Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Բռնցքամար՜տ։ Սպորտաձև, որին տիրապետում եմ դեռ վաղ մանկուց։ Իսկ տիրապետում եմ շատ լավ։ Պարծենալ չլինի, բայց շատ նվաճումներ եմ ունեցել թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայի տարբեր երկրներում։ Մեկ ամսից կրկին մրցումների եմ, ուստի չափից շատ եմ պարապում։ Դասերս գրեթե չեմ հասցնում կատարել՝ այդքան էլ կարևորություն չեմ տալիս դրանց, ինչպես բռնցքամարտին։
Որոշել եմ օրագիր լրացնել։ Մրցմանս օրերը կներկայացնեմ այդտեղ։ Իսկ հիմա շտապեմ դասի։
Ապրիլի 8
Վերջապես եկավ այս օրը։ Ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել։ Սպասման մեջ էի։ Մրցակիցս իմ ընկերն էր։ Այն էլ ինչ ընկեր` մանկության։ Բայց ես նրան չընդունեցի որպես ընկեր, այլ մրցակից, միայն մրցակից։
Երբ արդեն ռինգում էինք, կարծես թե աչքերս փակվել էին։ Ես հարվածում էի Սոսին նորից ու նորից։ Առանց խղճի որևէ նշույլի։ Երբ առաջին մրցամասը ավարտվեց, ես տեսա մորս հայացքը... ակամայից ականջներումս լսվեց զարթուցիչի ձայնը, որից պետք է արթնանար իմ խիղճը, այն խիղճը, որը վաղուց խոր քուն էր մտել, սակայն այդ զարթուցիչը անջատեց մարզիչիս ձայնը։
-Կեցցես Արսեն, այսպես շարունակիր։ Դու պետք է եզրափակիչ հասնես։
Ես հասկանում էի, որ անում եմ մի բան, որի համար դեռ շատ երկար եմ զղջալու։ Բայց այդ մտքերը երկար չմնացին իմ գլխում։ <<Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է>>,-մտածում էի ես։ <<Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել, այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին>>։
Այս մտքերով ես սկսեցի երկրորդ մրցամասը։ Երկու հարված և Սոսն արդեն ոտքի վրա չէր կարողանում կանգնել։ Եվս մի քանի հարվածից հետո նա հանձնվեց և հաղթանակը շնորհվեց ինձ։
Ինչ խոսք` ես երջանիկ էի։
Ապրիլի 10
Հերթական անգամ պարապունքից տուն վերադառնալիս տեսա ընկերոջս` Սոսին, ում մրցման ժամանակ այնքան էի հարվածել, որ կաղում էր, երեսին էլ հարվածի հետքեր կային։ Զարմանալի էր, չխղճացի նրան, հակառակը՝ մոտեցա և ասացի.
-Սոս, տեսնում եմ դեռ չես ապաքինվել, վախենամ` պետք է թողնես բոքսը։ Մի ուրիշ սպորտաձև ընտրիր, օրինակ՝ շախմատ։ Իսկը քեզ համար է, գուցե այնտեղ հաջողություններ ունենաս։
Ծիծաղեցի և արհամարհանքով թողեցի նրան մենակ իր մտքերի հետ։
Գիշերը զբոսնում էի քաղաքում։ Ամեն ինչ մեռած էր։ Գիշերները ժամանակը կանգ է առնում, միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում...
Հանկարծ տեսա Սոսին։ Գետնին ընկած, արցունքներն աչքերին։
Քմծիծաղ տալով մոտեցա նրան․
-Սոս, տանդ հասցեն փոխե՞լ ես։
Մեկ վայրկյան զղջացի ասածիս համար, սակայն իմ նոր եսը, նոր Արսենը թույլ չտվեց այդ զգացողությունը երկար ապրի իմ մեջ։
-Օգնիր եթե կարող ես... արա այն ամենը, ինչ հնարավոր է, իսկ, երբ զգում ես, որ ոչինչ անել չես կարող` մոռացիր:
-Օգնե՞ մ, ինչո՞վ։
-Ոչնչով։- Բուռն արձագանքեց նա։ Մոռացի՛ր։
-Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել: Եթե սկսել ես խոսել, ապա ավարտիր միտքդ։
-Ոչ, ոչ։ Հեռացի՛ր։
Բարձրացավ գետնից և վազեց։ Վայրկյաններ անց արդեն կորել էր գիշերվա խավարի մեջ։
Տարբերակ չունեի։ Վերադարձա տուն։ Առավոտյան կարծես ոչինչ չպատահած արթնացա, և շտապեցի մարզիչիս մոտ։ Վաղը մրցումների եզրափակիչն էր։
Ապրիլի 11
-Ողջույն, ընկեր Ռուբեն։ Այսօր պարապելու ենք չէ՞, վաղը պետք է ամեն գնով հաղթեմ։
Վերջին խոսքերս կարծես թե նրան դուր չեկան, բայց ուշադրություն չդարձնելով շարունակեցի։
-Ո՞վ է լինելու մրցակիցս։
Մի փոքր լռությունից հետո ընկեր Ռուբենը խոսեց։
-Սոսը...
-Ի՞նչ, ինչպե՞ս։ Ախր... Նա չի կարող։ Նա ի վիճակի չէ։
-Ես ոչինչ չգիտեմ։ Ինձ այդպես են ասել։
Քեզ համար միևնույն չէ՞, Արսեն։ Միևնույն է հաղթելու ես իրեն, թե մեկ ուրիշին՝ կարևոր չէ։
Այս խոսքերը մտքումս երեկոյան վերադարձա տուն, իսկ պատմությանս շարունակությունը կներկայացնեմ վաղը։
Ապրիլի 12
Եզրափակիչը սկսել էր։ Հանդերձարանում դես ու դեն էի գնում՝ անհանգստության ակնհայտ նշան էր։
Լարված էի։ Բայց ինչի՞ց էր դա, չէի հասկանում։ Հիմա,երբ վերանայում եմ ապրածս՝ հասկանում եմ, բայց արդեն ուշ է։
Ես բարձրացա ռինգ։ Վայրկյաններ անց ես ու Սոսը կանգնած էինք դեմ դիմաց։ Պատրաստ նույնիսկ սպանել իրար՝ հաշվի չառնելով, որ երկար տարիներ մտերիմ ընկերներ էինք եղել։ Եվ, ահա, սկսվեց․հարվածները մեկը մյուսի հետևից տեղում էին Սոսի գլխին։
-Արսե՜ն, Արսե՜ն բավական է։
Կարծես թե արհամարհելով մարզիչիս ձայնը՝ ես կատարեցի եզրափակիչ հարվածը՝ ուղիղ Սոսի գլխին... Ուշաթափված ընկերոջս հիվանդանոց տեղափոխեցին։
Ապրիլի 16
4 օր։ Ուղիղ չորս օր առանց ընդմիջումների ես այցելեցի հիվանդանոց` Սոսին։
Վերջապես մի օր, երբ արդեն պատրաստվում էի տուն վերադառնալ հիվանդասենյակից դուրս եկավ մի բժիշկ` բարձրահասակ, երկար մազերով մի կին, և խոժոռված դեմքով ասաց.
-Արսե՜ն, ո՞վ է Արսենը։
-Ես եմ, ի՞նչ է պատահել։
-Հիվանդն արթնացել է և զարմանալիորեն առաջինը ձեր անունն է տվել։
-Կարո՞ղ եմ տեսնել նրան։
-Միայն շատ կարճ ժամանակով։
Մտա հիվանդասենյակ։ Ընկերոջս գլուխը ամբողջովին փաթաթված էր վիրակապերով, աչքերը դժվարությամբ բացվում էին։ Շշնջաց.
-Արս..Արսեն
-Այստեղ եմ, Սոս, այստեղ եմ։
Կարծես թե չնկատելով նրա փակված աչքերը՝ շարունակեցի խոսել.
-Ներիր ինձ, ես միայն հիմա եմ գիտակցում, թե ինչ մեղք եմ գործել։ 4 օր առաջ, երբ կանգնած էինք ռինգում, ես չէի հասկանում, երևի չէի էլ ուզում հասկանալ։ Հարվածիցս հետո միայն, երբ քեզ տեղափոխեցին շտապօգնության մեքենայի մեջ, ներսումս արթնացավ մեր ընկերության հիշողությունները։ Զղջացի ամեն մի քայլիս համար, բայց արդեն ուշ էր...
Ինձ ընդհատելով ներս մտավ նույն կինը։
-Արսե՞ն, ճիշտ եմ հիշում։
Գլխով արեցի` ի նշան համաձայնության։
-Դուրս գանք, մեկ րոպեով։
Մենք դուրս եկանք Սոսի մոտից և բժշկուհին մտահոգված խոսեց.
-Գլխին ուժեղ հարվածները կարող են առաջացնել ուղեղի տարբեր աստիճանի վնասվածքներ, ինչը կարող է հանգեցնել նյարդաբանական ժամանակավոր կամ մշտական խնդիրների:
Ես գաղափար չունեի, թե ի՞նչ էր խոսում, բայց նա շարունակեց։
-Ամենաթեթև դեպքերում միայն ուղեղի ցնցում է տեղի ունենում, իսկ ավելի ծանր դեպքերում՝ ինչպես սա, ուղեղի տրավմատիկ վնասվածք կամ արյունահոսություն։ Ուղեղի վնասվածքի հետ կապված խնդիրները վտանգավոր են կյանքի համար, ուստի պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Բռնցքամարտում մահացությունների մեծամասնության պատճառը ուղեղի արյունազեղումն է:
-Միայն ոչ դա։
Ապրիլի 17
Երեկ բժիշկներն ասացին, որ Սոսին մնացել է ապրելու ընդհամենը 24 ժամ։ Այս ամենն այդքան սարսափելի չէր լինի, եթե նրա վաղաժամկետ վախճանի պատճառը ես չլինեի։ Ես ու իմ ամեն գնով հաղթանակի հասնելու բաղձանքը։ Անքուն գիշերից հետո ես որոշեցի վերցնել ընկերոջս և գնալ քաղաքից դուրս՝ նրա կյանքի վերջին ժամերը բնության գրկում անցկացնելու համար, ինչպես նա սիրում էր տարիներ առաջ, երբ լրիվ մանուկ էինք։
Ահա մենք գետի ափին էինք։ Ես և Սոսը, ասես դպրոցականներ նստել էինք յասամանի ծառի տակ և հիանում էինք բուրավետ ծաղիկներով։
-Ծաղիկնե՜ր․․․
-Ի՞նչ Սոս․․
-Ծաղիկնե՜ր, Ծաղիկնե՜ր...
Վերջին բառերն էին, որ ես լսեցի ընկերոջս շուրթերից։ Հետո արդեն խոսում էի միայն ես։ Նրա գերեզմանաքարի մոտ...

Комментариев нет:
Отправить комментарий