Շնորհիվ իր մարդաշատ շուկաների, հրաշք բնական տեսարանների, կապույտ ծովի, սպիտակ ափերի և Սպա կենտրոնների՝ շատերի համար Թունիսը դարձել է դրախտային անկյուն:
Առեղծվածային, մոգական ձգողականություն ունեն բոլոր անապատները, աշխարհի ամենամեծը՝ Սահարան, առավել ևս (ձևավորվել է 6000 տարի առաջ)։ Այստեղ ավազը նման է մաղած ալյուրի, որն առկայծում է՝ կարծես հետը խառնած լինեն ոսկու փոշի։ Բերբեր բնիկներն ապրում են անապատային քարանձավներում, ուր մրսելու չափ զով է.բնական օդորակիչներ։ Ավազե բլուրների մեջ խխունջների հետքեր կան, որոնք վկայում են՝ ժամանակին ջրով են եղել ծածկված։ Թունիսի անապատում են նկարահանվել շատ հայտնի ֆիլմեր, օրինակ՝ «Աստղային պատերազմներ» սերիալը, որի դեկորացիաները պահպանված են։ Ուղտերով, կվադրացիկլներով զբոսանքը, խելահեղ ընթացքով ջիփ-սաֆարիներն արտասովոր ազդեցություն են թողնում, իսկ անապատի բնական օազիսները տեսիլքի պես անիրական են թվում․․․
Անապատային քաղաքները շատ կոլորիտային են, գեղեցիկ, յուրաքանչյուրն իր կերպն ունի, իսկ ամեն մի տան դուռ արվեստի գործ է․ պարզվեց`թունիսցիները դռների տեսքին շատ են ուշադրություն դարձնում` այն հյուրընկալ լինելու յուրօրինակ նշան է։
Կյանքն անապատում տարբերվող է ու շատ հետաքրքիր՝ որոշակի միստիկ բնույթով։ Սահարան կենդանի օրգանիզմ է։ Ի դեպ, անապատից արևն, իրոք, սպիտակ է երևում։
Թունիսի անվան բացատրություններից մեկն այն է, որ երկիրը կոչվում է փյունիկցիների լուսնի աստվածուհու՝ Թանիթի պատվին։ Մյուս տարբերակում` հին բերբերերեն այն նշանակում է գիշերային ճամբար։ Թունիսցիների մասին առաջին հիշատակումները 4500 տարի առաջվա են, և դեռ այդ ժամանկներից են արմավն ու ձիթենին նրանց «մենաշնորհը» եղել։
Թունիսում ամենուր արմավենիներ են ու զեյթունի դաշտեր։ Տեղացիներն այս երկու ծառերն ազգային արժեք են համարում, խնամում ամենայն պատասխանատվությամբ։ Արմավենու պտղից մինչև տերևներ օգտագործում են, իսկ ձիթենու յուղի համը բոլորովին այլ է այստեղ։
Երբեմնի փառահեղ Կարթագենը՝ հռչակված իր հզորությամբ, բարձր քաղաքակրթությամբ ու անսահման գեղեցկությամբ (մ․թ․ ա․ 9-րդ դար), տարածվելով միջերկրականի ափին՝ հրաշագեղ տեսարաններ են բացվում դեպի ծով և ծովից ցամաք։ Գլխներով հազարամյակներ անցած քարե վկաները դեռ հաղորդում են վաղեմի փառքը։ Զգացվում է, որ Կարթագենի ճարտարապետները տաղանդավոր են եղել։
Մ․ թ․ 3-րդ դարում կառուցված Թունիսի ամֆիթատրոնը իտալականի ճիշտ կրկնօրինակն է, ընդ որում՝ ավելի լավ պահպանված։ Հազարամյակները, կարծես հեգնելու համար, պատերին պահպանել են անգամ, արդեն դժվար է ասել՝ մարդկանց թե գազանների արյան հետքերը․․․ Անցնում ես կենդանիների, գլադիատորների որջերի մոտով, նայում, թե որտեղից են կայսրերը ձեռքի մի շարժումով մահ գուժել կամ կյանք շնորհել, և բառի ամենաուղիղ իմաստով լսում ես մարդ-գազան գոյամարտի ձայնը, առնում ես դաժանության հոտն ու մտածում, որ ձևերը փոխվել են, անողոքությյունը՝ ոչ․․․ Եվ հիանում ես կառույցի վեհությամբ։
Սիդի Բու Սաիդ․ այդպես է կոչվում հանրահայտ թունիսյան կապույտ-սպիտակ քաղաքը, որը հունական Սանտորինիի «պլագիատն» է։ Գեղեցիկ է՝ ծաղկազարդ, ծովի հիասքանչ տեսարաններով, նեղ փողոցներով և Թունիսին բնորոշ սիրուն տներով։
Աֆրիկյան այս երկրում բոլորովին էլ այնպես չէ, որ քաղաքավարությունն ու կրթվածությունը միայն հանգստի գոտիներում է դրսևորվում։ Սա երկիր է, ուր առաջնայինը պարտադիր կրթությունն է։ Չնայած երկրի բնակչության մեծամասնությունն իսլամ է դավանում, բազմակնությունն արգելված է, կանանց ու տղամարդկանց իրավունքները՝ հավասար, հագուստը՝ ազատ, իսկ քրիստոնյա-մուսուլման ամուսնությունները՝ տարածված երևույթ, քանի որ կրոնի պարտադրանք չկա ընտանիք կազմելիս․ մարդն ու իր Աստված՝ հարգանքի արժանի հանդուրժողականություն։
Ընդ որում, կանանց հանդեպ վերապահում կա․ այրին ամուսնու մահից հետո շարունակում է ստանալ նրա կենսաթոշակը, քանի որ համարվում է, որ տարեց կնոջը դժվար է հոգալ ապրուստը, և պետությունը նաև այդ կերպ է աջակցում նրան։
Թունիսը Աֆրիկա մայրցամաքի տուրիստական երկրների ցանկին է պատկանում։ Եթե դուք շուրջերկրյա ճանապարհորդում եք, կամ ուղղակի հանգստյան համար երկիր եք փնտրում, ապա Թունիսը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները։

Комментариев нет:
Отправить комментарий