Որոնում

среда, 18 марта 2026 г.

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյանք» խորագրով բանախոսություն։ 

Ազգագրագետ, դիզայներ  Վահե Քոթանյանի փոխանցմամբ՝ շրթներկը և շպարի բոլոր պարագաներն ազդել են մարդու հոգեբանության վրա։ 

Շրթներկ բառը սերում է «pomada» բառից, որը թարգմանաբար նշանակում է խնձոր։

-Խնձոր, որովհետև շրթներկի նախահիմքը՝ քսուքային տարբերակով, կիրառվել է հենց խնձորի տեսքով։ Խնձորի խյուսը օտգագործվել է ոչ միայն որպես շրթներկ, այլ նաև որպես քսուք, որը կիրառվում էր մաշկի, ձեռքերի փափկեցման համար,- մանրամասնեց Վահե Քոթանյանը՝ ավելացնելով, որ շպարի նախատիպը ակտիվ գործածության մեջ է եղել Եգիպտոսում։ Օրինակ՝ Նեֆերտիտի թագուհու շպարի պարագաներում կարելի է նկատել շրթներկի բաղադրությունը։

-Օգտագործում էին բրոմ, որը, սակայն թունավոր նյութ էր, ինչը բացահայտվեց ավելի ուշ, քանի որ հնում գեղեցկանում էին՝ հաշվի չառնելով, որ դա իրենց կյանքից տարիներ է խլում։ Կիրառում էին նաև յոդ, կարմիր ջրիմուռ, միջատ, ձկան թեփուկներ, հինա և յուղեր,- նշեց ազգագրագետը։

Անդրադառնալով շրթներկի տեսակներին՝ Վահե Քոթանյանը խոսեց նաև մավրիտանական շրթներկի մասին․

-Այս շրթներկը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ հիմնականում հին շուկաներում։ Պատրաստման համար թրծած կավի մեջ օգտագործում են 3-ամսյա ժամկետով չորացված կակաչի թեփուկներն ու տերևները։ Մի զարմանալի հատկություն ունի  մավրիտանական շրթներկը․ չոր վիճակում այն չի գունավորում։ Միայն օգտագործելիս ջրով ցողում են այն և վրձնի օգնությամբ դնում շուրթերին։ Շրթներկի ամենամեծ հավաքածուն պատկանել է Սոֆի Լորենին, ով 200-300 հատ շրթներկ է ունեցել իր հարդարման սեղանին։ Այժմ այն պահվում է որպես թանգարանային նմուշ,-նշեց Վահե Քոթանյանը։

Խոսելով սուրմայի մասին՝ ազգագրագետը հայտնեց, որ  սուրմա ստացել են հետևյալ կերպ․  ցորենի հասկից պոկում էին իր հատիկը, այրում ծայրը և փորձում էին գիծ քաշել։ 

-Կա սուրմայի 3 տեսակ։ Հնդկական սուրման կոչվում է կաջալ։ Այն արտադրվում է բնական միջոցներով։ Երկրորդ տարբերակը հայկական սուրման է՝ դեղդիրը։ Դրա բաղադրության մեջ մտնում են խուրմայի կորիզ, ոչխարի ճարպ, նուշի յուղ,  խունկ։ Չոր այրումից հետո այս սուրման օգտագործում են որպես դեղամիջոց։ Երրորդ տեսակի սուրման ամենավտանգավորն է, քանի որ այն իր բաղադրության մեջ ունի կապար։ Այս սուրման պարունակում է ծանր մետաղներ, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը,-եզրափակեց Վահե Քոթանյանը։

понедельник, 16 марта 2026 г.

Նպատակն է` ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը․Դիզայներ


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպել էր պանելային քննարկում, որի ժամանակ ներկա մասնագետները բացահայտեցին հայ կնոջ հագուստի պատմությունը։ Քննարկման ընթացքում խոսվեց հայկական տարազի՝ տարիների ընթացքում փոխակերպման, դրա պատճառների, ինչպես նաև նորաձևության առանձնահատկությունների, հայկական մշակույթը նորաձևության միջոցով ներկայացնելու մասին։

Ազգագրագետ Վահե Քոթանյանը,խոսելով այն մասին, թե ինչպե՞ս են պատմական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները և քաղաքակրթական ազդեցությունները փոխել կնոջ հագուստը, ասաց, որ 1918 թվականը մեծ փոփոխության առիթ է հանդիսացել։ Բացի այդ, մեղավորը տղամարդիկ էին, քանի որ պատմականորեն նորաձևության մեջ միշտ փոփոխողը եղել է տղամարդը, որովհետև նորաձևությունը փոխվել է տղամարդկանց միջոցով։ Ազգագրագետի փոխանցմամբ՝ տղամարդիկ մեկնում էին արտերկիր սովորելու կամ առևտրական որոշակի ճանապարհորդությունների, և դա նպաստում էր, որ իրենք իրենց հետ բերեին եվրոպական կոստյումը։ 

Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար, դիզայներ Էլեն Մանուկյանը շեշտեց, որ նորաձևության ամենամեծ առանձնահատկությունն այն չէ, որ միայն ասես, թե սա տարազ է, այլ ուսումնասիրես բոլոր մանրամասները և այդ դետալներն այնպես օգտագործես մեր առօրյա հագուստում, որ գրագետ ձևով ներկայացվի։

-Վերջին տարիներին դրսից բավականին հյուրեր ենք ունենում, և մեր նպատակն է՝  ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը։ Այսօր աշխարհին հետաքրքիր չէ սովորականը, այսօր բոլորը փնտրում են որևէ հետաքրքիր բան, իսկ մենք մեր մշակույթը, ցավոք, շատ քիչ ենք ներկայացնում նորաձևության միջոցով։ Այսօր նորաձևությունը շատ լավ միջոց է՝ խոսել երկրի մասին, բարձրաձայնել  մշակույթը, ունեցած ժառանգությունը։

воскресенье, 8 марта 2026 г.

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է. ի՞նչ է այն խորհրդանշում


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։

Տոնն առաջացել է 20-րդ դարի սկզբին, երբ կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար։ Ժամանակի ընթացքում այն դարձավ գեղեցիկ և ջերմ տոն։ Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային օր, նշվում է 1911-ից: ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարված է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր: Տոնի ակունքները հասնում են 1850-ական թվականներ, երբ կանայք քիչ էին վարձատրվում, աշխատում էին երկար և չունեին ընտրելու իրավունք։ 1857թ. Մարտին Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում:

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով:

1909 թվականին Կանանց օրն առաջին անգամ նշվեց ԱՄՆ-ում։ 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն: 1910 թվականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը նշել միջազգային մասշտաբով։ Այդպիսով օրը սկսեցին նշել նաև Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ կազմակերպելով հանրահավաքներ։ 1917 թվականին Խորհրդային Ռուսաստանում կանայք ստացան քվեարկելու իրավունք։ 1920 թվականին ԱՄՆ-ում սպիտակամորթ կանայք ստացան քվեարկելու իրավունք։ Ավելի ուշ որոշվեց Կանանց միջազգային օր սահմանել մարտի 8-ը, իսկ ՄԱԿ-ը այն առաջին անգամ նշեց 1975 թվականին։ Կանանց միջազգային օրվա գույներն են մանուշակագույնը, կանաչն ու սպիտակը։ Մանուշակագույնը խորհրդանշում է արդարություն և արժանապատվություն։ Կանաչը խորհրդանշում է հույս։ Սպիտակը խորհրդանշում է մաքրություն։

Հայաստանում նշվում է նաև Ապրիլի 7-ը՝ որպես մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։

Տարիներ առաջ այս օրերը նշում էին համեստ ձևով․ հիմանականում ծաղիկներ էին նվիրում և ընտանիքով միասին անցկացնում օրը։ Իսկ հիմա մարդիկ հաճախ նվերներ են գնում, կազմակերպում տոնական հավաքներ և իրենց սերն ու հարգանքն են արտահայտում կանաց։

Եթե Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին ինձ նվեր տային՝ կցանկանայի, որ այն լիներ գրքի կամ ծաղկի տեսքով։

Տոնական օրերին անպայման մայրիկին և տատիկիս գեղեցիկ ծաղիկներ եմ նվիրեմ ու ասում, թե որքան եմ սիրում և գնահատում նրանց։

суббота, 28 февраля 2026 г.

4 ժամում 59 ստեղծագործություն․ Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդ սահմանելու մասին


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Հայ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երևանի Պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է և ունի Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։ 2003թ․-ին Մադոյանը ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ 17-20-րդ դարերի ականավոր կոմպոզիտորների ստեղծած ջութակի տասնհինգ մանրանվագների լավագույն կատարման համար։ Նվագում է 18-րդ դարասկզբին Յոզեֆ Գվարներիիկերտած ջութակով։ 2017թ․-ին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ 33 ժամ, 2 րոպե, 41 վրկ անընդմեջ անգիր նվագելով շուրջ 59 երաժշտական ստեղծագործություն։

Անցած ճանապարհի, գրանցած հաջողության մասին արտիստը խոսեց Արաբկիրի Հայորդյաց տան Լրագրության դասարանի սաների հետ հանդիպման ժամանակ։

Ջութակահարը հայտնեց, որ տիրապետում է նաև դաշնամուրի և կիթառի, բայց ձգտումը եղել է ջութակ նվագելը։ Առանձնահատուկ հավանել է գործիքի գույնը և ելևէջները։ 

Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Նիկոլայ Մադոյանը համարում է 30-ից ավելի ձայնասկավառակներ ձայնագրելը, որոնք համաշխարհային ասպարեզում ճանաչում ունեն։ Գրանցված է նաև Գինեսի գրքում։ 

-Նվագել եմ մոտ 59 տարբեր մանրանվագներ։ Ինձ համար դա մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, որովհետև ես ուզում էի հասկանալ մարդու հիշողության սահմանները։ Մրցույթի ժամանակ նոր համակարգ էի ստեղծել և միջոցներ էի փնտրում, թե արդյո՞ք հնարավոր է երկարատև նվագել, որպեսզի մկանների լարվածությունը չազդի նվագի վրա։ Եվ ես պատրաստեցի այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն է տալիս մանրակրկիտ շարժումներով փոխանցել մկանային խմբերի լարվածությունը մյուս մկանային խմբերի վրա։ Դա է եղել իմ հիմնական նպատակն ու պատճառը, որպեսզի ես մասնակցեմ այդ մրցույթին։ Բոլոր ստեղծագործություններս նվագել եմ անգիր։ Ամեն ժամը մեկ ունեի 5 րոպե ընդմիջման հնարավորություն։ Ժյուրին 3-4 ժամը մեկ փոխվում էր, իր մոտ գրառումներ անում, հսկում, որ ամեն ինչ կատարվի օրենքի սահմաններում։ Հետո այդ ամենն ուղարկվեց Անգլիա՝ կենտրոնական գրասենյակ։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ ռեկորդը գրանցվեց Հայաստանում։ Մրցույթը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը,-ասաց Նիկոլայ Մադոյանը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս են անցել նրա համար այդ 33 ժամերը՝ անընդմեջ նվագելով, ի՞նչ զգացողություններ է ունեցել և ի՞նչ է զգացել մրցույթի ժամանակ, ջութակահարը  պատասխանեց, որ ինքն անընդհատ հեղուկ է օգտագործել, քանի որ ռիսկ կար, որ սնվելու դեպքում ուղեղի աշխատանքն անկախ իրենից կարող է խափանվել։

 4 ժամվա ընթացքում նվագել է 59 ստեղծագործություն, ապա կրկնել այդ ամենը՝ ավելացնելով նոր տարրեր։ 

-Ես հասկացա, որ մարդկային հնարավորությունները անսահմանափակ են, և դու կարող ես նվաճել յուրաքանչյուր բարձունք,- նշեց Նիկոլայ Մադոյանը։

Եկավ վերջինը, գնաց առաջինը

 



Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Նկարիչների միությունում` Մարտիրոս Սարյանի ցուցասրահում, տեղի ունեցավ հետաքրքիր նկարչական մենամարտ։ Մրցում էին երկու տաղանդավոր նկարիչներ՝ Վարդան Տեպիկյանը և Աշոտ Թադևոսյանը։ Նրանք պետք է հանդիսատեսի աչքի առջև նկարեին միմյանց։ Դահլիճում տիրում էր լարված և, միաժամանակ, ոգևորիչ մթնոլորտ։ Հանդիսատեսն անհամբեր սպասում էր, թե ինչպիսի՞ նկարներ են ստացվելու։ 

Հատկապես լարված էր Աշոտ Թադևոսյանը. նրա հայացքից և ձեռքերի շարժումից զգացվում էր չափազանց կենտրոնացվածությունն ու պատասխանատվությունը։ Լարված էր նաև հանդիսատեսը. ներկաները լուռ հետևում էին յուրաքանչյուր վրձնահարվածի։ 

Սկզբում շատեր չէին հասկանում Աշոտ Թադևոսյանի նկարի իմաստը, քանի որ դեռ պատկերն ամբողջական չէր երևում։ Սակայն, որոշ ժամանակ անց, պատկերն արդեն ամբողջությամբ երևում էր։

 Նա օգտագործում էր վառ գույներ, հատակապես կապույտը։ 

Վարդան Տեպիկյանը, ով եկավ մենամարտից վայրկյաններ առաջ` ավարտեց առաջինը։ Նրա աշխատանքը նույնպես շատ գեղեցիկ էր։ Գույներն այնքան էլ վառ չէին, ինչքան Աշոտ Թադևսյանի նկարում, բայց, ներկաների խոսքով`  ինքնատիպ էր։ 


воскресенье, 15 февраля 2026 г.

Գիրք, որը կցանկանայի նվեր ստանալ


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ես սիրում եմ գրքեր կարդալ, որովհետև դրանք հետաքրքիր են և օգնում են զարգացնել մտածողությունը։ Կա մի գիրք, որը շատ կցանկանայի ձեռք բերել կամ, գուցե նվիրեին, և այն Լյուսի Մոդ Մոնտգոմերի «Աննա կանաչ կտուրներից>> մանկական վեպն է։ Գիրքը 11-ամյա որբ աղջկա` Աննա Շիրլիի արկածների մասին է։ Նրան սխալմամբ ուղարկում են Մեյթու և Մարիլա Քատբերտների մոտ, որոնք միջին տարիքի քույր և եղբայր էին և ցանկանում էին տղա որդեգրել, ով կօգներ նրանց։ Վեպը պատմում է Աննայի և Մեթյուի անցած ուղու մասին, թե ինչպես է Աննա սովորում դպրոցում և ինչպիսի արկածներ է ունենում քաղաքում։ Վեպում ներկայացվում են Աննայի արկածները կանաչ կտուրներում։

«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel և Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ոլորտում։ Հետաքրքիր կլիներ մանրամասն ընթերցել։

Ես չունեմ սիրելի գրող, որովհետև իմ կարծիքով բոլորն էլ հավասար են, ամեն մեկը իր տեղն ու նշանակությունն ունի։

Ամենաշատը սիրում եմ կարդալ դետեկտիվ գրականություն, սակայն ազատ ժամանակ կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր։

Այս պահին ընթերցում եմ Ագաթա Քրիստիի «Չարիքն արևի տակ» գիրքը։ Այն շատ հետաքրքիր է։ Պատմության մեջ գնդապետ Ուեսթոնի կինը մահանում է, և փորձում են պարզել, թե ո՞վ է նրան սպանել։ Նրա կինը շատ գեղեցիկ էր և մասնագիտությամբ դերասանուհի։ Նա այնքան գեղեցիկ էր, որ տղամարդիկ հետաքրքվում էին նրանով...։

пятница, 23 января 2026 г.

Սոցիալական ցանցերը կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի։ Դրանք մեր առօրյայի մի մասն են դարձել հատկապես երեխաների և դեռահասների շրջանում։ Սոցիալական ցանցերը  ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն և կարևոր է  ճիշտ ընտրություն կատարելը։

Սոցիալական ցանցերը մեզ հնարավորություն են տալիս շփվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հետ, լինել տեղեկացված և իրազեկ։ Դրանք նաև կարող են օգտակար լինել ուսման դեպքում։ Այսօր հնարավոր է մի քանի վայրկյանում գտնել տեղեկատվություն, դիտել ուսուցողական տեսանյութեր կամ մասնակցել առցանց դասընթացների։ 21-րդ դարը մեզ տվել է զարգանալու և ինքնակրթվելու լայն հնարավորություն, սակայն հարկավոր է խուսափել այս ամենի բացասական կողմերից։ 

Սոցիալական ցանցերում երեխաները հաճախ բախվում են կեղծ տեղեկատվությունների, անառողջ համեմատությունների և երբեմն կիբերհանցագործության զոհ են դառնում։ Իդեալական նկարներն ու հրապարակումները կարող են դրդել դեռահասներին՝ փորձել նմանվել որևէ հայտնի մարդու։ Սոցիալական ցանցերը հաճախ կարող են դառնալ դեռահասի համար մոտիվացիայի աղբյուր։ Սա ևս մեկ ապացույց է նրա, որ ամեն բան կախված է մարդուց, նրա աշխարհընկալումից։ Բացի այդ, երկար ժամանակ հեռախոսին նայելը կարող է վնասել առողջությանը՝ առաջացնել կախվածություն, քնի պակաս և ուշադրության ու ինքնատիրապետման խնդիրներ։ Որոշ դեպքերում սոցիալական ցանցերը դառնում են նաև կիբերբուլինգի տարածք, որտեղ երեխաները կարող են ճնշման ենթարկվել։

Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե սոցիալական ցանցերն են, այլ դրանց  ոչ խելամիտ օգտագործումը։

Սոցիալական ցանցերը կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ։ Մենք ինքներս ենք ընտրում մեր տարբերակը։

Տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար համացանցը խելամիտ օգտագործելու հնարավորություններ են ստեղծված։ Այսօր կան շախմատային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ՝ Worldchess.com-ը, Chess.com-ը, որոնք կփոխարինեն ժամանակի անիմաստ վատնումը՝ օգտակարով։

Առաջին ծրագրում գրացվելով՝ հնարավոր է բարձրացնել վարկանիշը, ստանալ միջազգային կոչումներ կամ պարզապես ինքնակրթվել, փորձել սեփական ուժերը։ Դպրոցական երեխաների համար նույնպես կան նման հարթակներ, որտեղ հնարավոր է զարգանալ և ամրապնդել գիտելիքները։ Օրինակ՝ «Իմ դպրոց»  հարթակն աշակերտներին հնարավորություն է տալիս կրկնել հանրակրթական առարկաների նյութը, պատասխանել դրանց վերաբերող հարցերին, հավաքել միավորներ։ Այս ամենի շնորհիվ նրանք ոչ միայն բարելավում են իրենց գիտելիքները, այլև փորձում են սովորել ավելի շատ, առողջ մրցակցում են իրենց դասընկերների հետ և ձգտում հայտնվել թոփ եռյակում։

Շտապօգնության կանչերը նվազել են․ո՞րն է պատճառը

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

2026 թվականը սկսվել է կանչերի նվազումով։ Պատճառը՝ առողջապահական համընդհանուր ապահովագրությունն է։ Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրենի՝ Ռուբեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ կանչերը նվազել են 35%- ով։

-Վստահ եմ, որ մեծ դեր է ունեցել նաև այն փաստը, որ համընդհանուր ապահովագրության դեպքում հիմա սահմանափակում է դրված, այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար հիմունքներով սպասարկվելու է մինչև 8 կանչ, իսկ 8-ից ավելի կանչ գրանցող բուժառուների համար կանչը կդառնա վճարովի։ Իհարկե, կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն և այլ դեպքեր։ Մենք այդ 9-րդ և ավել կանչը սահմանել ենք 10․000 դրամ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռուբեն Գրիգորյանը։

Խոսելով տարվա ընթացքում գրանցված կանչերի մասին՝ Ռուբեն Գրիգորյանը նշեց․

-2025 թվականին գրանցվել է շուրջ 307․000 կանչ, որը 3%-ով ավելի է 2024-ի համեմատ։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի շատանալով։ Շտապօգնության ՓԲԸ-ի տնօրենը մանրամասնեց, որ հիմնականում կանչերը լինում են սիրտ-անոթային, դրանց մեջ են մտնում նաև ճնշման հետ կապված կանչերը, սուր շնչառական վարակների կանչերը և այդպես շարունակ։ Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ կոտրվածքների 22 կանչ է արձանագրվել, հոսպիտալացմամբ ավարտվել, որը նախորդ տարիների համեմատ ցածր ցուցանիշ է։ Թունավորումների 5 դեպք է գրանցվել։

Անդրադառնալով հետագա ծրագրերին՝ Ռուբեն Գրիգորյանը ասաց, որ 2026թվականին նախատեսվում է մինչև 10 նոր մեքենայի ձեռքբերում, արտահագուստի վերանայում, ինչպես նաև, վերագործարկել ռադիոկապը և բարձրացնել աշխատավարձը։

Այն, ինչ անտեսանելի է՝ չի նշանակում, որ գոյություն չունի

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


ԱՀՏ-ի լրագրության դասարանը հունվարի 13-ին հյուրընկալել էր այս տարվա իր անդրանիկ հյուրին՝ աճպարար Վարդան Ամիրյանին։ Նա՝ լինելով հայ աճպարարների միության նախագահ, հայ աճպարարական արվեստը ներկայացրել է նաև հայրենիքից դուրս՝ աշխարհի տարբեր երկրներում։

Բացի հիմնական մասնագիտությունից տիրապետում է երաժշտական գործիքների, զբաղվել է վոկալով։ Ուսումնասիրում է հոգեբանությունը, տիրապետում է հիպնոսին, հանդես է գալիս բեմական հիպնոսով։

Հանդիպման ժամանակ աճպարարը պատմեց, որ նախքան բուն մասնագիտությունն ընտրելը հասցրել է  սովորել հագուստի մոդելավորում բաժնում։ 

Խոսելով  իր առաջին հնարքի մասին, որն է՝ անհետացող և հայտնվող գնդակների հնարքը, Վարդան Ամիրյանն ասաց, որ սա,  իր կարծիքով ամենից շատ կգրավեր իրեն, եթե երեխա լիներ։

Մեր հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա այն երեխաներին, ովքեր ուզում են զբաղվել աճպարարությամբ, Վարդան Ամիրյանը պատասխանեց․ «Աճպարարությամբ զբաղվելու ամենակարևոր կանոններն են համբերությունն ու սերը՝ մասնագիտության հանդեպ»։ 

Մեր զրուցակիցն ընդգծեց՝  աճպարարությամբ զբաղվում է գրեթե 50 տարի, երբևէ չի զղջացել այդ մասնագիտությունն ընտրելու համար։ 

Սկսել է զբաղվել աճպարարությամբ 15 տարեկանից, որը այս ժանրի համար, մասնագետի կարծիքով, շատ ուշ է, որովհետև մոտ 9 տարեկանից է սկսվում երեխայի մոտ առողջ աշխատել երևակայությունն ու տրամաբանությունը։

Այն հարցին, թե ո՞րն է եղել նրա կողմից իրագործած ամենաբարդ հնարքը, Վարդան Ամիրյանն ասաց, որ աճպարարարության մեջ գրեթե բոլոր հնարքները բարդ են, ինչպես, օրինակ, երաժշտության մեջ։ Նրա կարծիքով՝ այդ ամենին նախ պետք է տիրապետել, ամեն բան միանգամից չի ստացվում։ Հնարք է եղել, որն իրագործելու համար մոտ 2 տարի է պահանջվել։

Աճպարար ծնվում են, թե՞ դառնում փիլիսոփայական հարցին, Վարդան Ամիրյանը պատասխանեց, թե ցանկացած արվեստի, մշակույթի մեջ գոյություն ունի բնականը և՝ արհեստականը։ Աճպարարի խոսքով՝ կան քանդակագործներ, ովքեր, անկախ ամեն ինչից, տեղեկությունը տիեզերքից ստանում են և ստեղծագործում։ Եվ կան քանդակագործներ, ովքեր կրթված են։ Հետևաբար՝ Վարդան Ամիրյանը նրանց բաժանում է երկու խմբի՝ արհեստական և բնական մասնագետներ, ու շեշտում, որ բնությունն ամեն դեպքում շատ մեծ դեր է խաղում։

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հեշտ է զարմացնել 21-րդ դարի մարդուն, աճպարարը ասաց, որ մտածել է այդ հարցի շուրջ և հանգել այսպիսի մի եզրահանգման։ Նրա կարծիքով՝ այն, ինչ ստեղծվում էհամացանցի կամ հեռախոսի օգնությամբ, դրանով զարմացնել չես կարող։

Հանդիպման վերջում աճպարար Վարդան Ամիրյանը ցուցադրեց մի շարք զարմանահրաշ հնարքներ։ Նա հիպնոսի ենթարկեց սաներին, առանց ակնոցին դիպչելու շրջեց այն, անտեսանելի կերպով փոխեց անհավասար և հավասար պարանների տեղերը։ Ինչպես նշեց Վարդան Ամիրյանը՝ այն, ինչ անտեսանելի է, չի նշանակում, որ գոյություն չունի։

Կոշիկները, որոնք կարողանում էին քայլել


Արամ Արևշատյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Լինում են երկու տղա՝ մեկը խելոք մյուսը անխելք։Այս խելոք տղայի ընտանիքն աղքատ է լինում, բայց նա սովորում էր գերազանց։ Ունենում է մեկ զույգ կոշիկ, որոնք արդեն մաշվել էին։ Իսկ անխելք տղայի ընտանիքը լինում է հարուստ, նա ուներ բազմաթիվ կոշիկներ, շատ խաղալիքներ, բայց մեծանում էր հղփացած։ Մի օր քայլելիս տղաներն հանդիպում են իրար և հարուստ տղան ասում է.

 - Այս ի՞նչ մաշված կոշիկներ են, չե՞ս կարող նորը գնել, այս կոշիկներով նույնիսկ տան մեջ հնարավոր չէ քայլել։

Աղքատ տղան ոչինչ չի պատասխանում։

 Անցնում են տարիներ։ Աղքատ ընտանիքում մեծացած տղան իր խելքով հասնում է նպատակներին, ունենում սեփական տներ, ավտոմեքենաներ, իսկ հարուստ ընտանիքում մեծացած տղան աղքատանում է, սկսում է ապրել շատ վատ վիճակում։ Մի օր նրանք նորից հանդիպում են  և արդեն հարստացած տղան ճանաչելով աղքատ տղային ասում է․

 - Ինչո՞ւ ես ոտաբոբիկ, արի ես քեզ կտամ կոշիկներ։ Նա տալիս է իր հին և մաշված կոշիկները, որոնք տարիներ առաջ կրել էր և ասում է.

 - Ցանկացած կոշիկով էլ հնարավոր է քայլել։ 

Եվ այս օրվանից ոչ մեկ չի ծաղրել մյուսի հագուկապին։

среда, 14 января 2026 г.

Երազում եմ, որ Հայաստանը դառնա Մեծ Հայքի նման․ Էդուարդ Մակարյան


Տասնամյա Էդուարդ Մակարյանը «Դյուցազնագրքում»  է գրանցվել հինգ ռեկորդով, ստեղծել է  «Հայաստանի շուրջ» խաղը։ ԱՀՏ Լրագրության դասարանի սաները զրուցել են  Էդուարդի՝ աշխարհագրության հանդեպ սիրո, ստեղծած խաղի, ռեկորդների, և իհարկե, երազանքներ մասին, իսկ այս ամենը հավաքել, կարգի է բերել Սոնա Լևոնյանը։

-Մինչ օրս շատ դրոշներ ես ուսումնասիրել․ հայկական դրոշի վրա ի՞նչ փոփոխություններ կանեիր։

-Հայկական դրոշին կավելացնեի Մեծ Հայքի քարտեզը, որ չմոռացվի Մեծ Հայքը, իսկ գույերը կթողների նույնը՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։

-Եթե լինեիր աշխարհագրության ուսուցիչ՝  ի՞նչ կանեիր, որ աշակերտներիդ դրոշները հեշտությամբ սովորեին։

-Նախ և առաջ ես կսկսեի հեշտ դրոշներից, ապա կսովորեցնեի նաև բարդ դրոշները՝ մինչև 200դրոշ։

-Պատկերացրու՝ քարտեզը քեզ հետ խոսում է, ի՞նչ հարցեր կտայիր նրան։

-Կհարցնեի, թե ինչո՞ւ է նրա ձևը հենց այդպիսին, որովհետև ես նկատել եմ, որ այն ունի կատվի ձև։

-Որևէ երկիր դուրս կհանեի՞ր աշխարհագրական քարտեզից։

-Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը։

-Ի՞նչ ես ուզում դառնալ։

-Ես ուզում եմ ապագայում դառնալ մանկաբույժ։

-Իսկ ինչու՞ հենց մանկաբույժ։

-Երբ փոքր էի, պարբերաբար տանում էին մի բժշկուհու մոտ, ում շատ էի սիրում։ Այդպես էլ որոշեցի դառնալ մանկաբույժ և բուժել երեխաներին։

-Ո՞վ քեզ ոգեշնչեց, որ սկսեցիր երաժշտությամբ զբաղվել։

-Հայրիկս ինձ տանում էր համերգների, որպեսզի հասկանամ, թե ո՞ր գործիքն է ինձ առավել գրավում և այդպես ես ընտրեցի սաքսոֆոնը։

-Հաճա՞խ ես ներկա լինում դասական համերգների։

-Այո, հաճախ։

-Կարո՞ղ ես պատմել քո զգացողությունների մասին, երբ առաջին անգամ բարձրացար բեմ։

-Երբ առաջին անգամ բարձրացա բեմ՝ ինձ շատ հանգիստ էի զգում և թեթև էի նվագում։ Մի փոքր վախ կար, քանի որ ամեն դեպքում, բայց, երբ սովորեցի համերգներին, դա էլ վերացավ։

-Ի՞նչ խորհուրդ կտաս այն երեխաներին, ովքեր առաջին անգամ պետք է զբաղվեն երաժշտությամբ։

-Նախ պետք է սովորեն նոտաները, ապա գիտելիքները խորացնեն՝ ըստ իրենց ընտրած գործիքի։

-Գիտենք, որ սիրում ես նաև պատմությունը։ Ո՞ր թագավորության օրոք կուզեիր ապրել, և որը՝ ղեկավարել։

-Շատ եմ սիրում Վանի թագավորությունը, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների, Ռուբինյանների թագավորությունները։ Կցանկանայի ղելավարել Վանի թագավորությունը։

-Ինչպե՞ս կղեկավարեիր այն։

-Կհավաքագրեի մի քանի զինվորների, կնշանակեի նրանց երկրի պաշտպան և հրաման կտայի հարձակվել թշնամի զորքերի վրա։

-Դու իրականացրել ես շատ երազանքներ և հասել բազում նպատակների։ Կա՞ն  երազանքներ, որոնք դեռ քո մտքերում են միայն։

-Երազում եմ դառնալ մանկաբույժ, և որ Հայաստանը դառնա Մեծ Հայքի նման։

-Վերջերս ի՞նչ համերգների ես մասնակցել, և ո՞ր նվագախմբի հետ ես հանդես եկել։

-Հանդես եմ եկել Կամերային նվագախմբի հետ։ Հրաշալի կատարում եմ ունեցել, բոլորը հպարտանում էին ինձանով։

-Գիտենք, որ ներառվել ես Դյուցազնագրքում։ Կպատմե՞ս մի փոքր դրա մասին։

- Իմ սահմանած առաջին ռեկորդը եղել է 2ր․16 վրկ․- ում 200 դրոշներ ասելը, ապա գերազանցելով ինքս ինձ՝ սահմանեցի իմ 2-րդ ռեկորդը՝ 200 դրոշն ասացի 2 րոպեում։ Իմ 3-րդ, 4-րդ և 5-րդ ռեկորդների ժամանակ Ասիան, Աֆրիկան և Եվրոպան փակ աչքերով արագությամբ ասում էի։

Հարցազրույցը վարել են՝ Լրագրության դասարանի սաներ

Սոնա Լևոնյանը

Աննա Սահակյանը

Շողեր Շահնազարյանը

Իմ հերոսը․ ո՞վ է պատմության մեջ 69 երեխա ունեցող կինը


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Իմ սրտում շատերն ունեն իրենց ուրույն տեղը՝ որպես հերոս։ Հերոս կարող են կոչվել նրանք, ովքեր պատրաստ են անձնազոհ կերպով մարտնչել մեկ ուրիշի համար։ Հերոս եմ համարում բոլոր մայրերին․ նրանք իրենց առողջությունն ու կյանքն են վտանգի տակ դնում՝ հանուն մանկան աշխարհ գալու, ապահով մանկության։

Պատմության մեջ ամենաշատ երեխաներ լույս աշխարհ բերած կինը համարվում է Ֆեոդոր Վասիլևի առաջին կինը՝ ռուսական Շույա քաղաքից։ Ըստ «Գինեսի ռեկորդների գրքի» ու պատմական գրառումների՝ նա ունեցել է 69 երեխա։ Ընդ որում` կինը ծննդաբերել է 27 անգամ` 16 երկվորյակ (համաշխարհային ռեկորդ), 7 եռյակ, 4 քառյակ: Ողջ են մնացել 67-ը:


Հերոս, որովհետև՝ այս կինն ունեցել է հսկայական մարդկային ուժ, կամք, դիմացկունություն, մեծացրել է 69 երեխաներին գյուղական ծանր պայմաններում, չի խուսափել դժվարություններից։ Նրա անունը չի պահպանվել ոչ մի պատմական աղբյուրում, բայց անունը չէ, որ պիտի դարձներ հերոս։ 18-րդ դարը զուրկ էր պրոֆեսիոնալ բժիշկներից, գերժամանակակից ծննդատներից, ցավազրկումից, անվտանգ պայմաններից։ Բայց կային իր կամքը, մայրական սերը զավակների նկատմամբ, կնոջը ոչ բնորոշ ֆիզիկական անսահման ուժը։ Նա ապացուցեց, որ հերոսները միշտ չէ, որ կրում են սաղավարտ կամ զենք։ Երբեմն նրանք պարզապես մայրեր են։ Որտեղի՞ց նրանք այդքան ուժ, հաճախ ինքնս ինձ եմ հարցնում ու մտածում՝ եթե հանդիպեի, ապա ի՞նչ հարցեր կտայի այս կնոջը։ Երևի թե զրույցը կսկսեի այս հարցերով․

1․ 18-րդ դարում շատ երեխաներ ունենալը, այն էլ գյուղական ընտանիքում, մեծ ռիսկ էր։ Ինչպե՞ս այդքան համարձակություն գտաք։

2․ Ի՞նչ աջակցություն եք ստացել Ձեր հարազատներից։

3․ Ի՞նչ դիրքորոշում է ունեցել Ձեր ամուսինը։

4․ Ո՞վ է եղել Ձեր հիմնական մոտիվացիայի աղբյուրը։ Ո՞վ է ոգևորել Ձեզ։

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...