Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան, 13 տարեկան
Պապս ինչպես միշտ նստած էր վառարանի առջև: Անխոս նայում էր մի կետի, ժամանակ առ ժամանակ էլ հազում:
Պապս ծնված օրիցս հա
վատացյալ էր: Եվ, ահա, թե ինչու․Երկար տարիներ էին անցել այն օրվանից, երբ մայրս ու հայրս պսակադրվել էին և խոստացել իրար հավատարիմ լինել մինչև կյանքի վերջ: Սակայն օրեր, ամիսներ, տարիներ էին անցնում, բայց ընտանիքը ոչ մի կերպ չէր համալրվում: Բժիշկները չէին մեկնաբանում: Միայն անդադար կրկնում էին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Բայց 13 տարի անց վերջապես ծնվեցի ես: Հրաշքո՞վ, թե՞… Դա չգիտեմ: Անունս դրեցին «Նվեր», որովհետև ինձ համարում էին Աստծո կողմից իրենց տրված մի պարգև: Ոչ ոք չէր հավատում, որ ես լույս աշխարհ կգամ: Բայց իմ ծննդից մի քանի ամիս անց սկսվեց պատերազմն ու հայրս մեկնեց սահման: Մինչ այսօր էլ նա դեռ անհայտ կորածների շարքում է: Աստված շատ համարեց ընտանիքիս համար: Այո՛, ես ուշ, բայց ի վերջո լույս աշխարհ եկա, սակայն հայրս ժամանակից շուտ լքեց այս կյանքը` թողնելով մորս ու ինձ: Այս դեպքից հետո մայրս խելագարվեց: Ամիսներ անց նրան տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ էլ կնքեց իր մահկանացուն։ Հիմա կհարցնեք, թե որտեղի՞ց գիտեմ այս ամենի մասին: Պապս է պատմել` Արշակ պապս, ով մորիցս հետո եկավ ինձ խնամելու: Հիմա արդեն ես եմ նրան խնամում: Այդպես պապս դարձավ հավատացյալ: Նստած աղոթում էր, երբ նրան խանգարեցի՝ ասելով․
-Այսօր Ապրիլի 24-ն է: Մի՞թե չես ուզում գնալ Ծիծեռնակաբերդ:
-Ուզում եմ, թոռնիկս, այն էլ ինչպե՜ս եմ ուզում: Բայց քաջ ծանոթ եմ քո գրաֆիկին: Գիտեմ, որ դա քեզ համար մի փոքր բարդ է։
-Դե լավ, պապ: Մի օր կարելի է բացառություն անել: Հագնվի՛ր, գնում ենք:
Նա ժպիտով վրան գցեց հին պիջակն ու դուրս եկավ բակ: Մեկ ժամ անց մենք արդեն տեղում էինք: Հանկարծ պապս լցրեց աչքերը:
-Ի՞նչ եղավ, պապիկ:
-Ոչինչ: Ուղղակի որդուս մասին հիշողություններին չկարողացա դիմադրել: Ա՜խ, Վիգենս…
Հետդարձի ճանապարհին պապս կասկածելիորեն լուռ էր: Երբ հասանք տան բակ՝ ասաց, որ ուզում է դրսում մի քիչ աղոթել, հետո ներս կգա: Ես նրան մենակ թողեցի: Մինչ այդ գործես ավարտին էի փորձում հասցնել:
Շուտով նկատեցի, որ անցել էր արդեն մեկ ժամ: Բացեցի դուռն ու տեսա պապիս՝ խոնավ խոտին անշունչ պառկած…

Комментариев нет:
Отправить комментарий