Նելլի Մխիթարյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հայկական թատրոնը հարուստ պատմություն ունեցող արվեստի ճյուղ է, որը ձևավորվել է դեռ հնագույն ժամանակներից և շարունակում է զարգանալ մինչև այսօր։ Այն կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի մշակութային կյանքում՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը, կրթությանն ու հասարակական մտածողության զարգացմանը։ Այն հունական և հռոմեական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում։
Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ.թ.ա. 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ Պատմական աղբյուրների համաձայն այստեղ ելույթ է ունեցել ողբերգակ-կատակերգակ Յազոնի գլխավորությամբ մի թատերախումբ, իսկ մ.թ.ա. 53 թվականին բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Սկսած մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր և բազմատեսակ պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Օրինակ՝ Արմավիրում՝ հայկական հնագույն մայրաքաղաքում, գտել են հույն հեղինակների կամ Արտավազդ Բ-ի ողբերգություններից հատվածներ՝ գրված հունարեն լեզվով։
Հին հայկական թատրոնում զարգացել է նաև մնջախաղը։ 2-րդ դարից արդեն հայտնի է մնջախաղի հայ դերասանուհի Նազենիկը։ 2-3-րդ դարերում հայ ողբերգակ դերասանները (ձայնարկու գուսանները և ողբերգու գուսանները) խաղում էին հունական և հայկական ներկայացումներում, իսկ 4-րդ դարի կեսերից ներկայացումներ էին բեմադրվում Արշակ Բ թագավորի պալատում։







