Որոնում

вторник, 26 марта 2024 г.

Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի սաներն այցելեցին Հանրային ռադիո


Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարանի սաներն այցելեցին Հայաստանի Հանրային ռադիո, ինչպես նաև մանկապատանեկան ալիք՝ «Արևիկ» ռադիոկայան, որի հաղորդումները նախկինում հեռարձակվել են Հանրային ռադիոյի եթերում, սակայն 2019 թ. սեպտեմբերի 1-ից հանդես է գալիս առանձին ռադիոալիքով։

Եղան նաև արխիվում, ականատես եղան արխիվացման գործընթացին։ Ի դեպ, ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացվում են Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչներով։

Հանրային ռադիոյի ձայնադարանում պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ մոտ 100 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ռադիոբեմականացումներ։

Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և արխիվային այլ նյութեր:

Երեխաներին ուղեկցում էր Հայաստանի Հանրային Ռադիոյի ձայնադարանի թվայնացման ղեկավար Արթուր Իսպիրյանը։

Շնորհակալությո՛ւն, Արթուր Իսպիրյանին և Հանրային ռադիոյի տնօրինությանը՝ ջերմ ընդունելության համար։



воскресенье, 24 марта 2024 г.

Այսօր Ծաղկազարդ է

 


Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:


Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10): Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր եւ ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ եւ հանդիսավորություն:Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը եւ բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետեւողների խոնարհությունը:

суббота, 23 марта 2024 г.

Նկարչի արվեստանոցում


Նելլի Մխիթարյան
Արաբկիրի Հայորդյաց Տան Լրագրության դասարան

Երբեք չեմ հասկացել, թե մարդիկ ինչպես են նկարել։ Միգուցե ես ինքս չեմ կարողացել կամ չեմ փորձել, միևնույն է այս արվեստը ինձ համար չէ։ Մեկ ամիս առաջ, երբ ծանոթացա Լևոնի հետ` նա ինձ պատմեց նկարչության մասին։ Այն ինձ այդքան էլ դուր չեկավ և ընդհանուր թեմա չունենալու պատճառով մենք դադարեցինք շփվել։ Դասերից հետո, հերթական անգամ տուն վերադառնալիս, նկատեցի Լևոնին` մի նստարանին նստած։ Մոտեցա նրան և փորձեցի հասկանալ, թե ի՞նչ է պատահել։ Նա երկար ժամանակ լռում էր, բայց հանկարծ խոսեց.

-Կգա՞ս իմ տուն։

-Ձեր տու՞ն։

-Այո, հրավիրում եմ։

Դասերս շատ էին, սակայն նրան մերժել չկարողացա։ Մենք միասին շարժվեցինք նրա տան ուղղությամբ։

Երբ ներս մտանք` ուղղակի ապշել էի։ Տան բոլոր պատերին նկարներ էին։

-Ի՜նչ գեղեցիկ է, դու՞ ես այս ամենը նկարել։

-Այո և ոչ միայն սրանք։ 

Նա ինձ ուղեկցեց մի սենյակ, որն այդքան էլ մեծ չէր, բայց ամբողջությամբ լցված էր նկարներով։ Թե ինչ գեղեցիկ էին նկարները` խոսքերով անհնար է նկարագրել, իսկ նրանց քանակն ահռելի էր։ Անհարմար լռությունը շատ երկար չտևեց և Լևոնը խոսեց.

-Այս տարիների ընթացքում ոչ ոք ինձ հետ չէր շփվում, ես միայնակ էի, տխուր` մինչ այն պահը, երբ սկսեցի նկարել։ Սա մի մեծ աշխարհ է, որը երբեք քեզ տխուր չի թողնի։ Ես իմ այդքան սպասված երջանկությունը գտա այս արվեստի մեջ և յուրաքանչյուր կտավ, յուրաքանչյուր նկար թանկ է ինձ համար։ Արվեստի ստեղծագործությունները նման են մարդկանց. նրանք կարող են լինել հաճելի` նույնիսկ շատ մեծ թերությունների առկայության դեպքում:

Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը` այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն։ Լևոնի և իր կտավների շնորհիվ ես սկսեցի սիրել արվեստը, իսկ կյանքն` ավելի շատ։

вторник, 19 марта 2024 г.

Գիշերվա և ցերեկվա տևողությունները կհավասարվեն

 


🌞🌝Մարտի 20-ին Երևանի ժամանակով 07:06-ին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:

Օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Նշենք, որ խոսքն Արեգակի` հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է: Իրականում օրվա լուսավոր մասն ավելի երկար կլինի, քանի որ գումարվում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղի ժամերը:
Տարիներ առաջ գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, և ավագ սերնդի մոտ դեռևս կա այդ կարծրատիպը։ Սակայն ամեն տարի այն թեթևակի փոխվում է և տեղի է ունենում ավելի վաղ: Այդ փոփոխության պատճառը Երկրի պրեցեսիան է. նրա պտտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է՝ մոտ 25772 տարում կատարելով մեկ լրիվ պտույտ: Մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է մեկ օրով դեպի առաջ: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը. այդ կետից է սկսվում կոորդինատներից մեկի` ուղղակի ծագման հաշվարկը:
Մեր՝ հայերիս կողմից ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի` Զատիկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի հետ: Ամեն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնից հետո եկող կիրակին է, և այս տարի այն նշվելու է մարտի 31-ին:
Նախկինում գարնանային գիշերահավասարի օրը Հայաստանում համարվում էր տարվա սկիզբ։ Որոշ իսլամական երկրներում (մասնավորապես Իրանում) գարնանային գիշերահավասարի օրը ներկայումս էլ համարվում է նոր տարվա սկիզբը (Նովրուզ), որն ի դեպ ծագում է դեռ զրադաշտական կրոնի ժամանակներից և շուրջ 3000 տարվա պատմություն ունի:

понедельник, 18 марта 2024 г.

Ջերմուկի հրաշք ջրի գաղտնիքը


Էլեն Հակոբյան                  Արաբկիրի Հայորդաց Տան Լրագրության դասարան
                                                                           Ամառ էր։ Հայրիկիս ինձ, մայրիկիս և քույրիկիս տարավ Ջերմուկ։ Հրաշք բնությունից բացի ինձ զարմացրեց այն, որ քաղաքը մարդաշատ էր։ Մայրիկիս հարցրեցի, թե ինչո՞վ է սա պայմանավորված. 

֊Որովհետև Ջերմուկի ջուրը բուժիչ հատկություն ունի,_ասաց նա։

Հրաշալի բացահայտում էր։ Պարզվեց` Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց իշխանների կողմից՝ ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով։ Խորհուրդ է տրվում ջրում մնալ ոչ ավելի, քան 5 րոպե, ապա ընդմիջում կատարել: Հանքային ջրի հայտնաբերման մասին նույնիսկ լեգենդներ են հյուսվել: Մի անգամ փորձառու որսորդը նետահարում է երիտասարդ եղնիկին: Վիրավոր եղնիկը փախչում է և հասնում Ջերմուկի հանքային աղբյուրներին։ Եղնիկը նետվում է ջուրը, և այն, ինչ տեսնում է որսորդը, ուղղակի հրաշք է լինում. Եղնիկը ջրից դուրս է գալիս ամբողջովին ապաքինված և բոլորովին առողջ։ Որսորդն ապշում է այս հասարակ ջրի կատարած հրաշքից։ Այդ օրվանից Ջերմուկ ջրի համբավը տարածվում է աշխարհում, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց հասցրած եղնիկը դառնում է ժողովրդի սիրելին և Ջերմուկի խորհրդանիշը։ Կուզեմ, որ հանքային ջրերի առողջարար ուժը տեսնեն նաև մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը։ Թող մանուկ ու ծեր գտնեն իրենց առողջությունը, որն այնքան թանկ է...:

вторник, 12 марта 2024 г.

Լրագրության դասարանը հյուրընկալել էր ակնաբույժ Նարեկ Միքայելյանին



 Արաբկիրի Հայորդյաց Տան <<Լրագրության>> դասարանի հյուրն այսօր ակնաբույժ Նարեկ Միքայելյանն էր։ Սաներն ակնաբույժի հետ քննարկեցին իրենց հուզող հարցերը, միաժամանակ տեղեկություն ստացան աչքի կառուցվածքի, ճիշտ սնվելու, հեռատեսության և կարճատեսության,  վիրահատությունների, ինչպես նաև կոնտակտային լինզաների մասին։  Ակնաբույժը նշեց, որ ամենատարածված հիվանդություններից են կարճատեսությունն ու հեռատեսությունը, որի զարգացման դեպքում մեծ է ժառանգականության դերը։ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ` հեռախոսից, համակարգիչ կարելի է օգտվել 40 րոպե, ապա 15_20 րոպե հանգստանալ։ <<Պետք է նաև ճիշտ սնվել։ Ուտել ձուկ, որը A, E, D վիտամիններն է պարունակում, ինչպես նաև շատ օգտագործել կաթնամթերք, որը կալցիում է պարունակում>>,_հորդորեց ակնաբույժը։

суббота, 9 марта 2024 г.

Լիալուսնի գույները` 10 տարվա ընթացքում


Իտալացի աստղալուսանկարիչ և ուսուցիչ  Մարսելլա Փեյսի տեսախցիկը ֆիքսել է լիալուսնի տարբեր գույները` տասը  տարվա ընթացքում։

Նշենք, որ  Լուսինը Երկրի արբանյակն է և ամենամոտ երկնային մարմինը։ Մոլորակների նման Լուսինը հաստատուն դիրք չունի և աստղերի նկատմամբ շարժվում է արևմուտքից դեպի արևելք։

Լուսնի շարժման հետ կապված անընդհատ փոփոխվում է նրա տեսքը։ Մերթ երևում է լրիվ, մերթ կիսով չափ կամ բոլորովին չի երևում։ Լուսնի տեսքի այդ փոփոխությունները կոչվում են փուլեր: Լուսնի փուլերն են.
🌑Նորալուսին
🌙Մահիկ
🌓Առաջին քառորդ
🌕Լիալուսին
🌗Վերջին քառորդ

Հաղորդագրություն

Նախկինում ի՞նչ տարբերակով են ստացել հայկական սուրման

Սոնա Լևոնյան ԱՀՏ Լրագրության դասարան Մարտի 14-ին Հայաստանի Պատմության թանգարանում տեղի ունեցավ  « Հայ կնոջ շպարի գաղտնիքը․ Ծես, մահ, թե՞ կյա...