Որոնում

понедельник, 30 декабря 2024 г.

Ամանորյա խառնաշփոթ


Արամ Արևշատյան ԱՀՏ Լրագրության դասարան
Հայկական Ամանորը, իմ կարծիքով, շատ ճոխ է նշվում։ Սեղանին Ամանորի ամենակարևոր ուտեստներից են` հավի կրծքամիսը, նրբաբլիթները, մայրաքաղաքային աղցանն ու  տոլմա։ 23։55 րոպեին, երբ հայրիկը լսում է Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ նախագահի ու վարչապետի ուղերձը, այդ ընթացքում մայրիկը հասցնում է հագնել իր ամենագեղեցիկ հագուստը, բայց միշտ լինում է հողաթափերով։ Ինչպես միշտ` հիշում է, որ տոլման վառվում է և արագ վազելով գնում է գազն անջատելու։ Այդ ժամանակ պապիկն ասում է իր հայտնի խոսքը «հլը թեքեք Ռուսաստան»։ Հենց հայրիկը տեսնում է, որ ժամը 24։00_ն է, շտապեցնում մայրիկին ու ասում իր հայտնի խոսքը. «Կնիկ,  հլը հել ետ տոլմի կողքից»։ Մայրիկը գալիս է իր շամպայնը խմում  և գնում է նորից տոլմայի մոտ։ Մի խոսքով` իսկական ամանորյա խառնաշփոթ։

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ

 Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Նոր տարին ԱՄՆ-ում երկրի պետական տոներից մեկն է: Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի:

Սուրբ ծնունդը և Նոր տարին ԱՄՆ-ում էապես տարբերվում են իրարից: Սուրբ ծնունդը կարևոր ընտանեկան տոն է` բազմաթիվ կրոնական խորհրդանիշներով, իսկ Նոր տարին դիմավորելը հանրային բնույթ է կրում և հաճախ անց է կացվում երեկույթների տեսքով, ընկերների հետ ակումբում, խաղատներում կամ քաղաքի հրապարակում: Երկրի խաղատների մեծամասնությունն Ամանորի գիշերը նախասրահում կազմակերպում է շամպայնի անվճար հյուրասիրություն:

ԱՄՆ-ում Ամանորը տոնելու ավանդույթն առաջացել է դեռևս 17-րդ դարում գերմանացի և հոլանդացի գաղութարարների շնորհիվ: Հենց այդ պատճառով Ամանորը ԱՄՆ-ում մեծ հաշվով նշվում է եվրոպական ոճով: Ուղիղ կեսգիշերին զանգերի ղողանջի ներքո հրավառություններ են կատարվում: Հրավառությունները, շամպայնները, ավտոմեքենաների ձայներն ազդանշում են Նոր տարվա գալուստը: Բոլորը գրկախառնվում են, ցանկանում միմյանց երջանկություն: Ամերիկյան որոշ մեգապոլիսներում Ամանորի առաջին օրն անց են կացվում շքերթներ:

Ամենաճանաչվածներն անց են կացվում Նյու Յորքում և Թայմ Սքվերում՝ Նյու Յորքի կենտրոնական հրապարակներից մեկում: Ամերիկացիների մոտ ամանորյա ավանդական խորհրդանիշ են համարվում ծեր մարդը, ով խորհրդանշում է հին տարին, և նորածինը, ով խորհրդանշում է գալիք տարին: Ամերիկացիների մոտ ընդունված է Նոր տարվա նախօրեին վերլուծել անցյալ տարին, եզրակացություններ անել: Նրանք նույնիսկ իրենց համար գրում են «ամանորյա առաջադրանքներ», որոնք պահում եև տարեվերջին ամփոփում:

Բոլոր երկրներն էլ, իհարկե, ունեն իրենց ազգային բազմաթիվ ավանդույթները, բայց Ամանորը  անչափ սիրված ու սպասված տոն է բոլորի համար:

Ձմեռ պապ, հույս ունեմ, որ այդքան զվարթ նամակների մեջ իմ նամակին ևս ուշադրություն կդարձնես


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Բարև, Ձմեռ պապ: Ինչ զավեշտալի է չէ՞: 30-ամյա կինը նամակ է գրում Ձմեռ պապին: Բոլորը և, միգուցե, դու նույնպես, կկարծես, թե գժվել եմ, բայց ոչ: Ես պարզապես հոգեպես դեռ երեխա եմ։

Ես, պարզապես, հավատում եմ հրաշքներին: ՉԷ՛, այն, ինչ պետք է ուզեմ քեզանից, նյութական չէ: Անհավանական է թվում, բայց հավատում եմ, որ Ամանորը այնպիսի հրաշք կգործի, որ կկարողանամ վերջապես առնել գիրկս սեփական որդուս ու տուն տանել` բժիշկներից հեռու: Հուսամ, բացի քեզանից ոչ ոք չի կարդա նամակս, որ դառնամ ծաղրի առարկա:

2 տարի առաջ լույս աշխարհ եկավ որդիս` Սամվելը: Այդ օրվանից իմ կյանքը գլխիվայր շուռ եկավ: Ծնվելուց հետո իմացանք, որ Սամվելը տառապում է մի հիվանդությամբ, որի անվանումը նույնիսկ չեմ ուզում հիշատակել: Ես որոշեցի, որ կարող եմ երեխայիս օգնել ու ոչ մի դեպքում չէի պատրաստվում թողնել նրան: Եվ ասեմ, որ հիմա էլ եմ նույն կարծիքին, ուղղակի  արդեն գիտեմ դրա գինը: Խոսքն ամենևին էլ գումարի մասին չէ: Ես լրիվ մենակ եմ: Ամուսինս` իմանալով, որ երեխան հիվանդ է, թողեց ու հեռացավ: Մինչ օրս Սամվելը չի մտել ինձ հետ տուն: Ես գրկե՞լ եմ որդուս… չեմ էլ հիշում՝ գրկե՞լ եմ նրան, թե՞ այդ մայրական հաճույքից էլ են զրկել ինձ: Չգիտեմ` ինչու՞ այսքանը գրեցի: Չէ՞ որ դու միայն ուրախ գործերով ես զբաղված: Հույս ունեմ, որ այդքան զվարթ նամակների մեջ իմ նամակին ևս ուշադրություն կդարձնես:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում թրջված նամակիս համար. Այլ կերպ չստացվեց գրել:

четверг, 26 декабря 2024 г.

Անցյալի սրտի զարկերը

 


Մաս 1

Կյանքը մեծ քաղաքում, հիրավի, շատ հետաքրքիր է։ Եվ իզուր չէ, որ մարդկանց մեծամասնությունը միշտ ձգտում է մեծ քաղաքներում բնակություն հաստատել։ Ես նույնպես այդ մարդկանցից մեկն եմ, ով իր  մանկությունը և պատանեկությունն անցկացրել է փոքր գյուղում։ Համաձայնեք, որ նոր փոփոխությունները շատ մեծ նշանակաություն ունեն մեր կյանքում, և մեզանից շատերը թեկուզև աննշան փոփոխության դեպքում կարող են անճանաչելի կերպարանափոխվել։
Բայց ես այդպիսին չեմ։ Կարծում եմ, այս տարիներն ինձ շատ չեն օտարեցրել իմ հայրենի տնից։ Եվ, վերջապես մի կարևոր պատճառ առաջացավ գործերը թողնելու և հայրենի գյուղ վերադառնալու համար։ Պատճառը ամենացանկալիներից չէր։ Վերադարձս զվարճանքի կամ կարոտած մարդկանց տեսնելու համար չէր, այլ իմ սիրելի ուսուցիչներից մեկի կյանքից վաղաժամկետ հեռանալը։
Շատ չեմ ցանկանում խոսել այս մասին։ Նա շատ լավ կին էր, ինչ խոսք։ Ինչևէ, գյուղը շատ հեռու էր գտնվում քաղաքից և, քանի որ արդեն այդքան երկար ճանապարհ էի եկել, որոշեցի 1 շաբաթ մնալ այստեղ։ 
Ամեն ինչ փոխվել էր՝ մանկությունս հիշեցնող գրեթե ոչինչ չէր մնացել։ Մարդիկ գնացել էին, տները վերակառուցվել, միայն մեր տունն էր` նույն հին, փայտե տնակը, որը թեկուզ կիսալքված վիճակում էր, սակայն առաջվա պես հարազատ։ 
Ես մենակ էի այնտեղ, հին, բայց հաճելի աղմուկը, քույերիս և եղբայրներիս ձայները, մեծերի փնթփնթոցները այլևս չկային։ Կարծես երբեք էլ չէին եղել։ Նույն պատերն էին, սակայն դատարկ 

Մաս 2
Լույսը բացվել էր։ Արևի առաջին շողերը լեռներից անցնում ու տարածվում էին գյուղի վրա։ Շողերից մեկը, կարծես փախչելով երկնքից, ընկավ աչքերիս մեջ, մի վայրկյանով լցնելով դրանք լույսով ու ջերմությամբ` արթնացնելով մի հին, անբացատրելի զգացում։ Գյուղը կամաց-կամաց արթնանում էր՝ առավոտվա հոտով, թռչունների երգով ու լույսի ջերմությամբ լցված։

Ամեն ինչ այնքան հարազատ էր՝ հին տան պատերը, ծանոթ լռությունը, բայց միևնույն ժամանակ օտար, երբ դուրս էի գալիս գյուղ ու զգում, որ ինչ-որ բան մերժում էր նոր շրջանը։ Գյուղում քայլելը մի տեսակ հուշի պես էր՝ ինձ հայտնի, բայց մի քիչ հեռացած ու անհայտ։

Ծառերից մեկի տակ ծանոթ ծիծաղ լսեցի, մոտենալով ճանաչեցի նրան, Լաուր տատն էր։ Նրան տեսնելով միանգամից մանկության ջերմ հիշողություններ արթնացան, ինչքան էի վազվում իր տան բակում, խաղում նրա թոռների հետ, իսկ նա մորս հետ պատշգամբից հետևում էին մեզ և քմծիծաղ տալով խոսում։
Հենց այդ նույն ծիծաղն էր, նույն հայացքը, որ երկար տարիներ տուն էր կանչում և հիմա էլ կարծես իր մոտ է կանչում։ Ես առանց հապաղելու մոտեցա նրան.
-Էմմա՞։
Նրա աչքերը լրիվ փայլում էին։
- Այս ե՞րբ ես եկել, ինչու՞ ինձ մոտ չէիր գալիս։
-Երեկ եմ եկել, պլանավորում եմ մեկ շաբաթ այստեղ մնալ, շատ էի կարոտել գյուղը, բայց մի տեսակ ամեն ինչ փոխվել է։
- Այն էլ ինչպե՞ս է փոխվել։
Խոր հոգոց հանելով պատասխանեց Լաուր տատը։
-Բայց գյուղում մնալը լավ գաղափար է, ձե՞ր տանն ես մնում։
- Դե, այո, էլ որտե՞ղ։
- Ախր, այնտեղ լրիվ մենակ ես, ես էլ այստեղ եմ մենակ, գուցե՞ այս օրերին ինձ մոտ գիշերես։
Մեկ-երկու վայրկյան մտածելուց հետո ես համաձայնեցի և շարունակեցի զբոսանքս։
Շուտով իմ քայլերը տարան դեպի հին դպրոց` վայր, որտեղ  իմ ամենատաք հիշողություններն էին։
Դպրոցի ճանապարհին, զգացի, որ ինչ-որ մեկը հետևում է։ Ճանապարհն անընդհատ երկարում էր, իսկ իմ քայլերը մի տեսակ արագանում։ Նայեցի հետ՝ բայց ոչինչ չտեսա։ Այնուամենայնիվ, մի ինչ-որ անբացատրելի զգացողություն էր, որ ինչ-որ բան այն չէ։ Երբ արդեն հասնում էի դպրոցի մուտքի մոտ, լսեցի ծանոթ ձայն, որ անունս էր կանչում։ Հարկ էր դանդաղեցնել քայլերս ու շրջվել՝ հասկանալու, թե ով է...

Մաս 3

Ես լսեցի, թե ինչպես են անունս կանչում: Վախով շրջվեցի ու... Ռազմիկն էր՝ իմ մանկության ընկերն ու երևի ամենահարազատ մարդկանցից մեկը: Մի պահ զարմանքից քարացած՝ ինձ հարցրի, արդյո՞ք սա իրական է: Հետո մեր դեմքերին տարածվեց նույն ժամանակից մոռացված ուրախ ժպիտը: Ռազմիկը լայն բացեց ձեռքերը, և առանց վարանելու ես վազեցի նրա կողմը: Մենք գրկախառնվեցինք՝ կարծես մանկության բոլոր տարիներն ու բաժանումն այդ պահին անհետացան։
Նրա աչքերում դեռ այն նույն ջերմությունն էր, որ հիշում էի մանկության ժամանակներից, երբ միասին անցկացնում էինք անհոգ օրերը: Տարիները, կարծես, փոխել էին նրան, բայց նրա ժպիտը նույնն էր՝ ծանոթ ու մոտիկ, ասես ոչինչ չէր փոխվել։
-Էմմա՞, չէ, չեմ հավատում։ Չի կարող սա իրական լինել։ Ի՞նչ ես անում այստեղ։
-Նույն հարցը ես էի ուզում քեզ տալ, ինչպե՞ս է ստացվել, որ գյուղ ես վերադարձել։
-Մի քիչ պոետիկ կթվամ, բայց կարոտել էի այս միջավայրը, մի տեսակ ձգող բան կար։
-Հասկանում եմ։ Ես էլ գործերի բերումով այստեղ հայտնվեցի և որոշեցի մի քանի օր մնալ։ Իսկ դու՞, ինչքա՞ն ժամանակ ես պլանավորում այստեղ անցկացնել։
-Դե չգիտեմ,-մի քիչ տխուր պատասխանեց Ռազմիկը։
-Երբ թույլ տաս այդ ժամանակ էլ կգնամ։
Մենք ծիծաղեցինք և մտանք դպրոց։
Դպրոցում, կարծես, ոչինչ չէր փոխվել: Նույն ծանոթ պատերը, նույն աղմկոտ միջանցքները, որոնք լցված էին անցյալի ձայներով: Երբ քայլում էինք Ռազմիկի հետ, թվում էր, թե ոչինչ չէր փոխվել, և մենք դեռ նույն անհոգ դեռահասներն էինք, որոնք կատակելով ու ծիծաղելով անցնում էին այս նույն ճանապարհներով: Ժամանակը կարծես կանգ էր առել, և դպրոցն իր հին կերպարով մեզ վերադարձնում էր անցյալ:
-Այնքան հուշեր են արթնացնում այս միջանցքները,-սկսեցի ես։
- Այո, թվում է, թե հիմա զանգը կհնչի և կվազենք դասարան, ի՜նչ օրեր էին։
Մենք նույն զվարթ դեմքերով շրջեցինք դպրոցով և վերադարձանք տուն։ Ի դեպ մոռացա նշել, Ռազմիկը Լաուր տատի թոռնիկն է, և ըստ երևույթի այս օրերը միասին էինք անցկացնելու` երեքով։

Մաս 4

Լույսը բացվել էր դանդաղ, բայց հաստատակամ, իր հպումով արթնացնելով տան ամեն մի անկյունը։ Ես դուրս եկա սենյակից՝ դեռևս զգալով գիշերվա խոնավության հետքը օդում։ Խոհանոցում` տաք թեյի հոտով լի սենյակում, նստած էին Ռազմիկն ու Լաուր տատը։ Նրանց առկայությունը, պարզ ու հարազատ, դարձնում էր առավոտը մի տեսակ ավելի ջերմ ու իրական։
Խոհանոց մտնելուս պես Ռազմիկն ու Լաուրա տատը հանկարծ ընդհատեցին իրենց զրույցը։ Նրանց հայացքները թեքվեցին դեպի ինձ, և ժպտալով նրանք հրավիրեցին սեղանի շուրջ՝ կարծես ամբողջ առավոտն ինձ էին սպասել։
Ես մոտեցա սեղանին և կամաց հարցրի.
-Վաղու՞ց եք ինձ սպասում։
-Այդքան էլ ոչ, 10 րոպե էլ չի լինի, որ նստել ենք։
-Լա՞վ քնեցի՞ր, Էմմա։
-Ավելի լավ չէր լինի։
Մեր զրույցը շարունակվեց՝ հոսելով հանգիստ ու անշտապ։ Ռազմիկի կիսած պատմությունները և տատիկի ջերմ խոսքերը լցնում էին խոհանոցը կյանքի ու ծանոթության զգացողությամբ։ Բայց տատիկը հանկարծ հիշեց հավերին, նրա հոնքերն անհանգիստ շարժվեցին, և նա արագորեն դուրս գնաց։ Մենք՝ ես ու Ռազմիկը, մնացինք մենակ՝ մի պահ լուռ, ապա նորից շարունակեցինք զրույցը՝ ավելի մտերմիկ ու անձնական։
Զրույցը շատ երկար տևեց, խոսքերը բնական կերպով հոսում էին, կարծես առանց վերջի։ Հանկարծ, թակոցը կոտրեց հանգիստը, դռան վրայից լսվեց մի պոկված հարված։ Մենք կանգ առանք՝ հայացքներս ուղղելով դռանը։
Դուռը բացվեց, և ներս մտավ մի մարդ, ով զարմացրեց մեզ՝ իր հայացքով ու ձգված լռությամբ։ Նա կանգնել էր միջանցքում, աչքերին անհայտ մի թմբկահարությամբ։ Մենք մի քանի վայրկյան լռեցինք, կարծես ամեն ինչ կանգ էր առել, ու նա, ոչ մի բառ չասելով, մոտեցավ սեղանին։
Հանկարծ Լաուր տատը վազելով մոտեցավ մեզ և փայլուն աչքերով ճչաց։
-Հա՞յկ։


Մաս 5

-Հա՞յկ, ի՞նչ Հայկ։
-Ինչպես թե ինչ Հայկ, Ռազմիկ։ Չե՞ս հիշում նրան։
Հայկը մի ակնթարթ նայեց վրաս՝ աչքերում անընթեռնելի զգացմունքներ պարուրված, և առանց մի խոսք ասելու դուռը շրխկացրեց ու հեռացավ։ Սենյակում լռություն տիրեց, կարծես ամեն ինչ կանգ առավ։ Մենք մնացինք տեղում, ապշած ու խռովված, կարծես ոչինչ չհասկանալով, բայց ամեն ինչ զգալով։
-Ի՞նչ կուտես տղաս։
Լաուր տատը փորձում էր ուղղել իրավիճակը։
-Վայ, տատ, այնքան քաղցած եմ։
-Դե նստիր, հիմա կբերեմ։
Ես ուզում էի վեր կենալ ու շտապել Ռազմիկի հետևից՝ պարզելու, ի՞նչ է կատարվում, բայց Լաուր տատը, իր հաստատուն ու մեղմ ձայնով, կտրեց ինձ․
-Հանգիստ նստիր, աղջիկս, հյուր ունենք։
Նրա խոսքերը, թեև հանգիստ, բայց կշռադատված ու պարտադրող էին։ Ես անզոր կանգ առա, նայեցի դռան ուղղությամբ, որտեղից Ռազմիկն ընդամենը մի քանի վայրկյան առաջ դուրս էր եկել, հետո ծանր սրտով վերադարձա ու նստեցի։ Խոհանոցի աղմուկն ինձ այլևս չէր հետաքրքրում։
Ժամեր անց, երբ վերջապես Հայկը վեր կացավ ու հեռացավ, սենյակում մնաց միայն մի երկար, նեղություն պարունակող լռություն։ Ես այլևս չէի կարող դիմանալ։ Առանց տատիկի կամ որևէ մեկի խոսքերին ուշադրություն դարձնելու, վեր կացա ու շտապեցի դուրս՝ Ռազմիկին գտնելու։
Գիշերվա սառը օդը ծածկեց ինձ, բայց ներսիս խռովքն ավելի սառեցնող էր։ Փողոցները լուռ էին, լույսերը՝ հազիվ վառ։ Ես քայլում էի արագ, գրեթե վազքով, փորձելով գտնել նրան, ում հետ խոսելն այս պահին կարևոր էր, քան ամեն ինչ։
Հեռվում, լուսնի թույլ շողերի տակ, նստարաններից մեկի վրա մի կերպարանք նշմարեցի։ Մոտենալով սկսեցի տարբերել նրա գծերը՝ շփոթված, բայց ծանոթ։ Ռազմիկն էր։ Նա նստած էր, գլուխը ձեռքերով բռնած, ամբողջովին նյարդային լարվածության մեջ։
Մի պահ կանգ առա՝ չիմանալով, ինչպես սկսեմ։ Նրա կողքին ամեն ինչ ասես խիտ ու ծանր էր, ասես ոչ միայն նա, այլև ողջ աշխարհն էր մտքերի մեջ կորած։ Բայց ես եկա պատասխաններ գտնելու։
-Ռազմի՛կ, - փսփսացի, միևնույն ժամանակ զգալով, որ ձայնս ավելի խիստ հնչեց։
Նա դանդաղ բարձրացրեց գլուխը։ Նրա աչքերում երևում էր ինչ-որ ցավ, որ ես դեռ չէի հասկանում, բայց ուզում էի կիսել։


Մաս 6

Ռազմիկը, աչքերը խավարի մեջ սևեռած, ցածրաձայն ասաց.
-Հեռացի՛ր։
Նրա խոսքերը, ասես սառը քամի, սողացին սրտիս վրա։ Չնայեց նույնիսկ։ Ես լուռ շրջվեցի ու քայլեցի դեպի խավարը, որտեղ լույսը վաղուց արդեն չէր այցելել։
Նա քայլերն այնպես էր արագացրել, ասես փախչում էր ոչ միայն ինձնից, այլև ինչ-որ անտեսանելի ստվերից։ Ես գրեթե վազում էի նրա հետևից, ձայնս կրկին ու կրկին ջարդելով լռությունը. -Ռազմի՛կ, կանգի՛ր, լսի՛ր ինձ...
 Բայց նա ոչ մի անգամ չդարձավ, և ես զգում էի, որ մեր միջև տարածությունը վերածվում է անդունդի։
Բայց, երբ համբերությունս վերջնականապես սպառվեց, ես կտրուկ կանգ առա նրա առջև՝ ստիպելով  դադարեցնել իր անխոհեմ ընթացքը։ Աչքերս՝ բոցավառված զայրույթից ու վիրավորանքից, սևեռեցի նրա դեմքին և սառը, բայց հաստատակամ ձայնով ասացի.

-Եթե հիմա չխոսես, և չբացատրես քո արարքի պատճառը, խոստանում եմ, հետևանքները ամենացանկալիներից չեն լինի։
Իմ խոսքերն, ասես, հարվածեցին նրան։ Նա կարկամեց մի պահ, բայց հետո նորից փորձեց շրջանցել ինձ, սակայն այս անգամ ես պատրաստ էի կանգուն մնալ մինչև վերջ։
Նա խորը արտաշնչեց, նայեց աչքերիս ու, վերջապես, սկսեց խոսել։
-Այդ, Հայկը... Մի խոսքով նա է ամեն ինչի մեղավորը։
-Ինչի՞
-Ամեն ինչի.
-Նորմալ խոսիր, Ռազմիկ
-Շատ չեմ ուզում խորանալ, Էմմա։
Ժամանակին մոտ ընկերներ ենք եղել, եթե կհիշես, տատիկն էլ նրան շատ է սիրում։
-Դե դա դժվար է չնկատել։
-Մի՛ ընդհատիր։
10-11 տարեկան հասակում մինչև ականջներիս ծայրը սիրահարվել էի քեզ, հետո պարզվեց, որ նա նույնպես։
Հայկը իմացել էր իմ զգացմունքերի մասին և որոշել հեռացնել ինձ իր ճանապարհից։
Կարճ ասած նա ինձ սպառնացել էր, մի քանի անգամ, ես դեռ փոքր, չինքնահաստատված երեխա էի, վախեցել էի նրանից։ Իսկ Հայկը...
-Ի՞նչ է ասել նա քեզ։
-Ասաց, որ կվնասի քեզ, ես ստիպված էի հեռու մնալ քեզնից։
Քմծիծաղով ես հարցրի.
-Իսկ հիմա՞։
-Հիմա ի՞նչ։
-Անցյալի սխալները պատրա՞ստ ես հիմա ուղղել։
Նա ժպտաց և ձեռքս նրբորեն իր ձեռքում սեղմելով կարծես գաղտնի ու լուռ երդում տվեց՝ կերտել մի նոր, անմոռանալի ապագա։

Ուտում են խաղողի 12 հատիկ, ցատկում ալիքների վրայով․Ամանորը՝ Մեքսիակում և Բրազիլիայում


Նելլի Մխիթարյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրահատուկ ավանդույթներով, որոնք արտացոլում են տվյալ ժողովրդի մշակույթն ու արժեքները։ Մենք բոլորս լավ ծանոթ ենք հայկական ավանդույթներին, այնպես որ, եկեք խոսենք, օրինակ, Մեքսիկայի մասին։

Մեքսիկայում Ամանորը նշվում է գունեղ և բարի մթնոլորտում: Տներում պատրաստվում են փինյատաներ՝ վառ գույների մեծ կավե կամ թղթե ծաղիկներ, որոնք լցված են քաղցրավենիքով և փոքրիկ նվերներով: Այս փինյատաները կոտրվում են երեխաների կողմից՝ հաջողություն բերելու նպատակով: Մեքսիկացիները  կեսգիշերին ուտում են խաղողի 12 հատիկ, որը խորհրդանշում է տարվա 12 ամիսների բարեկեցությունը:
Համարվում է, որ եթե հասցնես ուտել բոլոր 12 հատիկները՝  նոր տարին հաջող կդասավորվի։

Այժմ տեղափոխվենք Բրազիլիա, որտեղ Ամանորը՝ «Réveillon»-ը, հիմնականում նշվում է ծովափերում: Մարդիկ կրում սպիտակ հագուստ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, և ծաղիկներ են նետում օվկիանոս՝ երախտագիտության և նոր տարվա հաջողության համար: Հրավառությունների արդյունքում լուսավորվում է  երկինքը, իսկ մարդիկ ցատկում են յոթ ալիքի վրայով՝ բախտ բերելու նպատակով: Բրազիլիայում կա հետաքրքիր ավանդույթ՝ Ամանորի գիշերը ծովափին կանգնելով ցատկել յոթ ալիքի վրայով: Յուրաքանչյուր ցատկի հետ մարդիկ ցանկություն են պահում, քանի որ ալիքները համարվում են կյանքի, էներգիայի և հաջողության աղբյուր: Այս գործողությունը խորհրդանշում է նոր տարում հաջողությունների, ուժի և ներքին խաղաղության ապահովումը:

Չնայած տոնակատարության ձևերի բազմազանությանը՝ բոլորի նպատակն է դիմավորել Նոր տարին ուրախությամբ, մաքրությամբ և լավատեսությամբ՝ նորի  և հաջողությունների ակնկալիքով:

среда, 18 декабря 2024 г.

Որքա՞ն հաճախ ենք քաղցրեղեն օգտագործում․Հարցում


Աննա Սահակյան 
ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս քաղաքացիներից փորձեցինք հետաքրքրվել, թե իրենց կարծիքով` օրական ինչքա՞ն պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինը և որքա՞ն հաճախ են երեխաներին կոնֆետ գնում։
Քաղաքացիներից մեկը պատասխանեց, որ քիչ պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինն ու հավելեց, որ հաճախ չի գնում քաղցրավենք։

«Քիչ պետք է լինի երեխայի քաղցրի չափաբաժինը»,-ասաց 70-ամյա ծերունին` չժխտելով, որ երբեմն ինքն է խախտում կանոնն ու թոռնիկներին այցի գնալիս անպայման քաղցրավենիք է գնում։
Պարզվեց` մեր մյուս զրուցակիցը, 63-ամյա տինին Նինան հետևում է առողջ ապրելակերպին ու թոռնիկների համար աշխատում է կոնֆետներ չգնել։

Նշենք, որ շաքարի վնասակար ազդեցության մասին բոլորն էլ գիտեն, սակայն մարդիկ շարունակում են այն կիրառել սննդակարգում։ Մասնագետի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մարդկանց սննդակարգում զգալիորեն մեծացել է մեծ քանակությամբ շաքար պարունակող սննդակարգի մասնաբաժինը, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել հաշվել օրվա ընթացքում թույլատրելի շաքարի քանակությունը։

Եթե մարդու օրվա սննդակարգը կազմում է 1700 կկալ, ապա շաքարը պետք է կազմի դրա 10 տոկոսը, որը կազմում է 170 կկալ կամ 42 գրամ։ Այս քանակությունը համարժեք է մոտ երկու ճաշի գդալ մուրաբային կամ մեղրին, 50 գրամ կաթնային շոկոլադին, 70 գրամ տորթին կամ 150 գրամ պաղպաղակին։

воскресенье, 15 декабря 2024 г.

Նամակ Ձմեռ պապին


Արեն Հովհաննիսյան 

ԱՀՏ Լրագրության դասարան


Սիրելի Ձմեռ պապիկ, բարև։ Ես քո գալուն շատ եմ սպասում, քանի որ շատ եմ սիրում Նոր տարին և անհամբեր սպասում եմ ամանորյա հրաշքի։ Սիրելի Ձմեռ պապ, ես այս տարի շատ խելոք եմ եղել և ծնողներիս չեմ բարկացրել, խնդրում եմ, կարդա իմ նամակը և կատարիր ցանկություններս։ Ամենակարևորը` ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն։ 

четверг, 12 декабря 2024 г.

Ամանորն անցկացնելու եմ Հայաստանում, ավելի քիչ եմ ծախսելու


Արամ Արևշատյան, ԱՀՏ լրագրության դասարան
 

Մոտենում է Ամանորը և ոմանք նախընտրում են այն տոնել Հայրենիքում, ոմանք` արտերկրում։ Մեր հարցախույզի ընթացքում փորձեցինք պարզել` թե՞ տոները նշելու համար ո՞ր երկրներն են նախընտրում քաղաքացիները և որքա՞ն գումար են նախատեսել։ Օտար երկրներից ընտրել էինք Վրաստանն ու Եգիպտոսը։ 

«Անցկացնելու եմ Հայաստանում և ծախսելու եմ 150000-200000 դրամ»,_ասաց քաղաքացիներից մեկը։ Մեր մյուս զրուցակիցը ևս Ամանորն ու Սուրբ ծնունդը նշելու էր ՀՀ_ում` նախատեսելով ծախսել մոտ 500.000 դրամ։ «Ամանորը կանցկացնեմ Վրաստանում, նախատեսել եմ 250000-500000 դրամ»,_նշեց հարցմանը մասնակցող մեկ այլ քաղաքացի։  Նկատենք, որ հարցմանը մասնակցող քաղաքացիներից ոչ ոք Ամանորը չի պատրաստվում նշել Եգիպտոսում։ 

среда, 4 декабря 2024 г.

Ձմեռ պապ, եթե նամակս ձեռքդ ընկնի՝ անպայման բացի՛ր և կարդա, իսկ եթե կարողանաս՝ կատարիր խնդրանքս


Գոհար Խաչատրյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Բարև, Ձմեռ Պապ։ Ես 8-ամյա Մարիան եմ։ Գրում եմ քեզ նամակ այն հույսով, որ ցանկությունս կամ խնդրանքս գուցե կատարես։ Հայրս շատ է պատմել ինձ քո մասին։ Ասել է, որ դու ձմեռվա պապիկն ես, երազանքների պապիկը։ Քանի տարի է՝ քեզ նամակ եմ գրում այն հույսով, որ կատարես իմ միակ երազանքը, որ դժվար փոխվի։

Ցանկանում եմ, որ մորս հետ բերես։ Այո, տարիներ առաջ ինձ լույս աշխարհ բերելու համար նա իր կյանքը զոհաբերեց, բայց հայրս ինձ ասում էր, որ մի օր նա անպայման կվերադառնա։ Մտածում եմ, որ դու որպես ձմեռվա և երազանքների պապիկ կկարողանա խնդրանքս կատարել։ Իհարկե, արդեն քանի անգամ է՝ գրում եմ քեզ և խնդրում քեզնից նույն բանը, բայց երևի չես էլ կարդում նամակս, որովհետև մյուս նամակների նման իմն էլ գունազարդ և նախշազարդ չէ, այլ սովորական նամակ՝ սովորական թղթով։ Խնդրում եմ, շատ եմ խնդրում, եթե նամակս ձեռքդ ընկնի՝ անպայման բացի՛ր և կարդա, իսկ եթե կարողանաս՝ կատարիր խնդրանքս։

Ձմեռ պապիկ, ուզում եմ, որ այս Ամանորը ևս տխուր չանցնի, ուզում եմ առավոտյան արթնանալ ու տեսնել հորս, մեծ եղբորս


Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան

«Բարև, Ձմեռ պապիկ։ Ես Ալինան եմ, այս տարի արդեն 10 տարեկան եմ դառնում։ Ճիշտ է, դեռ վաղ է, բայց ես ցանկանում եմ հիմա քեզ նամակ գրել։ Ախր, 4 տարի շարունակ ես գրում եմ քեզ՝ ամեն ձմեռ, ամեն Ամանորի ես սպասում եմ, որ գոնե այս տարի դու կկատարես երազանքս, չէ՞, որ բոլոր հեքիաթների և մուլտֆիլմերի վերջում Ձմեռ պապիկը հայտնվում է և կատարում երեխաների այդքան բաղձալի երազանքները։


Ես էլ միշտ սպասում եմ, որ դու կհայտնվես, բայց մյուս երեխաների նման տիկնիկներ կամ խաղալիք մեքենաներ չեմ ուզում։ Ես ուզում եմ առավոտյան արթնանալ ու տեսնել հորս, մեծ եղբորս, ուզում եմ մայրս էլ չլացի։ Ես չգիտեմ, թե նրանք որտեղ են։ Մայրս ասում է, որ էլ երբեք չեն վերադառնալու, բայց ինչու՞, գուցե նեղացրե՞լ եմ նրանց, գուցե էլ չե՞ն ուզում ինձ հետ խաղալ։ Ես չգիտեմ, հիմա միայն մայրս է ինձ հետ խաղում, այն էլ հազվադեպ։ Նա միշտ տխուր է։ Ես ուզում եմ, որ
այս Ամանորը ևս տխուր չանցնի, և Ձմեռ պապիկ, եթե գիտես հայրս ու եղբայրս ուր են, խնդրում եմ, փոխանցիր, որ տուն վերադառնան, շատ եմ կարոտել նրանց»։

Շատ եմ ուզում, որ աշխարհում մի մեծ հրաշք կատարվի


Աննա Սահակյան 

ԱՀՏ Լրագրության դասարան  

 Բարև,    Ձմեռ պապ, ես այս տարի քեզ շատ եմ սպասել, որովհետև դու բերում ես շատ նվերներ և կատարում հրաշքներ։ Դու երկրորդ ամենամեծ հրաշքն ես, քանի որ կարող ես բերել գրեթե ամեն ինչ։ Ես շատ եմ ուզում, որ աշխարհում մի մեծ հրաշք կատարվի, այն է` աշխարհը բարի դառնա, մարդիկ միմյանց թշնամաբար չվերաբերվեն, բոլորը սիրեն իրար։ Ես քեզնից խնդրում եմ, որ    բարություն և սեր մտնի մեր աշխարհ։ Հավատում եմ` դու կարող ես։

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...