Որոնում

воскресенье, 27 октября 2024 г.

Այդքան մոտ ու այդքան հեռու


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

 Մաս 1


Աշնանային մռայլ օր էր։ Դպրոցում էի։ Կարծեմ երկրաչափության դասն էր, լավ չեմ հիշում։ Պատուհանները բաց էին, անձրևի ձայնը գնալով ավելի էր խլացնում ուսուցչի ձայնը։ Լամպերը, որ թույլ լուսավորում էին մութ դասասենյակը, երբեմն-երբեմն մարում էին, գուցե եղանակից էր, չգիտեմ։ 10 րոպե էր մնացել դասի ավարտին։ Այդ 10 րոպեները ժամեր էին թվում, երեկվա պես հիշում եմ։ Աչքերս գրեթե փակվում էին, երբ հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ նա։ Մի աղջիկ, ինչպես ինձ այդ պահին թվաց` մի հասարակ աղջիկ։ Բայց ոչ, նա հասարակ աղջիկ չէր։ Նրա կանաչ աչքերը և մուգ շագանակագույն վարսերը, որ անկանոն թափված էին իր ուսերին, ինչ-որ յուրահատուկ բան էին թաքցնում.ի՞նչ, ես չգիտեմ, մինչ այսօր էլ չեմ բացահայտել։ Այնքան էի տարվել նրանով, որ չհասցրի անգամ անունը լսել։ Զանգը հնչեց, մայրս բացեց դուռն ու ասաց.
-Լևո'ն, արագացրու։ 
Նա բռնեց ձեռքիցս և արագ քայլելով հասավ մեքենային։ Այդ ամենը վայրկյաններ տևեց` չհասցրի պայուսակս վերցնել։ Արդեն երկրորդ կարևոր բացթողումն էր։ Մայրս` անուշադրության մատնելով հարցերս, մեքենան էր վարում և գնալով ավելի արագ։ Անհարմար լռությունից հետո, նա կարծես համարձակություն հավաքելով խոսեց.
-Տատիկդ իրեն լավ չի զգում։
Մեկ րոպե դադարից հետո շարունակեց.
-Մի քանի օր այնտեղ կմնանք։ 
Նա չէր ցանկանում ցույց տալ, սակայն վախենում էր, ես գիտեի։ Մայրս շատ ուղեժ կին էր, ես դա միշտ եմ իմացել...


Մաս 2

Օրերը գյուղում շատ ձանձրալի անցան։ Մորաքույրս` Մարիետան, նույնպես այստեղ էր։ Օրերը միանման էին` նախաճաշ, զբոսանք, օրվա մյուս մասը տանն էի։ 3 օրվա ընթացքում 4 գիրք էի հասցրել ընթերցել։ Ձանձրույթը վերջապես ավարտվեց, երբ մի առավոտ մայրս արթնացրեց ու երջանիկ հայացքով ասաց.
-Հետ ենք վերադառնում։
Երջանկությանս չափ չկար։ Ես, իհարկե, սիրում եմ գյուղը։ Ամառային երեկոներ, ընկերներ։ Սակայն տարվա այս եղանակին ամեն ինչ մի տեսակ մռայլ ու տխուր է։ Ինչևէ, ժամեր անց մենք արդեն Երևանում էինք։ Կրկին անձրև էր։ Ես սիրում եմ աշունը, այն այնքան անկանխատեսելի է։ Ամռան բոլոր օրերը միանման են։ Իսկ այ աշունը, տերևներ, քամի, անձրև։ Աշունը տխուր չէ, բոլորովին, պարզապես բոլորը չեն օժտված գեղեցիկը նկատելու հատկությամբ։ Իսկ ովքեր էլ, որ օժտված են` լուռ նստում են, մտածում, բայց երբեք ոչինչ չեն խոսում։ Մինչ այսօր էլ <<մռայլ ու տխուր>> աշունն է, որ ոչ ոքի սրտում մի փոքրիկ անկյուն չի գտնում։
 Ահա այսպես ես արդեն պատրաստվում էի քնել, և մտքումս միայն նա էր` այն խորհրդավոր աղջիկը, որի անունն այդպես էլ գաղտնի մնաց ինձ համար...



Մաս 3

Վերջապես զարթուցիչս զանգեց, սակայն դա չէր, որ ինձ պետք էր արթնացներ։ Մեկ-երկու ժամ է, ես արդեն արթուն էի։ Արեգակի առաջին շողերի հետ բացվեցին նաև իմ աչքերը։ Եվ ես երջանիկ էի, չգիտեմ ինչու, բայց երջանիկ էի։ Րոպեներ անց արդեն կազմ-պատրաստ կանգնած էի դռան մոտ։ Ընկերս` Կարենը, վայրենաբար բացեց դուռը և բղավեց.
-Բարի լույս, Լևոն, տիկին Գայանե, լա՞վ եք։
-Լավ եմ, տղաս.
Քմծիծաղ տալով պատասխանեց մայրս և մտավ խոհանոց։
Մայրս մի լավ կբողոքեր, եթե նրա փոխարեն իմ անկիրթ ընկերներից ինչ-որ մեկը լիներ, բայց Կարենին նա չափից շատ է սիրում, և նույնիսկ ժպիտով պատասխանեց։
Մայրս մեկական հյութ տվեց մեզ և մենք զվարթ դուրս եկանք տնից։
-Լյով, կարոտել էի քեզ
-Լու՞րջ ես ասում։
-Չէ, կատակ եմ անում, դու ինձ ասա՝ ո՞նց էր գյուղում։
-Կատակասերիս տեսեք,-արհամարհանքով ասացի ես.
-Դե նորմալ, ոչինչ չէր փոխվել։ Դու պատմիր։
-Այն նոր աղջկան հիշու՞մ ես։ 
-Հիշում եմ, ոնց չեմ հիշում։
-Ահա, ես իմացել եմ, որ նրա հայրը վերջերս մեկնել է երկրից, բայց նա նոր դպրոց է տեղափոխվել, մինչդեռ բոլորը կարծում էին, որ ընտանիքի մյուս անդամները կմեկնեն հոր մոտ։
Իսկ Մալվինան ոչինչ չի խոսում, մեկ երկու անգամ մենք խոսք ենք բացել, բայց նա հումորի է վերածել և անցել առաջ։ Ինչևէ...
- Մի րոպե, մի րոպե։ Նրա անունը <<Մալվինա՞>> է։
Հարցիս հետ միասին դեմքիս թեթև ժպիտ հայտնվեց, չհասկացա՝ ինչի հետ էր կապված։
-Դե..այո, ինչ-որ խնդի՞ր կա։
-Չէ, ի՞նչ խնդիր պետք է լինի,-մի փոքր կմկմալով, բայց արդեն լայն ժպիտով պատասխանեցի ես։ Չնկատեցի էլ՝ ինչպես հասանք դպրոց։ Կարծում եմ՝ Կարենի երկար ու անիմաստ պատմություններից էր, որոնց պատճառով կորցրել էի ժամանակի զգացումը։


Մաս 4

Չգիտեմ ինչպես հաջողացրինք, բայց ուշացել էինք դասից։ Տիկին Լալայանը մեզ մի լավ զննելուց հետո թույլ տվեց նստել։ Մենք տեղավորվեցինք մեր մշտական նստարանին` պատուհանի մոտ․ ամենավերջին սեղանն էր։ 
Տիկին Լալայանը Կարենին չէր հավանում, Կարենն էլ նույն զգացմունքներն ուներ։ Մինչ նա գանգատվում էր, ես հայացք գցեցի դեպի ուսուցչի սեղանը և նկատեցի նրան` Մալվինային, առաջին սեղանի մոտ նստած։ Նա թիկունքով էր նստած ուստի չնկատեց ինձ։ Փաստորեն նա արդեն ծանոթացել էր բոլորի հետ։ Տպավորություն էր, որ միշտ էլ ճանաչել եմ նրան։ Դասընկերներս նույնպես չափից շատ անմիջական էին դարձել նրա հետ։ Դասամիջոցին, երբ տղաների հետ ծրագրեր էինք կազմում օրը ինչ-որ չափով հետաքրքիր դարձնելու համար, Մալվինան դանդաղ, բայց վստահ քայլերով մոտեցավ մեզ։
-Ես Մալվինան եմ։
Նա մեղմ ժպտաց ինձ և ձեռքը պարզեց։
-Գիտեմ.. էէ.. ուզում էի ասել հաճելի է։ Ես Լևոնն եմ։
Ամեն ինչ այդքան սարսափելի չէր լինի, եթե չլինեին իմ անլուրջ ընկերները, ովքեր օգտվելով իմ շփոթմունքից՝ հռհռում էին, իրենց կորցրած։
-Դե լավ, հանգստացեք,-մի փոքր խիստ ու բարձր ձայնով ասացի ես։
Նրանք լռեցին, բայց քչփչում էին։ Մալվինան նուրբ ժպտաց և պտտվեց իր նոր ընկերուհիների կողմը։ Ես ի պատասխան ժպտացի, և գուցե այդ ժպիտը դեռ երկար ժամանակ մնար իմ դեմքին եթե չլսեի Խաչիկի խեղդամահ ծիծաղը։
Ընկերներիս պահվածքը այդքան էլ իմ սրտով չէր, ինչը դժվար էր չնկատելը։ Ամեն դեպքում նրանք հասկացել էին դա։ 
Դասերից հետո մոտեցան ինձ ներողության խոսքերով։ Ինչքան էլ բառերը նրանք սխալ էին ընտրում, միևնույն է, ես գիտեի, որ դրանք անկեղծ էին...


Մաս 5

Օրերն անցնում էին, Մալվինան գնալով ավելի էր ինտեգրվում մեր դասարանին, իսկ ես գնալով ավելի շատ էի սկսում մտածել նրա մասին, չգիտեմ դա ճիշտ էր թե ոչ, սակայն ոչինչ անել չէի կարող։ 
Իմ պահվածքի կտրուկ փոփոխություններն այդքան էլ աննկատ չէին, սակայն ընկերներիցս միայն Կարենն էր դա զգացել, միշտ էլ իմացել եմ, որ ամենալավը նա է ինձ հասկանում, նա ինչպես ասում են <<հարազատ հոգի>> է։
Ես իմ տեսակով այդքան էլ համարձակ չեմ` ի տարբերություն նրա: Նրա ինքնավստահությանը չափ ու սահման չկա, բայց դա էլ մի բան չէ։ Ինձ բավական էր դպրոցի այդ մի քանի ժամերը նրան հեռվից տեսնելը, կամ ուղղակի իմանալը, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։ Սակայն ընկերս խորհուրդ տվեց, չնայած ինչ ունեմ թաքցնելու, ստիպեց մոտենալ նրան։ Մի կողմից միգուցե դա էր ճիշտը, բայց դա միայն Կարենի տեսակետն էր։
Մեկ - երկու անգամ համարձակություն էի հավաքել և խոսել նրա հետ․ կամ տնային աշխատանքն էի հարցրել, կամ էլ ինչքա՞ն է մնացել դասի ավարտին։
Բայց դա էլ <<վատ արդյունք չէր>>, ըստ Կարենի, շատ վստահ էր խոսում, գուցե մի բան գիտեր, չեմ կարող ասել։
Երկու շաբաթ անց արդեն պարզել էի, որ նույն ուղղությամբ ենք գնում դասերից հետո և սկսել էինք միասին տուն գնալ։ Միգուցե տարօրինակ էր, բայց դպրոցում չէինք շփվում, կամ էլ ըստ անհրաժեշտության, այդ դեպքերն էլ շատ չէին։ Տուն գնալիս   երբեմն - երբեմն նա էր խոսում, ես միայն լսում էի, մնացած ճանապարհը լռությամբ էինք անցնում։ Մի ամբողջ գիշեր խորհելուց հետո, հասկացա, որ այսպես երկար չի կարող շարունակվել։ Կարծում եմ՝ Կարենի խրատները վերջապես ազդել էին ինձ վրա։ Ինչևէ, լույսը բացվելուն պես ես սկեցի նոր քայլեր ձեռնարկել։


Մաս 6

Լույսն արդեն բացվել էր։ Գիշերն ապարդյուն չէր անցել։ Ես համարձակություն էի հավաքել Մալվինային գոնե մի փոքր մոտ գտնվելու համար։ Եվ, ահա, 20 րոպե շուտ ես հասել էի դպրոց։ Ամբողջ ընթացքում պատուհանի մոտ էի, շատ չեմ սպասել, սակայն այդ ընթացքը մի հավերժություն էր թվում։ Եվ վերջապես նա հայտնվեց, բայց ոչ այնպես, ինչպես ես էի պատկերացրել ամբողջ գիշեր։ Նա չէր փոխվել բոլորովին․ նույն հմայիչ աղջիկն էր, որի միայն աչքերի մեջ նայելով հանգստությոըն էիր զգում, բայց ոչ այս անգամ։ Տագնապը պատել էր ամբողջ մարմինս և այս ամենի պատճառը նա չէր, չէր էլ կարող լինել։ Պատճառը մի երիտասարդ տղա էր, ում թեկուզ մոտ գտնվելը ինձ հունից հանում էր։
5 րոպե զրուցելուց հետո նրանք գրկախառնվեցին և Մալվինան մտավ դպրոց։ Ասել, որ ինձ անպետք էի զգում այս աշխարհում՝ նշանակում է ոչինչ չասել։ Նա ինձ ոչնչով պարտական չէր, և իրավունք ուներ անել այն, ինչ ցանկանում էր, սակայն այդ ակնթարթն ուղղակի գլխի վրա շուռ տվեց իմ ներաշխարհը։ Գուցե նա միակն էր, ով ներխուժել էր հոգուս մեջ, ինչու չէ նաև սրտիս, գուցե նա էր հենց այն աղջիկը, որ ուղարկված էր ճակատագրի կողմից։ Գուցե նա էր այն միակը, որ արժանի էր իմ մեծ սիրուն, չգիտեմ։ Ամեն դեպքում արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար։ Ինչպես ես հետո պարզեցի՝ նրանք միասին էին, և արդեն վաղուց։ Չկարծեք, թե ես շուտ հանձնվողներից եմ, սակայն նա երջանիկ էր ուրիշի հետ, ոչ իմ։ Իսկ սիրող մարդու համաև ի՞նչն է կարևոր, որ իր սիրելին երջանիկ լինի։ Նա երջանիկ էր, ես նույնպես, ուղղակի իրարից շատ հեռու։
Մի պահ Լևոնը աչքերը փակելով կարծես ուզում էր ննջել.
-Լևոն պապ, Լևոն պապ, իսկ հետո ի՞նչ եղավ։
Աչքերը դանդաղ բացելով, թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին և նա խոսեց.
-Այսքանն էր, իմ առաջին, բայց դժբախտ սիրո պատմությունը։ Ես չեմ խռովել աշխարհից և խորտակվել միայնության մեջ։ Նա ինձ միշտ եղել է այդքան մոտ ու այդքան հեռու։ Տարիները տանջել են ինձ, չեմ թաքցնում։ Բայց, երբ ժամանակը գա՝ ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ճիշտ ժամանակը եկավ, ես հանդիպեցի այն աղջկան, ով իսկապես ինձ համար էր։ Ում հետ էլ ապրում եմ մինչ այսօր։ 
Ես ուզում եմ, որ դուք չհանձնվեք։ Յուրաքանչյուր պարագայում լինեք ուժեղ և հավատաք, որ ինչքան էլ գիշերը մութ է լինում, արևի վառ շողերը ճեղքում են գորշ ամպերը և լուսավորում մեր կյանքը։
Սա պատմություն չէ դժբախտ սիրո, անհամարձակ տղայի կամ կյանքի դժբախտ փորձության մասին։
Սա պատմություն է անկեղծ սիրո, հավատի և չհանձնվելու մասին։ Այնպես որ, ես ուզում եմ բոլորդ հիշեք այս պատմությունը և երբեք չհանձնվեք։ Խոստանու՞մ եք։
-Խոստանում ենք։

Ի՞նչ պետք է անենք, որ հեռու մնանք վիրուսներից․Հարցում

Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրեր առաջ փորձեցինք մայրաքաղաքում հարցում անցկացնել՝  պարզելու, թե եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ 
ի՞նչ պետք է անենք, որ հեռու մնանք վիրուսներից ու չհիվանդանանք: 

 -Բոլորս պետք է նախապես պատրաստվենք,- ասաց քաղաքացիներից մեկը:

Մյուս քաղաքացին, ով սպասում էր ավտոբուսի ժամանամանը՝ կատակելով պատասխանեց․

-Տաք շոր ենք հագնում, ի՞նչ պիտի անենք:

Մեր զրուցակիցներից մեկն էլ արդեն հասցրել էր հիվանդանալ։

-Ես արդեն մրսել ու հիվանդացել եմ, հիմա բուժվում եմ: Մենք եղանակի հետ ոչինչ չենք կարող անել, պետք է դիմանանք,- ասաց նա:

Վերադարձ դեպի տուն՝ Շաքի


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամեն ինչն ունի սկիզբ և ավարտ: Եկավ և հայրենի գյուղից բաժանվելու պահը: Ամբողջ մանկությունս անցկացրել եմ ծնողներիս հայրենի գյուղում` Շաքիում: Ամիսներ առաջ գերազանցությամբ ավարտեցի տեղի հիմնական դպրոցը և շուտով պետք է տեղափոխվեի քաղաք` ուսումս բուհում շարունակելու համար: Ինձ համար, այո՛, կարևոր է իմ ապագան, կրթությունն ու հետագա մասնագիտության ճշգրիտ ընտրությունը: Բայց կար մի հսկայական բայց: Ես ոչ մի կերպ չէի ուզում համակերպվել այն մտքի հետ, որ բաժանման ու նոր կյանք սկսելու պահն է եկել՝ այդքան սարերի հետևում թվացող պահը: Չէի ուզում համակերպվել, որ եկել է նաև մանկությանս ավարտը: Ամեն ինչ գյուղն ու հայրենիքս էր հիշեցնում՝ սկսած սեփական անունիցս:

Կարճ ասած, ես չէի ուզում լքել գյուղն ու տեղափոխվել քաղաք…

Սեպտեմբերի 1

Ես քաղաքում եմ. նոր շրջապատ նոր ուսումնական հաստատություն, նոր տուն, և վերջիվերջո նոր կյանք… Կանգնած ամբոխի մեջ` սավառնում էի հարազատ Շաքիիս սարերով, երբ մեկը բղավեց ականջիս տակ.

-Բարև, միանգամից ասեմ, որ այս կուրսում հրամայողը ես եմ, մնացածներդ էլ կատարողը, որ հետո հանկարծ խնդրի առջև չկանգնես:

Ես ապշած նայեցի անդաստիարակ ու գոռոզ աղջկան, իսկ նա շրջվեց ու կորավ իմ տեսադաշտից; Հետագայում իմացա, որ նա համալսարանի տնօրենի ավագ դուստրն է: Առաջին ուսումնական օրս, ինչ խոսք, այդքան էլ լավ չանցավ: Կուրսեցիներս ոչ պակաս գոռոզ էին, հատկապես այն բանից հետո, երբ իմացան, որ գյուղից եմ եկել: Տուն վերադարձա չափազանց հուսահատ ու հիասթափված: Մորաքույրս, ում տանն էլ ժամանակավոր պետք է բնակվեի, խրախուսում էր ինձ, ասում, որ ժամանակի հետ կհամակերպվեմ ու կընդունեմ համակուրսեցիներիս, ինչու՞ չէ՝ նաև ձեռք կբերեմ ընկերներ: Բայց ես համոզված չէի դրանում։ Վսհատ էի միայն, որ հայրենի գյուղս եմ ուզում, ուզում եմ կրկին խոսել բարբառով ու կրկին զբոսնել Շաքիի անտառներում, ես տուն եմ ուզում…

Օրերն անցնում էին, բայց ո՛չ ես, ո՛չ էլ համակուրսեցիներս չէինք փոխում մեր կարծիքը մեկս մյուսի մասին: Ես արդեն հոգնել էի ինքս ինձ խաբելուց ու կարծես թե լուծում էի գտել:

Մի առավոտ արթնացա, հապշտապ հավաքեցի բոլոր իրերս ու դուրս թռա սենյակից:

-Չե՞ս նախաճաշում, Շաքի,- խոհանոցից բղավեց մորաքույրս:

Ես գետնին  գցեցի անհաշվելի տոպրակներն ու պայուսակները ու գնացի խոհանոց:

-Մորաքույր, ես գնում եմ:

-Հա էլի գնա, բայց նախաճաշիր նոր, Շաքի ջան:

-Չէ մորաքույր, ես գնում եմ գյուղ` Շաքի,- վճռական ասացի ես;

-Ինչպե՞ս թե, հո դու չե՞ս գժվել,- նա աչքերը հառած նայում էր վրաս։

-Հա, գժվել եմ. գժվել եմ անճարությունից, ինքս ինձ խաբելով, որ ամեն ինչ կհարթվի, գժվել եմ կարոտից, ուղղակի գժվել եմ: Ես այսպես չեմ կարող ոչնչի հասնել;

Մորաքույրս կարծես հասկացավ, որ ինձ կանգնեցնելն անհնար է ու պարտված ասաց.

-Լավ, դու գիտես, Շաքի ջան, բայց հիշիր, որ այս տան դռները քո առջև միշտ բաց են:

-Շնորհակալ եմ, մորաքույր, անչափ շնորհակալ եմ: Դեռ կտեսնվե՜նք,- ես գրկեցի նրան, կրկին վերցրեցի բոլոր իրերս ու դուրս գնացի տնից:

Մի քանի րոպեից ինձ մոտեցավ տաքսին: Մենք նախ և առաջ կանգ առանք համալսարանի դիմաց: Ես ընդունարանից վերցրեցի բոլոր փաստաթղթերս ու տեղեկացրի անձնակազմին, որ այլևս չեմ պատրաստվում ուսումս այստեղ շարունակել: Ապա անչափ ոգևորված նստեցի մեքենան ու հայտարարեցի.

-Իսկ հիմա՝ գնում ենք գյուղ Շաքի:

Գյուղում ես մի քանի ամիս զբաղվեցի ինքնակրթությամբ, որոշ ժամանակ հաճախեցի դասերի՝ հարևաններից մեկի մոտ գիտելիքներս ամրապնդելու համար: Անցա աշխատանքի գյուղի դպրոցում` որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի: Կարևորն այն էր, որ հիմա ես հաճույքով էի իմ գործն անում, ու որ ես տանն էի`Շաքիում:

среда, 23 октября 2024 г.

Եթե դու Աստծուն արժանի զավակ չես, նախանձում ես և այլ մեղքեր գործում` կրթությունը բացարձակ արժեք չունի


Նելլի Մխիթարյան

 ԱՀՏ Լրագրության դասարան 

ԱՀՏ-ի լրագրության դասարանի սաները անցորդներից փորձել են պարզել, թե որքանո՞վ է կարևոր բարձրագույն  կրթությունը։ 

<<Կրթությունը մեծ դեր ունի մարդու կյանքում։ եթե մարդը չունի բազային կրթություն` չի կարող կայանալ ո՜չ մասնագիտության և ոչ էլ այլ բնագավառում։ Իսկ բարձրագույն կրթությունն իր յուրահատուկ դերն ունի։ Թեկուզև միայն ուսանողական տարիները, շրջապատը, դասախոսները փոխում են մարդուն դեպի լավը, սկսում ես պարտավորվածություն զգալ>>- նշեց քաղաքացիներից մեկը։

Մեկ ուրիշն ասաց, որ կրթությունը շատ արժեքավոր բան է, բայց կարևոր է, թե այդ կրթությունն ի՞նչ նպատակի է ծառայում։ Նա նշեց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում և ավելի կարևոր է Աստծուն արժանի զավակ լինել, քան բարձրագույն կրթություն ունենալը։ <<Բարձրագույն կրթությունը շատ կարևոր է, բայց եթե դու Աստծուն արժանի զավակ չես, նախանձում ես ուրիշներին և այլ մեղքեր գործում, այդ կրթությունը բացարձակ արժեք չունի>>,_շեշտեց նա։

Զրուցակիցներից մեկն էլ կարևորեց լավ մարդ լինելը` ասելով.<<Երբեմն հասարակությունն ասում է, որ կրթությունը մեծ դեր ունի։ Իհարկե դեր ունի շատ հարցերում, բայց որպես մարդ, անձնավորություն դաստիարակությունն է կարևոր։ Ինքը ներքուստ պետք է լավ մարդ լինի>>։

Ատում եմ քեզ` աշուն. դու խլեցիր, տարար հայրենիքիս մի մասը




Նելլի Մխիթարյան

 ԱՀՏ Լրագրության դասարան 

Սիրում էի քեզ Աշուն։ Գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկի համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգուն և վառ աշուն։ Չէի տեսնում ես մութ ու գորշ օրեր քո մեջ։ Ամիսներդ լի էին խինդով ու ծիծաղով։ Արև, տերևաթափ, երբեմն-երբեմն անձրևներ։ Սակայն միևնույն է, հիասքանչ էիր դու։ Սիրում էի նստել պատուհանի մոտ, երբ դրսում ցուրտ էր ու անձրև էր գալիս։ Նստել, երազել։

Աշնան ամենահաճելի զբաղմունքներիցս մեկը հեքիաթային բնության գրկում գիրք կարդալն էր։ Անչափ հաճելի էր աշնանային տերևաթափից հետո զբոսնել խշխշուն և գունեղ տերևներով գործած գորգի վրայով։

Եվ ամեն անգամ, երբ քայլելում էի աշնան շնչով պատված սակավամարդ այգիներում, ես ինձ պատկերացնում էի մի փոքրիկ աղջնակ` մոլորված աշնան հեքիաթում……

Հեքիաթ օրը լի էր հրաշքով և կախարդանքով, որը չուներ ավարտ։

Բայց մի օր հեքիաթը վերածվեց մղձավանջի, սարսափելի երազի, երբ կրկին եկար դու` աշուն, բերելով քո հետ պատերազմ, մահաբեր ու կործանարար։

Ատեցի քեզ աշուն... Ատեցի ամբողջ սրտով, որովհետև չթողեցիր քո միջոցով երջանկությունը ևս մեկ անգամ զգայի։ Խլեցիր, տարար հայրենիքիս մի մասը, հայ զինվորի, անմեղ երեխայի և բնակչի կյանքը, աչքերս արցունքով լցրեցիր։ Ի՞նչ կա քո մեջ հիմա։ Ցավով, տառապանքով լի հիշողություններ միայն....

Աշուն



Արփինե Հարությունյան 
ԱՀՏ Լրագրության դասարան 

Մարիամը եղբոր ու ընտանիքի հետ բռնի տեղահանվել էր Արցախից։ Նրանք տեղափոխվել էին մի անծանոթ քաղաք։ Մարիամն անդադար լաց էր լինում ու չէր կարողանում համակերպվել այn մտքի հետ, որ Արցախն ամայացել է։

Նրա եղբայրը` Արթուրը, փորձում էր քաջալերել նրան` ասելով, որ օրը կգա և նրանք կվերադառնան իրենց հայրենիք, սակայն Մարիամը չէր կարողանում լացը դադարեցնել։ Նա հիշում էր ընկուզենին, որի հովանու ներքո ընկերուհիներով ժամանակ էին անցկացնում, հիշում էր նաև ծիծաղը, որ լսվում էր Արցախի արահետներում։

Եկավ աշունը։ Մարիամը համոզեց իր ընտանիքին, որ իրենց տան դիմացի այգում փոքրիկ միջոցառում կազմակերպի։

Նա այդ օրը զգաց, որ Արցախի մասին հիշողությունները չպետք է լինեն միայն վշտի աղբյուր, այլ նաև սիրո և ստեղծագործության։

воскресенье, 20 октября 2024 г.

Սիրում եմ իմ Հայաստանի գունազարդ աշունը

 



Արամ Արևշատյան                                                                      
ԱՀՏ Լրագրության դասարան         
                                            
 Մի բուռ աշուն բերեք Մթնաձորից,

Ունջը կերած զանգ է աշունն այնտեղ,

Դեղին պատարագ է այնտեղ նորից,                                

  Հոգեվարքի դեղին մի առասպել:                                                  


  Այսպես է աշունն իր բանաստեղծություններից մեկում նկարագրել բանաստեղծ Համո Սահյանը։ Ինձ համար աշունը մի գունազարդ եղանակ է, որի յուրահատկությունը երևում է իմ չքնաղ Հայաստանում։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստանի աշունը։ Աշունն ավելի են գեղեցկացնում աշնանային անձրևը և գունազարդ տերևները։ Ինձ համար աշունը եղանակների թագուհին է։ 

среда, 16 октября 2024 г.

Իրական ուժը գալիս է միասնությունից և իրատեսական երազանքներից

 


Արփինե Հարությունյան                 
 ԱՀՏ Լրագրության դասարան     

   Մի փոքրիկ գյուղում, որտեղ յուրաքանչյուր մարդ իր գործով էր զբաղվում և չէր հրաժարվում օգնել մյուսներին ապրում էին ուսուցիչներ, սակայն ամենաանբասիր կենսագրություն ունեցող ուսուցչուհին ընկեր Սերոբյանն էր։ Նա դասավանդում էր գրեթե ամբողջ գյուղի երեխաներին։

Մի գիշեր աշակերտները հավաքվել էին ուսուցչի մոտ ու նայում էին երկնքում փայլող աստղերին և ընկ. Սերոբյանը որոշեց պատմել մի հեթանոսական պատմություն։ Այդ պատմությունն այնքան ազդեցիկ էր, որ աշակերտները մտովի ընկնում էին երազների գիրկը։

Ուսուցչուհին նկատելով սա` հասկացավ, որ կրթությունն ավելին է, քան միայն գիտելիքներ փոխանցելը։ 

Ընկեր Սերոբյանը սովորեցրեց նրանց, որ մոլորության և դժվարության ժամանակ, երբ թվում է, որ ամեն ինչ ավարտվել է` իրական ուժը գալիս է միասնությունից և իրատեսական երազանքներից։

  Այդ գիշեր աշակերտները հեռացան ոչ միայն նոր գիտելիքներով, այլև նոր նպատակներով, որոնք կմղեին նրանց դեպի ապագա` լի հավատով և սիրով...։

Հաղորդագրություն

-Ջութակը պահանջում է բացառիկ ուշադրություն.Նիկոլայ Մադոյան

Աննա Սահակյան ԱՀՏ Լրագրության դասարան Վերջերս Լրագրության դասարանի հյուրը ջութակահար Նիկոլայ Մադոյանն էր։  Նա հայտնի երաժիշտ է, մեծ ներդրում...