Որոնում

понедельник, 24 ноября 2025 г.

Ցավում եմ, բայց հայերի մեջ շատ քիչ գնորդներ կան, որոնք պատրաստ են 1000-ավոր դոլարներ կամ եվրոներ վճարել․Վլադիմիր Շահինյան


 Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Մարտիրոս Սարյանի անվան պուրակը գտնվում է Երևանի Կենտրոն համայքնում` Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Ստեփան Զորյան փողոցի միջև` Ֆրանսիայի հրապարակին կից։ Այգու տարածքում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։ Այնտեց ներկայացվում և վաճառվում էին նաև ժամանակակից նկարիչ Վլադիմիր Շահինյանի աշխատանքները։ Նա ներկայացնում էր հիմնականում քաղաքային և բնության պատկերներ։ Մեր այն հարցին, թե ովքե՞ր են  հիմնական գնորդները, նկարիչը պատասխանեց. 

«Ցավում եմ, բայց հայերի մեջ շատ քիչ գնորդներ կան, որոնք պատրաստ են 1000-ավոր դոլարներ կամ եվրոներ վճարել։ Իմ կարծիքով այդ հայերը երբեք չեն եղել թանգարաններում, ցուցասրահներում և չեն տեսել օրիգինալ նկարներ։ Բայց կան քաղաքացիներ, որոնք 15-20 տարի իմ գնորդներն են և իրենք պատրաստ են վճարել և վճարել են իմ ուզած գումարները։ Բայց մեծամասնությամբ գնորդներս եղել են գերմանացի, ֆրանսիացի։ Հիմա ,օրինակ, Միլանում Ստեֆան Մարիոնը, ով Լեոնի համալսարաններից մեկում դոկտոր-պրոֆեսորն էր, ում հետ 15-17 տարի առաջ ենք ծանոթացել այստեղ, այսօրվա դրությամբ իմ 25-30 կտավ համալսարանի իր  գրասենյակում պահել է։ Փաստորեն դա իմ անձնական ցուցասրահն է»։ 

Վ. Շահինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գերադասում է աշխատել յուղաներկով։

Խոսելով նկարչական ոճի մասին՝ մեր զրուցակիցն ասաց․ «Ես համարում էի, որ ոճս էքսպրեսիոնիզմն է, բայց մոտ մեկ ամիս առաջ մի պատկերասրայի սեփականտեր՝ ազգությամբ ֆրանսուհի,ասաց, որ սա ֆովիզմ է։ Ես համաձայն եմ նրա հետ»։

Իսկ այն հարցին, թե ո՞րն է այդ տարբերությունը, որ ինքը չէր նկատել, Շահինյանը պատասխանեց.

«Ես նկատել էի։ Գիտե՞ք ինչ, հստակ անվանել, թե դա որ տեխնիկան է, այդքան էլ հեշտ չէ, որովհետև նկարիչը, երբ նկարում է, ինքն իր դեմ խնդիր չի դնում թե որ ոճով պիտի նկարի։ Կոնկրետ ինձ մոտ դա երբեմն էքսպրեսիոնիստական է կամ ֆովիստական։ Տարբերությունն այն է, որ   անվանումը թարգմանաբար նշանակում է վայրենի, որի իմաստը շատ արագ նկարելն է` ոչ թե մտածելով, այլ ինքնաբերաբար։ Որոշ նկարներս ավելի ֆովիստական են, որոշները՝ էքսպրեսիոնիստական»։

Չլսեցի ինձ այդքան հիասթափեցնող խորհուրդներն ու հաղթեցի

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Կարծում եմ, որ ես ամեն օր էլ ունենում եմ փոքրիկ հաղթանակներ ու հաղթահարում ինքս իմ դիմաց դրված չնչին փորձությունները։ Վաղ առավոտյան արթնանում ու դուրս եմ գալիս սիրելի ու փափուկ մահճակալիցս և գնում դասի։ Օրվա վերջում հոգնած ու ուժասպառ եղած երբեմն ինձ ստիպում եմ դաս սովորել։ Հաճախ չցանկանալով հավաքում եմ տունը` պարզապես մայրիկիս օգնելու համար։ Սրանք բոլորը իմ առօրյա փոքրիկ հաղթանակներն են։ Բայց կա մեկը, որն այդքան էլ փոքրիկ չէ։ Տարիներ առաջ շախմատային բուռն կյանքս անսպասելիորեն անկում ապրեց։ Սկսեցի ավելի հաճախ պարտվել, կոտրվել։ Սպասեցի որոշ ժամանակ, բայց հաղթանակներիս թիվն ավելի էր փոքրանում։ Բոլոր ծանոթներս, հարազատներս ու ընկերներս կարծես հենց այս պահին սպասելով` խորհուրդ էին տալիս դուրս գալ շախմատից ու մոռանալ այդ սպորտի մասին։

-Արդեն 2 տարի է կարգդ չես ստանում, էլ ի՞նչ իմաստ ունի շարունակելդ։ Միայն անիմաստ ժամանակդ ես վատնելու։ Այս և նմանատիպ այլ խոսքեր ավելի կոտրեցին ինձ, կամ էլ ո՞վ գիտի, գուցե ավելի ոգեշնչեցին առաջ շարժվել։ Ես որոշեցի մի քիչ էլ սպասել, անտեսել բոլորին ու ամեն ինչը։ Ու կարծես թե ստացվեց։ Կարճ ժամանակ անց ես ստացա այդքան սպասված շախմատային կարգս, հաղթանակներիս թիվը մեծացավ։ Այսպիսով ես կրկին նույն երջանիկն էի, տախտակը ձեռքիս հաղթանակած շտապում էի սիրելի շախմատիս դասարան։ Հաղթանակած, որովհետև չլսեցի ինձ այդքան հիասթափեցնող խորհուրդները, ուշադրություն չդարձրեցի, չկարևորեցի դրանք ու, ինքս իմ մեջ կրկին ուժ գտնելով


շարժվեցի առաջ։

Երկինքը մաքրվեց մշուշից, երբ մարդը ճանաչեց ինքն իրեն

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մշուշոտ մի թագավորություն կար, որտեղ առավոտները երբեք ամբողջությամբ չէին լուսանում, իսկ գիշերները երբեք ամբողջությամբ չէին մթնում։ Անտառում, ասում էին, ապրում է մի մոռացված կախարդ, որին վախենում էին անգամ հիշել։ Ապարանքի բարձր պատերի ներսում ապրում էր արքայի միակ դուստրը՝  երես առած մի աղջիկ, որի աչքերը փայլում էին ինչպես գետակի ջուրը լուսնի լույսի ներքո, բայց այդ փայլի խորքում միշտ կար մի տխրություն։ Ամեն օր նա քայլում էր մարմարե սրահներով՝ շրջապատված երգեր երգող ծառաներով և ծաղկային բույրով լցված պարտեզներով, բայց նրա սիրտը դատարկ էր։

Մի օր նա որոշեց լքել ապարանքը  և գնալ դեպի անտառ՝ գտնելու այն կախարդին, որից բոլորը խուսափում էին։ Տեսնես`ինչու՞ էին այրում նրա հետ հանդիպման բոլոր կամուրջները, այդ ի՞նչ գիտի նա, որից խուսափում են բոլորը, և գուցե հենց նա գիտի, թե որն է հոգու լիության ու կատարյալ երջանկեւթյան գաղտնիքը, երբ շուրջբոլորդ թվացյալ կատարելություն է,- այս և մի քանի այլ մտքերով աղջիկը ճամփա ընկավ։ Նրա ուղին անցավ բեկորներով լցված քարե արահետներով, որտեղ հին ու չոր ծառերը կարծես շշնջում էին նրա անցյալի մասին։ Անտառի խորքում նա գտավ աշտարակը՝ փաթաթված որթատունկերով, պատուհաններից կախված, մոռացված ժամանակների փոշով։

Կախարդը նրան դիմավորեց առանց զարմանալու՝ կարծես վաղուց գիտեր, որ աղջիկը գալու է։

— Ինչու՞ ես եկել, արքայադուստր, — հարցրեց նա։

— Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ եմ ես իրականում, —պատասխանեց աղջիկը։

Կախարդը նայեց նրան երկար ու լուռ։— Մարդը չի ճանաչում իրեն, քանի դեռ չի հանդիպել իր վիշապին , — ասաց նա։

Արքայադուստրը խառնվեց.

— Ի՞նչ վիշապ… մեր երկրում բոլոր վիշապներն արդեն սպանված են։

Կախարդը ժպտաց՝ աչքերը փայլեցին կրակի նման մի։

— Ամեն մարդու ներսում ապրում է մի վիշապ` իր վիշապը։ Ոմանց մեջ նա կրակի է վերածվում, մյուսների մեջ՝ դատարկության։ Նա սնվում է քո վախերից, քո գոռոզությունից, քո չասված ճշմարտություններից։ Եթե չհաղթես նրան` կյանքդ կնմանվի իրական ստի, ինքնախաբեության, ու ոչ մի հրաշքի էլ ականատես չես լինի։

Արքայադուստրը վերադարձավ ապարանք, բայց այդ օրվանից նա այլևս նույնը չէր։

Նա այլևս չէր փնտրում փառք կամ գոհարներ։ Ամեն գիշեր նայում էր լուսնի ցոլքին ու լսում իր սրտի բաբախը՝ ինչպես հին հարվածվող թմբուկ, որը հիշեցնում էր՝ այնտեղ ինչ-որ բան դեռ սպասում է։ Նա սկսեց լսել մարդկանց, ներել, չվախենալ։ Ամեն անգամ, երբ հաղթահարում էր իր վախերը, թվում էր՝ինչ-որ ստվեր իր ներսում փոքրանում է։

Եվ մի գիշեր, երբ նա արցունքներով ընդունեց իր ցավը ու ժպիտով իր անցյալը, աշտարակի պատուհանների միջով փչեց քամի, որը բերեց կախարդի ձայնը՝ մեղմ, ինչպես հուշ։

-Վիշապը հանգչել է։ Հիմա դու կարող ես լինել այն հրաշքը, որը փնտրում էիր։

Այդ գիշեր թագավորության երկինքը մաքրվեց մշուշից։ Առավոտն առաջին անգամ եկավ լիարժեք լույսով։ Հրաշքը կատարվել էր։ Բայց ոչ կախարդի ձեռքով, այլ մարդու, ով վերջապես ճանաչեց իրեն։

среда, 12 ноября 2025 г.

ԱՀՏ Լրագրության դասարանը հյուրընկալել էր քիթ, կոկորդ, ականջաբան Արայիկ Ղարիբյանին


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս ԱՀՏ Լրագրության դասարանը հյուրընկալել էր  քիթ, կոկորդ, ականջաբան Արայիկ Ղարիբյանին։ Նա հաճույքով պատասխանեց մեզ հուզող հարցերին,  պատմեց իր կյանքի և մասնագիտական ուղու մասին։ 

Սկզբում բժիշկ Ղարիբյանը պատմեց, թե ինչպես է որոշել դառնալ բժիշկ։ Պարզվում է, երբ եղել է  երեք տարեկան՝ վիրահատվել է։ Այդ հիվանդանոցում որպես մանկաբույժ աշխատել է   մորաքույրը։ Վիրահատությունից հետո նա իր տատիկին ասել է, որ ցանականում է մորաքրոջ պես բժիշկ դառնալ։ 

 Դպրոցական տարիներին սկսվում է հայ-ադրբեջանական պատերազմը, որին բժիշկը  մասնակցել է։ Այդ ընթացքում նա որոշել է դառնալ ռազմադաշտային վիրաբույժ։ Սակայն այն ժամանակ Հայաստանում չեն եղել ռազմաբժշկական հաստատություններ։

Այնուամենայնիվ, նա երբեք չի հրաժարվում բժիշկ դառնալու իր երազանքից։ Տասը տարի սովորելուց հետո սկսում է աշխատել «Արթմեդ» բժշկական կենտրոնում։ Զուգահեռ  դասավանդում է Առողջապահության ազգային ինստիտուտում։ 

Հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի՝ հետաքրքվեցինք, թե քանի՞  տսրեկանից կարելի է վիրահատել քիթը։ 

ԼՕՌ բժիշկը պատասխանեց, որ նախկինում ասում էին՝ քիթը կարելի է վիրահատել 18 տարեկանից, քանի որ այդ ժամանակ երեխան արդեն ամբողջությամբ հասունացած է։

Հարցին, թե  գրիպի ժամանակ քիթը շատ հաճախ փակվում է, ի՞նչ անել այդ դեպքում,  բժիշկը խորհուրդ տվեց օգտագործել անոթասեղմիչ կաթիլներ։ Նա հորդորեց հնարավորինս քթով շնչել և աշխատել բերանով չշնչել։

Նա նշեց, որ ցանկալի է 3 օր մնալ տանը և բուժվել, քանի որ հակառակ դեպքում կարող ենք վարակել ամբողջ դասարանին։ 

Բժիշկ Ղարիբյանն անդրադարձավ նաև ականջի փայտիկների խնդրին՝ ընդգծելով, որ ականջները չի արելի ականջի փայտիկով մաքրել, քանի որ  կարող է վնասվել մեր լսողությունը։ Կարելի է պարզապես  լոգանք ընդունելու ժամանակ լավ լվանալ ականջներ կամ սրբիչով մի լավ մաքրել։

воскресенье, 2 ноября 2025 г.

Ո՞վ է բարի մարդը


Հայկ Սարիբեկյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մեր օրերում երբեմն, բարեհոգի մարդուն հաճախ կոչում են հիմար, միամիտ...։

Իսկ միամիտ է այն մարդը, ով ինքնամոռաց ու ինքազոհաբար աջ ու ձախ լավություն է անում, նույնիսկ այն դեպքում, երբ տուժում է։

Իսկ ո՞վ է բարի մարդը․բարի մարդը այո՛, լինում է կարեկցող, օգնող, աջակցող ու շատ ավելի հաճախ ոչ թե նյութապես, այլ հոգեպես, որովհետև երբեմն մարդիկ երբ հոգեպես կոտրված են լինում՝ ֆիզիկապես էլ չեն կարողանում առաջ շարժվել, իսկ երբ գտնում են հոգեպես աջակցություն՝ կարողանում են մի շարք դռներ կոտրել ու շարժվել։

Բարի մարդը կտա միջոց, որով մեկ ուրիշը կկարողանա փորձել ու ձգտել, իսկ հիմարը կտա միջոցներ, որով անընդհատ սպառվում են...

Ինձ համար առանձնահատուկ բարիություն է սերը կենդանիների հանդեպ, իսկ երբ չեն սիրում, գոնե պետք է չվնասել։

Արենի գյուղում անցկացվեց ամենամյա Գինու փառատոնը


Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան

Հոկտեմբերի 4-ին Վայոց Ձորի Արենի գյուղում անցկացվեց ամենամյա Գինու փառատոնը։ Այն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը` «Արենի գինու փառատոն» հիմնադրամի կողմից։ 11 տարիների ընթացքում փառատոնին ներկայացվել են թե՛ տնական գինիներ` պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե՛ արտադրական գինիներ։

Այս տարի ևս Արենին բաց էր արել իր դռները հարևան գյուղերի, քաղաքների, մայրաքաղաքի բնակիչների և նույնիսկ օտարազգի զբոսաշրջիկների առջև։ Անմիջապես գյուղ մտնելիս հյուրերին դիմավորում էին ներկաների հյուրընկալ տաղավարները` լի ավանդական սեղաններով։ Սեղանները զարդարում էին տոնական գաթաները, մաճառը, ժենգյալով հացը։ Ներկայացված էին բազում կազմակերպությունների արտադրանքներ` հայկական զարդանախշերով տարազներ, գորգեր։ Գյուղի կենտրոնում մեծ փայտե տարայի մեջ տեղի երիտասարդ աղջիկները ոտքերով ճզմում էին խաղողը` այդպիսով ավելի պատկերավոր ցույց տալով ներկաներին գինու ստացման վաղեմի ժամանակների եղանակը։


Արենին հյուրընկալել էր շատ պարային խմբերի, արտիստների ևս։ Հյուրերի հայրենասիրական ոգին արտացոլվեց նաև ազգային և ժողովրդական երգ ու պարի միջոցով։ Հսկայական շրջաններով մարդիկ պարում էին քոչարի, յարխուշտա, թամզարա։
Խնջույքը շարունակվեց նաև երեկոյան` արդեն դիջեյի մասնակցությամբ։

Կուզեմ, որ «Գիտության շաբաթը» փառատոնի կազմակերպիչները մեծ ուշադրություն դարձնեն հայոց լեզվին և գրականությանը


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի ունեցավ  «Գիտության շաբաթը»։ Ներկայացված էին տարբեր լաբորատորիաներ, գիտական ինստիտուտներ։

Ինձ հատկապես շատ դուր եկավ կենսաքիմիայի տաղավարը,  քանի որ այնտեղ շատ հետաքրքիր փորձեր էին կատարում, իսկ ես շատ եմ սիրում կենսաբանություն և քիմիա առարկաները։ 

Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ «Գիտության շաբաթ» փառատոնին, բայց այս երկու տարվա ընթացքում չեմ նկատել որևէ տաղավար, որը հատուկ նվիրված կլինի հայոց լեզվին և գրականությանը։ Իմ կարծիքով՝  առաջինը պետք է մեծ ուշադրություն դարձնեին հայ գրականությանը։ Շատ լավ կլիներ, եթե փառատոնում լիներ տաղավար, որտեղ կներկայացվեին մեր հայտնի գրողների ստեղծագործությունները, կկազմապերպվեին ընթերցանություններ, մրցույթներ։


Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...