Սոնա Լևոնյան
ԱՀՏ Լրագրության դասարան
Հայ ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը Երևանի Պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր է և ունի Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։ 2003թ․-ին Մադոյանը ստացել է ՀՀ նախագահի մրցանակ՝ 17-20-րդ դարերի ականավոր կոմպոզիտորների ստեղծած ջութակի տասնհինգ մանրանվագների լավագույն կատարման համար։ Նվագում է 18-րդ դարասկզբին Յոզեֆ Գվարներիիկերտած ջութակով։ 2017թ․-ին դարձել է Գինեսի ռեկորդակիր՝ 33 ժամ, 2 րոպե, 41 վրկ անընդմեջ անգիր նվագելով շուրջ 59 երաժշտական ստեղծագործություն։
Անցած ճանապարհի, գրանցած հաջողության մասին արտիստը խոսեց Արաբկիրի Հայորդյաց տան Լրագրության դասարանի սաների հետ հանդիպման ժամանակ։
Ջութակահարը հայտնեց, որ տիրապետում է նաև դաշնամուրի և կիթառի, բայց ձգտումը եղել է ջութակ նվագելը։ Առանձնահատուկ հավանել է գործիքի գույնը և ելևէջները։
Կյանքի ամենամեծ ձեռքբերումը Նիկոլայ Մադոյանը համարում է 30-ից ավելի ձայնասկավառակներ ձայնագրելը, որոնք համաշխարհային ասպարեզում ճանաչում ունեն։ Գրանցված է նաև Գինեսի գրքում։
-Նվագել եմ մոտ 59 տարբեր մանրանվագներ։ Ինձ համար դա մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, որովհետև ես ուզում էի հասկանալ մարդու հիշողության սահմանները։ Մրցույթի ժամանակ նոր համակարգ էի ստեղծել և միջոցներ էի փնտրում, թե արդյո՞ք հնարավոր է երկարատև նվագել, որպեսզի մկանների լարվածությունը չազդի նվագի վրա։ Եվ ես պատրաստեցի այնպիսի մի համակարգ, որը հնարավորություն է տալիս մանրակրկիտ շարժումներով փոխանցել մկանային խմբերի լարվածությունը մյուս մկանային խմբերի վրա։ Դա է եղել իմ հիմնական նպատակն ու պատճառը, որպեսզի ես մասնակցեմ այդ մրցույթին։ Բոլոր ստեղծագործություններս նվագել եմ անգիր։ Ամեն ժամը մեկ ունեի 5 րոպե ընդմիջման հնարավորություն։ Ժյուրին 3-4 ժամը մեկ փոխվում էր, իր մոտ գրառումներ անում, հսկում, որ ամեն ինչ կատարվի օրենքի սահմաններում։ Հետո այդ ամենն ուղարկվեց Անգլիա՝ կենտրոնական գրասենյակ։ Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ ռեկորդը գրանցվեց Հայաստանում։ Մրցույթը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը,-ասաց Նիկոլայ Մադոյանը։
Մեր հարցին, թե ինչպե՞ս են անցել նրա համար այդ 33 ժամերը՝ անընդմեջ նվագելով, ի՞նչ զգացողություններ է ունեցել և ի՞նչ է զգացել մրցույթի ժամանակ, ջութակահարը պատասխանեց, որ ինքն անընդհատ հեղուկ է օգտագործել, քանի որ ռիսկ կար, որ սնվելու դեպքում ուղեղի աշխատանքն անկախ իրենից կարող է խափանվել։
4 ժամվա ընթացքում նվագել է 59 ստեղծագործություն, ապա կրկնել այդ ամենը՝ ավելացնելով նոր տարրեր։
-Ես հասկացա, որ մարդկային հնարավորությունները անսահմանափակ են, և դու կարող ես նվաճել յուրաքանչյուր բարձունք,- նշեց Նիկոլայ Մադոյանը։


