Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հերթական համերգս էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հսկա շենքում։ Առավոտյան արթնացա անտանելի գլխացավով, որովհետև նախորդ օրը մինչ ուշ գիշեր շտկում էի համարներիցս մեկը։ Հագնվեցի ու հասկացա, որ ոչինչ` բացի սև դառը սուրճից, չի օգնի ուշքի գալ։ Մի բաժակ սուրճից հետո, վերցրեցի ջութակս ու դուրս եկա տնից։ Եղանակը կարծես hետ չէր մնում տրամադրությունիցս. անընդհատ անձրևում էր։
Շուտ էի հասել։ Չգիտեմ ինչու` գնացի համերգասրահ։ Բարձրացա բեմ, բացարձակ լռության մեջ պատյանից հանեցի ջութակս ու նստեցի հատակին։ Լսվեցին ջութակիս առաջին ելևէջներն ու անմիջապես էլ արձագանքը։ Այն ինձ չափազանց անսովոր թվաց։ Երբեք Օպերայի մեծ շենքում նման հանգստություն չէր տիրել։ Եվ երևի հենց դա էլ ստիպեց շարունակել նվագել։ Հանկարծ թվաց, որ հանդիսատեսի շարքերից ծափահարության ձայներ լսվեցին։ Ես բարձրացրի գլուխս։ Ամենավերջինին շարքում նստած էր տատս ու ժպիտը դեմքին նայում էր ինձ։ Ես վեր թռա, վազեցի դեպի նա, երբ հանկարծ աչքերիս դիմաց մթագնեց ու ընկա աստիճաններին։
Չգիտեմ էլ ինչքան ժամանակ անցավ, և արթնացա ընկերներիս ձայներից։ Բոլոր երաժիշտ ընկերներս հավաքվել էին շուրջս և ինձ էին ուշքի բերում։ Վատ ինքնազգացողության պատճառով նրանք առաջարկեցին բաց թողնել այս համերգը, բայց ես մերժեցի։
Իսկ ցնորքը` տատիկիս հետ կապված, երևի նրա համար էր, որ վերհիշեմ տատիս մոռացված կերպարանքը։ Ընկնեմ հուշերի գիրկը, վերհիշեմ, թե ինչպես առաջին անգամ բերեց ինձ ջութակի դասերի, գնեց մի փոքրիկ ջութակ... Ու, երևի այդ ամենից հետո միայն հանգիստ խղճով կնքեց մահկանացուն և հիմա վերևից հետևում է ինձ ու հպարտանում իմ հաջողություններով։

Комментариев нет:
Отправить комментарий