուկի: Բայց ես իմ ապրուսը վաստակում եմ, փառք Աստծո: Ամեն օր փողոցներում կիթառ եմ նվագում ու դրանով գոնե մի քանի կոպեկ առնում,-հանկարծ նա լռեց:

    -Ձեզ ինչպե՞ս դիմեմ,- անհարմար լռությունը կոտրելու համար հարցրեց Վրույրը:

     -Կներեք, հիշողությունս էլ մի բան չէ: Ես Բորիսն եմ:

    -Եկեք ներս: Կպատմեք Ձեր` մինչ փողոցում հայտնվելը ճանապարհի մասին: Համ էլ Ձեզ մեր խանութի եղածով կհյուրասիրենք, դժվար թե կուշտ լինեք…

     Վրույրի հետևից Բորիսը նույնպես խանութ մտավ:

      -Սրան ինչո՞ւ  ներս բերեցիր, խանգարելու է,- դժգոհ հարցրեց Վրույրի կինը:

    Վրույրն անխոս մի ջղային հայացք նետեց կնոջ ուղղությամբ և նստեցրեց ծերուկին խանութի միակ աթոռակի վրա:

     -Սուրճ կուզե՞ք, Բորիս ջան:

      Բորիսը տարօրինակ ծիծաղեց և պատասխանեց.

    -Երեք տարի է սուրճ չեմ խմել: Երևի համն էլ եմ մոռացել: Կուզեի վերհիշել:

Մինչ Վրույրի կինը սուրճ էր եփում Բորիսի և ամուսնու համար, Բորիսը պատմում էր նրա երիտասարդական, ինչու՞ ոչ նաև ծերունական` մինչև փողոցում հայտնվելու տարիների մասին: Պատմում էր մի առանձնահատուկ հաճույքով: Թվում էր, թե փակ աչքերը փայլում էին այնպես, ինչպես կարող էին փայլել մանկական` խինդով լի աչքերը: Րոպեներ անց նրա առջև մատուցվեց այդքան սպասված սև սուրճը: Նա մի կում արեց և շարունակեց.

  -Գիտեք ի՞նչ վերհիշեցի,- կարծես հիշողությունների գիրկն ընկած հարցրեց Բորիսը:

 -Ի՞նչ,- հետաքրքությամբ հարցրեց Վրույրը, որ միաժամանակ սպասարկում էր այդ օրվա առաջին հաճախորդին:

 Վերջինը շուտով հեռացավ: Վրույրը մոտեցավ Բորիսին:

  -Ի՞նչ հիշեցիք, պարոն Բորիս,- հարցրեց Վրույրը:

    Բորիսը չէր ուզում հետ գալ ջերմ հիշողությունների գրկից: Վերջապես նա սկսեց.

            -Շա՜տ երկար տարիներ առաջ, երբ երեխա էի, որոշել էի գեթ մեկ անգամ կում անել սուրճ կոչվածից: Ծնողներիս դիմելն այդ հարցով անօգուտ էր: Եվ ես` 10-ամյա Բորիսս, երբ մենակ էի մնացել տանը, ինձ համար սուրճ պատրաստեցի, (մի քանի անգամ աչքովս էր ընկել դրա պատրաստման եղանակը): Այն, իրոք, շատ թունդ էր ստացվել: Բայց 10-ամյա երեխան ուշադրություն չի դարձնում համին, այլ միայն տեսք, անվանում: Այդպես էլ ես էի…

   -Հետո՞…,- կլանված Բորիսի մանկության մեջ, հարցրեց Վրույրը:

  -Հետո այն, որ որոշեցի սուրճով կիթառ նվագել: Այդպես միշտ հայրս էր անում: «Ինչո՞վ եմ պակաս» մտածեցի ես ու անփութորեն ողջ սուճը լցրի կիթառիս վրա: Տաքությունից լարերից մի քանիսը կտրվեցին: Ես անչափ նեղվեցի: Օրերով լաց էի լինում: Ո՜նց էի սիրում կիթառս, նվագելը…

            -Կցանկանաք աշխատել, պարոն Բորիս,- անսպասելիորեն հարցրեց Վրույրը:

            -Ցանկությունը շատ քիչ է, տղա՛ս: Ինձ ոչ ոք պատրաստ չէ ընդունել աշխատանքի:

            -Հավատացե՛ք, բարի մարդիկ քիչ են, բայց դեռ չեն վերացել,- խորհրդավոր ասաց Վրույրը:

            -Կուզեի հավատալ, բայց…եթե իհարկե տեսնեմ այդ մարդկանց գործերը, այլ ոչ միայն լսեմ դրանց մասին:

            -Շուտով ինքներդ կհամոզվեք, որ խոսքերս ճշմարիտ են,- ջերմ ժպիտով ասաց Վրույրը:

            -Ի՞նչ նկատի ունես, որդի՛ս:

            -Ես ձեզ աշխատանք եմ առաջարկում: Աղջիկս իր սեփական նվագախումբն ունի: Վստահ եմ, որ դեմ չի լինի դրա համալրմանը:

            -Նրան հաստատ կույր կիթառահար պետք չէ: Դա լավ է, որ ուզում ես մի լավ բան արած լինես, Վրույր ջան, բայց մի տանջվիր, ինձ համար կյանքն ուրիշ ծրագրեր ունի:  Ես ավելի լավ է գնամ, ավելորդ նեղություն պատճառեցի:

            Նա վեր ելավ աթոռից, վերցրեց կիթառը և քայլեց դեպի դուռը: Ես Վրույրին հայացքով հաջողություն մաղթեցի և Բորիսի հետևից դուրս եկա խանութից: Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Վրույրը և դարձյալ բարեհամբույր ասաց.

            -Պարոն Բորիս, Դուք Ձեր ուսապարկը մոռացաք:

            -Օ՜հ, շնորհակալ եմ

            -Դեռ չե՞ք մտափոխվել,- շարունակեց զրույցը Վրույրը:

            -Այսի՞նքն:

            -Դե ցանկություն չունե՞ք աշխատելու քաղաքի լավագույն նվագախմբերից մեկում ու դառնալ դրա անդամ: Պարոն Բորիս, ես չեմ ուզում, որ Ձեր ներդաշնակ նվագը մնա փողոցի փոշոտ օդում ու անճաշակ անցորդների ականջներում, երբ կան նրանք, ովքեր պատրաստ են անդադար լսել Ձեզ և գնահատում են գեղեցիկը, ինչպիսին է Ձեր նվագը: Վստահ եմ, որ Դուք արժանի եք այդ ուշադրությանը:

            -Դու ի՞նչ գիտես, թե ես ինչպես եմ նվագում:

            -Աղջիկս է լսել։ Ավտոմեքենայով այդ փողոցով անցնելիս է եղել, լսել Ձեր հիասքանչ երաժշտությունը, սիրահարվել ձեր տաղանդին: Սակայն չի մոտեցել Ձեզ, քանի որ շտապում էր իր նվագախմբի հերթական ելույթին: Հետո վերադարձել է, բայց չի գտել Ձեզ:

            -Ի՞նչ գիտես, որ դա ես եմ եղել: Գուցե մեկ ուրիշն էր: Դու հաստատ շփոթում ես,- համառում էր Բորիսը:

            -Ավելի քան վստահ եմ, որ դա հենց Դուք էիք: Եկեք իմ հետևից: Ի դեպ Ձեր շնիկը նույնպես նվագախմբում աշխատանքի անցնելու շանսեր ունի,- շոյելով գլուխս ասաց Վրույրը:

            Բորիսն էլ չէր խոսում: Միայն լուռ ու հնազանդ քայլում էր: Շուտով մենք հայտնվեցինք մի հսկա շինության առջև:

            -Ահա և տեղ հասանք,- ասաց Վրույրը:

            Նա բացեց մուտքի դուռը ու ներս մտավ:

            -Շողի՜կ, աղջի՜կս…

            Ի պատասխան Վրույրի կանչին՝ սենյակներից մեկից հայտնվեց մի նրբիկ, երիտասարդ աղջիկ;

            -Ողջույն պապ, բարև Ձեզ,-ասաց Շողիկը և մի տեսակ զննող հայացքով սկսեց նայել Բորիսին: Հանկարծ նա վեր թռավ.

            -Այո՜, ես գտա նրան:

            Վրույրն իրեն չափազանց գոհ զգաց և ասաց.

            -Դե աղջիկս, հուսամ, որ քո նվագախմբում մեր տաղանդավոր Բորիսի համար տեղ կգտնվի,- ասաց Վրույրը,- և նրա շնիկի համար նույնպես,- զվարթ ավելացրեց նա:

            -Իհարկե,- նույնպես ուրախ պատասխանեց աղջիկը:

-Ես Շողիկն եմ` «Արևի շողեր» հանրահայտ նվագախմբի ղեկավարը: Եվ Ձեզ ընդունում եմ աշխատանքի:

-Անչափ հաճելի է, դուստրս, ես էլ Բորիսն եմ:

-Դե, պարոն Բորիս, հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատել նման արտիստի հետ: Սա ընդամենը սկիզբն էր, մենք միասին դեռ մի ամբողջ ճանապարհ ունենք անցնելու: Ձեզ աշխարհի ամենամեծ բեմերն են սպասվում: Եկեք, ծանոթացնեմ նաև խմբի մնացած անդամների հետ:

Ահա, այդ օրվանից ես ու Բորիսը դարձանք Շողիկի «Արևի շողեր» նվագախմբի գլխավոր անդամներից: Այո՛, և ես նույնպես` որպես հարվածային գործիքների երաժիշտ: Ճիշտ է, դրա համար շատ ջանքեր ու ժամանակ պահանջվեց, բայց դա այլևս կարևոր չէ: Հիմա մեր նվագախումբը փայլում է տարատեսակ երկրների բեմերում, հիացնում հանդիսատեսին, գերում սրտեր:

Հենց այսպես, մի անգամ փողոցում  ինչ-որ մեկը ինչ-որ տեղ,  տարիներ շարունակ ինքն իրեն երկար որոնումներից հետո վերջապես գտավ իրական տունը, ընտանիքը, աշխատանքը; Փաստորեն, աշխարհի ինչ-որ մի անկյունում Բորիսի ապագան նրան էր սպասում: Եվ գուցե քոնը նույնպես…

Комментариев нет:

Отправить комментарий

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...