Նելլի ՄխիթարյանԱՀՏ Լրագրության դասարան
Վերջին տարիներին կրթական համակարգը բախվել է բազմաթիվ մարտահրավերների, ինչի հետևանքով բարեփոխումների անհրաժեշտություն է առաջացել։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հայտարարել է մի շարք նոր ծրագրերի մասին, որոնք նպատակ ունեն բարձրացնել բուհական կրթության որակը, ուսանողների մրցունակությունը և կրթական համակարգը համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին։
Կրթական գործընթացի թվայնացումն այսօր դարձել է առաջնահերթություն։ ԿԳՄՍՆ-ն նախատեսում է ներդնել նոր էլեկտրոնային ուսուցման համակարգեր, որոնք թույլ կտան ուսանողներին առցանց մասնակցել դասերին, ստանալ ուսումնական նյութեր և կատարել հանձնարարություններ՝ հարմարեցված հարթակներում։ Սա հատկապես կարևոր կլինի մարզերում բնակվող ուսանողների համար, որոնք եթե սովորում են Երևանում, ամեն օր դժվարանում են գալ ու գնալ։
Նոր ծրագրերի շրջանակում նախատեսվում է՝ ավելի մեծ թվով անվճար տեղերի ավելացում, պետական և մասնավոր կրթաթոշակների ընդլայնում, լավագույն ուսանողների համար լրացուցիչ խրախուսման ծրագրեր։
Բացի այդ, քննարկվում է ուսանողների համար կրթական վարկերի նոր համակարգի ներդրումը։
Կրթական բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի ճկուն, մրցունակ և որակյալ կրթական համակարգ, որը կպատրաստի մասնագետներ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։ Սակայն այս բարեփոխումների հաջողությունը կախված կլինի դրանց իրականացման տեմպից և որակից։ Ուսանողներին մնում է հուսալ, որ խոստացված փոփոխությունները կլինեն ոչ միայն թղթի վրա, այլև իրական կրթական գործընթացում։

Комментариев нет:
Отправить комментарий