Որոնում

среда, 18 марта 2026 г.

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյանք» խորագրով բանախոսություն։ 

Ազգագրագետ, դիզայներ  Վահե Քոթանյանի փոխանցմամբ՝ շրթներկը և շպարի բոլոր պարագաներն ազդել են մարդու հոգեբանության վրա։ 

Շրթներկ բառը սերում է «pomada» բառից, որը թարգմանաբար նշանակում է խնձոր։

-Խնձոր, որովհետև շրթներկի նախահիմքը՝ քսուքային տարբերակով, կիրառվել է հենց խնձորի տեսքով։ Խնձորի խյուսը օտգագործվել է ոչ միայն որպես շրթներկ, այլ նաև որպես քսուք, որը կիրառվում էր մաշկի, ձեռքերի փափկեցման համար,- մանրամասնեց Վահե Քոթանյանը՝ ավելացնելով, որ շպարի նախատիպը ակտիվ գործածության մեջ է եղել Եգիպտոսում։ Օրինակ՝ Նեֆերտիտի թագուհու շպարի պարագաներում կարելի է նկատել շրթներկի բաղադրությունը։

-Օգտագործում էին բրոմ, որը, սակայն թունավոր նյութ էր, ինչը բացահայտվեց ավելի ուշ, քանի որ հնում գեղեցկանում էին՝ հաշվի չառնելով, որ դա իրենց կյանքից տարիներ է խլում։ Կիրառում էին նաև յոդ, կարմիր ջրիմուռ, միջատ, ձկան թեփուկներ, հինա և յուղեր,- նշեց ազգագրագետը։

Անդրադառնալով շրթներկի տեսակներին՝ Վահե Քոթանյանը խոսեց նաև մավրիտանական շրթներկի մասին․

-Այս շրթներկը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ հիմնականում հին շուկաներում։ Պատրաստման համար թրծած կավի մեջ օգտագործում են 3-ամսյա ժամկետով չորացված կակաչի թեփուկներն ու տերևները։ Մի զարմանալի հատկություն ունի  մավրիտանական շրթներկը․ չոր վիճակում այն չի գունավորում։ Միայն օգտագործելիս ջրով ցողում են այն և վրձնի օգնությամբ դնում շուրթերին։ Շրթներկի ամենամեծ հավաքածուն պատկանել է Սոֆի Լորենին, ով 200-300 հատ շրթներկ է ունեցել իր հարդարման սեղանին։ Այժմ այն պահվում է որպես թանգարանային նմուշ,-նշեց Վահե Քոթանյանը։

Խոսելով սուրմայի մասին՝ ազգագրագետը հայտնեց, որ  սուրմա ստացել են հետևյալ կերպ․  ցորենի հասկից պոկում էին իր հատիկը, այրում ծայրը և փորձում էին գիծ քաշել։ 

-Կա սուրմայի 3 տեսակ։ Հնդկական սուրման կոչվում է կաջալ։ Այն արտադրվում է բնական միջոցներով։ Երկրորդ տարբերակը հայկական սուրման է՝ դեղդիրը։ Դրա բաղադրության մեջ մտնում են խուրմայի կորիզ, ոչխարի ճարպ, նուշի յուղ,  խունկ։ Չոր այրումից հետո այս սուրման օգտագործում են որպես դեղամիջոց։ Երրորդ տեսակի սուրման ամենավտանգավորն է, քանի որ այն իր բաղադրության մեջ ունի կապար։ Այս սուրման պարունակում է ծանր մետաղներ, որոնք կարող են վտանգել մարդու առողջությունը,-եզրափակեց Վահե Քոթանյանը։

понедельник, 16 марта 2026 г.

Նպատակն է` ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը․Դիզայներ


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Օրերս Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպել էր պանելային քննարկում, որի ժամանակ ներկա մասնագետները բացահայտեցին հայ կնոջ հագուստի պատմությունը։ Քննարկման ընթացքում խոսվեց հայկական տարազի՝ տարիների ընթացքում փոխակերպման, դրա պատճառների, ինչպես նաև նորաձևության առանձնահատկությունների, հայկական մշակույթը նորաձևության միջոցով ներկայացնելու մասին։

Ազգագրագետ Վահե Քոթանյանը,խոսելով այն մասին, թե ինչպե՞ս են պատմական իրադարձությունները, հասարակական փոփոխությունները և քաղաքակրթական ազդեցությունները փոխել կնոջ հագուստը, ասաց, որ 1918 թվականը մեծ փոփոխության առիթ է հանդիսացել։ Բացի այդ, մեղավորը տղամարդիկ էին, քանի որ պատմականորեն նորաձևության մեջ միշտ փոփոխողը եղել է տղամարդը, որովհետև նորաձևությունը փոխվել է տղամարդկանց միջոցով։ Ազգագրագետի փոխանցմամբ՝ տղամարդիկ մեկնում էին արտերկիր սովորելու կամ առևտրական որոշակի ճանապարհորդությունների, և դա նպաստում էր, որ իրենք իրենց հետ բերեին եվրոպական կոստյումը։ 

Հայաստանի Նորաձևության Պալատի հիմնադիր, ծրագրերի ղեկավար, դիզայներ Էլեն Մանուկյանը շեշտեց, որ նորաձևության ամենամեծ առանձնահատկությունն այն չէ, որ միայն ասես, թե սա տարազ է, այլ ուսումնասիրես բոլոր մանրամասները և այդ դետալներն այնպես օգտագործես մեր առօրյա հագուստում, որ գրագետ ձևով ներկայացվի։

-Վերջին տարիներին դրսից բավականին հյուրեր ենք ունենում, և մեր նպատակն է՝  ներկայացնել մեր մշակույթը, իսկ մշակույթի միջոցով՝ նորաձևությունը։ Այսօր աշխարհին հետաքրքիր չէ սովորականը, այսօր բոլորը փնտրում են որևէ հետաքրքիր բան, իսկ մենք մեր մշակույթը, ցավոք, շատ քիչ ենք ներկայացնում նորաձևության միջոցով։ Այսօր նորաձևությունը շատ լավ միջոց է՝ խոսել երկրի մասին, բարձրաձայնել  մշակույթը, ունեցած ժառանգությունը։

воскресенье, 8 марта 2026 г.

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է. ի՞նչ է այն խորհրդանշում


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան


Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։

Տոնն առաջացել է 20-րդ դարի սկզբին, երբ կանայք պայքարում էին իրենց իրավունքների համար։ Ժամանակի ընթացքում այն դարձավ գեղեցիկ և ջերմ տոն։ Մարտի 8-ը՝ որպես Կանանց միջազգային օր, նշվում է 1911-ից: ՄԱԿ-ի կողմից այդ օրը հայտարարված է որպես Կանանց իրավունքների պայքարի և միջազգային խաղաղության օր: Տոնի ակունքները հասնում են 1850-ական թվականներ, երբ կանայք քիչ էին վարձատրվում, աշխատում էին երկար և չունեին ընտրելու իրավունք։ 1857թ. Մարտին Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում:

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով:

1909 թվականին Կանանց օրն առաջին անգամ նշվեց ԱՄՆ-ում։ 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն: 1910 թվականին Կոպենհագենում Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը նշել միջազգային մասշտաբով։ Այդպիսով օրը սկսեցին նշել նաև Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում՝ կազմակերպելով հանրահավաքներ։ 1917 թվականին Խորհրդային Ռուսաստանում կանայք ստացան քվեարկելու իրավունք։ 1920 թվականին ԱՄՆ-ում սպիտակամորթ կանայք ստացան քվեարկելու իրավունք։ Ավելի ուշ որոշվեց Կանանց միջազգային օր սահմանել մարտի 8-ը, իսկ ՄԱԿ-ը այն առաջին անգամ նշեց 1975 թվականին։ Կանանց միջազգային օրվա գույներն են մանուշակագույնը, կանաչն ու սպիտակը։ Մանուշակագույնը խորհրդանշում է արդարություն և արժանապատվություն։ Կանաչը խորհրդանշում է հույս։ Սպիտակը խորհրդանշում է մաքրություն։

Հայաստանում նշվում է նաև Ապրիլի 7-ը՝ որպես մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։

Տարիներ առաջ այս օրերը նշում էին համեստ ձևով․ հիմանականում ծաղիկներ էին նվիրում և ընտանիքով միասին անցկացնում օրը։ Իսկ հիմա մարդիկ հաճախ նվերներ են գնում, կազմակերպում տոնական հավաքներ և իրենց սերն ու հարգանքն են արտահայտում կանաց։

Եթե Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին ինձ նվեր տային՝ կցանկանայի, որ այն լիներ գրքի կամ ծաղկի տեսքով։

Տոնական օրերին անպայման մայրիկին և տատիկիս գեղեցիկ ծաղիկներ եմ նվիրեմ ու ասում, թե որքան եմ սիրում և գնահատում նրանց։

суббота, 28 февраля 2026 г.

4 ժամում 59 ստեղծագործություն․ Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդ սահմանելու մասին


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Հայ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երևանի Պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է և ունի Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։ 2003թ․-ին Մադոյանը ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ 17-20-րդ դարերի ականավոր կոմպոզիտորների ստեղծած ջութակի տասնհինգ մանրանվագների լավագույն կատարման համար։ Նվագում է 18-րդ դարասկզբին Յոզեֆ Գվարներիիկերտած ջութակով։ 2017թ․-ին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ 33 ժամ, 2 րոպե, 41 վրկ անընդմեջ անգիր նվագելով շուրջ 59 երաժշտական ստեղծագործություն։

Անցած ճանապարհի, գրանցած հաջողության մասին արտիստը խոսեց Արաբկիրի Հայորդյաց տան Լրագրության դասարանի սաների հետ հանդիպման ժամանակ։

Ջութակահարը հայտնեց, որ տիրապետում է նաև դաշնամուրի և կիթառի, բայց ձգտումը եղել է ջութակ նվագելը։ Առանձնահատուկ հավանել է գործիքի գույնը և ելևէջները։ 

Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Նիկոլայ Մադոյանը համարում է 30-ից ավելի ձայնասկավառակներ ձայնագրելը, որոնք համաշխարհային ասպարեզում ճանաչում ունեն։ Գրանցված է նաև Գինեսի գրքում։ 

-Նվագել եմ մոտ 59 տարբեր մանրանվագներ։ Ինձ համար դա մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, որովհետև ես ուզում էի հասկանալ մարդու հիշողության սահմանները։ Մրցույթի ժամանակ նոր համակարգ էի ստեղծել և միջոցներ էի փնտրում, թե արդյո՞ք հնարավոր է երկարատև նվագել, որպեսզի մկանների լարվածությունը չազդի նվագի վրա։ Եվ ես պատրաստեցի այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն է տալիս մանրակրկիտ շարժումներով փոխանցել մկանային խմբերի լարվածությունը մյուս մկանային խմբերի վրա։ Դա է եղել իմ հիմնական նպատակն ու պատճառը, որպեսզի ես մասնակցեմ այդ մրցույթին։ Բոլոր ստեղծագործություններս նվագել եմ անգիր։ Ամեն ժամը մեկ ունեի 5 րոպե ընդմիջման հնարավորություն։ Ժյուրին 3-4 ժամը մեկ փոխվում էր, իր մոտ գրառումներ անում, հսկում, որ ամեն ինչ կատարվի օրենքի սահմաններում։ Հետո այդ ամենն ուղարկվեց Անգլիա՝ կենտրոնական գրասենյակ։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ ռեկորդը գրանցվեց Հայաստանում։ Մրցույթը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը,-ասաց Նիկոլայ Մադոյանը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս են անցել նրա համար այդ 33 ժամերը՝ անընդմեջ նվագելով, ի՞նչ զգացողություններ է ունեցել և ի՞նչ է զգացել մրցույթի ժամանակ, ջութակահարը  պատասխանեց, որ ինքն անընդհատ հեղուկ է օգտագործել, քանի որ ռիսկ կար, որ սնվելու դեպքում ուղեղի աշխատանքն անկախ իրենից կարող է խափանվել։

 4 ժամվա ընթացքում նվագել է 59 ստեղծագործություն, ապա կրկնել այդ ամենը՝ ավելացնելով նոր տարրեր։ 

-Ես հասկացա, որ մարդկային հնարավորությունները անսահմանափակ են, և դու կարող ես նվաճել յուրաքանչյուր բարձունք,- նշեց Նիկոլայ Մադոյանը։

Եկավ վերջինը, գնաց առաջինը

 



Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Նկարիչների միությունում` Մարտիրոս Սարյանի ցուցասրահում, տեղի ունեցավ հետաքրքիր նկարչական մենամարտ։ Մրցում էին երկու տաղանդավոր նկարիչներ՝ Վարդան Տեպիկյանը և Աշոտ Թադևոսյանը։ Նրանք պետք է հանդիսատեսի աչքի առջև նկարեին միմյանց։ Դահլիճում տիրում էր լարված և, միաժամանակ, ոգևորիչ մթնոլորտ։ Հանդիսատեսն անհամբեր սպասում էր, թե ինչպիսի՞ նկարներ են ստացվելու։ 

Հատկապես լարված էր Աշոտ Թադևոսյանը. նրա հայացքից և ձեռքերի շարժումից զգացվում էր չափազանց կենտրոնացվածությունն ու պատասխանատվությունը։ Լարված էր նաև հանդիսատեսը. ներկաները լուռ հետևում էին յուրաքանչյուր վրձնահարվածի։ 

Սկզբում շատեր չէին հասկանում Աշոտ Թադևոսյանի նկարի իմաստը, քանի որ դեռ պատկերն ամբողջական չէր երևում։ Սակայն, որոշ ժամանակ անց, պատկերն արդեն ամբողջությամբ երևում էր։

 Նա օգտագործում էր վառ գույներ, հատակապես կապույտը։ 

Վարդան Տեպիկյանը, ով եկավ մենամարտից վայրկյաններ առաջ` ավարտեց առաջինը։ Նրա աշխատանքը նույնպես շատ գեղեցիկ էր։ Գույներն այնքան էլ վառ չէին, ինչքան Աշոտ Թադևսյանի նկարում, բայց, ներկաների խոսքով`  ինքնատիպ էր։ 


воскресенье, 15 февраля 2026 г.

Գիրք, որը կցանկանայի նվեր ստանալ


Աննա Սահակյան

ԱՀՏ Լրագրության դասարան

Ես սիրում եմ գրքեր կարդալ, որովհետև դրանք հետաքրքիր են և օգնում են զարգացնել մտածողությունը։ Կա մի գիրք, որը շատ կցանկանայի ձեռք բերել կամ, գուցե նվիրեին, և այն Լյուսի Մոդ Մոնտգոմերի «Աննա կանաչ կտուրներից>> մանկական վեպն է։ Գիրքը 11-ամյա որբ աղջկա` Աննա Շիրլիի արկածների մասին է։ Նրան սխալմամբ ուղարկում են Մեյթու և Մարիլա Քատբերտների մոտ, որոնք միջին տարիքի քույր և եղբայր էին և ցանկանում էին տղա որդեգրել, ով կօգներ նրանց։ Վեպը պատմում է Աննայի և Մեթյուի անցած ուղու մասին, թե ինչպես է Աննա սովորում դպրոցում և ինչպիսի արկածներ է ունենում քաղաքում։ Վեպում ներկայացվում են Աննայի արկածները կանաչ կտուրներում։

«Աննան Կանաչ կտուրներից» վեպը, 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր, դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Կանադուհի Լուսի Մոդ Մոնտգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում` PBS, The Disney Channel և Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ոլորտում։ Հետաքրքիր կլիներ մանրամասն ընթերցել։

Ես չունեմ սիրելի գրող, որովհետև իմ կարծիքով բոլորն էլ հավասար են, ամեն մեկը իր տեղն ու նշանակությունն ունի։

Ամենաշատը սիրում եմ կարդալ դետեկտիվ գրականություն, սակայն ազատ ժամանակ կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր։

Այս պահին ընթերցում եմ Ագաթա Քրիստիի «Չարիքն արևի տակ» գիրքը։ Այն շատ հետաքրքիր է։ Պատմության մեջ գնդապետ Ուեսթոնի կինը մահանում է, և փորձում են պարզել, թե ո՞վ է նրան սպանել։ Նրա կինը շատ գեղեցիկ էր և մասնագիտությամբ դերասանուհի։ Նա այնքան գեղեցիկ էր, որ տղամարդիկ հետաքրքվում էին նրանով...։

пятница, 23 января 2026 г.

Սոցիալական ցանցերը կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ

 


Սոնա Լևոնյան

ԱՀՏ Լրագրության դասարան

21-րդ դարը դժվար է պատկերացնել առանց սոցիալական ցանցերի։ Դրանք մեր առօրյայի մի մասն են դարձել հատկապես երեխաների և դեռահասների շրջանում։ Սոցիալական ցանցերը  ունեն թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն և կարևոր է  ճիշտ ընտրություն կատարելը։

Սոցիալական ցանցերը մեզ հնարավորություն են տալիս շփվել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հետ, լինել տեղեկացված և իրազեկ։ Դրանք նաև կարող են օգտակար լինել ուսման դեպքում։ Այսօր հնարավոր է մի քանի վայրկյանում գտնել տեղեկատվություն, դիտել ուսուցողական տեսանյութեր կամ մասնակցել առցանց դասընթացների։ 21-րդ դարը մեզ տվել է զարգանալու և ինքնակրթվելու լայն հնարավորություն, սակայն հարկավոր է խուսափել այս ամենի բացասական կողմերից։ 

Սոցիալական ցանցերում երեխաները հաճախ բախվում են կեղծ տեղեկատվությունների, անառողջ համեմատությունների և երբեմն կիբերհանցագործության զոհ են դառնում։ Իդեալական նկարներն ու հրապարակումները կարող են դրդել դեռահասներին՝ փորձել նմանվել որևէ հայտնի մարդու։ Սոցիալական ցանցերը հաճախ կարող են դառնալ դեռահասի համար մոտիվացիայի աղբյուր։ Սա ևս մեկ ապացույց է նրա, որ ամեն բան կախված է մարդուց, նրա աշխարհընկալումից։ Բացի այդ, երկար ժամանակ հեռախոսին նայելը կարող է վնասել առողջությանը՝ առաջացնել կախվածություն, քնի պակաս և ուշադրության ու ինքնատիրապետման խնդիրներ։ Որոշ դեպքերում սոցիալական ցանցերը դառնում են նաև կիբերբուլինգի տարածք, որտեղ երեխաները կարող են ճնշման ենթարկվել։

Կարծում եմ՝ խնդիրը ոչ թե սոցիալական ցանցերն են, այլ դրանց  ոչ խելամիտ օգտագործումը։

Սոցիալական ցանցերը կարող են լինել և՛ հնարավորություն, և՛ վտանգ։ Մենք ինքներս ենք ընտրում մեր տարբերակը։

Տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար համացանցը խելամիտ օգտագործելու հնարավորություններ են ստեղծված։ Այսօր կան շախմատային ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ՝ Worldchess.com-ը, Chess.com-ը, որոնք կփոխարինեն ժամանակի անիմաստ վատնումը՝ օգտակարով։

Առաջին ծրագրում գրացվելով՝ հնարավոր է բարձրացնել վարկանիշը, ստանալ միջազգային կոչումներ կամ պարզապես ինքնակրթվել, փորձել սեփական ուժերը։ Դպրոցական երեխաների համար նույնպես կան նման հարթակներ, որտեղ հնարավոր է զարգանալ և ամրապնդել գիտելիքները։ Օրինակ՝ «Իմ դպրոց»  հարթակն աշակերտներին հնարավորություն է տալիս կրկնել հանրակրթական առարկաների նյութը, պատասխանել դրանց վերաբերող հարցերին, հավաքել միավորներ։ Այս ամենի շնորհիվ նրանք ոչ միայն բարելավում են իրենց գիտելիքները, այլև փորձում են սովորել ավելի շատ, առողջ մրցակցում են իրենց դասընկերների հետ և ձգտում հայտնվել թոփ եռյակում։

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...